«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Փրկության ուղիղ ճանապարհը

14.04.2017 | 10:27

Հերթական ընտրությունները քառորդդարյա կենսագրություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին. ինչպես ընդունված է ասել՝ հաղթողներին չեն դատում:
Ընտրապայքարը հիմնականում իրեն հատուկ «դրայվ»-ով վարած ՀՀ վարչապետն ամենուր արդեն հանրահայտ դարձած իր տարերքի մեջ է. հարկավոր է թուղթ ու գրչով աշխատել, ծրագրեր կազմել ու դրանց հիմնավորումները ներկայացնել, այդ կերպ իշխանության աջակցությունն ակնկալել, նախկին աշխատաոճը, որը հիշեցնում էր թուղթ ու գրով հարցերը լուծելը, մեկընդմիշտ մոռանալ: Կոմբայն նվիրելու հնարավորություն առայժմ չկա, քանզի այդպիսի շռայլության համար ՀՀ բյուջեում փող չկա, ոչ էլ սերմ ու պարարտանյութ կարող են անվարձահատույց տալ, նույն հիմնավորումով: Անվճար, այն էլ ոչ միշտ, միայն որոշակի աստիճանի ու մակարդակի խորհրդատվությունը կարող է լինել, ասենք, շինշիլա պահելու շուրջ, որը, պարզվում է, շատ ավելի եկամտաբեր է, քան կաթնա-մսատու անասնապահությամբ զբաղվելը: Ըստ ՀՀ շարքային քաղաքացուս` տարօրինակն այստեղ ընդամենն այն է, որ զարգացած գյուղոլորտ ու տնտեսություններ ունեցող երկրները նախ գերադասում են կաթ ու միս արտադրել, իրենց մարդկանց առօրյա սննդակարգը լավագույնս երաշխավորել, նոր միայն էկզոտիկայի տրվել: Համանման երևույթ եմ համարում վարչապետի կողմից նաև «Հալալ» սպանդանոց այցը, որը ոչխարաբուծությունը խրախուսելու ակնհայտ դրսևորում է: Այն տարօրինակ ենք դիտարկում, քանզի մանր եղջերավորը գյուղատնտեսությունում խթանելը համաշխարհային առումով երբևէ նպատակ չի համարվում, խնդիր չի դիտարկվում իր ցածր մթերատվության պատճառով:


Պարոն վարչապետի խորհրդով թուղթ ու գրիչ եմ վերցրել և արձանագրել, որ, ասենք, ոչխարի մսին նախապատվություն տվող Թուրքիայում այս անասնատեսակի գլխաքանակը վերջին 30 տարում 65 մլն գլխից իջել է 25 մլն-ի, բնակչության կրկնապատկման պարագայում: Գյուղատնտեսությունում անսահմանափակ հնարավորություններ ունեցող ԱՄՆ-ում հազիվ 5 մլն մանր եղջերավոր է պահվում, երբ տասնամյակներ առաջ ունեին մինչև 50 մլն գլուխ: Արդեն իսկ զարգացած տնտեսություններ ունեցող երբեմնի խորհրդային մերձբալթյան 3 երկրներում այս անասնատեսակի միացյալ գլխաքանակը հազիվ 200 հազար է:


Ինչո՞ւ եմ այսչափ մանրամասն նշում. որովհետև մեզանում ռազմավարական նպատակ է համարվում 1,5 մլն գլուխ մանր եղջերավոր ունենալը, այն վերջին տարիներին ներկայացվում է հարևան Իրան արտահանման կարևորագույն ապրանք, չնկատելով կամ չտեսնելու տալով, որ անգամ 200 հազար արտահանված ոչխարը գրեթե ոչինչ է հարևան 1,6 մլն քառակուսի կմ տարածք ունեցող երկրում պահվող 70 մլն մանր եղջերավորի կողքին: Մեր պարագայում ուշադրությունը դեպի այս ոլորտն ուղղելը ոչնչով չի նպաստում ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության հիմնավորապես վտանգված խնդրի անգամ նվազագույն լուծմանը: Եվ հարցը՝ մեզ, ի՞նչ է, յուրօրինակ թուղթ ու գի՞ր են արել, որ այսչափ անտարբեր ենք Հայաստանի Հանրապետության տնտեսական կայացման առումով, հնչում է ինքնաբերաբար:


Խոսենք թուղթ ու գրչի օգնությամբ ներկայացվող փաստերով: Մեզ, այսպես կոչենք, օգնության ձեռք մեկնող միջազգային կառույցներն արձանագրում են, որ ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնության սննդակարգը պարզ է ու հասարակ, որը մասամբ իսկ բարելավելու նպատակով տասնյակ հազարավոր ընտանիքներ իրենց աշխատունակ անդամներին կարճատև, թե երկար ժամանակով արտերկրներ են գործուղում: Նրանց ուղարկած ֆինանսական միջոցներով իրենց հայաստանաբնակ հարազատները, ընդունենք մասամբ, բարելավում են առօրյա սննդակարգը, ասենք հավի մսի ձեռքբերման միջոցով: ՀՀ ԱՎԾ վիճակագրությունը վերջին տարիների համար փաստում է, որ երկրում արտադրվող 5-7 հազար տոննա հավի մսի կողքին այս մսատեսակի ներմուծումը հասնում է 35 հազար տոննայի, անշուշտ, հաշվառվածը, քանզի ինչպես այլ ոլորտներում, այստեղ էլ ստվերի գործոնը բացառել չի կարելի:


Ըստ շրջանառվող տեղեկությունների, խոր սառեցված հավի միս ՀՀ ներմուծվում է նաև Թուրքիայից: Բնական է, նաև տնտեսավարման պարզ տրամաբանությունն է հուշում, որ այդ երկրում մանր եղջերավորի գլխաքանակի արդեն նշված կտրուկ նվազումը, բնակչության էական աճի պարագայում, հարկ էր ապահովել այլ մսատեսակի արտադրությամբ, որն այս դեպքում, բնական է, խոզը չէր կարող լինել: Թուրք իշխանավորներն ու տնտեսավարողները նախապատվությունը տվին իրենց ազգաբնակչության կողմից սպառվող հավի մսի արտադրության ծավալների կտրուկ ավելացմանը: 2000 թվականի 660 հազար տոննան հիմա կազմում է 2 մլն տոննա, եռապատիկ աճ, որը երկրում վաճառվում է հիմնականում պաղեցված վիճակով, երբ մեզ առաջարկվողը բացառապես խոր սառեցրածն է, որն առանց քիմիական միջամտության կարծես չի լինում:


Հարցը, թե ինչու ենք Հայաստանի Հանրապետությունում այսչափ անտարբեր տնտեսության այս պարզ ու հասարակ ոլորտի զարգացման հանդեպ, մշտապես է տրվում, անշուշտ, հիմնականում մամուլի էջերում, մտահոգ հանրության կողմից, որի հանդեպ 180 աստիճանով տարբերվող կարծիք ունեն իշխանական այրերը: Նրանց մոտեցումն այն է, որ համաշխարհային շուկայում հավի մսի զգալի ավելցուկ կա, այն հազարավոր կիլոմետրեր հեռավորություններից Հայաստան հասցնելով և տեղականի համեմատ անգամ կես գնով վաճառելու դեպքում էլ հայաստանյան ներմուծող գործարարները շահույթ են ստանում, ուստի գործընթացին միջամտելու կարիք չկա, այն անհանգստություն չի առաջացնում: Անհիմն պատճառաբանություն, քանզի շահույթով խնդիրը բացատրելն ու ներկայացնելը նվազագույն արդարացումներ են:


ՀՀ վարչապետը նախընտրական իր հանդիպումներից մեկում, նկատի ունենալով պատերազմական իրավիճակն ու անբարյացակամ հարևաններին, խոսեց Իսրայելի զարգացող տնտեսության մասին, նշելով ինչ-ինչ ոլորտներ: Տարօրինակորեն ուշադրության չարժանացավ պարենային անվտանգության խնդիրը, որին այս երկրում ռազմականից պակաս ուշադրություն չեն դարձնում: Հենց թեկուզ արդեն քննարկած հավի մսի արտադրության առումով: Իսրայելն արդեն տասնամյակներ շարունակ այս մսատեսակի տարեկան արտադրությունը հասցնում է 550 հազար տոննայի, 1 բնակչի հաշվով ապահովելով 80 կգ ցուցանիշ, ամենաբարձրն աշխարհում: Հետաքրքիր է, որ սակավահող այս երկիրը ոլորտը պահելով ներկրվող կերերի միջոցով, ապահովում է շատ ցածր արտադրական ինքնարժեք, ինչը չես ասի մեր պարագայում: Վստահ եմ` վարչապետը, նրա թիմը, բազմաթիվ խորհրդականներն ու օգնականները, հավելենք նաև նորաստեղծ ռազմավարական կառույցները, լրագրողիս սիրողական մակարդակով արած սույն իրողության առավել ընդգրկուն պատկերացումներն ունեն, թե ինչպես է դա հաջողվում Թուրքիայում ու Իսրայելում, աշխարհի չորս կողմերում, ինչը գրեթե անլուծելի խնդիր է հայաստանյան տնտեսավարական մտքի համար: Եռապատիկ վստահ եմ` գիտեն, որ խնդրի լուծման նպատակով հարկավոր է ՀՀ բարեբեր, սակայն առայժմ չմշակվող հողերում, հենց այս գյուղատնտեսական տարում նվազագույնը 30 հազար հեկտարի վրա լիարժեք անասնակերի մշակություն իրականացնել Երկիր մոլորակի վրա թիվ 1 մշակաբույս դարձած եգիպտացորենի հատիկի տեսքով, աշնանը մոտ 300 հազար տոննա բերք ակնկալել, որն ըստ երջանկահիշատակ, հմուտ մասնագետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Գարեգինի Վարդևանյանի ուսումնասիրությունների, համարժեք է 100 հազար տոննա մսի: Բազմիցս ենք լսել, չէ՞, թե ինչպես են հերթական թռչնաֆաբրիկան բացելու ընթացքում սեփականատերերը հավաստիացնում ՀՀ նախագահին, որ ճտից մինչև 1 կգ հավի մսի ստացումը 35-37 օր է: Խոստումները հնչում են, իսկ արդյունքը չի երևում. ՀՀ-ում 1 բնակչի հաշվով հավի մսի տարեկան արտադրությունը հազիվ 3 կգ է, համաշխարհայինը` 17 կգ, անվերջ աճի պայմաններում:


Թուղթ ու գրչով աշխատելու պարագայում 2018-ի համար հարկ է լիարժեք անասնակերի մշակություն իրականացնել նվազագույնը 40 հազար հեկտարի վրա, նախորդ տարվա համեմատ 100 հազար տոննա լրացուցիչ անասնակերն ուղղելով խոզաբուծության ոլորտ: Այն կապահովի 30 հազար տոննա խոզի մսի արտադրություն, երբ այսօր պատահական կերերով գոյատևող խոզաբուծության ոլորտում մսի տարեկան արտադրությունն անգամ 8 հազար տոննա չի կազմում, պատճառ դառնում բարձր գնի: Վստահ կարելի է նշել, որ արտադրության ծավալների ավելացումը մրցակցային միջավայր կստեղծի ոլորտում, որտեղ արտադրողները կշահեն քանակների, սպառողները՝ գնային առումներով: Գործընթացը շարունակելու պարագայում 2019-ին արդեն հարկ է նախատեսել 60-70 հազար հեկտարի վրա եգիպտացորենի հատիկի մշակում, ակնկալել 700 հազար տոննա բերքի ստացում, որի որոշակի մասը կուղղվի լիարժեք կերակրվող կովերի կաթնատվության բարձրացմանը, ներկայիս 2000 լիտրի դիմաց 4-5 հազար և ավելի լիտր ցուցանիշի ձեռքբերմանը: Կաթնատվության աճն իր հերթին կնպաստի կարագի արտադրության ծավալմանը, որն այժմ ամբողջությամբ ներկրվում է:


Ամիսներ առաջ, երբ որոշակի ժամանակով մեկնում էի Ավստրիա, երևանյան սուպերմարկետում ավստրալական կարագի կիլոգրամի դիմաց վճարեցի 2720 դրամ, օրերս վերադարձա, այն արդեն 3150 դրամով է վաճառվում: Իսկ ահա հյուրընկալվածս երկրում նույն 82,5 տոկոս յուղայնությամբ կարագը երբեմն կարելի է անգամ 2000 դրամին համարժեք եվրոյով գնել: Ավելորդ չեմ համարում նկատել, որ խոշոր եղջերավորի լիարժեք կերակրման արդյունքում էապես կբարելավվեն դրանց օրական քաշաճն ու կաշվի որակը: Վերջինը վերամշակելու համար Երևանում գրեթե չաշխատող ֆաբրիկա ունենք, ասել է թե` հումք կստացվի կոշիկի, հագուստի, կահույքի, սպորտային իրերի, այլ ոլորտների համար: Իսկ թե ինչքան եգիպտացորենի հատիկ է անհրաժեշտ ՀՀ բնակչությանն այս մշակաբույսի բուսական յուղի պահանջարկը բավարարելու համար, թող պարզեն պետական իրավասու կառույցները: Այնպես որ, հազարավոր աշխատատեղերը, երկրում արտադրվող բարիքները այս կերպ են ստեղծվում, ՀՆԱ-ն ու բյուջեն աղքատիկից դառնում են նկատելի:


Անշուշտ լրագրային էջն այն տարածքը չէ, որտեղ հարկ է նման թեմայի անդրադառնալ, պարզել ու հիմնավորել համաշխարհային տնտեսական գործընթացները: Թեև շատերն են հետևել դրանց, հենց թեկուզ աննախադեպ տնտեսական աճ արձանագրած Չինաստանը: Այստեղ եգիպտացորենի հատիկի արտադրությունը 0-ից հասցրել են 215 մլն տոննայի 2-3 տասնամյակում: Նշված ծավալի որոշակի մասը օգտագործվում է խոզաբուծությունում: 110 մլն տոննա խոզի մսի համաշխարհային արտադրության կեսը այժմ չինական ծագում ունի: Եվրոպայում այս մշակաբույսի արտադրությունը 2014-ին կազմել է 130 մլն տոննա, այցելածս եվրոպական երկրներում պատկեր է ուրվագծվում, որ մոտակա տարիներին այն ստիպված կլինեն մշակել քաղաքների մայթերն ու փողոցներն իրարից բաժանող գազոններում: Մեզանում այս գործընթացը փոխարինվում է «Մերն ուրիշ է» կարգախոսով, որի արդյունքում հողի հայ մշակն օտարվում է իր աշխատատեղից, անհաջող փորձ է արվում Հայաստանի գյուղոլորտը այլոց բանջարա-բոստանա-այգեգործական կցորդ դարձնելու ուղղությամբ: Արդյունքում հիմնավորապես վտանգված են ՀՀ պարենային ապահովությունն ու անվտանգությունը, ներկրվում է հայ տնտեսուհիների խոհանոցում օգտագործվող մթերքների ողջ ցանկը, սկսած խոր սառեցման ենթարկված մսատեսակներից մինչև հատիկաընդեղենները, անգամ սոխն ու սխտորը, սմբուկն ու ստեպղինը. վերջինս բերվում է արդեն հիշատակված սակավահող Իսրայելից: Երկրի ու գյուղոլորտի ղեկավարները քաջատեղյակ են այս վիճակին, նաև լավագույնս տեղեկացված են, բայց և անզիջում են ներկրողների շահերին դիպչելու առումով:
Մտորումներս փորձեմ ավարտել եգիպտացորենի հատիկի մշակման հետ կապված ոմանց անհանգստությունները փարատելու հետևյալ փաստարկով: Այս մշակաբույսի համաշխարհային արտադրությունը 2000-2014 թվականներին 592 մլն տոննայից հասել է 1,090 մլրդ տոննայի, երբ շատ ավելի հանրահայտ ցորենը 586 մլն տոննայից հասել է 729 մլն տոննայի: Երկիր մոլորակը հետևողականորեն գնում է եգիպտացորենի հատիկի ծավալների ավելացման ուղղությամբ, քանզի բարձր կալորիականություն, բերքատվություն և հուսալիություն երաշխավորող հատիկը տեսանելիորեն փոխում է մարդկանց կենցաղը, ասել է` կյանքը, առանց զանազանելու նրանց կրոնական թե մաշկի առանձնահատկությունները:
Մենք մեզ բացառությունների շարքին դասելու իրավունքը չունենք, որն ակամա հիշեցնում է թուղթ ու գիր արվածի կարգավիճակը, երբ ՀՀ վարչապետն ակնարկում է թուղթ ու գրչով աշխատելու իրողությունը:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4158

Մեկնաբանություններ