Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հորդոր Հայկ Դեմոյանին՝ ձեռնպահ մնալ Ջավախքի հանդեպ և հայ ժողովրդին հատվածականացնելու նմանատիպ դիրքորոշումից

Հորդոր Հայկ Դեմոյանին՝ ձեռնպահ մնալ Ջավախքի հանդեպ և հայ ժողովրդին հատվածականացնելու նմանատիպ դիրքորոշումից
16.03.2017 | 21:57

Տարիներ առաջ «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը հարց էր բարձրացրել ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի առջև հայոց պատմության Ջավախքին առնչվող հատվածը պատշաճ ձևով և չափով ներկայացնելու համար: Քանզի այն գրեթե լուսաբանված չէր, որից էապես տուժում էր հայ ժողովրդի մի ստվար հատվածի պատմական կենսագրությունը: Ջավախքի պատմության ուսումնասիրությունը ոչ միայն կարևոր է զուտ պատմագիտության տեսանկյունից, այլև խիստ անհրաժեշտ քաղաքական տեսանկյունից, հատկապես նորագույն շրջանի պատմությունը, որի ընթացքում ջավախահայությունը բազմաթիվ արհավիրքների միջով է անցել՝ դիմակայելով թուրքական հորդաների կործանարար սպառնալիքներին: Իսկ վերջին շրջանում մենք ականատես եղանք Էրդողան-Ալիև-Սաակաշվիլի եռյակի հայակործան քաղաքականությանը, որը հատկապես սուր դրսևորումներ ունեցավ հենց Ջավախքում: Հայոց պատմագրությունը պետք է անդրադառնա նաև Վրաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությանը, որով վերջիններս փորձում են շտկել վիճակը, վերանայել նախորդ վարչախմբի արատավոր վարքագիծը:


Այսպիսի մտահոգություններով համակված՝ ուրախությամբ ծանոթացանք ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի կողմից հրատարակված «Հայոց պատմության» ակադեմիական բազմահատորյակին, որում պատշաճ մակարդակով անդրադարձ կա Ջավախքի պատմությանը, այդ թվում նաև հակաթուրքական պայքարի հերոսական էջերին: Սակայն այս ամենի վրա ստվեր նետեց այն տեղեկությունը, ըստ որի ՀՀ ԳԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, քննադատելով վերոնշյալ բազմահատորյակը, մասնավորապես մեղադրել է աշխատության հեղինակներին՝ Ջավախքին մեծ տեղ հատկացնելու և դրանով Հայաստանի մյուս շրջաններին վերաբերող պատմական դեպքերի նկարագրության որոշակի անհամաչափություն ստեղծելու համար: Ցավով և խորը հիասթափությամբ ենք արձանագրում այս իրողութունը, որը, բացի իրականությունը ոչ ճիշտ ներկայացնելուց, նաև հայ ժողովրդին հատվածականացնելու և միմյանց դեմ տրամադրելու վտանգավոր վարքագծի դրսևորում կարող է դիտվել: Ուստի հորդորում ենք հարգարժան պարոն Հայկ Դեմոյանին ձեռնպահ մնալ նմանատիպ դիրքորոշումից, քանզի Ջավախքը և ջավախահայերը, մշտապես գտնվելով դժվարությունների մեջ, հոգածության և աջակցության կարիք ունեն ողջ հայ ժողովրդի կողմից բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև պատմագիտության ոլորտում:

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ