Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նրա հանգիստը փառավոր պիտի լինի»

«Նրա հանգիստը  փառավոր պիտի լինի»
11.12.2012 | 12:04

(սկիզբը`այստեղ)

Գողգոթայի այս սրահից մի ուրիշ ելք ևս կա, որը մեզ իջեցնում է նորից պատանատեղի, որտեղից մեր քայլերը կուղղենք դեպի ձախ. այն մեզ պիտի տանի այնտեղ, ուր բոլոր ուխտավորներն են գալիս, այն է՝ մահկանացուներիս հույս ու փափագ մեր Տիրոջ Սուրբ Հարության Գերեզմանը: Բայց չշտապենք, որովհետև մինչ այդտեղ հասնելը, ճանապարհին հայկական ոճով կառուցված դեղնագույն մարմարե մի գեղեցիկ մատուռի պիտի հանդիպենք, որի վրա հայերեն գրված է. «ՈՒշաթափումն սուրբ Տիրամօր» (սա նշան է, որ մատուռը հայոց սեփականությունն է): Այստեղից Տիրամայրը, ականատես լինելով իր Որդու չարչարանքներին ու մահվանը, ուշաթափվել է. սուրբ ու խոցված մայրական սիրտը չի դիմացել խաչելության ահավոր տեսարանին: Մատուռի գմբեթի տակ արծաթյա մշտավառ կանթեղ կա, իսկ անմիջապես դրա տակ, գետնից մի քիչ բարձր, ոսկեգույն պատվանդանի վրա մեկ ուրիշ կանթեղ է, որից շատ մարդիկ են օգտվում՝ օծելով իրենց մարմնի ցավոտ տեղերը: Այդ տեղից երկու մետրի վրա խճանկարային արվեստի մի հրաշալի գործ կա, որն ամենամեծադիրն է այս Տաճարում. պատկերում է Հիսուսին Խաչի վրա, իսկ աջ ու ձախ կողմերում՝ Տիրամորն ու Հովհաննեսին: Կարծես հանրածանոթ է տեսարանը, բայց տարբերությունն այն է, որ վրան հայերեն է գրված. «Յիշատակ վասն ծնողաց», ինչը խորհրդանշում է ծնողասիրության պատվիրանը: Հիսուսը, Խաչի վրա սոսկալի ցավերի մեջ լինելով, չմոռացավ Իր ծնողին և ասաց. «Ով կին, ահա՛ քո որդին» (ակնարկելով Իր սիրելի Հովհաննեսին), հետո ասաց աշակերտին. «Ահա՛ քո մայրը» (Հովհ. 19.26): Հատկանշական է, որ այս մասին գրում է միայն Հովհաննես Ավետարանիչը, որովհետև Խաչի մոտ առաքյալներից ու աշակերտներից միայն ինքն էր մնացել որպես հավատարիմ մեկը:
Երբ մի անգամ Տաճարի հայ միաբանների հետ նստած էինք այդ խճանկարի տակի նստարանին, երկու զբոսաշրջիկ աղջիկներ, սրբատեղերը լուսանկարելով, հասան այդ նկարին, հանկարծ նրանցից մեկը ռուսերեն ասաց մյուսին. «Վա՜յ, հայկական գրեր, այս ինչպե՞ս է, որ այստեղ հայերեն է գրված»: Մենք իսկույն հասկացանք, որ մեր ազգակիցներից են եկել ուխտի, և հարկ համարեցինք բացատրելու, որ այս վայրը հայերի սեփականությունն է: Իսկ նա, որը ռուսախոս հայուհի էր, ասաց, որ ինքն այսքան ժամանակ կարծել է, թե Սուրբ Հարության տաճարն ամբողջովին պատկանում է ռուսներին: Իսկ մենք նրան «լուսավորեցինք», բացատրելով, որ ռուսներն այստեղ մի քառակուսի սանտիմետր իսկ տարածություն չունեն որպես իրենց սեփականություն: Այդպես է, մենք մեր ունեցածը չենք կարողանում ցուցադրել, իսկ ուրիշներն իրենց չունեցածն են որպես ունեցած ցուցադրում: Մինչև ե՞րբ պիտի ուղտի ականջում քնած հայորդիներս ավելորդ «համեստություն» անենք:
ՈՒշաթափման հիշյալ վայրի զորավոր սրբության մասին ուզում եմ հիշատակել մի դեպք, որին ինքս եմ ականատես եղել: Հայ միաբանների հետ կողքի տեսչարանում նստած ինչ-որ բանի մասին էինք խոսում, երբ ներս մտավ մեր վանքում ծառայող մի կին: Մի քանի րոպե զրուցելուց հետո նա դուրս գնաց, և Տիրամոր ուշաթափման վայրի կողքով անցնելիս, հանկարծ մեր աչքի առաջ կարծես ինչ-որ աներևույթ ձեռք հրեց ու քիթ-բերանի վրա գետնին տապալեց նրան: Զարմացած մոտ վազեցինք ու թևից բռնած ներս բերինք և, աթոռին նստեցնելով, հարցրինք, թե այդ ինչպես եղավ, որ հարթ տեղում այդպես սայթաքեց: Ինքն էլ շփոթված ու վախեցած վկայեց, որ մի զորավոր ուժ նրան առաջ հրեց ու գետնին փռեց: Դեպքը կմոռացվեր-կանցներ, եթե մի քանի օր անց չլսեինք, որ այդ կինը շնության մեղքի մեջ է: Սուրբ Տիրամայրը մայրական խրատ էր տվել նրան՝ զգուշացնելով հոգեկործան իր վարքի մասին: Եվ ով ականջ ունի, կլսի:
Շարունակենք մեր շրջագայությունը: Հայկական խճանկարի կողքին Սուրբ Հարության մեր տեսչարանի փայտյա քանդակազարդ բարձր դուռն է, որը միաժամանակ ծառայում է պատարագիչների զգեստավորման, իսկ ցերեկները հուշանվերների ու մոմերի վաճառքի համար: Սրա կողքով բարձրացող աստիճանները տանում են արդեն մեզ ծանոթ «Երկրորդ Գողգոթա» կոչվող հայոց վերնատունը: Արդեն ասացինք, որ այն բաղկացած է երկու մեծ դահլիճներից, ուր երեք պատարագամատույց սեղաններ կան, որոնցից մեկը կոչվում է «Երաշխավոր սուրբ Աստվածածնի»: Իսկ այդ անունով կոչվելու պատճառը հետևյալն է։ Ըստ ավանդության, երբ աշխարհի տարբեր ծայրերից Երուսաղեմ են գալիս Սուրբ խաչը երկրպագելու, ուխտավորների խմբի հետ գալիս է նաև հռչակավոր պոռնիկ Մարիամ Եգիպտացին: Երբ բոլորի հետ նա էլ է ուզում Տաճար մտնել, հանկարծ մի աներևույթ զորություն արգելում է նրա մուտքը: Տարակուսանքով ու վախով դռան առաջ կանգնած՝ չգիտեր ինչ աներ, որ ինքն էլ Տաճար մտներ, երբ գլուխը վեր բարձրացնելով՝ տեսնում է Մարիամ Աստվածածնին մանուկ Հիսուսի հետ: ՈՒ հասկանում է, որ իր մեղքերի պատճառով է այդ արգելքը եղել: Եվ դառնաղի լացով Տիրամորն աղաչում է իր համար երաշխավոր լինել, որ գոնե մեկ անգամ կարողանա ներս մտնել, տեսնել ու համբուրել սրբությունները: Նրա անկեղծ զղջումը տեսնելով՝ Տերը թույլ է տվել, որ ներս մտնի ու սրտի փափագը կատարի: Ապա Տիրամորից հորդոր է առնում գնալու Հորդանանի մյուս կողմը և ճգնությամբ ապաշխարելու: Այնտեղ վայրի գազանների հարևանությամբ, աներևակայելի ճգնական կյանք վարելով 27 տարի՝ սրբանում և ննջում է ի Քրիստոս:
Այս սրահից դեպի Տաճարի բակն են բացվում երկու պատուհաններ, որոնք նորից մեր բացառիկ իրավունքներից են, որովհետև ուրիշ եկեղեցիներ չունեն նման հնարավորություն, քանի որ ամբողջ Տաճարը լուսավորվում է միայն կանթեղներով ու էլեկտրալամպերով: Պատուհաններին կից սուրբ սեղանն է, վրան սպիտակ մարմարից գեղեցիկ հայկական ծաղկած խաչ, իսկ հետևում՝ մի մեծ ու կամարաձև խճանկարային սքանչելի սրբապատկեր: Սրանից մի քանի մետր հեռվում պատարագամատույց երկրորդ սեղանն է` վրան մի հին քարասյան բեկոր, որը համարվում է Հիսուսի խարազանման չարչարանքների սյունի մի մասը: Իսկ երրորդ սուրբ սեղանը, որը մոտ է Սուրբ գերեզմանին, կոչվում է «Խաչելության սեղան»:
Այս սրահում մենք երկու շաբաթը մեկ անարգել իրավունք ունենք սուրբ պատարագ մատուցելու: Եվ երբ գալիս է այդ օրը, հոգիս համակվում է անբացատրելի վերին ուրախությամբ, որ նվաստս պիտի կանգնի Սուրբ գերեզմանին կից և պիտի նայի այդ սուրբ տեղին ու պիտի լսի պատարագիչների ձայնը, որոնք երգում են. «Այսօր անճառ Լոյսն ի Լուսոյ լուսավորեաց զմանկունս քո, լուսավորեայ Երուսաղեմ, քանզի հարեաւ Լոյս քո Քրիստոս»: Սրահի վերջնամասում գտնվում են այս Տաճարում ծառայող մեր հայ միաբանների հանգստասենյակները, որոնք ամեն գիշեր ժամը երեքին իջնում են պատարագ մատուցելու Քրիստոսի սուրբ Գերեզմանի հենց ներսում՝ անմիջապես Հիսուսի պառկած տեղում:
Այժմ մենք էլ իջնենք ներքև, ուր հայերս ունենք ևս մի պատարագամատույց սեղան, որը կոչվում է «Յուղաբերից սեղան»: Այն «Տիրամոր ուշաթափման» տեղից քիչ հեռու է ու գտնվում է Սուրբ գերեզմանի դիմաց՝ աջ մասում: Երևի կռահեցիք արդեն, դա այն նույն տեղն է, որտեղ կանգնել են Հիսուսի Գերեզման այցելած յուղաբեր կանայք: Բայց ավելի լավ է կարդանք ավետարանական համապատասխան հատվածը. «Երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը և Սաղոմեն գնացին խնկի պատրաստություն տեսան, որ գան և օծեն Նրա մարմինը: Միաշաբթի օրը, առավոտյան, արևածագին եկան գերեզմանը» (Մարկ. 16.1-2): Յուղաբերների սեղանի վերևում, պատով մեկ, գեղեցիկ շրջանակով, կամարաձև մի յուղաներկ պատկեր կա, որի մեջտեղում Տիրամայրն է, աջ կողմում՝ Հակոբոս առաքյալը՝ իր կտրված գլուխը ձեռքին բռնած, ձախում՝ Հակոբոս Տեառնեղբայրը՝ առաջին եպիսկոպոսապետի հանդերձներով: Իսկ սեղանին հայոց սեփականության կնիքը հանդիսացող ծաղկած, մարմարակերտ խաչն է կանգնած, կողքերին չորս մոմակալներ՝ յուղաբեր կանանց թվով:


(շարունակելի)

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի ուսուցիչ

Դիտվել է՝ 2028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ