Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խաչակիրը

Խաչակիրը
19.03.2019 | 02:10

Սերգեյ Սպարտակի Միրզոյան. ծնվել է 1977 թ. Երևանում: 1994-ին գերազանցությամբ ավարտել է Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը, 2000-ին կարմիր դիպլոմով` Երևանի բժշկական համալսարանը:
2003-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, 2018-ից` նույն կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, լապարասկոպիկ ծառայության ղեկավար:
2004-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 2010-ին՝ դոկտորական թեզ:
2004-ին զորակոչվել է բանակ և նշանակվել կենտրոնական ռազմական հոսպիտալի ավագ վիրաբույժ:
2017-ից` Երևանի գլխավոր վիրաբույժ:
Բժշկական գիտությունների դոկտորը հեղինակ է բազմաթիվ գիտական մենագրությունների ու մասնագիտական հոդվածների:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Գրավոր արդյունք ստեղծողները գիտեն՝ երբեմն գրում ես, հետո չարչարվում վերնագիր գտնելու համար, երբեմն էլ հենց սկզբից վերնագիրն է ծնվում, ապա՝ գործը: Այս պարագայում ոչ մեկը եղավ, ոչ մյուսը, պարզապես զրուցակցիս հետ առաջին իսկ շփումից զգացի, որ նա խաչակիր է: Ոչ թե Տիրոջ գերեզմանը անհավատներից ազատագրող, այլ մարդ, որին վերապահված է կրել ի՛ր խաչը:
Նա ինձ հետաքրքրեց որպես մարդ, մտածող մարդ:
Բարձրահասակ է, հաղթակազմ և ունի ծանր հայացք:
-Դուք հավատու՞մ եք, որ աչքերը հոգու արտացոլանք են:
-Ոչ միայն հոգու, այլև մտքի:
-Այդ պատճառո՞վ եք մարդկանց հետ խոսելիս նայում ուղիղ աչքերի մեջ:
-Այո:
-Եվ ի՞նչ եք տեսնում:
-Մարդկային բազմազանության ապացույց:
-Այդ բազմազանությունը, այդուհանդերձ, ընդհանրություն ունի:
-Իրավացի եք, այդ ընդհանրության անվանումն է ժողովուրդ: Առանձնահատկությունն այն է, որ մեր ժողովուրդը շարունակաբար ձգտում է ինքնահաստատման:
Որոշում եմ խոսակցությունն այլ հուն փոխադրել:
-Բուժանձնակազմը, որ ղեկավարում եք, քանի՞ հոգուց է բաղկացած:
-106:
-Ես ուշադրություն եմ դարձրել. երբ համայց եք կատարում, Ձեր «շքախմբի» հետ խոսում եք ցածրաձայն, հազիվ լսելի, գրեթե շշուկով, գործընկերներն էլ անմիջապես կատարում են Ձեր ցուցումները: Դա ի՞նչ է, բռնակալությու՞ն, Դուք բռնապե՞տ եք: Թե՞ դա կառավարման մոդել է:
-Լավ է, որ չեք լսել, թե ինչպես եմ բղավում… Այո, ես ձևավորել եմ կառավարման իմ մոդելը, եթե կուզեք՝ պետություն պետության մեջ, որի առաջին պայմանը կարգապահությունն է, ղեկավարի (այն մարդու, ով պատասխանատու է) ցուցումներն անվերապահորեն կատարելը: Բռնակա՞լ… Եթե Ձեզ դուր է գալիս այդ բառը, կարող եք այդպես անվանել, բայց կարծում եմ, որ մարդիկ չեն սիրում աշխատել, սակայն ուզում են վայելել: Կնշանակի նրանց պետք է ստիպել աշխատել, նրանք պետք է վախ ունենան:
-Ի՞նչ է, նորից վերադառնանք «գուլագների՞ն»:
-Ինչու՞ եք պարզունակացնում, խոսքը ֆիզիկական պատժի մասին չէ: Մարդը պետք է վախենա ինչ-ինչ հոգևոր, մտավոր, բարոյական արժեքներ կորցնելուց:
-Իսկ Դուք ի՞նչ վախեր ունեք:
-Վախենում եմ գործընկերների ու հիվանդների հարգանքը կորցնելուց, մտերիմների սերը կորցնելուց, թույլ մարդկանց հետ բախվելուց, հազար ու մի բանից…
-Ասացիք՝ բղավել: Ե՞րբ եք բղավում և ինչու՞:
-Երբ բժիշկը պրոֆեսիոնալիզմ չի դրսևորում: Երբ հոգատարություն չի ցուցաբերում հիվանդի նկատմամբ, այնինչ հիվանդի ցավը պետք է փոխանցվի նրա մտքին ու սրտին: Ես կաշառք չեմ վերցնում և մյուսներից էլ եմ դա պահանջում: Եթե իմանամ, որ բուժանձնակազմից գեթ մեկը՝ լինի վիրաբույժ կամ սանիտարուհի, հիվանդին նույնիսկ ակնարկ է արել «մաղարիչ» ստանալու ակնկալիքով, ապա նախ կբղավեմ, հետո…
-Բայց առողջապահության դրվածքն է այդպիսին եղել: Չե՞ք վախենում, որ Ձեր դեմ խռովություն կբարձրանա:
-Միգուցե տխուր ճակատագրի արժանանամ, բայց այլ ելք չկա: Այդ դրվածքը պե՞տք է փոխել, թե՞ ոչ: Ախր մենք գործ ունենք մարդու առողջության, կյանքի հետ:
-Ձեր կառավարման մոդելը կիրառելի՞ է, տարածելի՞, ասենք, ամբողջ երկրի համար: Եթե լինեիք երկրի ղեկավար…
-Ես որևէ ցանկություն չունեմ երկրի ղեկավար դառնալու:
-Եթե հիմա դուրս գանք փողոց և առաջին իսկ պատահած մարդկանց հարցնենք, տասից ինը կպատասխանի, որ ուզում է վարչապետ, նախագահ, նախարար կամ պատգամավոր դառնալ:
-Ես արդեն ասացի՝ մենք ինքնահաստատում փնտրող ժողովուրդ ենք, դա էլ է ինքնահաստատման դրսևորում:
-Ձեր ծնողները բժիշկներ են, Ձեր հայրն աշխատում է Ձեր իսկ ղեկավարած բաժանմունքում…
-Իմ հայրը բազմափորձ ու հմուտ վիրաբույժ է: Նա իրավունք ունի ինձ զանազան, տարաբնույթ խորհուրդներ տալու, բայց դա չի նշանակում, թե չեմ կարող նրա խորհուրդներին ականջալուր չլինել:
-Թույլ չտվեցիք հարցս ձևակերպել: Դուք ծնվել եք բժիշկների ընտանիքում և դարձել եք վիրաբույժ, արդյո՞ք դա նշանակում է, որ Ձեր որդին էլ է բժիշկ դառնալու ու շարունակելու գերդաստանային ավանդույթը:
-Ես ուժերիս ներածի չափ ամեն ինչ կանեմ, որ նա բժիշկ չդառնա:
Նկատելով դեմքիս զարմացական արտահայտությունը, ավելացնում է.
-Ցավոք, այսօր բժշկի աշխատանքը ծանր և անշնորհակալ գործ է: Ես չեմ ուզում, որ որդիս կրի ֆիզիկական ու հոգևոր այն չարչարանքները, ինչպիսիք ունեն իր պապն ու հայրը: Զարգացած երկրներում բժիշկներն ամենաունևոր և ապահովված մարդիկ են, նրանք նախարարներից ու պատգամավորներից ավելի բարձր են վարձատրվում, որովհետև գործ ունեն ամենաթանկ կապիտալի՝ մարդու կյանքի և առողջության հետ:
-Զարգացած երկրների հետ ցանկացած համեմատություն ինձ համար անընդունելի է, և եթե Ձեր որդին որոշի բժիշկ դառնալ, Դուք դժվար թե կարողանաք արգելք հանդիսանալ:
-Գուցե և իրավացի եք, կապրենք՝ կտեսնենք:
-Մի վերջին հարց: Երբ Երևանից դուրս ես գալիս, խճուղուց երբեմն տեսնում ես բլրակի վրա ոչխար արածեցնող հովվի: Ձեր մեջ ցանկություն չի՞ առաջանում հոգսերից, մտքերից կտրվել և գոնե մեկ ժամ այդ հովվի տեղում հայտնվել:
-Առաջին պահին այդպիսի ցանկություն առաջանում է, բայց երբ մտածում եմ, որ այդ մեկ ժամվա ընթացքում խաշնարածը կարող է իմ փոխարեն վիրահատություն կատարել, այդ միտքը վանում եմ:


Զրույցը`
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԻ

Դիտվել է՝ 8563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ