Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ-երի համար հանդես են եկել հայտարարություններով

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ-երի համար հանդես են եկել հայտարարություններով
27.02.2019 | 19:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:


ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի. «Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն ենք եղել և հույս ունենք, որ նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինենք այդ հարաբերությունների զարգացմանը: Այսօրվա հանդիպման ընթացքում բանակցություններ ունեցանք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների և աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ: Պարոն վարչապետի հետ հանդիպմանը մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքրոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որ աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը: Մեր երկու երկրների միջև շատ լավ համագործակցություն է ձևավորվել, կան բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, համագործակցություն կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Մենք ցանկանում ենք, որ մյուս ոլորտներում էլ համագործակցությունը բարձր մակարդակի լինի:


Տնտեսական համագործակցության առումով կա մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել: Էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր: Նաև մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին: Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս-Հարավ մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ:


Անդրադարձել ենք նաև գյուղատնտեսության ոլորտին: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը:
Քննարկումների մյուս թեման վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հաշվի առնելով մեր միջև լավ համագործակցությունը` հայտնում ենք մեր պատրաստակամությունը զարգացնելու այդ ուղղությամբ կապերը:
Բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան:


Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն: Որպես ամփոփիչ խոսք, պետք է նշեմ, որ ամենից կարևոր կետը այն է, որ երկու երկրներում կա ցանկություն, ներուժ, կամք, որպեսզի զարգացնենք հարաբերությունները: Մենք հանձնարարություններ տվեցինք պատասխանատուներին, որ քննարկեն բոլոր հարցերը մինչև միջկկառավարական նիստը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք և գիտենք, որ եկել ենք բարեկամ երկիր և հույս ունենք, որ Իրանի գործընկերները մեզ հետ շփումներից արձանագրել են, որ ընդունել են բարեկամական երկրի ներկայացուցչական պատվիրակության:
Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ միայն գործադիր մարմնի, այլև խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է մեր երկրի քաղաքական ուժերի կողմից հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ տածած կարևորությունը: Մեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը այն վերաբերմունքի համար, որ նրանք ունեն Իրանի մեր հայրենակիցների նկատմամբ: Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է:
Նախագահ Ռոհանին արդեն ներկայացրեց այն հարցերի շրջանակը, որ մենք քննարկել ենք: Ես կցանկանայի մեկ-երկու դետալ ավելացնել:


Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր` մեզ համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում: Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առևտրաշրջանառությունը մեծացնելու և մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին` օգտվել այդ հնարավորություններից:
Իհարկե, էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կարևոր է: Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ:


Ընդհանուր առմամբ կարևոր էր այն արձանագրումը, որ մենք արեցինք բանակցությունների ընթացքում. դա այն է, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկենք առավել լայն համատեքստում և իրականացնենք ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն: Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ:


Այս պահին մեր ունեցած քննարկումները հիմք են տալիս ասելու, որ մեր այցը հաջող է ընթանում, և մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ մեր գործողություններում պետք է ելնենք մեր բարեկամական հարաբերությունները և դրանց մթնոլորտը ուժեղացնելու տրամաբանությունից:
Պարոն Ռոհանի, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և մեր կառավարությունների ներկայացուցիչներին մաղթել հաջողություններ մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Շնորհակալ եմ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների երկրների միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրեր: Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվեl Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև: Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև: Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ