Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյանը կոնֆլիկտի դիվանագիտական լուծում չի տեսնում այս փուլում. RFI

Նիկոլ Փաշինյանը կոնֆլիկտի դիվանագիտական լուծում չի տեսնում այս փուլում. RFI
23.10.2020 | 11:03

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 21-ին առանձին բանակցություններ են վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին: Նույն օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեռ չկա կոնֆլիկտի՝ Երևանի համար ընդունելի դիվանագիտական լուծում՝ ադրբեջանական կողմը հրաժարվում է ցանկացած տարբերակից, բացի Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան: ՌԴ ԱԳՆ կայքում նշված է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման համաձայնագրի իրականացման հարցերը: Լավրովի հանդիպումները Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ շարունակել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսային բանակցությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Politico պորտալը հոկտեմբերի 19-ին հաղորդել է, որ հոկտեմբերի 23-ին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում առանձին բանակցություններ կունենան պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ այս պահին չկա կոնֆլիկտի հայկական կողմի համար հնարավոր լուծում: Նրա խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը հրաժարվելն է կոնֆլիկտի ավարտման ցանկացած տարբերակից՝ բացի Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան, որ անհնար է դարձնում կոմպրոմիսը: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Հայաստանի քաղաքացիներին մինչև վերջ պայքարել՝ «դա նշանակում է առաջին հերթին զենք վերցնել ու պաշտպանել մեր հայրենիքը»: Նրա խոսքով՝եթե այդ գործընթացը արդյունավետ կազմակերպվի, կհաջողվի հասել «ընդունելի դիվանագիտական լուծման»: Ուղիղ եթերից հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակեց պոստ, որով թվարկում էր՝ ինչ քայլեր պետք է կատարեն քաղաքացիները՝ ձևավորել կամավորականների խումբ, դիմել զինկոմիսարիատ, անցնել անհրաժեշտ պատրաստվածություն:


Բաքվում մեկնաբանեցին Հայաստանի վարչապետի հայտարարությունը: Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարեց՝ Փաշինյանի խոսքերը ընդգծում են, որ Երևանը հետաքրքրված չէ տարածաշրջանում խաղաղության վերականգնումով: «Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է խոստովանում, որ Հայաստանի նպատակը Ադրբեջանի տարածքը օկուպացված պահելն է: Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ կոնֆլիկտը բանակցությունների ճանապարհով կարգավորելու Երևանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ երեսպաշտություն»՝ գրել է «Вестник Кавказа»-ն: Հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը նաև հարցազրույց է տվել Իրանի IRNA գործակալությանը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «միակ միջազգայնորեն ճանաչված կառույցն էղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար», բայց Իրանը կարող է իր դերն ունենալ տարածաշրջան խաղաղության և կայունության վերադարձի մեջ: Նա նաև մեղադրել է Թուրքիային՝ «Հարավային Կովկասում կասյերական քաղաքականություն» վարելու մեջ:
RFI


Հ.Գ. Երեկ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը CNN Türk-ի եթերում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե նման պահանջ լինի: «Մեր նախագահը առաջին իսկ օրից հստակ խոսել է դրա մասին: Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության պայմանագրեր ունեն: Եթե Հայաստանի կողմից անսպասելի քայլեր ձեռնարկվեն, և զորք ուղարկելու դիմում լինի Բաքվից, Թուրքիան չի վարանի, նախագահը` առավել ևս»,- ասել է Օքթայը: Օրվա մեջ տասնյակ հայտարարություններ են լինում, կեսը՝ իրարամերժ, և այս հարահոսը մասն է տեղեկատվական պատերազմի, որն էլ մասն է Արցախում մղվող պատերազմի: Ու այս ամբողջ հիբիդային պատերազմում շատ կարևոր է տարբերել հոգեբանական պատերազմի շրջանակներում արված հայտարարությունները իրական սպառնալիքներից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ