Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հնարավոր է՝ կորոնավարակը ախտահարում է նյարդային համակարգը և ոտնաթաթերը

Հնարավոր է՝ կորոնավարակը ախտահարում է նյարդային համակարգը և ոտնաթաթերը
16.04.2020 | 14:40

Հայտնի է, որ SARS և MERS հարուցիչները կարող են ախտահարել նյարդային համակարգը: Ուսումնասիրությունները վկայում են, որ այդպես է լինում նաև նոր կորոնավարակի դեպքում, հնարավոր հետևանքը դառնում է շնչառության անսպասելի կանգը՝ գրում է գերմանական Focus ամսագիրը: Sars-CoV-2 հիվանդությամբ վարակվածությունը կարող է դրսևորվել ոչ միայն բարձր ջերմությամբ, հազով ու դժվարացած շնչառությամբ, այլև հարուցել նևրալգիկ ախտանիշներ՝ եզրակացրել են չին գիտնականները՝ Ուհանում պացիենտների ուսումնասիրության հիման վրա: Բժիշկները JAMA Neurology ամսագրում տեղեկացնում են, որ իրենց հետազոտած 214 պացիենտների դեպքում վարակն ախտահարել է նյարդային համակարգը: Առավել հաճախադեպ ապտանիշներից են՝ գլխապտույտն ու գլխացավը, հոտառության ու համի զգացողության կորուստը: Այս ախտանիշները վկայում են, որ վարակն ազդում է ուղեղի վրա՝ ասել է Ռեգենսբուրգի համալսարանական կլինիկայի վարակաբան Բեռնդտ Զալցբերգերը: «Բայց այս պահին կորոնավարակակիր պացիենտների ուղեղի ուսումնասիրությունները շատ քիչ են: Մենք դեռ դեգերում ենք թավուտում»: Ուհանում կատարված ուսումնասիրությունը ևս հենվում է 214 կորոնավրակակակիր պացիենտների բժշկական փաստաթղթերի, լաբորատոր անալիզների, ռադիոլոգիական հետազոտությունների վրա: Խուաչժունի գիտության ու տեխնոլոգիաների համալսարանի նյարդաբան Լին Մաոյի գլխավորած գիտնականների թիմը հաղորդում է, որ 78 պացիենտներ (36,4%) ունեցել են նևրալգիկ դրսևորումներ, որ շատ ավելի ծանր էին, քան Covid-19-ը: Առավել հաճախ եղել են գլխապտույտ (36 պացիենտներ՝ 16,8%) և գլխացավեր (28 պացիենտներ՝ 13,1%): 12 պացիենտներ (5,6%) ունեցել են համի զգացողության կորուստ, 11-ը (5,1%)՝ հոտառության: 6 պացիենտներ (2,8%) ինսուլտ են տարել:


Կալիֆորնիայի համալսարանի նևրոլոգները անկախ խմբագրական հոդվածում ախտանիշները բաժանում են սպեցիֆիկի (համի ու հոտի զգացողության կորուստ, մկանային թուլություն, արյունազեղում) և ոչ սպեցիֆիկի (գլխացավ, գիտակցությամ մթագնում, գլխապտույտ, ցնցումների նոպաներ): Հենց ոչսպեցիֆիկ ախտանիշներն են մնում անհայտ՝ հիվանդության դրսևորու՞մ են, թե՞պացիենտի համակարգային բորբոքային արձագանքի մաս են, որ հիվանդության շատ ծանր ընթացք են ունեցել: Այս հարցը պետք է պարզվի հետագա ուսումնասիրություններում: Այս պահին քննարկվում է՝ կարո՞ղ է շնչառության կանգը հետևանք լինել նևրալգիկ խանգարումների, օրինակ՝ գլխուղեղի ցողունային հատվածի, որ կարգավորում է սիրտանոթային ու շնչառական համակարգի գործունեությունը: Ուսումնասիրության հեղինակները կարևոր են համարում, որ պացիենտների համապատասխան նևրալգիկ ախտանիշների դեպքում բժիշկները հաշվի առնե Covid-19-ը, որպեսզի խուսափեն ժամանակավրեպ կամ սխալ ախտորոշումից և արգելակեն վարակի հետագա տարածումը:
Focus


Հ.Գ. Իսկ Հայաստանու՞մ: Իսկ Հայաստանում օրեցօր ակնհայտ է դառնում առողջապահության համակարգի համակարգային սնանկությունը՝ շատ ավելի ծանր պայմաններում գտնվող երկրների՝ Չինաստանի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի բժիշկները պարբերաբար մասնագիտական հանրությանը ու հասարակությանը ներկայացնում են պանդեմիայի ընթացքի կանխատեսումներ ու տվյալներ՝ նպաստելով բուժմանը և կանխարգելմանը: Հայաստանի առողջապահական համակարգում դեռ չկա որևէ հրապարակային ուսումնասիրություն, գոնե վիճակագրություն՝ հիվանդության ընթացքի, ապաքինման ու մահվան դեպքերում ընդհանրական ախտանիշների վերաբերյալ: Այսինքն՝ համակարգն ինքն իրեն խնդիր չի դրել՝ տեսական ուսումնասիրություններ կատարել, իմա՝ վարակաբանությունը զարգացնել: Իսկ վարակաբաններ, հաստատ, կան, բայց կամ նրանց հիվանդների տվյալները հասու չեն, կամ սպասում են պետպատվերի՝ ուսումնասիրության համար, երկու դեպքն էլ ընդունելի չէ: Յուրաքանչյուրը իր ոլորտում պետք է նպաստի վարակի արագ վերացմանը: Նաև այդպես է առողջապահության համակարգն ապացուցում իր կայացածությունը՝ պրակտիկ ներգործության ՕԳԳ-ով: Համենայն դեպս հավելեմ, որ իսպանացի բժիշկները հաստատում են՝ ոտնաթաթի բորոբքումը ևս նոր կորոնավարակի հատուկ ախտանիշ է՝ գրել է The New York Post-ը: Newsflash-ի տվյալներով՝ Իսպանիայի պոդիատրիկ քոլեջների գլխավոր խորհուրդը նախազգուշացրել է փորձագետներին, որ COVID-19-ով որոշ պացիենտներ ունեն ոտնաթաթի ախտահարում, որ նմանվում է ջրծաղկի կամ ծաղկի դեպքերին: «Ախտահարման այդ օջախները կապտագույն են (շատ նման են ջրծաղկին, ծաղկին կամ ցրտահարությանը), որ սովորաբար հայտնվում է ոտքի մատներին և անցնում՝ առանց սպիների»՝ հայտարարել են գիտնականները: Առողջապահության մասնագետները վկայում են, որ այդ տարօրինակ ախտանիշը հիմնականում դիտարկվում է երիտասարդ պացիենտների դեպքում Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում: «COVID-19-ով հիվանդների այս ախտանիշը առավել հաճախ ի հայտ է գալիս երեխաների ու դեռահասների դեպքում, բայց հանդիպում է և ավելի մեծերի դեպքում»՝ նշել է բժիշկների խումբը: Խորհուրդը ընդգծում է, որ այս բացահայտումը դեռ բավականաչափ գիտական ուսումնասիրություններով չի հաստատվել. «Ակնհայտ է, որ ոչ երկարատև շրջանի պատճառով մենք առայժմ չենք կարող խոսել գիտական ապացույցների մասին»՝ նշված է նրանց զեկույցում: Պոդիատրների միջազգային ֆեդերացիան հաղորդել է 13-ամյա տղայի մասին, որ բողոքել է ոտնաթաթի վերքերից: Սկզբում ենթադրել են, որ նրան սարդ է խայթել, բայց հետո նա կորոնավարակի ախտանիշներ է ունեցել: Հետագայում բժիշկները պարզել են, որ նրա կորանավիրուսով վարակված քույրերն ու մայրը ջերմություն, հազ, շնչառության խնդիրներ են ունեցել՝ տղայի ոտքերի վերքերից 6 օր առաջ: Իսպանիայի պոդիատրիկ քոլեջների գլխավոր խորհուրդը բուժաշխատողների ուշադրությունն է հրավիրում ոտնաթաթի բորբոքման վրա՝ իբրև վարակի վաղ ախտանիշի: «Խորհուրդը կոչ է անում պահպանել զգոնություն, որովհետև դա կարող է լինել COVID-19-ի վաղ ախտանիշ և հնարավորություն տալ խուսափել վարակի տարածումից»՝ հայտարարել է բժիշկների խումբը: Իսկ Հայաստանում հայտարարություններ են անում միայն վարչապետն ու առողջապահության նախարարը: Որպես կանոն՝ միայն թվեր ու ոչինչ չասող քաղաքական նախազգուշացում-հորդորներ: Մեկ-մեկ էլ խոստումներ: Օրինակ, որ գուցե մեկուկես ամիս հետո Հայաստանում դիահերձարան լինի կորոնավարակից մահացածների համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 25938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ