Նիկոլի տարին
24.12.2019 | 00:41
«Ժամն է արդեն իրիկնահացի». ամփոփենք տարին:
Ամբողջական համայնապատկերի մեջ, կարելի է ասել, առարկայական մեծ կորուստներ, որպես այդպիսին, կարծես չկան. Ղարաբաղը տեղում է, տնտեսությունը հեղափոխականություն չի գրանցել, չի էլ պայթել, արտքաղաքական կազուսները շարունակվում են, բայց դեռ «պատժամիջոցներ» չկան, և այդպես շարունակ:
Մեծ կորուստն այլ տեղ է. հասարակությունը դեգրադացվել է, տագնապը` խորացել, հոգիների մեջ ահավոր մեծ անջատում է առաջացել, ինչն էլ «ամբողջանալու» շատ մեծ ներուժով է օժտված` ամեն րոպե գործարկման մեջ դնելու հեղափոխության «սակրալ» նպատակները, ինչին միտված են իշխանության բոլոր քայլերը` ստեղծել «նոր»-սինթետիկ մարդ, այն է` աշխարհաքաղաքացի` աշխարհաքաղաքական նպատակներն սպասարկելու համար, որի համար միևնույն է` Արցախն «այս կողմում է, թե այն»:
Իշխանությունների և իշխողի անցնող մեկ տարվա ընթացքը մեկ եզրակացության հանգեցրեց. նրան թույլատրված է լինել խեղկատակ, ստրուկ, ամեն ինչ` «Հիսուս», «Հռոմի պապ». ասել է` անել ամեն ինչ` հասնել առողջ-բանական մտքի հնարավոր ոչնչացման, ազգային-արժեքային համակարգերի խեղաթյուրման, ատելության խոսքի, վարքի ամենայն տարածման, օրն ու կյանքը քրեական քրոնոլոգիայի վերածման, վախի մթնոլորտի տարածման, բոլոր կարգի կանգուն ինստիտուտների քայքայման` ընդհուպ անվտանգային բաղադրիչի ոչնչացման` բանակի քայքայման (բանակում սննդի բարելավման «ամպագոռգոռ» ծխածածկույթի սքողումներով), մարդկանց նյարդերը սուրսայր սրի վրա պահելով, քաղաքական ողջ լանդշաֆտը բզկտելով, սեփական բարեկեցության բոլոր բաղադրիչները բյուջեի անունից կատարելագործելով… Չես թվի ամբողջը:
Իսկ թույլատրված էր, որովհետև Ղարաբաղյան խնդրի լուծման հրամայականն է դրված: Ինչ է կատարվում «Ղարաբաղի շուրջ»` ոչ ոք չգիտի: Հասկանալի է` ընթանում են բազմաշերտ այսբերգային գործընթացներ: Եվ որքան էլ հայկական կողմից պնդում կա, թե բանակցային սեղանին երկու տարի է փաստաթուղթ չկա, ոչ ոք չի հավատում, քանզի բանակցային գործընթացն ահավոր մեծ արագություն է ձեռք բերել, հակամարտող կողմերը բանակցային սեղանի ու «չեղած» թղթի շուրջ նստում են 3-4 ժամ և ինչի՞ շուրջ են այդքան ժամանակ խոսում։ Աբսուրդ է ինքնին: Այնուհանդերձ, նաև` հասկանալի:
Սպասում են երկու կարևոր «միջոցառումների» ավարտին. արցախյան նախագահական և արդրբեջանական պառլամենտական ընտրություններին, որոնց արդյունքում նոր մարդիկ կգան իշխանության, և բանակցությունները «ֆորմատ կարվեն»` գոնե նոր դեմքերի մակարդակում` պայմանավորվածությունները հեշտացնելու համար:
Հասկանալի է` հայաստանյան «թավշյա» հեղափոխությունը թավշորեն «դուրս մղեց» ղարաբաղյան խարիզմատիկ ղեկավարներին. Արցախյան ընտրություններն էլ կբերեն նոր դեմքի (լինի Արայիկ Հարությունյանը, թե Մասիս Մայիլյանը), որոնք, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, նույնական մոտեցում ունեն Արցախի հարցում: Ասել է` կանեն այն, ինչ Նիկոլը կթելադրի, Իսկ Ադրբեջանի կողմից բանակցությունների սեղանի շուրջ կնստի Մեհրիբան Փաշաևան, որը «նոր պարտավորվածություններ» կունենա, քան որ էր` Ալիևների կլանը (Մեհրիբանն ու Իլհամը, ըստ հավաստի աղբյուրների, վաղուց ամուսիններ չեն):
Ահա և տարին ավարտվում է աշխարհաքաղաքական-տարածաշրջանային բավականին հետաքրքիր այլ «դրվագներով». Ռուսաստանի նկատմամբ բավականին կոշտ պատժամիջոցներ, նաև ամերիկյան լրատվամիջոցների կողմից արտահոսք` Ադրբեջանը համաձայնել է, որ իր տարածքից Իսրայելի «անօդաչուները» հարձակում գործեն Իրանի վրա:
Ավելին` վերջին շրջանում փորձագետները (ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային, այդ թվում`ռուսական) շատ են խոսում Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիայի, նոր պատերազմի մասին` ապրիլ-մայիս ամիսներին: Պատճառաբանությունն էլ մեկն է. ութ հոգով քայլած-հեղափոխություն արած, իշխանության հասած Փաշինյանի ռեյտինգն ընկնում, է. հեղափոխությունը հենց այնպես չէր արված, այն գին ուներ, և «հեղափոխության հայրերը» նրան կամ պետք է հիշեցնեն, թե ինչու ինքը բերվեց իշխանության, կամ, հենց իր գերագույն գլխավոր հրամանատարության կարգավիճակով և «առաջնորդությամբ, տանեն «Դեյթոն»` կնքելու (սրան արդեն անդրադարձել ենք):
Հասկանալի է` մտածում են մարդիկ, աշխարհի մեծերը, տնօրինում է Աստված: Բոլոր դեպքերում, տարին ավարտվում է մտահոգությունների, «սպասումների» շատ մեծ գեներացիայով:
Աստված պահի Հայաստանն ու Արցախը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ