Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տունտունիկ` մինչև ե՞րբ

Տունտունիկ` մինչև ե՞րբ
23.01.2019 | 12:07

Երեկ Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Նա կրկին կալանավորվեց: ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բավարարել Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը:


Դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ:
Համարենք, որ Հայաստանում գործում է արդարադատության անկախ համակարգ, բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում` ինչու՞ այդ համակարգի տարբեր կառույցներում նույն փաստերը ստանում են իրարամերժ գնահատականներ: Թե՞ Մանվել Գրիգորյանը լիովին ապաքինվել է, առողջացել այնքան, որ ինքնըստինքյան վերացել են նրան գրավով ազատ արձակելու վճռի հիմքերը: Կամ` մեկ ամսում այնքան է խոչընդոտել արդարադատության կայացմանը, որ վերստին ծագել է կալանքի անհրաժեշտություն:
Բռնել-բաց թողնել-նորից բռնելու այս տունտունիկը որքանո՞վ է նպաստում Հայաստանի դատաիրավական համակարգի նկատմամբ վստահությանը ու այդ համակարգի կայացածության ու հուսալիության տպավորության ստեղծմանը:


Դատաիրավական համակարգը պետություն չէ պետության մեջ, այլ` պետության մասն է ու ըստ այդ համակարգի վիճակի է նաև կարծիք կազմվում պետության մասին: Այն պետության, որի վարչապետը երեկվանից Դավոսում հանդիպումներ է ունենում ու ներդրումներ հայցում: Ո՞ր ներդրողը խոշոր գումարներով կգա մի երկիր, որտեղ արդարադատությունը ոչ միայն անկանխատեսելի է, այլև` փողոցի թելադրանքի տակ:
Մանվել Գրիգորյանի գործը միակը չէ: Քրեական քրոնիկոնը Հայաստանում օրվա լրահոսի կեսից ավելին է լրացնում: Ու` մինչև ե՞րբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասել է. «Այնքան անօրեն երկիր է, որ դատարանը ենթարկվում է փողոցին և կալանավորում է մի շարք հիվանդություններ ունեցող գեներալին»:
Եվ նորից հարց է ծագում` Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018-ի հունիսին, կալանքի ժամկետը երկարացվել է երեք անգամ: Ինչու՞ կես տարում նախաքննությունը գործը դատարան չի կարողանում հասցնել` քրեական գործի քննության փոխարեն` առաջին ատյանի ու Վերաքնիչ դատարանները զբաղվում են գրավով ազատ արձակելու, ազատ արձակումը բողոքարկելու, կրկին կալանավորելու գործերով` հընթացս ի հայտ բերելով դատաիրավական համակարգի բոլոր կողմերի անպաշտպանությունը` սկսած դատավորներից, փաստաբաններից մինչև կասկածյալներ: Եթե փողոցը Հայաստանում իրեն է վերապահում արդարադատության համակարգի դերը, ուրեմն ինչի՞ համար է համակարգը: ՄԻԵԴ-ից հերթական վճիռը ստանալու՞ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Դիտվել է՝ 2837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ