Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գրիգոր Լուսավորչի վերջին ժառանգը

Գրիգոր Լուսավորչի վերջին ժառանգը
02.02.2018 | 00:42

Հայոց եկեղեցական պատմությունից հայտնի է, որ Գրիգոր Լուսավորիչը պարթևազն էր, բայց իրենից հետո ոչ մի հայրապետ պարթև անունը չկրեց, բացի իր վերջին ժառանգից` Սահակից։ Միգուցե պատճառն այն էր, որ իրենից հետո դադարելու էր Հայոց հայրապետական գահի պարթևական շառավիղը, չնայած Սահակ հայրապետը աղոթքով ու թախանձագին խնդրեց ամենքի Արարիչ Աստծուն, որ մի արու զավակ պարգևի այդ նպատակի համար, սակայն այդ խնդրանքը մերժվեց, և նրան միայն դուստր մնաց որպես ժառանգ։ Իսկ Աստծո գործերը անքննելի են, քանզի տարիներ անց, երբ նրա դուստրն ամուսնացավ Համազասպ Մամիկոնյանի հետ, շուտով ծնվեց Վարդան Մամիկոնյանը, ապագա քաջ սպարապետը, որն ունեցավ մի դուստր, Շուշան անունով, որը հետագայում իր աննախադեպ սխրագործությամբ պետք է մտներ հայոց ու վրաց սրբուհիների դասը։ Այդ երանելի սրբուհու մասին մենք դեռ կգրենք իր հիշատակության օրը, բայց այժմ շարունակենք մեր ասելիքը Սահակ Պարթևի մասին, որը հայրապետական աթոռին նստեց ամենաերկարը (52 տարի), բայց մի քանի անգամ ենթարկվելով մահվան և աքսորի։


Նա Ներսես Մեծ կաթողիկոսի (353-373) որդին էր, որն իր կնոջ հետ դեռ Կեսարիայում ուսանելիս` 348 թ., ծնվում է Սահակը, բայց դեռ երեք տարեկանը չբոլորած մեռնում է նրա մայրը։ Մանուկ հասակից զրկվելով մայրական խնամքից, նա փոխադրվում է Տարոն և մեծանում ու դաստիարակվում Մամիկոնյան իշխանների` մոր կողմից ազգականների հոգածության ներքո:
Նախնական կրթությունն ստանում է Հայաստանում, ապա ուսանում Կեսարիայում, Ալեքսանդրիայում և Կոստանդնուպոլսում` հմտանալով երաժշտության, հռետորաբանության, ատենաբանության, իմաստասիրության ու լեզվագիտության մեջ, ինչը հետագայում պետք է ծառայեր հայոց գրերի գյուտին ու Աստվածաշնչի թարգմանությանը, քանզի հմուտ էր հունարենին, ասորերենին, նաև կատարելապես տիրապետում էր պարսկերենին։ Կեսարիայում նա 22 տարեկանում ամուսնանում է, ունենում է մի դուստր, որը և հոր պատվին կնքվում է Սահականույշ անունով։


Ներսես Մեծ կաթողիկոսի անակնկալ մահից հետո, երբ նա դեռ 45 տարեկան էր, Սահակ Պարթևը 387 թ. Խոսրով Գ արքայի (385-388) օրոք նստում է Ամենայն Հայոց հայրապետական գահին: Իր 52-ամյա (387-439) հայրապետական գործունեության ժամանակ նախ իր 60 աշակերտներով ծառայել է Վաղարշապատի Սուրբ Էջմիածնում, իսկ կաթողիկոս ընտրվելուց հետո աջակցել է Խոսրով Գ թագավորին, որը ցանկանում էր վերամիավորել ու վերականգնել Մեծ Հայքի պառակտված միասնականությունը, քանի որ դեռ 387 թվականից միացյալ Հայաստանը բաժանվում է երկու «առյուծների»` Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջև, ընդ որում` պարսիկներին է անցնում մեր հողերի մեծ բաժինը։ Դրան հակադրվելով` Սասանյան արքունիքը 389 թվականին Խոսրով Գ թագավորին բանտարկում է Անհուշ բերդում, իսկ Սահակ Պարթևի կաթողիկոսությունը համարում անվավեր։ Նա ոչ միայն անձնվեր կաթողիկոս էր, այլև հմուտ դիվանագետ. պարսից Վռամ թագավորի հետ Տիզբոնում հանդիպելուց հետո հասավ մի քանի դրական փոփոխությունների, որոնց շնորհիվ մեղմացավ Բյուզանդիա-Պարսկաստան հակամարտությունը, ինչի պատճառով միշտ տուժում էր հայ ժողովուրդը։ Այդ ամենի արդյունքում Հայաստանը մոտ 15 տարի ապրեց երկրաշեն խաղաղության մեջ, ու հենց այդ տարիներին էլ Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ նվիրվեց հայոց գրերի ստեղծման գործին, որ մեր ժողովուրդը կախման մեջ չլինի ոչ մի ազգի գիր ու գրականությունից։ ՈՒ ինչպես գիտենք, այդ ջանքերը աղոթքի շնորհիվ պսակվեցին հաջողությամբ. մեր ազգը Աստծո շնորհիվ 406 թվականին ունեցավ դարամնա հայոց ոսկեղենիկ գիրը։ Դրանից հետո Սահակ Պարթև ու Մեսրոպ Մաշտոց երկու անսասանելի սյուների հովանու ներքո զարգանում են մեր ոսկեդարյան մշակույթն ու գրականությունը, ծնունդ տալով «թագուհի թարգմանության» հայատառ Աստվածաշնչին։


Երկարամյա ու բեղմնավոր գործերից խոնջացած` Գրիգոր Լուսավորչի վերջին ժառանգը ննջում է ի Տեր 440 թվականին, ճիշտ և ճիշտ իր ծննդյան օրը` Հայոց ամսվա` նավասարդի 30-ին, որ համընկնում է մեր այժմյան թվարկման սեպտեմբերի 9-ին, և թաղվում է հայրական գավառ Տարոնի Աշտիշատ գյուղում։
Որպես հետգրություն մնում է ավելացնել, որ Սահակ Պարթևին է վերագրվում հայտնի մարգարեական տեսիլքը Հայոց աշխարհին սպասվելիք իրադարձությունների մասին, ըստ որի` աշխարհի վախճանից առաջ պիտի վերահաստատվի հայոց թագավորությունը, որի գահին պիտի նստի Արշակունյաց ցեղից մեկը, իսկ Հայոց կաթողիկոսական աթոռին պետք է լուսավորչական սերնդից երկու ընտիրներ նստեն, որոնցից մեկը պիտի չարչարվի ու տառապի անօրեններից, իսկ վերջինը պետք է նահատակվի Նեռի սրով։ ՈՒ այդ ամենից հետո Տերը պիտի գա Իր մեծ փառքով, և աշխարհում կտիրեն սերն ու խաղաղությունը, արդարության հետ մեկտեղ։
Աստված բոլորիս արժանացնի հասնելու այդ օրհնյալ ու երանելի ժամանակներին։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ. Շաբաթ օրը` փետրվարի 3-ին, սուրբ Սահակ Պարթևի հիշատակման օրն է։

Դիտվել է՝ 5669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ