ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Պատառիկներ կենսագրությունից

Պատառիկներ կենսագրությունից
10.02.2009 | 00:00

ԱԶԱՐՅԱՆ-80
Անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում անցկացվեց սպորտային մարմնամարզության աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի հերթական խաղարկությունը։ «Աշխարհի փոքր առաջնություն» անվանումը ստացած այս մրցումներում դարձյալ լավ տպավորություն թողեցին Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի սաներ Վահագն Ստեփանյանն ու Հարություն Մերդինյանը։ Նրանք առանձին գործիքների վրա նվաճեցին տարբեր որակի չորս մեդալ, իսկ Հրանտ Շահինյանի մարզադպրոցի սան Աստղիկ Գյուլնազարյանը, որն առաջին անգամ էր մասնակցում նման խոշոր մրցումների, հենացատկերում ցույց տվեց 5-րդ արդյունքը։ Մրցումների ավարտից հետո կազմակերպված հրաժեշտի երեկոյի ժամանակ կազմկոմիտեի ղեկավար ՅՈՒՐԻ ՏԻՏՈՎԸ բոլորի համար անսպասելի առաջարկեց խմել... Ազարյանի խաչի կենացը։ Աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնն անցած դարի 70-ական թվականների կեսերին հրատարակեց «Միավորների գումարը» խորագրով գիրքը, որտեղ առանձնակի ջերմությամբ էր արտահայտվել «Օղակների արքայի» հասցեին։
«Ալբերտն ամենուրեք այնպիսի տպավորություն էր թողնում, որ ասես նրա ուժն ավելի էր, քան ի վիճակի են ցույց տալու մարդկային մկաններն ու մարմինը։ Եվ ահա այս անիրականի զգացողությունն ինչպես հեքիաթ վեր էր հառնում մարզասերների առջև և թողնում ցնցող տպավորություն։ Այն բոլոր երկրներում, որտեղ հանդես է եկել փառաբանված մարմնամարզիկը, այսօր էլ նրա կատարելության հասած արվեստը կենդանի է։
Շատ տարիներ անց ես բազմիցս եղել եմ տարբեր երկրներում և ամենուրեք մարզասերների հետ սկսված զրույցները, իբրև կանոն, սկսվում էին` «Ինչպե՞ս է այժմ ապրում Ազարյանը» պայմանական նշանաբանով։
Ալբերտը շատ շատերի համար եղել է խորհրդային մարմնամարզության խորհրդանիշը։ Նրա փառքը հսկայական էր, իսկ ահա ինքն իր ուժով, իր անկրկնելիությամբ, իր փայլուն հաղթանակներով երբեք չմեծամտացավ։ Հանդես գալով օղակների հավերժ չեմպիոնի կողքին` ոչ ես և ոչ էլ այլ երիտասարդ մարմնամարզիկներ նրա ներկայությունից չէինք կաշկանդվում, այնքան իր պահվածքով հասարակ և անմիջական էր։
Ազարյանի արվեստը ոգեշնչում, թևեր էր տալիս մեզ, և դրանում էր Ալբերտի ծառայությունը, նրա գլխավոր ներդրումը երիտասարդ մարզիկների կայացման գործում...»։
«Ազարյանի խաչը»։ Մարմնամարզության մեջ ընդունված է յուրաքանչյուր տարր կոչել իր առաջին կատարողի անունով։ Այսօր էլ մարմնամարզության «զինանոցում» կարելի է հանդիպել «Ազարյանի խաչին», սակայն անցած շուրջ կես դարում ոչ մի մարզիկի չի հաջողվել այն կրկնել։ Իսկ այդ խաչը լավ օրից չէ, որ ծնվել էր։
1952 թվականին Լենինգրադում անցկացված համամիութենական մի մրցման ժամանակ մրցավարները երկրի բացարձակ չեմպիոն, այդ գործիքի օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանին 8,7 միավոր տվեցին, պատճառաբանելով, որ նա «խաչ» դրությունը պահանջված ժամանակում չպահեց։ Մրցակարգի համաձայն, մարզիկը պետք է այդ դիրքում որոշակի ժամանակ անշարժ մնար, իսկ այդ «որոշակին» հարաբերական էր և կախված էր մրցավարների տրամադրությունից ու անդրադառնում էր վերջնական արդյունքի վրա։ Այդ օրը մրցավարները շատերին չխնայեցին։ Եվ ահա այս` համընդհանուր դժգոհության մթնոլորտում գործիքի մոտ են հրավիրում դեռևս բոլորին անծանոթ Ալբերտ Ազարյանին։ Սեմյոն Ղարագյոզյանի սանը պահում է խաչը, ապա դիմացը նստած մրցավարին հեգնական ժպիտով հարցնում` բավակա՞ն է։ Հետո թեքվելով նախ` աջ, ապա ձախ կողմը` նույն հարցը տալիս է կողային մրցավարներին։ Մրցավարների զայրույթին չափ չկար։ Հայաստանի հավաքականին կարող էին անգամ հանել մրցումներից, իսկ հանդուգն նորեկին որակազրկել, եթե ճիշտ ժամանակին չմիջամտեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Կոնստանտին Կարակաշյանցը.
-Ի՞նչ եք անում։ Սա պարզապես հրաշք է։ Ես այդ տղային ցանկանում եմ հավաքական վերցնել, իսկ դուք նրան որակազրկո՞ւմ եք։ Մեր լավագույն մարզիկներից ո՞վ կարող է կրկնել Ազարյանի այդ «խայտառակությունը»...
Լենինգրադյան հայտնությունից ամիսներ անց Ալբերտ Ազարյանը, առաջին անգամ հանդես գալով Խորհրդային Միության առաջնությունում, նորովի ներկայացրեց իր «խաչը» և նվաճեց չեմպիոնի կոչումը։ Հետո հաջորդեցին 1954 թվականի Հռոմի, 1958 թվականի Մոսկվայի աշխարհի առաջնությունները, Մելբուռնի և Հռոմի օլիմպիական խաղերը, 1955 թվականի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը Ֆրանկֆուրտում։
Ֆրանկֆուրտում Ազարյանը հերթական հրաշքը գործեց։ Առաջին օրվանից հետո նա ընդամենը 10-րդն ավարտեց մրցումները, իսկ ահա երկրորդ օրը նախ նրա պատվին հաղթանակի շեփորներ հնչեցրին օղակների վրա վարժություններից հետո, ապա նրան հանձնեցին զուգափայտերի Եվրոպայի չեմպիոնի ոսկե պարգևը։ Իսկ երբ ավարտվեցին մրցումները, պարզվեց, որ Եվրոպայի թիվ երկու մարզիկը հենց նա է...
Հռոմի աշխարհի առաջնության ավարտից հետո, հրաժեշտի խնջույքի ժամանակ, Ազարյանին մոտեցավ Պալմիրո Տոլյատին և իր հիացմունքն արտահայտելով, ասաց.
-Շուրջ 20 դար առաջ Հռոմի կայսր Ներոնը Ֆ որումում Տրդատին հռչակեց հայոց թագավոր։ Այսօր ես անչափ ուրախ եմ, որ նույն Հռոմն առանց թատերականացված, կեղծ ձևականությունների Ձեզ թագադրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսով։ Իսկական արքաների դարն անցել է։ Այսօր դուք եք նրանց փոխարինում, և ես համոզված եմ, որ Ձեր և Հրանտ Շահինյանի պատվին հնչեցրած հաղթանակի ղողանջներն արդեն հասել են հայոց բիբլիական լեռնաշխարհն ու ցնծությամբ վարակել բոլորին...
«Այս սևաբեղ մարմնամարզիկն ապշեցնում է ինչ-որ գերմարդկային ուժի մարմնավորմամբ... Նա նման է Հերակլեսին, բայց նրա կոպիտ ուժը ենթարկվում է բալետի մենապարողի հեզաճկունությանը...», Մելբուռնի օլիմպիական հաղթանակից հետո այսպես էին գրել ավստրալիական թերթերը «Օղակների արքայի» մասին։ Իսկ ո՞ւմ հայտնի չէ հռոմեական օլիմպիադայի օրերին Պոմպեյի փլատակների վրա նրա` Ապոլոնի ֆանտաստիկ փոխակերպման լեգենդը...
Ալբերտ Ազարյանի լեգենդն ամբողջ 12 տարի թևածեց աշխարհի վրա։ Այդ ընթացքում նա հանդես եկավ աշխարհի 39 երկրներում, նվաճեց 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե պարգև։
Աշխարհի, Եվրոպայի, Խորհրդային Միության և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնը մեծ սպորտին հրաժեշտ տվեց 1964 թվականին, և ինչպես իր մեծագույն նախորդը` Հրանտ Շահինյանը, բացեց պատանի մարմնամարզիկների իր դպրոցը, որն այժմ կրում է «Օղակների արքայի» անունը, իսկ թե անցած 45 տարում ինչպիսի հաջողությունների են հասել ուժի ու գեղեցկության այս դարբնոցի սաները, հայտնի է բոլորին։ Ամեն անգամ անդրադառնալով օղակների հավերժական չեմպիոնին, մասնագետները չեն զլանում հիացմունքի ջերմ խոսքերով հիշել նաև նրա որդուն` ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ սպարտակիադայի և երկրի բացարձակ չեմպիոն, մոսկովյան օլիմպիադայի թիմային առաջնության, աշխարհի գավաթի և միջազգային բազմաթիվ մրցումների հաղթող Էդվարդ Ազարյանին, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Հակոբյանին և շատ ուրիշների...
Այն, ինչ պատմեցի, սոսկ թռուցիկ հետադարձ հայացք էր, որին բազմիցս անդրադարձել ենք, սակայն այս մեկը բոլորովին ուրիշ է։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահը փետրվարի 11-ին կբոլորի իր կյանքի ութերորդ տասնամյակը։ ՈՒթսուն տարի, որից 62-ը նվիրել է իր սիրած մարզաձևին և իր հաստատուն տեղը զբաղեցրել համաշխարհային սպորտի բոլոր ժամանակների մեծերի շարքում...
Վերջին անգամ Ալբերտ Ազարյանին հանդիպեցի երկու օր առաջ, մարզադպրոցում։ Մարմնամարզական գորգի վրա դեռևս տասը տարին չբոլորած պատանիներն էին մարզվում, իսկ օղակների վրա` Հարություն Մերդինյանն ու Վահագն Ստեփանյանը։ Այս անգամ ոչ թե հարցազրույցի համար էի եկել, այլ պարզապես տեսնելու, թե հոբելյանի նախօրյակին ինչպես է կրում իր... «Խաչը»։ Օղակների հավերժական չեմպիոնի դեմքի ժպիտը հուշեց, որ ամեն ինչ կարգին է։ ՈՒթսունին ոչ բնորոշ կեցվածքով նա գորովանքով հետևում էր հայկական մարմնամարզության հերթափոխին, և նրա դեմքի արտահայտությունից կարելի էր կռահել, որ այս մարզադպրոցի համար դժվարին տարիները մնացել են հետևում, իսկ առջևում աստիճանաբար ուրվագծվում է մեր մարմնամարզական հույսերի գարունը։ Դա կարդացի 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկի հայացքում, որը կարող է նաև երկրորդ հազարամյակի լավագույն մարզիկ անվանվել և կամ կարող է լիովին հավակնել այդ տիտղոսին։ Սակայն էականը դա չէ, այլ այն, որ մեծագույն մարզիկը, ում ծափահարել են նաև Աթենքի և Պեկինի օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ, դեռ մեր շարքերում է և շարունակում է կատարել հայկական սպորտի դրոշակակրի դերը` իր օրինակով վարակելով բոլորին։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3843

Մեկնաբանություններ