Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բելառուսի ՊՆ նախարարը քննադատում է և Արևմուտքին, և Արևելքին

Բելառուսի ՊՆ նախարարը քննադատում է և Արևմուտքին, և Արևելքին
25.04.2019 | 10:45

Բելառուսի ՊՆ նախարար Անդրեյ Ռավկովը հայտարարել է, որ իր երկիրը հայտնվել է «երկու կրակի արանքում»։ «Բելառուսի Հանրապետությունը, ինչպես Եվրոպայի մյուս երկրները, գտնվում է երկու աշխարհաքաղաքական աղացների միջև»՝ ասել է Անդրեյ Ռավկովը անվտանգության հարցերով Մոսկվայի միջազգային կոնֆերանսում։ Այդպես է նա բնորոշում իրավիճակը, որում հայտնվել է Բելառուսը Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի երկրների միջև սրվող լարվածության պատճառով։ «Բոլոր կողմերից հնչում են միլիտարիզմի փոխադարձ մեղադրանքներ։ Ռազմական վտանգները իրական սպառնալիքների վերածվելու եզրին են։ Մեր խորին համոզմամբ՝ աշխարհի վրա ընդհանրապես ու Եվրոպայի վրա մասնավորապես կախվել է գլոբալ հիբրիդային պատերազմի վտանգը»՝ ասել է նախարարը։ «Իրավիճակը Եվրոպայում հիմա կարելի է բնորոշել «Բոլորի առճակատումւ բոլորի հետ» բանաձևով: Պատասխանատվությունը փոխադարձ է՝ և Արևմուտքինը, և Արևելքինը»՝ ասել է բելառուս գեներալը։ Ռավկովի խոսքերը նորություն չեն՝ գտնում է բելառուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը։ «Նա պարզապես իբրև զինվորական, ուսադիրներ կրող մարդ, իրականացնում է գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքականությունը։ Դա նախագահ Լուկաշենկոյի տեսակետն է, որ նա քանիցս բարձրաձայնել է»։ Փորձագետը հիշեցնում է, որ եվրոպական անվտանգության խոր ճգնաժամի մասին Լուկաշենկոն խոսել է դեռ մեկ տարի առաջ «Մինսկյան երկխոսություն» համաժողովում։ Անցյալ տարի, ելույթ ունենալով Մոսկվայի նույն համաժողովում, նախարար Ռավկովը իր խոսքը նվիրել էր ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին մեղադրելուն իրենց ռազմական ներուժը Բելառուսի սահմանների մոտ կուտակելու և Բելառուսի ու Ռուսաստանի անվտանգությանը սպառնալու մեջ։ Հիմա նույն այդ լարումը նա բացատրումէ Եվրոպայի քաղաքական անկայունությամբ, բրեկզիտով, Ֆրանսիայի ու Գերմանիայի՝ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու ձգտումով։ «Կարելի է հասկանալ մեր մերձավոր հարևան պետությունների տրամաբանությունը, որ գտնում են՝ տնտեսական տեսակետից ավելի լավ է շատացնել ՆԱՏՕ-ի մուծումները, քան ծախսեր անել երկու բանակներ պահելու համար՝ եվրաբանակը և ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերը»՝ ասաց նախարարը, հավելելով, որ նկատի ունի Լեհաստանին ու Բալթյան երկրներին։ Անդրեյ Ռավկովը ելույթ ունեցավ անվտանգության տարածաշրջանային գործոններին ու սպառնալիքներին նվիրված նստաշրջանում, որտեղ Ռուսաստանը ներկայացնում էր գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Նա ելույթը նվիրեց ԱՄՆ-ի հետ դիմակայությանը, պատմելով, որ Ռուսաստանը պատրաստ է մարտահրավերն ընդունել։ «Ի հակակշիռ ալյանսի զորքերը Ռուսաստանի սահմանի մոտ տեղեկայելու և ՆԱՏՕ-ի «4՝ 30-ով» նախաձեռնությանը մենք հարկադրված ենք ուժեղացնել զորքերի կազմը Արևմտյան ու Հարավային ռազմական օկրուգներում»՝ հայտարարեց ռուս գեներալը։ Բելառուսը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է: 2017-ին Բելառուսի տարածքում տեղի ունեցան հետխորհրդային ամենամեծ զորավարժությունները՝ «Արևմուտք -2017»: Զորավարժություններն այնքան մասշտաբային էին, որ Արևմուտքում որակեցին տարածաշրջանային պատերազմի նախապատրաստություն։ Ռավկովն ապրիլի 24-ին հիշեցրեց այս տարի ևս համատեղ զորավարժությունների անցկացման մասին զորքերի տարածաշրջանային խմբավորման հետ՝ դաշնային պետության պաշտպանության համար «Դաշինքի վահան -2019» անունով։
Անվտանգության եվրոպական համակարգի տրոհման գլխավոր գործոններից մեկը կայծկլտող ռազմական կոնֆլիկտներն են՝ ասաց Ռավկովը: Իբրև օրինակ նա նշեց Ուկրաինայի կոնֆլիկտը և ընդգծեց, որ կոնֆլիկտին թաքնված մասնակցում են պետություններ՝ այդ թվում մասնավոր ռազմական ընկերությունների միջոցով։ «Նրանց նկարագրության համար օգտագործվում է «հիբրիդային» եզրույթը։ Ի տարբերություն արևմտյան տեսակետի՝ մեր ընկալմամբ ժամանակակից կոնֆլիկտների, ինչպես ուկրաինականը, հիբրիդայնությունը պայմանավորված է հակամարտող կողմերի կազմի անորոշությամբ։ Այդպիսի կոնֆլիկտներում ուժի կիրառման ձևերն ու միջոցները պետությունների միջև պատերազմի դասական ձևակերպմանը ենթակա չեն»՝ ասաց Բելառուսի ՊՆ նախարարը։ «Մեզ անհանգստացնում է մասնավոր ռազմական կազմակերպությունների մոդեռնացումն ու տրանսֆորմացիան։ Մեր խորին համոզմամբ՝ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հիբրիդային պատերազմներ վարելու գործիք: Եվ այս խնդիրը պահանջում է միջազգային գնահատական ու լուծում»՝ ասաց նախարարը: Նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը, Անվտանգության խորհուրդը գործնականում անզոր են այդ իրավիճակներում։ Առավելևս, երբ «ԱԽ որոշ մշտական անդամներ շահագրգռված են այդ կոնֆլիկտները առկայծուն վիճակում պահելու մեջ»։ Նախարարը չճշտեց, թե ում նկատի ունի։ Ալեսինը գտնում է, որ այս դեպքում էլ նախարարը կրկնում է Բելառուսի նախագահի տեսակետը. «Լուկաշենկոն գտնում է, որ Ուկրաինան գլոբալ խաղացողների մրցակցության դաշտ է՝ ՆԱՏՕ-ի, նախևառաջ ԱՄՆ-ի՝ մի կողմից ու մյուս կողմից՝ ՌԴ-ի։ Նրա կարծիքով՝ այդպես չպետք է լինի, նրանք Ուկրաինային պետք է հանգիստ թողնեն»: «Խորհրդարանին ու ժողովրդին ուղերձում Լուկաշենկոն ասաց, որ եթե ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը մեծացնեն իրենց ուժերը մեր սահմանների մոտ, մենք կլինենք ռուսների հետ նույն խրամատում և մենք իրականացնում ենք ամեն ինչ, որ ասված է դաշնային պետության համաձայնագրերում: Բայց դա նաև նախազգուշացում է Ռուսաստանին, որ ճնշում չգործադրի։ Ստացվում է՝ նա երկու կողմերին դրել է նույն հարթության մեջ»՝ ասում է Ալեսինը։ Նախարարը ֆորումում ասաց, որ Բելառուսի կարծիքով՝ մեծ պետություններն այլևս ի վիճակի չեն անվտանգության երաշխավոր լինել և հիմա նախաձեռնություն պետք է դրսևորեն ոչ մեծ պետությունները։
BBC


Հ.Գ. Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակը գուցե լինի կոնֆլիկտին վերջ դնելու հնարավորություն՝ Զելենսկին ընտրությունից առաջ հայտարարում էր, որ իր գլխավոր խնդիրը պատերազմին վերջ դնելն է։ Բայց Ուկրաինան Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հակասությունների միակ պատճառը չէ։ Վերջերս Բելառուսը անհնազանդության ցույցեր է անում Մոսկվայի դեմ նաև էներգետիկ ասպարեզում։ Բելառուսական նավթային ընկերությունը հույս ունի մինչև տարեվերջ ռուսական նավթին այլընտրանք գտնել և ներկրում կազմակերպել Բալթյան նավահանգիստների կամ Ուկրաինայի տարածքով՝ լրագրողներին ասել է Բելառուսական նավթային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիբը: «Հույս ունենք այս տարի սկսել մատակարարումները ծովային նավահանգիստներով: Այո, նավահանգիստները հետաքրքրված են, որ մենք նավթի հավելյալ հոսք ընդունենք կամ Ուկրաինայի, կամ Բալթյան նավահանգիստներից», - Գրիբին մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալության բելառուսական տարբերակը: Մեկնաբանելով ներկրման հնարավոր ուղղությունները՝ Գրիբն ընդգծել է, որ ամեն ինչ կախված կլինի փոխադրման պայմաններից, որոնք կառաջարկեն հարևան երկրները: Նրա խոսքով՝ նավթի մատակարարը դեռևս չի որոշվել. «Ամեն ինչ կախված կլինի գնից»: Հնարավոր տարբերակների թվում նա նշել է Ադրբեջանից, Սաուդյան Արաբիայից և Նիգերիայից մատակարավող նավթամթերքը: Սերգեյ Գրիբը հայտարարել էր, որ Բելառուսը ռուսական նավթի անորակության պատճառով դադարեցրել է բենզինի և դիզելային վառելիքի՝ Բալթյան երկրներ, Լեհաստան և Ուկրաինա արտահանումը:


Երկու կրակի արանքում հայտնվելու հեռանկարը վերաբերում է հետխորհրդային տարածքի բոլոր երկրներին՝ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի դիմակայությունը գլոբալ վտանգ է ոչ միայն Եվրոպայում, այլև՝ ամենուր։ Սպառազինությունների մրցավազքը աշխարհն ավելի անվտանգ չի դարձնում: Երբ մեծ տերությունները դառնում են գլոբալ անվտանգության սպառնալիք, փոքր պետությունների խնդիրը ինքնապաշտպանությունն է նաև գերտերություններից։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ