Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Արարատցեմենտ» գործարանը պատրաստ է մասնակցել խորհրդարանում ձևավորվող աշխատանքային խմբի հրապարակային քննարկումներին

«Արարատցեմենտ» գործարանը պատրաստ է մասնակցել խորհրդարանում ձևավորվող աշխատանքային խմբի հրապարակային քննարկումներին
25.04.2019 | 20:31

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն hայտարարություն է տարածել.
«Քանի որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումները չեն դադարում՝ հարկ ենք համարում անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում մի քանի դիտարկումներ էր հնչեցրել «Արարատցեմենտ»-ի մասին, որոնք մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում: Հայկ Գևորգյանը՝ հղում անելով Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարել էր, թե գործարանը Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով: Այո՛, այդ որոշման մեջ կա նման կետ, բայց դա իրականություն պետք է դառնար միայն այն դեպքում, երբ նույն որոշման 3 կետի բ ենթակետի համաձայն, գնորդը մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատեր «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6,866 մլն ԱՄՆ-ի դոլարի արտարժութային վճարման չափով (9,7 մլն ԱՄՆ-ի դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք:


Սրանից զատ՝ գործարանն ունեցել է կուտակված բազմաթիվ այլ պարտքեր ևս, ընդհանուր թվով 1 միլիարդ 400 միլիոն դրամի սահմաններում, որոնք փակելու դեպքում էր միայն հնարավոր շահագործել գործարանը: Անդրադառնանք նաև այն պնդմանը, թե շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել «Արարատցեմենտ»-ում, սակայն անհասկանալի պատճառներով ներդրումները չեղարկվել են: Պաշտոնապես տեղեկացնում ենք, «Հոլսիմ» ընկերությունը բավականին երկար ուսումնասիրել է գործարանում տիրող իրավիճակը և տեսնելով գործարանի հավելյալ պարտքերն ու անմխիթար վիճակը, առաջնահերթ դիտարկելով սեփական բիզնես շահը՝ պարզապես հրաժարվել է ներդրումներ կատարելուց: Նշենք նաև, որ 2002 թվականին «Ռոբերտո» ընկերության կողմից «Արարատցեմենտ» գործարանի մասնավորեցումից միայն ամիսներ հետո է Գագիկ Ծառուկյանը ձեռք բերել բաժնեմասերի 25 տոկոսը, իսկ հետագայում արդեն՝ 2006-ին նոր միայն ձեռք է բերել մնացած 75 տոկոսը:


Անդրադառնանք նաև այն դիտարկմանը, թե «Արարատցեմենտ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից ներդրումներ չեն կատարվել: Այս տարիների ընթացքում սեփականատիրոջ կողմից կատարվել է շուրջ 6.2 միլիարդ դրամի ներդրում, որը հստակ արտացոլված է գործարանի հաշվեկշիռներում: Եվ սա այն դեպքում, երբ այս 6.2 միլիարդ դրամում հաշվարկված չէ 2003-ի հունվար-ապրիլ ամիսներին Գագիկ Ծառուկյանի կողմից գործարանը նախագծողներին Հայաստան հրավիրելու, բարձր որակ ապահովելու նպատակով նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը: Հենց այս աշխատանքների շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում հայկական ցեմենտի համբավը սկսեց տարածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանում, իսկ «Արարատցեմենտ»-ի բացառիկ որակի մասին մասնագիտական գնահատականները բազմաթիվ էին:


Մենք հարկ չէինք համարի այսքան մանրամասն անդրադառնալ այս հայտարարություններին, եթե այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից հերթական անգամ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը չտարածվեր «Արարատցեմենտ» գործարանի մասին: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր հայտարարել է, թե 2016-ին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է 500 միլիոն դրամի սահմաններում հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերի վճարման պարտավորությունից: Բաբկեն Թունյանը, մեղմ ասած, սուտ տեղեկություն է տալիս, քանի որ իր մատնանշած օրենքով այդ 500 միլիոնի արտոնությունը տրվել է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին:


«Արարատցեմենտ» գործարանը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է ակտիվորեն մասնակցել խորհրդարանում ձևավորվող աշխատանքային խմբի հրապարակային քննարկումներին, որտեղ առաջինից երկրորդ ընթերցումով քննարկվելու է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը: Մենք պատրաստ ենք մեր մասնագիտական գիտելիքներն ու այս ոլորտում աշխատանքի երկարամյա գործընթացում ձեռք բերած փորձառությունն օգտագործել արդյունավետ քննարկումների անցկացման նպատակով: Կարծում ենք, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի գործարանի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված քայլերը բխում են համընդհանուր շահերից», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 293

Մեկնաբանություններ