Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թուրքակա՞ն, թե՞ հայկական լոլիկ. սա է խնդիրը

Թուրքակա՞ն, թե՞ հայկական լոլիկ. սա է խնդիրը
02.12.2016 | 00:23

Ապրիլյան պատերազմից հետո նախկին կառավարությունը հայտարարեց, որ պետք է արգելել թուրքական ապրանքների ներմուծումը, բայց, ինչպես ասում են, մի բան էր, ասացին, է՛լի։
Այսօր ֆերմերները բողոքում են, որ իրենց քրտինքը ջուրն է լցվում, քանի որ շուկայում թուրքական բանջարեղենը, հատկապես լոլիկը, «խեղդում է» իրենց քրտինքով աճեցրած, էկոլոգիապես մաքուր բանջարեղենը։ Բողոքը տեղին է. ինչ խոսք, մեր տեղական արտադրանքը և՛ վստահելի է որակական առումով, և՛ դրա սպառումը շուկայում նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, մինչդեռ, «կանաչ լույս» վառելով թուրքական ապրանք ներկրողների առաջ, նպաստում ենք Թուրքիայի տնտեսության աշխուժացմանը։


Կողմ լինելով ազատ շուկայական հարաբերություններին, այնուհանդերձ, կառավարությունը չպետք է մոռանա, թե այդ «կանաչ լույսով» ում ջրաղացին է ջուր լցնում։ Պետությունը հենց նրա համար է պետություն, որ ցանկացած դեպքում կարող է խորագիտորեն գործի դնել իր լծակները, փակելով դռները մեկի և բացելով մյուսների համար։ Մանավանդ որ, ըստ ֆերմերների, թուրքական բանջարեղեն ներկրողների համար Հայաստանում արտոնյալ պայմաններ են գործում, ներկրված ապրանքը շրջանցում է սահմանային լաբորատորիան և մաքսային ստուգումը։ Եթե դա այդպես է, ապա պետական մեքենան գործի դնելու ճիշտ ժամանակն է։


Մյուս կողմից, չենք կարող չանդրադառնալ նաև մեր ֆերմերների, վերավաճառողների անհեռատես քաղաքականությանը։ Առկա սոցիալական ծանր իրավիճակում բնակչության զգալի մասը նախընտրում է գնել թուրքական լոլիկը՝ կիլոգրամը 450 դրամով, ոչ թե տեղականը՝ 1550 դրամով։ Համաձայնեք, որ տարբերությունը մեծ է, թեև մեր արտադրողներն այս փաստարկին կհակադրեն գազի, պարարտանյութերի բարձր գները, վարկերի տոկոսադրույքները և այլն։ Համաձայնելով այդ բոլոր հարցերի հետ, այնուհանդերձ, նկատենք, որ գործում է հայկական մի վատ սովորույթ. 1000 դրամ ներդնելով` գործարարն ուզում է միանգամից ստանալ 10000 դրամի եկամուտ։ Քաղաքակիրթ բիզնեսի տրամաբանության մեջ սա չի տեղավորվում, և եթե մեր ֆերմերները փորձեն վերանայել իրենց այս մոտեցումը, իրենց իսկ ձեռքերով աճեցրած լոլիկը վաճառեն շատ ավելի էժան գնով, ապա եկամուտ կապահովեն սպառված քանակի միջոցով և շուկայից դուրս կմղեն թուրքական արտադրանքը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հ. Գ. Կառավարության նիստից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից փորձեցինք ճշտել նրա տեսակետը խնդրի վերաբերյալ։ «Մենք աշխատում ենք լոլիկ և վարունգ արտադրող ջերմատների, ֆերմերների ու նրանց ներկայացուցիչ ասոցիացիայի հետ։ Այսօր բոլոր պետական կառույցներն աշխատում են, որ այս խնդիրը պարզաբանվի։ Եթե որևէ մեկը գործում է օրենքից դուրս, ամեն ինչ արվելու է նրան օրենքի դաշտ բերելու համար։ Խոսել եմ ՊԵԿ-ի նախագահի հետ՝ կա նրա հանձնարարականը մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի հարցին»,- ասաց նախարարը։

Դիտվել է՝ 2817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ