Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Որովհետև ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»

«Որովհետև ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»
11.12.2012 | 12:02

Այս նյութի վերնագրում ասվածը Քրիստոսի խոսքերն են, որ վերցրել եմ Ղուկաս Ավետարանչի 9-րդ գլխի 50 համարից: Հիսուսի այս պատգամը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ազատվել երևույթները դատելուց: Առաքյալները մոտենում են Տիրոջը և պատմում մի մարդու մասին, որը Նրա անունով դևեր էր հանում: Եվ քանի որ այդ մարդն առաքյալների հետ չէր գնում, նրան արգելեցին այդ կատարել: «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, որովհետև մեզ հետ չի շրջում» (Ղուկ. 9:49): Այստեղ հայտնի չէ, թե նրանք ինչն էին արգելում. դևերին հալածե՞լը, թե՞ Հիսուսի անունը գործածելը։ Սակայն կարծես թե նրանք ավելի մտածում էին նրան արգելել, որ Հիսուսի անունը չգործածի, կարծելով, թե այդ ձևով Նրա հեղինակությունը պիտի ընկնի: Հիսուսի պատասխանը նրանց, կարելի է ասել, ցնցեց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»:
Դժբախտաբար, ապրում ենք մի աշխարհում, ուր մարդիկ ավելի շատ տարված են տեսանելի երևույթներով, այսինքն` այն, ինչ տեսնում, հավատում են ու այդպես էլ դատում: Սակայն Հիսուսի խոսքն այլ էր թերահավատ Թովմաս Առաքյալին. «Որովհետև դու ինձ տեսար և հավատացիր, երանի՜ նրանց, ովքեր չեն տեսել, և սակայն կհավատան» (Հովհ. 20:29): Կարծես թե ամեն ինչ դրանում է կայանում։ Շա՜տ կարևոր է, թե ի՛նչ ենք հագնում, ինչպե՛ս ենք խոսում, ինչքա՜ն բան գիտենք, ինչքա՜ն գեղեցիկ ենք և այլն: Եթե որևէ մեկն այս երևույթներին չի հարմարվում, նման է այն մարդուն, որը հոսանքին հակառակ է լողում: Բնական ձևով նմանին մերժում կամ անտեսում են իրեն շրջապատողները: Այս պատճառով բարոյականությունն էլ սկսում է հիմնվել տեսանելի երևույթների վրա: Ներքին հոգեկան վիճակից կամ սիրո արտահայտություններից ավելի, բարոյական կյանքի օրենքները կայանում են գործադրելու, ձևերն ու սովորությունները կատարելու մեջ: Հավանաբար, այս է պատճառը, որ ձևապաշտական բարոյականությունը հսկա անկում է ապրում, և անբարոյականությունը դառնում է ավելի բնականոն ու շարունակական, քանի որ պարզ երևույթները չեն կարող համոզել մի միտք, որը սիրում է մտածել: Եվ եթե այդ մտածող միտքն ընկնի մարդկային հաճույքների կամ կրքերի հետևից, կարող է մոռանալ ամեն բարոյական բան, ձև կամ օրենք: Սակայն սրանք դեռ ոչինչ, կան ավելի վատերը: Ձևապաշտություն, իշխանամոլություն աշխարհիկ, եկեղեցական կամ հավատքի կյանքում: Դժբախտաբար, մեր ժողովրդի և եկեղեցու պատմությունը լիքն է այսպիսի քայքայիչ գործողությունների պատմություններով: Մարդիկ, ժողովուրդներ, եկեղեցականներ, մինչև իսկ պետություններ ու եկեղեցիներ կռվել, չարչարել, պատերազմել, սպանել ու կործանել են, ու մի՛ կարծեք, թե խոսքս միայն անցյալի մասին է. դժբախտաբար, այսօր էլ աշխարհում շարունակվում են նույն անհանդուրժողությունը, ատելությունն ու թշնամանքը մինչև իսկ միևնույն դավանանքն ունեցող եկեղեցիների անդամների միջև: Օրինակները շատ շատ են: Վատն այն է, որ ամեն բան կատարվում է Աստծու և աստվածայինի անունով:
Նույնն էր պարագան, երբ երկու հազար տարի առաջ առաքյալներն արգելեցին մի մարդու, որը Տիրոջ անունով դևեր էր հանում: Սուրբ գիրքն ասում է` նա ոչ թե փորձում էր, այլ ուղղակի հանում էր, այսինքն` մարդկանց, հիվանդներին Տիրոջ անունով բուժում էր, մի խոսքով` Աստծու Որդու գործն էր կատարում: Սակայն առաքյալներն անիմաստ նախանձախնդրությամբ արգելեցին նրան և այս մասին հպարտությամբ պատմեցին Տիրոջը: Պատկերացնո՞ւմ եք այն սպասումի վիճակը, որ առաքյալներն ունեին, մտածելով, թե բարի գործ են կատարել: Նրանք հանդիմանության չէին սպասում, այլ գնահատանքի: Սակայն Տերը սառը ջուր լցրեց նրանց սպասելիքներին, ցնցիչ և քննադատական պատասխան տալով նրանց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է», «…Որովհետև չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի ու կարողանա ինձ հայհոյել…» (Մարկ. 9:38): Նույն բանը պատահել էր Մովսես մարգարեին: Երբ մարդիկ գալիս ու նրան ասում են, թե երկու հոգի ժողովրդի մեջ մարգարեություններ են անում, այսինքն, ուզում էին ասել` մարգարեն դու ես, բայց քո անունով ուրիշներն են մարգարեանում, նա պատասխանում է. «Ո՞Ւմ համար է ձեր նախանձախնդրությունը` Աստծո՞, թե՞ իմ: Երանի ամբողջ Իսրայելի ժողովուրդը ինձ նման լիներ»: Սուրբ գիրքն անմիջապես շարունակում է, թե աշխարհում Մովսեսից ավելի խոնարհ մեկը չկար:
Հետաքրքիր է, այս պարագայում ի՞նչ կլինի մեր դիրքը կամ կեցվածքը, եթե այսօր որևէ մեկը մեր հասկացածից ու ընդունածից մի այլ ձևով գործի, սակայն դրանով փառաբանվի Տիրոջ անունը. մարդիկ ազատվեն դևերից, Աստծուն ճանաչեն, հոգևոր կյանքը ծաղկի, հավատքը զորանա, այսինքն` այդ մարդն Աստծո գործը կատարի: Կհալածե՞նք, չե՞նք թողնի, որ նա իր գործը կատարի, ոստիկանությո՞ւն կկանչենք, մի խոսքով, ի՞նչ կանենք: Հիսուս մեզ տալիս է այդ ուղղությունը Իր այս խոսքով. «Մի՛ արգելեք նրան, որովհետև ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է…» (Մարկ. 9:38): Զգույշ եղեք, չլինի թե մենք անտեսենք Աստծու Որդու խրատը և ուղղությունը ու մի օր էլ մենք մեզ գտնենք արգելող մարդկանց մեջ: Հիսուս շարունակում է Իր խրատը. «Այս բաները ասացի ձեզ, որպեսզի գայթակղությունից հետ մնաք: Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում: Եվ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ» (Հովհ. 16:1-3):
Աստծուն հաճելի լինելու որևէ գործի գլխավոր չափանիշն այն է, թե արդյոք դրանով մարդիկ ավելի կմոտենա՞ն Նրան, Աստծու անունը կփառավորվի՞, եկեղեցին կպայծառանա՞, կսրբանա ու կզորանա՞: Եթե ոչ, ապա անշուշտ Աստծու կողմից մերժելի է այդ գործը: Իսկ եթե` այո՛, կարծում ենք, թե այս պարագայում ձևն այնքան էլ կարևոր չէ, քանի որ այդպիսի բարի գործունեությունն օրհնված է և Աստծու կողմից ընդունելի է:
Թող Տերը մեզ բոլորիս իմաստություն պարգևի, որ Նրա ճշմարիտ կամքը կատարողները լինենք: Ամեն:


Տ. Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ