Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քաղաքական մշակույթում հետզհետե պետք է մեղմացնել նահապետական և հպատակային դրսևորումները»

«Քաղաքական մշակույթում հետզհետե պետք է մեղմացնել նահապետական և հպատակային դրսևորումները»
05.04.2019 | 02:59

Հայաստանյան քաղաքական փորձը միշտ էլ ցույց է տվել, որ արտախորհրդարանական ուժերը հետընտրական շրջանում հայտնվում են թմբիրի մեջ, սակայն այսօր նույն պնդումն անելը հիմնավոր չի լինի, քանի որ նրանք անում են հնարավորինը՝ իրենց քաղաքական ներուժի չափով: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ ԷՄԻԼ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆԸ՝ նկատելով, որ արտախորհրդարանական ուժերն այժմ ջանում են քաղաքական կենսունակություն ցուցաբերել և «մարզավիճակից» դուրս չգալ: Սակայն քանի դեռ չկան լուրջ քաղաքական տատանումներ, առավել ևս՝ ցնցումներ, նրանց համար, բացառությամբ մերժված ուժի, որի նկատմամբ հակակրանքը դեռ պահպանվում է, քաղաքական դիվիդենդների ավելացումը բավական դժվար է լինելու:

-Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, ապա համեմատության մեջ նրանք շատ ավելի ակտիվ են, սակայն դեռ վաղ է գնահատել այդ ակտիվության արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելը: Իհարկե, ԱԺ-ում առերևույթ աշխատանք տարվում է, և այն կարելի է բնորոշել որպես ինքնահաստատման փուլ: Սակայն պետական իշխանության ճյուղերից ամենաակտիվը գործադիրն է, և նրա գործունեությանն ուղղված հանրային ուշադրությունը շատ ավելի մեծ է,- նկատեց Օրդուխանյանը:
-Ակնհայտ է, որ հասարակությունը թեև նախկինների անունը լսել չի ուզում, բայց դժգոհում է նորեկների անփորձությունից:
-Նորերի անփորձ լինելու խնդիրը կարող է լուծվել միայն անփորձներին փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու միջոցով, իսկ աշխատանքի արդյունավետությունը ձեռք է բերվում փորձառության կայուն և շարունակական աճի արդյունքում: Իհարկե, անփորձ նորեկների և կոռուպցիոների միջև ճիշտ ընտրությունը հօգուտ առաջինների է: Սակայն պետք է նշել, որ կոռուպցիան նույնպես փորձառության հետևանք է, քանի որ անփորձ կոռուպցիոներ ուղղակի դժվար է պատկերացնել: Չէ՞ որ կոռուպցիոներները տիրապետում են իրենց ոլորտին՝ բացահայտելով և օգտվելով կոռուպցիոն բոլոր հնարավորություններից: Այնպես որ գոնե պետական համակարգում կադրերի պարբերաբար և հետևողական տեղափոխումները նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք են:
-Հետևաբար՝ կադրային քաղաքականության մեջ ի՞նչ լրջագույն վերադասավորումներ պետք է անեն իշխանությունները մանավանդ այն դեպքում, երբ իշխող ՔՊ-ում կարծես ներքին պայքար է արդեն սկսվել՝ առանձին-առանձին թիմեր ձևավորելու առումով:
-Կադրերի ընտրությունը և վերադասավորումները միջին օղակներում չպետք է սահմանափակվեն միայն կուսակցական պատկանելությամբ կամ քաղաքական հայացքներով: Պետք է հնարավորություն տրվի համապատասխան կրթություն ունեցող ինչպես կոռուպցիոն անցյալ չունեցող փորձառուներին, այնպես էլ անփորձներին՝ ըստ անհրաժեշտության, այլ ոչ՝ նպատակահարմարության:
Ինչ վերաբերում է ներկուսակցական կամ ներդաշինքային բազմակարծությանը կամ տեսակետների բախմանը, եթե այն գաղափարական է, ապա քաղաքական գործընթացի տեսանկյունից կարող է միայն արդյունավետ լինել: Այս դեպքում տեղի չի ունենա քաղաքականության լճացում: Սակայն եթե այդպիսի պայքարը պայմանավորվում է անձնական շահերի և նկրտումների առաջխաղացման, սեփական հավակնությունների իրացման դրդապատճառներով և գաղափարազուրկ է կամ դավադիր, ապա այն կարող է լինել ապակառուցողական և քաղաքական դաշտում տեկտոնական տատանումների դեպքում վերածվել «միջկուսակցական միգրացիայի», որի ականատեսը բազմիցս ենք եղել:
-Տպավորություն է, թե նորերն այժմ ամեն կերպ փորձում են ազատվել նախկին իշխանությունների «կադրերից»: Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ գնալով մեծանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների միջև առաջացած անջրպետը: Ի՞նչ վտանգներով է հղի այս երևույթը:
-Հարցն անհրաժեշտ է Ձեր նշած հակադրությունների տիրույթից տեղափոխել այլ հարթություն. նրանք, ովքեր գործում են հօգուտ պետության շահի, և նրանք, ովքեր գործում են դրա դեմ: Քաղաքականապես հակամարտող կողմերը պետք է գիտակցեն, որ պայքարը, փոխադարձ բնորոշումները և գործողությունները պետական շահերի համատեքստից չպետք է դուրս գան ու տեղափոխվեն անձնական շահերի, հարաբերությունների, միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի դաշտ: ՈՒ դա հենց այն պատճառով, որ այդ «անջրպետը» չխորանա այնքան, որ դրանից դուրս գալը կամ դրանում չհայտնվելը չլինեն անհնարին: Կադրերի հարցը հստակ է: Նախկին իշխանության բոլոր կոռուպցիոներ կադրերը (եթե կան ապացույցներ) պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ այն կադրերը, որոնք չեն թաթախվել այդ աղտում, պետք է շարունակեն իրենց մասնագիտական աշխատանքը: Այս հարցում վտանգ կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ չպահպանվի կադրերի նկատմամբ իմ նշած բանաձևը: Այսինքն՝ ովքեր օգտակար են եղել և են, պետք է մնան, իսկ ովքեր վնասակար են եղել և են, պետք է հեռանան:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց կոչ է անում ոչ թե պպզել, գողականից ու ճշտից խոսել, այլ համալսարանական կրթություն ստանալ՝ նկատի ունենալով, որ նրանք են մեղավոր սոցիալապես ոչ բավարար կյանքով ապրելու համար: Արդյո՞ք համալսարանական կրթություն ստացած մարդիկ ապրում են ապահով կյանքով, և ի՞նչ է անում այսօրվա իշխանությունը կրթական մակարդակը բարձրացնելու համար:
-Վարչապետի այս բնորոշումը պետք է դիտարկել հասարակական արժեքների համատեքստում: Այսինքն՝ որո՞նք են եղել հայ հասարակության մեջ տիրապետող արժեքները, որոնցով տարիներ շարունակ սոցիալականացվել են քաղաքացիները: Փաշինյանի այս արտահայտությամբ սկիզբ է դրվում հասարակության մեջ նախկինում գերակշռող հակամշակութային դրևսորումների՝ որպես արժեքների դեմ գիտակցական ընդվզմանը: Միանշանակ է, որ մեր հասարակության մեջ հետայսու կրթությունը պետք է դիտվի որպես անձնական առաջընթացի շատ կարևոր, անհրաժեշտ պայման: Իսկ ստեղծված վիճակի համար մեղավորներ պետք է փնտրել ոչ միայն քաղաքացիների շարքերում, այլև այդ ձևավորված հակամշակույթի դեմ չպայքարողների շարքերում: Չէ՞ որ իրականությունից շատ հեռու չէ, երբ քրեական տարրերը ՀՀ-ում, գոնե, ընտրական գործընթացներն ուղղորդողների ակտիվ մասնակիցների շարքերում էին. դրանով, կարծես թե, ծառայություն էին մատուցում որևէ ակնկալիքի դիմաց, իսկ այդ արատավոր երևույթը՝ որպես «արդյունավետ» մի բան, օրինակելի էր դառնում կրտսեր սերնդի ներկայացուցիչների համար: Այժմ իրատեսական հնարավորություն է ստեղծվել այդ արժեքներից դեպի քաղաքակիրթ արժեքների խրախուսման դաշտ անցնելու համար, որը մեր մշակույթի մեջ է: Իսկ այդ երևույթը՝ որպես նաև քաղաքական ենթամշակույթ, պետք է հետզհետե թուլանա և դադարի լինելուց ազդեցիկ գործոն: Համալսարանական կրթությունը բարեկեցիկ կյանք ապահովելու տեսանկյունից ոչ միանշանակ է, քանի որ դրան անհրաժեշտ է գումարել ինչպես աշխատասիրությունը, այնպես էլ սոցիալական արդարությանը վերաբերող մի շարք խնդիրներ ևս, ինչպես օրինակ՝ մերիտոկրատների՝ արժանիների ներգրավումը, նեպոտիզմի (ընտանեվարություն- Ս.Վ.) հաղթահարումը, աշխատանքի արժանավայել վարձատրությունը և այլն: Իսկ կրթական ցենզի բարձրացման առումով այսօրվա իշխանությունների անելիքը բավականին մեծ է, բայց այդ գործընթացը չի կարող միանգամից գործնական արդյունավետության բերել իր տևականության պատճառով: Կրթական ցենզի բարձրացումը պայմանավորված է կրթական համակարգի արդիականացմամբ, որի կարգախոսը պետք է լինի հետևյալը՝ «Կիրթ և աշխատասեր քաղաքացու համար բարեկեցությունն ապահովված է պետականորեն»: Աշխատող մարդը ՀՀ-ում չպետք է աղքատ լինի, դա սոցիալական պետության հիմնասյուներից մեկն է:
-ՈՒղղակի կապ կա՞ «գողական» մտածելակերպի և աղքատ լինելու միջև:
-Մենք ոչ թե պետք է այդ երկու հասկացությունների միջև կապի որոնումով զբաղվենք, այլ պետք է քայլեր անենք այն ուղղությամբ, որ այդ մտածելակերպը քաղաքացու համար չլինի գրավիչ և պահանջված: Այդ մտածելակերպի դեմ պայքարի լավագույն միջոցն ուսյալ և աշխատավոր քաղաքացիների համար ավելի բարեկեցիկ կյանք ապահովելն է:
-Վարչապետը հայտարարել է նաև 40 մլրդ դրամ հավելյալ միջոցներ բյուջե հավաքագրելու հեռանկարի մասին: Այդ ցուցանիշը լավ վարչարարության և ստվերի դեմ պայքարի արդյու՞նք է, թե՞ գոյացել է նախկին օլիգարխների ու պաշտոնյաների վերադարձրած գումարներից, ինչը մեկանգամյա գործողություն է:
-Ես կասեի, որ այդ արդյունքը միայն ձեր նշած բոլոր գործոնների հանրագումարի դեպքում է հնարավոր: Այս հարցում կարևորը նպատակն է, որն էլ արդարացնում է դրան հասնելու միջոցների ընտրությունը: Այդ չափի գումարների հնարավոր վերադարձը վկայում է նախկին իշխանությունների բացթողումների, գուցե, ոչ պատահական անհետևողականության մասին: Միանշանակ է այն, որ եթե եղել են պետությունից գողացված գումարներ, դրանք պետք է վերադարձվեն ամբողջ ծավալով: Այս առումով կարող են լինել թե՛ մեկանգամյա, թե՛ բազմակի գործողություններ: Գումարների վերադարձը կարող է ոչ միայն դրական տնտեսական արդյունքներ արձանագրել, այլև այն անհրաժեշտ է այդ արատավոր սովորության՝ «պետությունը կեղեքելու» համամշակույթի իսպառ վերացման համար: Հետայսու որևէ պաշտոնյա պաշտոնը չպետք է դիտարկի որպես պետությունը կեղեքելու հնարավորություն: Իսկ երբ այս մտածելակերպն արմատախիլ արվի, պաշտոնի կձգտեն ոչ թե նրանք, ովքեր դրանում կտեսնեն միայն անձնական շահերի բավարարման հնարավորություն, այլ նրանք, ովքեր պատրաստակամ կլինեն սպասարկելու բացառապես պետական շահ:
-Հասարակությունը երբևէ կգիտակցի՞, որ ինքն է իր կատարած ընտրության պատասխանատուն: Ավշարի դպրոցի տնօրենի դեպքերից հետո, օրինակ, տեսանք, որ մարդիկ դեմ էին դուրս եկել իրենց իսկ ընտրած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին:
-Դժվար է այսօր այս հարցին սպառիչ պատասխանելը, քանի որ քաղաքական սոցիալականացման տեսանկյունից մեր հասարակությունը դեռ լիարժեք անցում չի կատարել իշխանության անձնավորված ընկալման փուլից դրա ինստիտուցիոնալ ընկալման փուլ: Սա բավականին երկարատև քաղաքական գործընթաց է իր վերելքներով և վայրէջքներով: Իր կատարած ընտրության համար քաղաքացին դառնում է իրապես պատասխանատու այն ժամանակ, երբ այդ ընտրությունը կատարում է ոչ թե իրավիճակային, այլ գաղափարական հիմքերով: Ցավո՛ք, մեր հավաքական ընտրական փորձը ցույց է տալիս, որ իրավիճակային ընտրության դեպքերն ավելի հաճախ են եղել: Այս հետևությանը ես հանգել եմ համապետական բոլոր ընտրությունների քաղաքագիտական հետազոտության արդյունքում: Եվ այս համատեքստում Ավշարի դպրոցի տնօրենի դեպքն ուղղակիորեն վկայում է ընտրությունների հարցում իրավիճակային բաղադրիչի գերակայության մասին: Կոնկրետ այս հարցում կա նաև դրական կողմ: Եթե նախկինում քաղաքացիներն ավելի պասիվ էին, մասնավորապես՝ գյուղական վայրերում, ապա այսօր նրանց մոտ նկատվում է մասնակցային մշակույթի զարգացում: Եվ այդ մասնակցությամբ ավշարցիները հասան իրենց նպատակին: Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիների մեջ բարձրացել է պահանջատիրոջ գիտակցությունը, ինչն իշխանություններին վերահսկելու և նրանց հաշվետվողականությունը բարձրացնելու խթան է: Իշխանավորները պետք է լավ գիտակցեն, որ իրենց իշխանության աղբյուրը ժողովուրդն է և չփորձեն կրկնել նախորդների՝ առաջնահերթորեն իրենց ազգականներին և բարեկամներին աշխատանքի տեղավորելու կոռուպցիոն սովորույթը: Իսկ մարդկանց մեջ անձերի և գաղափարների միջև երկընտրանքի հաղթահարումը հօգուտ երկրորդի հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ավելի պահանջված կդառնան ոչ թե անձինք, այլ գաղափարները: Դրա համար անհրաժեշտ է քաղաքական մշակույթում նահապետական և հպատակային դրսևորումների հետզհետե մեղմացում՝ մասնակցային և քաղաքացիական դրսևորումների հետզհետե մեծացման միջոցով:

Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ