Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Թուրքիայի ժխտողական մտքի վայրիվերումները համարում է ճշմարտության դեմ դրանց անզորության վկայություն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Թուրքիայի ժխտողական մտքի վայրիվերումները համարում է ճշմարտության դեմ դրանց անզորության վկայություն
23.04.2019 | 23:39

Թուրքիայի ժխտողական մտքի վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ պաշտոնական Անկարայի հայտարարությունները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Աննա Նաղդալյանը Հայոց ցեղասպանության տարելիցի ֆոնին մեկնաբանել է Թուրքիայի կառավարության հայտարարություն առ այն, որ «Հայաստանը վախենում բացել 1915թ․ իր արխիվները, քանի որ դրանից հետո աշխարհը ապացույցներ կստանա, որ 1915թ․ իրադարձությունները «հայերի ցեղասպանություն» չեն, այլ հակառակը՝ հայկական հրոսակախմբերի կողմից Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության ցեղասպանություն և ոչնչացում»: Բացի այդ, նա անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ «իրենց նախնիներով ու պատմությամբ հպարտանում են, քանի որ իրենց պատմության մեջ ցեղասպանություն, գաղութատիրություն չի եղել»:


Աննա Նաղդալյանը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ ցավով արձանագրել է, որ «մենք այս ողջ ժամանակահատվածում ականատես ենք եղել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձևերի»: Նրա խոսքով՝ ժխտումը եղել է հետևողական, իսկ ժխտման ձևերը և բովանդակությունը՝ ոչ։ Դրանք մշտապես ենթարկվել են փոփոխությունների, և Թուրքիան մեկ փորձել է հավասարության նշան դնել ցեղասպանության կատարողների և զոհերի միջև, իսկ այժմ էլ ցեղասպանության մեջ մեղադրում է դրա զոհերին և արդարացնում կատարողներին։ «Հաճախ գործի են դրվում ուղղակի կեղծիքներ, ինչպես, օրինակ, մեր արխիվների փակ լինելու դրույթը, երբ ցեղասպանությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են։ Ժխտողական մտքի այս վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։
Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Այն խրախուսում է մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է»,- նշել էթ Աննա Նաղդալյանը:

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ