Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՈՒզում ենք հող բաժանել աճող ընտանիքներին, որ գյուղից չհեռանան»

«ՈՒզում ենք հող բաժանել աճող  ընտանիքներին, որ գյուղից չհեռանան»
26.06.2018 | 09:28

Լուսաձոր համայնքի կենտրոնում նորակառույց ակումբի, գրադարանի ու հանդիսությունների սրահի շենքերն են, որոնց ոճին ոչ հարիր գյուղապետարանի շենքի խղճուկ տեսքն աչքի է զարնում: Նախորդ դարի 70-ականներին կառուցված ու դեռևս շահագործվող շենքի ներսում տեսարանն ավելի տխուր էր, քանի որ գյուղապետի հետ զրույցի ընթացքում դրսում հորդառատ անձրև էր, ու անձրևաջրերը տանիքից հոսում էին գյուղապետի աշխատասենյակ:

ՈՒ թեև գյուղապետարանի աշխատակիցն անմիջապես թիթեղյա ամանը տեղադրեց առաստաղից կաթող անձրևաջրի տակ, անհարմար զգալով տեսարանից, այնուհանդերձ տեսարանն ազդեցիկ էր մեկ այլ առումով… Որովհետև, ի տարբերություն որոշ գյուղապետերի, որոնք ընտրվելուց հետո համայնքի բյուջեի հաշվին կահավորում ու հարմարավետ են դարձնում նախ սեփական աշխատասենյակը, հետո միայն անցնում համայնքի խնդիրներին, այս դեպքում առաջնությունը տրված էր ակումբին, գրադարանին ու հանդիսությունների շենքին, ինչն ինքնին ընդգծում էր համայնքի հանդեպ ղեկավարի սրտացավությունն ու… համեստությունը:


-Մենք գյուղապետարանի նոր շենք կառուցելու հնարավորություն չունենք: Անձրևաջրերը լցվում են շենքը, գիտեմ, որ հաճելի չէ աշխատել նման պայմաններում, սակայն իրողությունը սա է: Ավագանու առաջիկա նիստում մեր ֆոնդային բյուջեում եղած 7 միլիոն դրամից 1 միլիոնը կհատկացնենք տանիքի և այս սենյակի կոսմետիկ վերանորոգմանը, ոչ ավելի,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ, որ համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի սեպտեմբերին:
Լուսաձոր գյուղը նախկինում կոչվել է Ղրանլուղ-Դարա, այնուհետև Խավարաձոր, իսկ խորհրդային կարգերի հաստատվելուց հետո՝ Լուսաձոր: Ըստ պատմական տվյալների՝ 3 ընտանիք Ղարաբաղից եկել է այս տարածքը և հիմք դարձել հետագայում գյուղի հիմնադրմանը:


Համայնքն ունի 750 բնակիչ, որից 150-ը ներկայումս մեկնել են արտագնա աշխատանքի: Դպրոցում սովորում է ընդամենը 29 աշակերտ, որոնցից 5-ն այս տարի ավարտեցին: «Ծնելությունն անկում է ապրում, հինգ երեխա ավարտում է դպրոցը, երկուսը նոր միայն գալիս են դպրոց, երեխաների թիվն ամեն տարի պակասում է: Դա վատ է: Ջահելները չեն ամուսնանում, սոցիալական վիճակից ելնելով գնում են դուրս: Մեր ֆոնդային հողերից երեք հեկտար ես առանձնացրել եմ, որ տնամերձ հատկացնեմ համայնքի այն բնակիչներին, ում տանը կան երեք և ավելի երեխաներ կամ 18 տարին լրացած երեխաներ: Կան ընտանիքներ, որտեղ երկու տղաներն ամուսնացած են, սակայն տանը տեղ չկա, ուզում են բաժանվել, նոր տուն-տնտեսություն ստեղծել, բայց հող չունեն, հիմա այդ ծրագիրն եմ ներդնում նման ընտանիքներին օգնելու համար: Նշեմ, որ նախատեսված հողերը գտնվում են համայնքի գերեզմանոցի մոտակայքում: Վեց ամիս առաջ դիմել եմ կառավարությանը, որ թույլ տան հատկացնել, մերժել են, պատճառաբանելով, թե հատկացվող հողերը գերեզմանոցից 300 մետր հեռավորության վրա պետք է գտնվեն: Բայց էլ ուրիշ տեղ չունենք, նորից եմ դիմելու կառավարությանը, դուք էլ օգնեք մեզ: ՈՒզում ենք, որ մեզ թույլ տան հող բաժանել աճող ընտանիքներին, որ վերջիններս չհեռանան գյուղից»,- ասում է Վարդան Սարդարյանը:
Գյուղում տարեցները շատ են: Նրանց մեծ մասն ի զորու չէ անգամ տնամերձը մշակելու: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է, որն այնքան էլ շահութաբեր չէ: Խորհրդային տարիներին զարգացող ծխախոտագործությունը նախկինը չէ, թեև մի քանի անհատներ այսօր զբաղվում են դրանով:


Լուսաձոր համայնքն ունի 170 հեկտար վարելահող: «Տավուշի հիմնադրամի» հետ համագործակցության արդյունքում բնակիչները պայմանագրով հիմնադրամին են հատկացրել 50 հեկտար հողատարածք, որը հիմնականում չէր մշակվում և արդեն ենթարկվել էր էրոզիայի: Այդ տարածքներում հիմնադրամն անասունների համար խոտ է աճեցնում: Համայնքապետը համոզված է, որ հողերի որակը ժամանակի ընթացքում կբարելավվի, և բնակիչները հետ կվերցնեն դրանք ու կմշակեն: Հիմնադրամի հետ պայմանագիր է կնքվել նաև համայնքի ֆոնդային հողերի մասով, ըստ որի հիմնադրամին կհատկացվի 11 հեկտար ջրովի, 5 հեկտար անջրդի հող, փոխարենը հիմնադրամը բնակիչներին կապահովի ցորենով: Ժամանակը ցույց կտա, թե որքան է արդյունավետ հողերի պայմանագրային նման փոխանակումը: Ոմանց համոզմամբ պայմանագրային այս տարբերակը է՛լ ավելի է նվազեցնում գյուղացու՝ իր հողի վրա աշխատելու ցանկությունն ու չի նպաստում արտագաղթի նվազեցմանը:
«Մի աչքս մյուս աչքիս տեսածին հավատում չի,- ասում է 68-ամյա Վարդգեսը,- ի՞նչ իմանամ, էդ հողն ինձ կամ էլ էն մեկին կվերադարձվի՞, ես ու պառավս հիվանդ մարդիկ ենք, սաղ կմնա՞նք մինչև էդ»:


Լուսաձորում հիմնված կաթի մթերման արտադրամասը դարձյալ աշխատատեղի հարց չի լուծում, քանի որ գյուղում անասնապահությամբ շատ քիչ են զբաղվում:
Համայնքն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազիֆիկացված է, ճանապարհների վիճակը կարելի է բավարար համարել:


Մեր զրույցի ընթացքում հորդառատ անձրևը շարունակվում էր, ասֆալտապատ փողոցով անձրևաջուրը վարար գետի նման հոսում էր, ջրահեռացման համակարգի մասին հարցիս համայնքապետը պատասխանեց.
-Տավուշի մարզում կա 62 համայնք, 2005-ին, երբ ասֆալտ են արել, առաջինը մեր համայնքում են արել, դեռ այն ժամանակ ջրահեռացման հարցին չանդրադարձան: Էս ջուրը որ տեսնում եք, գնում է ներքևի ջրատարը, կոյուղի սարքելու հնարավորություն չունենք: Ի՞նչ անենք, հորդառատ անձրևներին Երևանում էլ ա սելավ:
Համայնքների խոշորացման վերաբերյալ Վարդան Սարդարյանի կարծիքը դրական չէ, քանի որ խոշոր համայնքներն առաջին հերթին իրենց հարցերն են լուծելու, իսկ իր և մյուս համայնքապետերի պաշտոնները դառնում են ձևական:
-Առհասարակ ժողովուրդն էլ է դեմ: Ասեմ ինչու: Նախ, որ մարզը սահմանամերձ է, հետո կարծում եմ՝ ՏԻՄ-երը պետք է ուժեղացնեն, այլ ոչ թե թուլացնեն: Ի՞նչ է նշանակում խոշորացնել, երբ բնակիչը ձևական գյուղապետ է ունենալու, կամ էդ գյուղապետը չի կարողանալու իր համայնքի բնակչին մի օգնություն ցուցաբերել: Ես չեմ հասկանում: Կարող ա մի գյուղում ձևական պայմաններ ստեղծեն, ասեն, տեսեք, օրինակելի գյուղ է, որ նախկինում համայնքը բյուջե չուներ, հիմա խոշորացումից հետո ամեն ինչ լավ է: Պարզ չէ՞, որ բոլոր խոշոր համայնքների ղեկավարներն էլ առաջին հերթին իրենց համայնքի հարցերն են լուծելու, հետո նոր մյուսներինը, դա բնական բան է: Բոլորս էլ գիտենք, որ էդպես է,- պարզաբանում է համայնքապետը:


Համայնքի բնակչի ուզածն էլ է դա. «Թող չբարդացնեն մեր կյանքը, կարող են, թող օգնեն, աշխատատեղ բացեն, որ արտագաղթը չքանդի մեր ընտանիքները, թե չեն կարող, թողնեն մեր հողը մեր քրտինքով վարենք ու ցանենք, տրակտոր չկա, գութանով կվարենք ու շալակով կտանենք, կծախենք, կապրենք: Հրեն, տամոժնյան մեր գյուղից 70 կմ հեռու ա, շատերի նման կգնամ Վրաստանից ապրանք կբերեմ, կծախեմ: Թե առաջ 1 կիլո էին բերում, հիմա՝ ինչքան ուզեն, արդեն ազատ ա»:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հ. Գ. Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի աջակցությամբ մի շարք լրատվամիջոցներ հնարավորություն ունեցան ծանոթանալու և բարձրաձայնելու Տավուշի մարզի համայնքներում առկա խնդիրները, դրանք առաջիկայում լուծված տեսնելու ակնկալիքով:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ