Ատելության խոսքի մերժումը հատվածական չպետք է լինի
20.12.2019 | 00:18
Խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչներն անհանգստացած են 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո երկրում ստեղծված ատելության խոսքի ու անհանդուրժողական մթնոլորտի առկայությամբ: Մոտ մեկ ամիս առաջ այս թեմայով Աժ «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավոր՝ Թագուհի Ղազարյանն ու Մարիա Կարապետյանը, փաստաթուղթ էին պատրաստել, ինչի ներքո, ըստ մեր ունեցած տեղեկությունների, սահմանափակ թվով պատգամավորներ էին ստորագրել: Օրեր առաջ հարցը կրկին օրակարգում էր: Խորհրդարանի թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությունները համակարծիք էին՝ օր օրի ահագնացող ատելության խոսքի դեմը րոպե առաջ պետք է առնել, բայց ինչպե՞ս կամ ի՞նչ չափումով է որոշվելու, թե ինչն է ատելության խոսք, ինչը՝ ոչ, հստակ չէ: Ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրական կարգավորումները քննարկող աշխատանքային խմբի ղեկավար, մեծամասնության ներկայացուցիչ Սարգիս Խանդանյանի համար, օրինակ, «թաթիկներ կտրել» արտահայտությունն ատելության կամ անհանդուրժողականության խոսք չէ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ոչ միայն «թաթիկներ կտրելուց», այլև «ասֆալտին փռելուց» ու «ծնոտներին խփելուց» է ատելության հոտ առնում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար անհանդուրժողականության մթնոլորտի ամենավառ դրսևորումը տան շեմին ծաղկեպսակ դնելն է: Պատգամավոր Զոհրաբյանը միակը չէ, ում հանդեպ նման արարք են կատարել: 2018-ի ապրիլ-մայիսյան օրերին ոչ միայն ծաղկեպսակ, այլև սգո սև ժապավեններ էին փակցնում կամ դագաղներ դնում ՀՀԿ-ական պատգամավորների տների մոտ: Այն ժամանակ, սակայն, այսօրվա իշխանավորներից գրեթե ոչ ոք չքննադատեց եղելությունն ու սթափվելու կոչ չարեց: Իհարկե, ամեն վատ արարք բումերանգի հատկություն ունի, և ամիսներ առաջ տեսանք, թե ինչպես էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անուն-ազգանունով Գյումրիում շիրմաքար տեղադրել: Թե՛ սև ժապավեն փակցնելն ու ծաղկեպսակ դնելը, թե՛ գերեզմանաքար տեղադրելը մերժելի ու զազրելի արարք է:
Հրաշալի է, որ իմքայլականները որոշել են թոթափել ատելության մթնոլորտն ու փորձելու են միմյանց սիրելու ու հարգելու ֆոն ստեղծել երկրում, բայց այդպիսի միջավայր ունենալու համար նախ և առաջ պետք է բավարար կամք ու «դուխ» ունենալ և իրերն իրենց անուններով կոչել: Որպես ՀՀ քաղաքացի՝ ես իրավունք ունեմ չհավատալու խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչների անկեղծությանը, որ բռնության կոչը կամ ատելության քարոզը հատվածական են դիտարկում: Իհարկե, քաղաքական դաշտում փլավ չեն բաժանում ու գործիչները քաղցր-մեղցր հարաբերություններով, կշռադատված, իրար նկատմամբ հարգալից խոսքով չեն փայլում, բայց, Փաշինյանի ասած, պետք է ուղիղ կանգնել ու խոստովանել՝ «վզներից բռնելը» կամ «պատերի տակ վնգստալը» նույնպես անհանդուրժողականություն է ծնում: Անկախ հանգամանքից, թե ով է բռնության կոչեր անում ու ատելություն տարածում, պետք է դատապարտել ու ասել՝ կանգ առեք: Վարչապետ Փաշինյանի նմանօրինակ ելույթներին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, բայց հարկ ենք համարում ևս մեկ անգամ հորդորել՝ անհանդուրժողականություն սերմանող բառապաշարից զերծ մնացեք, հասարակությունը շատ լավ է տեսնում թե՛ «ասֆալտին փռելը», թե՛ «պատերի տակ վնգստալը», թե՛ «առողջ ու հարգալից» քննադատությունը: Ատելության ցանկացած խոսք, սպառնալիք կամ բռնության կոչ, որ բնորոշ է հատկապես սոցիալական ցանցերին, անթույլատրելի է: Երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Յուրաքանչյուրիս արժանապատվությունն անխախտելի է, ուստի պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները, և բացառել դրանց ոչ իրավաչափ որևէ միջամտություն: Սա է համերաշխության գրավականն ու փոխադարձ հարգանքի մթնոլորտ ապահովելու երաշխիքը: Իսկ մարդու իրավունքը, արժանապատվության պաշտպանությունը չեն հանդուրժում տարբերակված մոտեցումներ, հետևաբար պետք է բացառել որևէ երկակի ստանդարտ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ