Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայերն ու վրացիները 7:10 հարաբերակցությամբ տանուլ են տալիս նախկին քոչվոր ցեղին

Հայերն ու վրացիները 7:10 հարաբերակցությամբ տանուլ են տալիս նախկին քոչվոր ցեղին
18.01.2019 | 01:58

Ռուսաստանյան լրատվամիջոցներում չասենք լայնորեն, սակայն պարբերաբար նյութեր են հրապարակվում որևէ ձևով Խորհրդային Միության վերականգնման կամ դրա անկարելիության-աննպատակահարմարության մասին: Թեման, անշուշտ, կարևորում են կայսրապետական գաղափարախոսությամբ համակված քաղաքագետները, վերլուծաբանները, պատմաբանները և այլք: Բնականաբար, առաջին հերթին քննության են առնվում խնդրի քաղաքական, տնտեսական, ռազմական կողմերը: Վերջին ժամանակներս երբեմնի հզոր կարմիր կայսրության վերաբերյալ մտայնություները էապես սնունդ են առնում այն պարագայից, որ բառացիորեն վերջին մի քանի տարում Ռուսաստանը մոլորակի ռազմական գերտերությունների շարքում հաստատվել է 2-րդ տեղում ԱՄՆ-ից հետո: Հիրավի տպավորիչ են ռուսական նորագույն զինատեսակների ռազմատեխնիկական բնութագրերը, հատկապես գերձայնային հրթիռների ստեղծման ասպարեզում:


Սակայն վերջերս քննարկման առարկա է դառնում «սովետամերժ» թեքումով մի նոր վարկած թե տեսություն, որտեղ զենքը դեր չի խաղում: «Պե՞տք է ռուսներին Խորհրդային Միության վերականգնումը» հարցի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնում... ժողովրդագրական (բնակչության աճի) գործոնը, երբ, ավելի պարզ ասած, ռուսների (սլավոնների) քանակակազմը հազիվ թե կարողանա դիմակայել մյուս ազգերի ու հատկապես միջինասիացիների՝ մուսուլմանների հարաճուն քանակական ագրեսիային:
Եվ այսպես՝ շահագրգռվա՞ծ են ռուսները վերականգնելու ԽՍՀՄ-ը նախկին սահմաններով: Նախապես զգուշացնենք ընթերցողներին, որ պատրաստ լինեն հանդուրժելու թվերի, վիճակագրական տվյալների առատությունը, դրանց որոշակի հակասականության առկայությունը: Տվյալ դեպքում խորհրդային պետության վերականգնման հակառակորդների գլխավոր կռվանն այն է, որ վերջին մոտ երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանի բնակչությունը շոշափելիորեն կրճատվել է և շարունակում է նվազել այն դեպքում, երբ Միջին Ասիայում և Ազերստանում նկատվում է հակառակ գործընթացը: Որոշ տվյալներով, գերտերության քայքայումից սկսած ռուսները կորցրել են մոտ 20 միլիոն մարդ: Չնայած ձեռնարկված ընտանենպաստ միջոցառումներին, միայն 2018 թվականին Ռուսաստանում մահացությունը 108,5 հազարով գերազանցել է ծնելությանը: Ավելին, մինչև 60 տարեկան տղամարդկանց մահացության մակարդակով երկիրը Եվրոպայում գրավում է առաջին տեղը (տղամարդազրկվում է):


ԽՍՀՄ-ի բնակչությունը 1991 թվականին կազմում էր 294 միլիոն մարդ, որից ռուսները՝ 146 միլիոն (49 %), մյուս սլավոնների հետ՝ 202 միլիոն (69 %): Իսկ ահա «անկախ» Ռուսաստանի բնակչությունը 2018 թվականին կազմել է 146 միլիոն մարդ, որից ռուսները՝ 111 միլիոն: 2020 թվականին նրանց թիվը 98 միլիոնից պակաս կլինի: Դրսում մնացել է ընդամենը 13 միլիոն ռուս: Ռուսները կոմպակտ բնակվում են միայն Ղազախստանում:


Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել Միջին Ասիայում: Այսօր ՈՒզբեկստանում բնակվում է 33 միլիոն մարդ, Ղազախստանում՝ 18 միլիոն, Տաջիկստանում՝ 9 միլիոն, Թուրքմենստանում և Ղրղզստանում՝ 6-ական միլիոն մարդ: Ընդհանուր քանակը՝ 72 միլիոն:
Դառնանք Անդրկովկասին: Ադրբեջանը բազմացել է մինչև 10 միլիոնի, Վրաստանում ապրում է 4 միլիոն մարդ, Հայաստանում՝ 3 միլիոն: Ընդամենը՝ 17 միլիոն:
Գուցե ինչ-որ տեղ վերացական են խոսակցությունները մերձբալթյան հանրապետությունների մասին՝ որպես արդեն եվրամիութենական սուբյեկտների: Այդուհանդերձ, Մերձբալթիկայում բնիկների քանակը չի գերազանցում 5 միլիոնը:
Մոլդովացիների թիվը 4 միլիոն է:


Օտարացել է ՈՒկրաինան, հայտնի չէ ուր կգնա անկրկնելի Լուկաշենկոյի Բելառուսը: Եվ ինչ է ստացվում արդյունքում. եթե «վերականգնվի» Խորհրդային Միությունը, ապա ռուսները կկազմեն ընդհանուր բնակչության կեսից էլ շատ ավելի պակաս հատվածը: Հետևաբար՝ ո՞րն է դրա վերստեղծման իմաստը ռուսների համար: Նոր պետությունը չի լինի սլավոնական-քրիստոնեական, և նկատի ունենալով մուսուլմանների աճը, ժամանակի ընթացքում այն կդառնա թյուրքական: Չմոռանանք, որ բուն Ռուսաստանում մուսուլմանների քանակն արդեն անցնում է 30 միլիոնից:


Կարելի է առարկել, թե, օրինակ, Բրիտանական կամ Օսմանյան կայսրություններում էլ իշխող ազգերը մեծամասնություն չեն կազմել: Սակայն փոխվել են ժամանակները:
Ի դեպ, բերված վեճակագրության հետ կապված՝ հայերիս, թերևս, ավելի շատ պիտի մտահոգի մեր տարածաշրջանի՝ Անդրկովկասի ժողովրդագրական իրավիճակը: Երկու քրիստոնյա ազգերը՝ հայերն ու վրացիները, 7:10 հարաբերակցությամբ տանուլ են տալիս նախկին քոչվոր ցեղին: Գումարած առաջին երկու երկրներում նկատվող արտագաղթի գործընթացները: Ավելացնենք, որ որոշ ռուս փորձագետների կարծիքով, մեձավորարևելյան ու հատկապես Իրանին առնչվող իրադարձությունների զարգացման արևմտա-իսրայելական պլաններում կարևորվում է նաև անդրկովկասյան տարածաշրջանի դերը: Դժվար կանխատեսելի է դառնում, թե ինչ կլինի Հայաստանի ու Վրաստանի հետ, եթե Արևմուտքին և Իսրայելին հաջողվի իրագործել Իրանը մի քանի պետության մասնատելու չարագուշակ ծրագիրը: Կդիմանա՞ քրիստոնեական 7 միլիոնը բազմամիլիոնանոց մուսուլմանական ագրեսիվ արտահոսքին:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ.Գ. Կարծում ենք` «Իրատեսի» ընթերցողների համար հետաքրքիր կլինի ծանոթանալ Մոսկվայի բնակչության ազգային կազմի տվյալներին: Թվերը հետևյալն են. ռուսները կազմում են 31 %, ադրբեջանցիները՝ 14 %, թաթարները, բաշկիրները և չուվաշները՝ 10 %, ուկրաինացիները՝ 8 %, հայերը՝ 5 %, միջինասիացիները՝ 5 %, կորեացիները, վիետնամցիները, չինացիները՝ 5 %, չեչենները, դաղստանցիները, ինգուշները՝ 4 %, հրեաները՝ 2 %:

Դիտվել է՝ 4979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ