Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Նրա հանգիստը փառավոր պիտի լինի»

«Նրա հանգիստը  փառավոր պիտի լինի»
07.12.2012 | 12:28

(սկիզբը` այստեղ)

ՀԱՅՈՑ ԳՈՂԳՈԹԱՆ
Վրաց ազգը Եգիպտոսի մամլուքների ժամանակ Սուրբ երկրում մեծ արտոնություններ ստացավ և բազմաթիվ վանքեր ու սրբատեղեր ձեռք բերեց ու այնքան արտոնյալ վիճակում էր այստեղ, որ նրանց ուխտավորները սուրբ քաղաք էին մտնում մեծահանդես ու ճոխ թափորներով, ազգային դրոշակները պարզած, իսկ տղամարդիկ ու կանայք՝ շքեղազարդ զենքերով զինված: Եվ նույնիսկ մյուս ազգերի նման ուխտավորի պարտադիր տուրքը չէին վճարում: Հետզհետե նրանց դիրքն այնքան նշանակալից դարձավ, որ սկսեցին նեղել նույնիսկ իրենց դավանակից հույներին և շուտով ասպարեզից դուրս մղեցին ու նրանց առաջատար դիրքը գրավեցին: Եվ ինչպես ասում են` «ախորժակը ուտելիս է բացվում». նրանց նախանձի առարկան դարձան հայոց սեփականությունները և հատկապես սուրբ Գողգոթան: Նրանք նախ փորձեցին բռնի ուժով խլել այն, և երկու անգամ` 1316 և 1335 թթ. հարձակում գործեցին, բայց հաջողության չհասան. Եգիպտոսի իշխանությանը հղած հայոց միաբանության բողոքներն իրենց ազդեցությունն էին ունեցել: Սակայն դրանք թույլ միջոցներ էին՝ կասեցնելու հետզհետե սաստկացող ճնշումները: Քանզի այս անգամ նրանք աչք տնկեցին նաև մեր թագ ու պարծանք սուրբ Հակոբի տաճարի վրա: Իսկ այդ բոլորի վախճանը եղավ այն, որ հայերիս «բախտից» 1430-ին, Մարտիրոս պատրիարքի օրոք, Ղայիպ անունով մի եգիպտացի մեծագանձ վաճառական, որը սուլթանի բարեկամն էր, Վրաստան է գնում: Այդ իմանալով` վրաց թագավորը նրան սիրաշահելու հնարքներ է գտնում, իսկ վերադարձին Մելիք Աշրաֆ սուլթանի համար ուղարկում է մեծարժեք ընծաներ, ծառաներ ու գեղեցկադեմ կին աղախիններ, հետն էլ խոստանալով իր թագավորության տակ գտնվող բոլոր մահմեդականներին հարկից ազատել, նրանց քանդված ու կործանված մզկիթները վերականգնել և միաբանության դաշինք կնքել մամլուքների հետ: Եվ այդ բոլորը՝ սուրբ Գողգոթան ձեռք բերելու համար (Հուդայի գործը չէ՞): Եվ դա վրացիներին հաջողվում է. բայց կարճ ժամանակով, որովհետև Մարտիրոս պատրիարքի բողոքից հետո այն նորից հայերին են վերադարձնում: Սակայն վրացիների հոսեցրած առատ ոսկու փայլը նորից շլացնում է ու ծռում ագահ սուլթանի և պալատականների մտքերը. 1432-ին Մելիք Աշրաֆ սուլթանի հրամանագրով հայերի ձեռքը կարճացրին այդ տեղից, և սուրբ Գողգոթան դարձավ անօրենության ավար: Այդքանը քիչ համարելով, վրացիներն այժմ էլ որոշում են մեր Սուրբ Հակոբյանց տաճարին էլ ձեռք երկարել: Այդ նպատակով վրաց արքա Վասիլը մի բողոք-նամակ է գրում Եգիպտոսի Մելիք Աշրաֆ Սեյֆի սուլթանին և խնդրում իրենց վերադարձնել հայերի ձեռքում գտնվող սուրբ Հակոբյանց վանքը, որը, իբր, մի ժամանակ խլվել էր վրացիներից: Սուլթանը հարգանքով է ընդունում այդ նամակը և 1512-ին արքայական հրովարտակով իր փոխանորդ Յուսուֆ Աշրաֆին ապսպրում է հարցը քննել և տալ վրացիների պահանջածը: Նա էլ հրովարտակը ձեռքին Երուսաղեմ է շտապում և, կանչելով տեղի դատավորներին, հրամայում է անաչառ դատ բացել, որպեսզի իսկությունը պարզվի: Սրանք էլ, ժողովելով բազմաթիվ վկաներ, լցվում են սուրբ Հակոբյանց վանքը: Մեծ զգուշությամբ կուսակալի առաջ քննություն է կատարվում, և միայն հայերն են կարողանում հաստատված ու նախկին սուլթանների կնքած փաստաթղթեր ներկայացնել, իսկ վրացիները միայն բանավոր հայտարարություններով են պնդում իրենց բողոքը: Լսելով և քննելով այս վիճահարույց խնդիրը, Եգիպտոսի նախարարը վճռում է, որ վրացիները ոչ մի իրավունք չունեն Սուրբ Հակոբյանց վանքի վրա, և նրանց բողոքը համարում է անհիմն:
Պատմությունը հաստատում է, որ Քրիստոսի ազնիվ ծառա Մարտիրոս պատրիարքը այդ հարցով հինգ անգամ Եգիպտոս է այցելել, բայց ապարդյուն: Բնական էր նաև այն, որ Աստված պետք է սաստեր սանձերը թողած վրացիներին, ինչը կատարվեց շատ շուտով ու անսպասելի։ 1517-ին Սելիմ սուլթանի բանակները հաղթեցին մամլուքներին, մտան Երուսաղեմ. և բնական էր, որ նախկին սուլթանի մտերիմները դառնային նրանց առաջին զոհերը: Հղփացած վրացիները հետզհետե մեծ կորուստներ կրեցին և այն աստիճանի սնանկացան, որ բոլոր ձեռք գցած սրբատեղերի պարտքերը վճարել չկարողանալով` կորցրին դրանց վրա ունեցած իրենց բոլոր իրավունքները: Եվ որպեսզի Գողգոթան հայերին չվերադարձվի, 1644-ին այն փոխանցեցին իրենց դավանակից հույներին: Իսկ իրենց մնացած վերջին սեփականությունը՝ Խաչավանքը, նույնպես կորցրին` 1685-ին: Եվ այդ թվականից վրաց ազգի անունն իսպառ դադարեց Տիրոջ սուրբ քաղաքում հնչելուց:
2005-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարությունն անհանգստացած բողոք է հղել Երուսաղեմի հույների պատրիարքին` Խաչավանքի պատերին մնացած Շոթա Ռուսթավելու սրբապատկերը փչացնելու և վրացատառ տառերով վերջին արձանագրությունները ոչնչացնելու կապակցությամբ: Նորից կատարվեց Տիրոջ խոսքը. «Ով փոս փորի դրացու համար, ինքը կընկնի մեջը», քանզի նույն ժամանակում վրաց գիտնականները գաղտնաբար վերացնում էին Մաշտոցի` վրաց ազգի համար ստեղծած գրերի մասին հավաստի աղբյուրների հետքերը Վրաստանում:
Գողգոթայի հետ կապված այս մտորումները գրելիս ակամա մտաբերեցի աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնի «Հիսուսի չարչարանքները» ֆիլմը: Այդ հրաշալի աշխատանքը կատարված էր մեծ վարպետությամբ ու իրական դեպքերին շատ նման: Ինչո՞ւ հանկարծ հիշեցի այն. որովհետև ֆիլմում օգտագործված ժողովրդական հինավուրց ընտիր երաժշտության ու երգերի շարքում հնչում էր նաև հայկական դուդուկը, այն էլ՝ հենց Գողգոթայի վրա՝ Հիսուսի խաչելության պահին: ՈՒ դա պատահական մի բան չէր. հայերն էին, որ Խաչյալին ազգերից առաջինն ընդունեցին որպես Տեր ու Փրկիչ, և այդ պատճառով էլ հայերին իրավունք տրվեց տնօրինելու Գողգոթայի սրբատեղը:
Վրաստանից Երուսաղեմ ուխտի եկած և ինձ էլ այցելած երկու հայ ծանոթներիս պատմել էի վերոհիշյալ «հայ-վրացական» պատմական անցքերը: Հետ վերադառնալիս, Թբիլիսիի օդանավակայանում նրանցից «տուրք» են պահանջում, պատճառաբանելով, թե Երուսաղեմ ուխտի գնացածների համար այդպես է ընդունված: Հայերից մեկն առարկում է, որ դա անօրենություն է, հետևաբար, մեղք: Վրացի մաքսավորը զայրացած պատասխանում է. «Բա որ դուք` հայերդ, Երուսաղեմի մեր բոլոր վրացական սրբատեղերը զավթել եք, դա մեղք չէ՞»: Ինչպես ասում են, այստեղ խոսքերն ավելորդ են. թող Տերը բացի նրանց հոգու կուրացած աչքերը, որ կարողանան ձախը աջից տարբերել: Ի՜նչ իմանաս, վրացի պատմաբաններն ինչպես են իրենց ժողովրդին մատուցել Սուրբ երկրի հետ կապված պատմական իրողությունները: Ո՜վ գիտե, եթե 608-ին վրացիները իրենց Կյուրոն եպիսկոպոսին լսած չլինեին ու չթողնեին հայոց լուսավորչական հավատը և քաղաքական բարենպաստության համար հունական կայսրերի «բարյացակամ» հովանավորությունը փնտրելով՝ չհարեին քաղկեդոնական դավանանքին, գուցե այսօր Հին Արևելքի քույր եկեղեցիների հետ ոտքի տեղ ունենային սուրբ քաղաքի օրհնյալ երկնքի ներքո: Չգիտենք իհարկե, բայց ազգամոլության ախտից զերծ վրացի դասախոս ծանոթս մի օր ինձ խոստովանեց, որ հայոց եկեղեցու դավանանքը թողնելուց հետո նրանք բազում օրհնություններից են զրկվել:
Վերադառնանք մեր նյութին. Երուսաղեմի հայոց Մարտիրոս պատրիարքը չդադարեց ջանքեր գործադրելուց, որ Գողգոթան վերադարձվի հայերին, բայց զուր, այն կորցրինք անվերադարձ: Այդ տաժանակիր այցելությունների միակ մխիթարիչ արդյունքը եղավ այն, որ նա կարողացավ սուլթանից մեծարժեք ընծաների օգնությամբ վճռագիր ձեռք բերել Սուրբ Հարության տաճարի երկրորդ հարկի մեծ սրահի սեփականության համար: Սա առաջ կոչվում էր «Թագավորական աղոթատեղի», որովհետև այն այս սրբավայրն այցելող թագավորների և իշխանավորների համար ծառայում էր որպես աղոթքի և հանգստի առանձնահարկ: Այդ մեծ սրահի շինությունը ճշտիվ համապատասխանում է Գողգոթայի բարձրությանը, նայում է նրան և գտնվում է Հիսուսի գերեզմանի աջ կողմում: Վերանորոգումից հետո, պատարագամատույցի երեք սեղաններ կանգնեցնելով, սրահը կոչվեց «Երկրորդ Գողգոթա»: Այն ավելի ընդարձակվեց, երբ Գրիգոր Պարոնտեր պատրիարքը բարեկարգման ժամանակ ևս երեք սյուներ ընդգրկող տարածք ստացավ լատիններից՝ փոխարենը նրանց տալով երգեհոնի մոտի մեր տարածքը:
Ավելացնենք, որ Գողգոթան հույների սեփականացնելուց հետո լատիններն ամեն ջանք գործադրեցին, որ այդտեղ իրենք էլ մաս ու բաժին ունենան, ինչը, ի վերջո, հաջողվեց նրանց. և սրահի այն կեսը, որտեղ խաչին են գամել Հիսուսին, նրանց սեփականությունը դարձավ: Թող Աստված նրանց էլ շնորհ և իմաստություն տա այդ սուրբ վայրին արժանի քրիստոնեավայել կյանք ունենալու, որովհետև 1665-ին նրանք ևս իշխանություն էին բանեցրել հայերիս վրա՝ երկար ժամանակ արգելելով մեզ Տիրոջ սուրբ գերեզմանի վրա պատարագներ մատուցել, մինչև որ մեր Եղիազար պատրիարքը բողոքի նամակ գրեց Ադրիանուպոլիս՝ թրքաց Սելիմ սուլթանին: Ասենք նաև, որ մինչ 1808-ի մեծ հրդեհը, որը բռնկեց հայոց Երկրորդ Գողգոթայի սրահում և տարածվեց ամբողջ տաճարով մեկ, մենք հայատառ վիմագրեր ենք ունեցել թե՛ Գողգոթայի, թե՛ Տիրոջ սուրբ գերեզմանամատուռի վրա: Բայց երբ հույներն իրավունք ձեռք բերեցին դրանք վերանորոգելու, իրենց բնորոշ նենգամտությամբ ջնջեցին դրանք, որ հայերն այլևս ոչ մի հետք չունենան այդ սրբատեղերի վրա: Բայց երկնային հրեղենատառ մատյանից ո՞վ կարող է ջնջել առաջին քրիստոնյա հայ ազգի անջնջելի անունը. «Զի Աստված ընդ մեզ է»:
Այն, ինչ կարդաց ընթերցողը մինչ այժմ, ընդամենը պատմական հետադարձ հայացք էր դեպի անցած դարերը, որտեղ խմորվում և ապա ձուլվում էր այն, ինչ ունենք այսօր։
Անցնենք առաջ. ըստ ավանդության, Հիսուսի մարմինն Իր մոր գիրկն են դնում, և սուրբ Աստվածածինը Որդու արյունլվա, չարչարված մարմինն իր մայրական կրծքին սեղմելով, որով մի ժամանակ կերակրել էր նորածին Հիսուսին, ողբում է իր Մինուճարի մահը: Այդ իսկ պահին կատարվում է Սիմեոն ծերունու այն մարգարեությունը, որ ասաց Մարիամին. «Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի», այսինքն՝ մի ցավ պիտի կրես, որ համանման է սրտի մեջ սուր խրվելուն: 0րհնյալ լինի մեր բոլորի սուրբ մայրը, որ սիրով և հոժարությամբ իր Որդու հետ տառապել է մեր բոլորի փրկության համար:
Քանի որ արծարծվող նյութը Գողգոթայի մասին է, տեղեկանանք այդ անունով կոչվող սրահին կից մի մեծ դարպասի մասին, որն այժմ փակ է: Այն լավ երևում է նաև Տաճարի բակից, որովհետև մոտ է հիմնական մուտքին: Մարմարակերտ ու կամարակապ այդ դարպասը նախկինում ծառայել է որպես մուտք դեպի սուրբ Գողգոթա: Ավանդությունը պատմում է, որ երբ Հերակլես կայսրը պարսկական գերությունից վերադարձրեց Տիրոջ խաչափայտը, ուզեց արքայական ծիրանիով ու թագով զարդարված՝ այն իր ուսին դրած դեպի Գողգոթա հանել, բայց Աստծո հրեշտակը երևաց ու արգելելով նրա մուտքը, ասաց. «Աշխարհի Փրկիչ Քրիստոսն այստեղ զարդարված չելավ»: Նաև պատմում են, որ այդ լսելով՝ կայսրը հանել է թագավորական հանդերձները և աղքատիկ ու պարզ հագուստներ հագնելով, Խաչն ուսին դրած բարձրացել է Գողգոթա:
(շարունակելի)


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի ուսուցիչ

Դիտվել է՝ 2166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ