Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հավատի կնիք Խաչը

Հավատի կնիք Խաչը
15.06.2012 | 00:07

ՄԵՐ ԱԶԳԸ ՄՈՌԱՑԵԼ Է ԻՐ ՆԱԽՆԻՆԵՐԻՆ ԱՊՐԵՑՆՈՂ ՀԱՎԱՏԻ ԿՆԻՔԸ` ԽԱՉԸ
Համաձայն ՀՀ կառավարության 2010 թ. համապատասխան որոշման, այսօր` հունիսի 15-ին, Պետական խորհրդանիշերի օրն է։ Նշենք, որ այդ խորհրդանիշերը երեքն են` Զինանշան, Դրոշ և Օրհներգ։
Նաև փաստենք, որ քրիստոնյա երկրները պետական խորհրդանիշերը համապատասխանեբնել են իրենց դավանանքին. օրինակ, Հունաստանը, Ֆինլանդիան, Վրաստանը և այլք։
Ինչքա՜ն գեղեցիկ կլիներ, եթե միջազգային մրցասպարեզներում մեր մարզիկների հաղթություններից հետո նրանց պատվին բարձրացվելիք հայոց Եռագույնը Տիրոջ Խաչի հետ մեկտեղ լիներ, ի նշան Հիսուսին պատկանելության։ Բայց մեր ազգը, որն անդրանիկն է բոլոր ազգերից, որ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունեց, այսօր մոռացել է իր նախնիներին ապրեցնող հավատի կնիքը՝ Խաչը։ Իր երկրի խորհրդանիշերից և ոչ մեկում Խաչի պատկեր չունի։ Մի՞թե Գրիգոր Լուսավորչի, Տրդատ արքայի, Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու հետնորդներս մոռացել ենք, որ Տիրոջ Խաչը հաղթություն է չարի բոլոր հնարքների դեմ՝ լինի հոգևոր, թե մարմնավոր։ Ինչպե՞ս եղավ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր մերձակա ազգերը հիշեցին իրենց նախնիների հավատը և աշխարհին ներկայացան որպես այդպիսին, իսկ մենք` ոչ։ Օրինակ` Վրաստանը իր դրոշի վրա նույնիսկ հինգ Խաչ զետեղեց, ինչը, իհարկե, ընդօրինակված է Երուսաղեմի քրիստոնեական սիմվոլիկայից՝ Քրիստոսն ու չորս Ավետարանները, բայց և այնպես մերձակա ազգերին վկայում է իր քրիստոնեական դավանանքի մասին։ Իսկ Ադրբեջանը նույնպես հիշեց իր թրքա¬մուսուլմանական ծագումը և ճոխացրեց իր գերբն ու դրոշը մահմեդականների խորհրդանիշով՝ կիսալուսնով, իհարկե, չմոռանալով իր ազգային հարստության պարծանքի նյութը՝ նավթի խողովակ ևս նկարել։ Ով ինչ ունի, նրանով է հպարտանում, իսկ մենք` հայորդիներս, դարերով հպարտացել ենք Հիսուսի հաղթական Խաչի նշանով։
Պողոս առաքյալը՝ քրիստոնեական հավատքի հսկան, որ ազգեր ու ժողովուրդներ ծնկի բերեց Քրիստոս Աստծո առաջ, գրել է. «Քավ լիցի, որ ես ուրիշ բանով պարծենամ, այլ միայն Քրիստոսի Խաչով»։ Հենց այդպես, որովհետև նա լավ գիտեր, որ Քրիստոսի Խաչը հաղթանակ է սատանայի և մահվան դեմ։ Հենց այդ նույն հավատքն են որդեգրել մեր իմաստուն ու սուրբ նախնիները և Տիրոջ Խաչով մնացել հաղթական, ապրեցնելով մի ամբողջ ժողովուրդ հեթանոս ու բարբարոս, նաև կոմունիստ ազգերի հարևանությամբ։ Չնայած մենք երբեմն մնացել ենք կրակի տակ մարմրող մի կայծի չափ, բայց Խաչի զորությամբ կենդանի հավատքով լեցուն, որ երբ հողմերն ու փոթորիկները փչել ու դադարել են, այդ փոքրիկ կայծի հավատքի ջերմությունից նորից ազգ է հառնել փյունիկի նման, վերստին հաստատելով Սուրբ Էջմիածինը (մեր ազգի սիրտը) ու նորոգել խոնարհված ու խաչընկեց եկեղեցիները։
Բայց ո՞ւմ են պետք գեղեցիկ եկեղեցիները, եթե չկա այն լուսավորող ու ջերմացնող կենդանի հավատը։ Այդ պատճառով Հիսուսը նմաններին ասաց. «Ձեր սրտերը մաքրեք, և ամեն բան մաքուր կլինի»։ Այո՛, մեր սրտերը հավատքով ու մեղքերի համար զղջումով մաքրելով է, որ կարժանանանք քրիստոնյա ազգ համարվելու մեծ պատվանվանը։
Աշխարհը մեզ սկսել է ընդունել ու ճանաչել որպես առաջին քրիստոնյա ազգ, բայց մենք նույն աշխարհին ներկայանում ենք հեթանոսական խորհրդանիշերով։ Ասում եմ` հեթանոսական, քանի որ մեր զինանշանի վրա միայն Նոյյան տապանն է, որ հեթանոսական ժամանակներից է։ Եվ թող մեր իշխանավորները չմոռանան սաղմոսի այս խոսքերը. «Երանի այն ազգին, որի Աստվածը Տերն է, ու այն ազգին, որ Իրեն ժառանգության համար ստեղծեց» (Սաղմոս 33.12)։ Իսկ այն, որ Տերը մեզ ազգերի միջից ընտրեց Իր ժառանգության համար, հաստատում է մեր նախնյաց ողջ պատմությունը։
Հիմա ո՞ւր են մեր սուրբ ու հաղթող նախնիների ճշմարիտ հետնորդները, որ նրանց նախանձախնդրությամբ վառված հավատով նորից հաստատեն Տիրոջ հաղթական Խաչի խորհուրդը նախ իրենց սրտերում, ապա Հայաստան աշխարհում։ Ելե՛ք ու կանգնե՛ք, պատերազմե՛ք ու հաղթե՛ք Հիսուսի անունով ու Խաչով, քանի որ գրված է Տիրոջ անսուտ խոսքի մարգարեական հայտնությամբ. «Արեգակը պիտի խավարի և լուսինն իր լույսը պիտի չտա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն։ Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ ու բազում փառքով» (Մատթեոսի Ավետարան 24.29-30)։
Իսկ ո՞վ է մարդու Որդին, եթե ոչ Քրիստո՛սը, իսկ ո՞րն է Նրա նշանը, եթե ոչ հաղթական Խա՛չը։ ՈՒրեմն, քանի դեռ չի եկել այդ մեծ ու ահավոր օրը, երբ համայն ազգերը պիտի լացուկոծ անեն այդ ահեղ Նշանի զորությունը մերժելու պատճառով, ժամանակն է, որ մենք՝ անդրանիկներս բոլոր քրիստոնյա ազգերից, նախ մեր սրտերում վերականգնենք Խաչի մաքրագործող խորհուրդը, ապա նոր այդ հաղթական Խաչի նշանը հաստատենք մեր ազգային խորհրդանիշերի՝ Զինանշանի, Դրոշի վրա, որպեսզի կեղծավորի կարգավիճակում չլինենք։
ՈՒ մինչ վկայությունների ընթերցումը Պողոս առաքյալի խոսքով այս էլ իմանանք. «Կորստյան մատնվածների համար Խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար` Աստծո զորությունը» (Ա Կորնթ. 1.18)։
Իսկ հիմա` երկու վկայություն, Խաչի հաղթական կնիքով այս գրվածքը հաստատելու համար։

ԽԱՉԱՊԱՇՏՆԵՐԻ ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պատմում է մի տարեց քրիստոնյա հայ, որը մանուկ ժամանակ Թուրքահայաստանի եկեղեցիներից մեկում դպիրի շապիկ էր հագնում. «Երբ մի տարի Թուրքիայի Իզմիրի շրջանում, որտեղ մեր գյուղն էր, խիստ երաշտ եղավ, ու հողը մի մատ ճաք տվեց, տեղի խոջաները դիմեցին մոլլաներին, որ նամազ անեն անձրևի համար, բայց ապարդյուն, երաշտն ավելի էր սաստկանում, նույնիսկ անասուններն էլ էին արդեն վտանգի տակ: Մուսուլման գյուղապետերը ստիպված գյավուրներին՝ հույն ուղղափառ քրիստոնյաներին են դիմում, որ նրանք աղոթք անեն անձրևի համար: Նրանք էլ իրենց պատարագների ժամանակ անդադար աղերսում էին Աստծուն, բայց օրերն անցնում էին, ու անձրևի կաթիլ իսկ չընկավ: Այդ ժամանակ ճարահատ դժկամությամբ դիմում են հայ գյավուրներին. գուցե Աստված նրանց ձայնը լսի: Մեր գյուղի քահանան մի պարզ հայ քրիստոնյա էր, բայց հավատի ժայռ էր կարծես, որովհետև երբ լսեց, որ թուրքերն իրենց են դիմել անձրևի համար, առաջին իսկ կիրակնօրյա պատարագին ժողովրդին ասաց. «Պատարագի վերջում ոչ ոք տուն չգնա, մանավանդ ճաշակվողները»: ՈՒ երբ վերջացավ արարողությունը, նա, պատարագիչի հագուստներով, մի ձեռքում` Խաչ, մի ձեռքում` Ավետարան, սարկավագները խաչվառներով, դպիրները ծնծղաներով, ժողովուրդը հետևից աղոթքներով ու շարականներով դուրս եկան ու եկեղեցուց ոչ շատ հեռու մի հորի մոտ կանգ առան, որտեղ սովորաբար թափում էին մկրտության արարողությունից հետո մնացած ջուրը, որի մեջ սուրբ մեռոն է լինում: Քահանան աղոթքից ու խաչակնքելուց հետո, ձեռքի սրվակից մի քանի կաթիլ մեռոն է կաթեցնում այդ հորի մեջ ու ինչ-որ սաղմոս ասում ու, երկինք նայելով, շարականներ երգում: Հանկարծ պարզ ու կապույտ երկնակամարում մի փոքրիկ ամպի ծվեն է հայտնվում: Քահանան այդ տեսնելով, նորից մի քանի կաթիլ մեռոն է կաթեցնում հորի մեջ ու ձեռքի Խաչով ժողովրդին և մերձակա դաշտերն ու այգիները խաչակնքելով, Աստծուց ողորմություն է հայցում: ՈՒ էլի շարականներ երգելիս, հանկարծ երկինքը թխպում է, ու առաջին խոշոր կաթիլներն են ընկնում, և տեղատարափ անձրևն այնքան է սաստկանում, որ մինչ ժողովուրդը եկեղեցի կհասներ, մի լավ թրջվում են: ՈՒ եկեղեցում բոլորը ծնկելով` քահանայի հետ օրհնում ու փառաբանում են երկինք Արարող Աստծուն, որ ամոթով չթողեց Իրեն հուսացող այս փոքրիկ հոտին:
Դրանից հետո թուրքերը, զարմացած գյավուրների Աստծո զորությունից, կրկնում էին. «Էրմանի ջաջարլարն ալլահ իմանը գավեթլիմիշ» («Հայ գյավուրների Աստվածը զորավոր է»)»:

ՇՈՒՇԻԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
Այս վկայությունը շարունակությունն ու լրացումն է այն բազմաթիվ սքանչելի վկայությունների, որ տեսել են շատ հայորդիներ մինչև Շուշիի ազատագրումը։
«Արցախյան ազատամարտի դժնի տարիներն էին։ Տխուր ու հուսահատ լուրեր էին գալիս ռազմի դաշտից, թվում էր, թե պատերազմը վերջ չի ունենալու։
Շուշիի ազատագրումից մեկ շաբաթ առաջ Հրազդան քաղաքում պատերազմի հերթական զոհերի հուղարկավորությունն էր։
Գիշերը մի երազ տեսա, որն անչափ ուրախացրեց ու հուսադրեց ինձ։ Ես մթության մեջ կանգնած էի և թախանձագին Տիրոջն էի կանչում։ Հանկարծ այդ պահին մի փոքր, շա՜տ փոքր՝ ասեղի ծայրի չափ լույս առկայծեց երկնքում և, իր առանցքի շուրջը պտտվելով, իմ աչքի առաջ մի հեքիաթային տեսարան բացեց. նախ երևաց եկեղեցու մի սրածայր գմբեթը, բայց առանց Խաչի։ Այնուհետև երևաց եկեղեցին ամբողջությամբ։ Ամեն ինչ լուսավոր էր, շուրջբոլորը լույսի ամպեր էին։ Բայց անսպասելիորեն այդ ամենն ընկղմվեց խավարի մեջ։ Ես նեղված աղաղակում էի ու Աստծուն կանչում, որ լույս տա։ ՈՒ նորից կրկնվեց նույն ձևով. ասեղի անցքի չափ լույսը սկսեց պտտվել, ու կրկին երևաց առանց Խաչի եկեղեցին։ Եկեղեցին ու իր շրջակայքը լուսավորվեցին, սակայն երկինքը խավարի մեջ էր։ Հանկարծ խավար երկնքում մի լույս տեսա Խաչի տեսքով ու այդ խաչանման լույսը սկսեց դանդաղորեն իջնել ներքև ու, վերափոխվելով ճերմակազգեստ մի երիտասարդ տղամարդու, կանգնեց եկեղեցու գմբեթի վրա, որտեղ սովորաբար Խաչն է լինում։ Տղամարդը գեղեցիկ էր ու շագանակագույն մազերով։ Նա, դեպի ինձ նայելով, ասաց, որ եկել է Իմ խնդրանքը կատարելու, քանի որ լսել է իմ աղերսը ու փրկելու է մեր ազգն ու ջահելների կյանքը։ Այդ պահին ըմբռնեցի, որ Հիսուսին եմ տեսնում և ձեռքերս վեր բարձրացրած վազեցի դեպի Նա։ Հիսուսը կանգնած տեղից Իր ծակված ձեռքերի միջից կայծականման լույս արձակեց, որը իմ աջ ձեռքի ցուցամատով մտավ իմ մեջ ու ես մի անսովոր ու քաղցր ջերմություն զգացի, որը մինչև սրտիս խորքերը հասավ։ Այդ զգացողությունով էլ քնից վեր թռա ու դեռ կիսարթուն վիճակում շարունակում էի տեսնել լույսերի մեջ ողողված եկեղեցու գմբեթն ու վրան մի գեղեցիկ Խաչ (կարծում եմ, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին էր` վերանորոգելուց հետո)։ Այդ սքանչելի երազի մասին ուրախ-ուրախ պատմեցի ամուսնուս, ասելով, որ Հիսուսը եկել էր ազատագրելու հայերին ու փրկելու անդադար զոհվող այրերին։
Առավոտյան ռադիոյով հայտարարեցին Շուշիի ազատագրման մասին։ Բոլորս ցնծում էինք այդ ուրախության համար, բայց քչերը գիտեին, որ այդ հաղթանակը Աստվածատուր էր՝ ի վերուստ շնորհված Հիսուս Քրիստոսի կողմից, ու հաստատված Իր սուրբ Խաչի կնիքով։ Իրեն փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն»։
Վերջին ու ևս մեկ անգամ էլ հայ ժողովրդի մեծամասնության անունից խնդրում ենք` հարգելի պարոն նախագահ, վարչապետ և մեր պետության պատասխանատու իշխանավորներ, վերանայեք մեր ազգը համայն ազգերին ներկայացնող մեր պետական խորհրդանիշերը՝ Դրոշն ու Զինանշանը վերոգրյալ վկայությունների լույսի ներքո, և թող Տեր Հիսուսը ձեզ իմաստություն տա և օրհնի այդ կարևորագույն գործում։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ