«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կորոնավիրուս ու էկոնոմիկա՝ մեծ խաղ

Կորոնավիրուս ու էկոնոմիկա՝ մեծ խաղ
26.05.2020 | 10:58

Պանդեմիան պատճառ դարձավ համակարգերի դարակազմիկ մրցակցության: Խոսքը ազգի մակարդակի, գլոբալ հեղինակության ու իշխանության և ազատության մասին է՝ գրում է Դորտմունդի Տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Հենրիկ Մյուլլերը Der Spiegel-ում: Այս պահին երկու մեծ համաշխարհային մրակցություն կա՝ ո՞ր երկրի մարտավարությունն է ամենալավը կորոնավարակի պանդեմիայի զսպման մեջ, և ո՞ր տնտեսությունը ամենալավը դուրս կգա երկրորդ աշխարհամարտից հետո ամենախոր ռեցեսիայից: Խոսքը գլոբալ հեղինակության ու իշխանության, համակարգային թերությունների ու կենսական դիմադրունակության մասին է, խոսքը սեփական ժողովրդի ու մնացած աշխարհի վրա տպավորություն թողնելու մասին է: Հաղթողներին սպասում է ներքին կառույցների ամրապնդում և սեփական խարիզմայի (փափուկ ուժի) աճ: Ի վերջո՝ խոսքը ապագա ազատ հասարակության և աշխարհակարգի մասին է ընդհանրապես: Միմյանց հետ մրցակցում են պետական կապիտալիզմն ու շուկայական տնտեսությունը, ժողովրդավարությունն ու ավտորիտարիզմը, պոպուլիզմն ու տեխնոկրատիան, առողջապահության համակարգերը, որտեղ գերակշռում է մասնավոր բիզնեսը կամ պետությունը: Պատերազմը մղվում է փաստերով ու հնարածով, գործողություններով ու բառերով, քարոզչությամբ ու ստերով: Ելքը անհայտ է: Բայց որոշ նշաններր վկայում են, որ ի վերջո կարող են լինել անսպասելի հաղթողներ:


Ջոն Հոպկինսի համալսարանն ամեն օր համաշխարհային տեղեկագիր է հրապարակում՝ կորոնավիրուսով վարակվածների թվի, համաճարակի ընթացքի ու մահերի մասին յուրաքանչկուր երկրում: Առաջին երկու ցուցանիշները խոսում են համաճարակի զսպման մեթոդների արդյունավետության մասին, երրորդը՝ առողջապահության աշխատունակության: Համաձայն այդ տվյալների՝ Չինաստանը գլխավոր հաղթողներից մեկն է: Մարտի վերջից պանդեմիայի հայրենիք դարձած երկրում չի գրանցվում վարակի ոչ մի նոր դեպք: Կորոնավիրուսից հաստատված մահերի թիվը անցյալ շաբաթվա վերջին ավելի քիչ էր, քան շատ ավելի փոքր տարածք ունեցող Նիդեռլանդներում: Դատելով թվերից՝ իրավիճակը հաջող է կառավարում և Ռուսաստանը: Թեպետ երկրում իրոք շատ են վարակվածները, մահացությունը միայն 1% է: Դա տպավորիչ հաջողություն է (Գերմանիայում հաստատված մահերը 4,5% են): Թվերում արտացոլվում են և հուսալիության մակարդակը, և ինստիտուտների թափանցիկությունը: Ոչ ամենուր է իրական ու պարզ պատկերը ներկայացնելը կառավարության վիճակագրության խնդիր: Երբեմն ցուցանիշները պետք է արտացոլեն և պաշտոնական քարոզչությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն ներկայացնում է օրինակելի ղեկավարի դերում, որ տեսակոնֆերանսների միջոցով երկիրը տանում է ճիշտ ուղղությամբ, թեկուզ ինտերնետը լի է մահացածների մասին լուրերով, որ ունեցել են թոքերի ծանր բորբոքումներ: Չի կարող լինել այն, ինչը թույլատրված չէ:
Արևմուտքի պոպուլիստ ղեկավարների համար ավելի դժվար է: Անկախ ինստիտուտները ներկայացնում են ռեալ իրավիճակը: Համապատասխանաբար՝ թվերը բարձր են: Վարակվածության ամենաբարձր թիվ ունեցող ԱՄՆ-ում մահացությունը 6% է: Դա ավելի քիչ է քան արևմտաեվրոպական երկրներում: Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում այդ ցուցանիշը 12-16% է: Բայց Թրամփը փորձում է ստիպել մյուսներին մոռանալ իր քաոսային արձագանքը ճգնաժամին առաջին ամիսներին, երբ վարվում էր, ինչպես վարվում են պոպուլիստները՝ ստիպելով ՙպարել՚ աղմուկի պարույրին՝ նախաձեռնելով կոնֆլիկտներ, հակափաստարկողներին դարձնելով թշնամի, սկսած Չինաստանից և իր նախորդ Բարաք Օբամայից, ավարտելով առանձին նահանգներով:


Համակարգերի գլոբալ մրցակցության հաջորդ փուլում խոսքը տնտեսության արագ վերականգնման մասին է լինելու՝ որքան ուժեղ երկրները դուրս կգան ճգնաժամից: Հավաստի տեղեկություններ առայժմ չկան: Այս պահին արևմտյան տնտեսական վիճակագրությունը դեռ չի գնահատել նույնիսկ տնտեսական գործունեության անկումը: Առաջին տվյալները չինական արդյունաբերական արտադրության մասին ապրիլին նորից խիստ աճ գրանցեցին՝ սահմանափակումների թուլացումից հետո: Թեպետ՝ պարզ չէ, թե ով է գնելու այդ արտադրանքը, երբ սպառման կարևորագույն շուկաները կորոնավիրուսի որոգայթում են լռվել: Իվերջո, ճգնաժամի համեմատական հաղթողներից մեկը կարող է դառնալ Գերմանիան: Համաճարակի՝ Գերմանիայի կառավարումը, Հարավային Կորեայի հետ, միջազգային ասպարեզում համարվում է օրինակելի: Հայրենական տնտեսության կայունացման արագ ու վճռական միջոցները առայժմ բավականին արդյունավետ են: Մյուս կողմից՝ հարևան երկրներին դժվար է դիմանալ այդպիսի Գերմանիային: Նորից հայտնվում է գերմանական հեգեմոնիայից վախը, եթե ոչ քաղաքականության մեջ, նվազագույնը՝ տնտեսության, որտեղ գերմանական ձեռնարկությունները՝ պետական վիթխարի աջակցությամբ վերակենդանացած՝ կարող են հողին հավասարեցնել իրենց մրցակիցներին ԵՄ ներքին շուկայում: Առայժմ Արևմուտքը պաշտպանության դիրքերում է: Վարակվածների մեծ թիվը և տնտեսական ծանր առաջխաղացումը, Թրամփի կատաղությունն ու մշտական վեճը եվրոպացիների հետ՝ ամեն ինչ խանգարում է Եվրոպայի իմիջին: Եվրոպան ու ԱՄՆ-ը ոչ լավագույն տպավորությունն են ստեղծում: Այնուհանդերձ, հնարավոր է, որ Չինաստանի ու Ռուսաստանի պես երկրներում, ճշմարտության ու քարոզչության միջև հակասությունները ինչ-որ ժամանակ դառնան այնքան ճնշող, որ կոտրեն ամբողջ համակարգը: Հնարավոր է նաև, որ աշնանն ԱՄՆ նախագահ դառնա կենտրոնամետ Ջո Բայդենը, Եվրոպան անի մեծ առաջաքայլեր, և Արևմուտքը ռենեսանս ապրի: Գլոբալ կորոնախաղը իշխանության, հեղինակության ու ազդեցության համար դեռ երկար կտևի: Հաշիվը կներկայացվի վերջում:
Հենրիկ Մյուլլեր, Der Spiegel


Հ.Գ. Պատմությունը գրում են հաղթողները ու չեն գրում ճշմարտությունը՝ որպես կանոն: Կորոնավիրուսն իր տարածման ժամանակագրությամբ անհամաչափություններ ստեղծեց նաև հաղթահարման ժամանակի մեջ: Չինաստանն արդեն վերագործարկում է իր տնտեսությունը, իսկ Եվրոպան ու ԱՄՆ-ը դեռ գտնվում են կորոնավարակի առողջապահական հաղթահարման փուլում ու ընդամենը կարող են հընթացս հաշվել կորուստները և տնտեսական վերականգնման ինչ-որ քայլեր անել: Իսկ մինչև նրանք ուշքի գան, Չինաստանն առաջ կանցնի նրանցից՝ հընթացս սպառման առավել մոտ ու մատչելի շուկաներ գտնելով: Գուցե ինչ-որ պահից հարկադրված լինելով փոխել տնտեսության կառուցվածքը, եթե Եվրոպան որոշի պատրաստի արտադրանքի արտադրության ցիկլը իր տարածքում փակել և վերացնել կախումը չինական մատակարարումներից: Կամ՝ Թրամփը 2020-ի նոյեմբերին վերընտրվի, որ կնշանակի առևտրական ու քաղաքական պատերազմների ևս 4 տարի Եվրոպայի, Չինաստանի ու Ռուսաստանի հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 13682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ