Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հրապարակային գործիչը կաշկանդված է նրանով, որ իր տեսակետը չկիսողները հայհոյանքների տարափ են տեղալու»

«Հրապարակային գործիչը կաշկանդված է նրանով, որ իր տեսակետը չկիսողները հայհոյանքների տարափ են տեղալու»
21.06.2019 | 01:28

Քաղաքագետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ կարծիքով` նախկին իշխանություններն այնքան թերագնահատեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին, որ անգամ լայնորեն լուսաբանում էին նրանց` ասելով, թե «սրանք չե՞ն մեր ընդդիմադիրները՝ ավտոտնակների տանիքից տանիք են թռչկոտում»: Ըստ նրա` ուժը, որը պահն օգտագործեց ու տապալեց նախկիններին, օբյեկտիվորեն պատրաստ չէր իր ուսերին վերցնելու պետական կառավարման ամբողջ բեռը։

-Գործող իշխանությունները եթե անգամ ամեն ինչ անեին իդեալական, միևնույն է, հասարակությունը մեկ տարի անց մեծապես հիասթափվելու էր, քանի որ նախկիններին տապալողներից սպասումներն այնքան շատ էին, որ դրանք ամբողջ ծավալով արդարացնելն ուղղակի անհնար էր,- ասում է պարոն Անտինյանը։- Տասնամյակներով նախկինների դեմ պայքարած ուժերն ու անհատները մնացին խաղից դուրս, թեպետ ունեին համապատասխան փորձ, պայքարելու կամք ու համառություն։ Բայց մեկ տարվա ընթացքում կոտրվեցին նրանք, հասկանալով, որ «հաղթողներին» պետք չեն։ Շատերը չբարոյալքվեցին նախկինների դեմ պայքարելիս, բայց բարոյալքվեցին այս մեկ տարվա ընթացքում` գիտակցելով, որ թեև բազում խնդիրներ կան, բայց չգիտեն՝ ում դեմ պայքարեն, այդքան երազած իշխանափոխությունն իրականություն դարձնողների՞։ Որոշ ժամանակ ներքին կոնֆլիկտի մեջ եղածներից շատերին նախկիններն արդեն «վարձել» են: Նրանք ոչ միայն օրվա հացի խնդիրն են լուծում, այլև, ըստ իրենց, Փաշինյանից՝ իրենց անտեսելու ու քաղաքական գործընթացներից դուրս թողնելու վրեժը։ Իշխանավորներն այժմ գիտակցում են՝ հսկայածավալ ռեսուրս է հանված իրենց դեմ, ու այդ ամենի մեջ նաև իրենց մեղքը կա: Հուսով եմ՝ արագ քայլեր կձեռնարկեն իրավիճակը շտկելու և անդառնալի սխալներից խուսափելու համար:
-Իշխանության ներկայացուցիչները մերթ ընդ մերթ հայտարարություններ են անում, որոնք հասարակությանը տարանջատելու փորձերի են նման: Վերջին օրինակը «սևազգեստ մարդիկ» են: Այսքան ասելուց, քննադատելուց հետո մի՞թե չեն հասկանում մարդկանց ճամբարների բաժանելու վտանգը:
-Բազմակարծության պարագայում ու ժողովրդավարական երկրում հասարակությունը մեկ ամբողջություն չպետք է լինի, դա հատուկ է տոտալիտար ռեժիմներին։ Մենք միակամ պետք է լինենք միայն մեր ազգին ու պետությանը սպառնացող արտաքին ու ներքին վտանգների պարագայում։ Բայց խոսքը ոչ թե բազմաշերտ հասարակության մասին է, այլ տարբեր շերտերի միջև թշնամանք սերմանելուն ու իրար դեմ հանելուն, և դա ոչ միայն անընդունելի, այլև վտանգավոր է։ Այս ամենին մեծապես նպաստում է նաև նախկինների ռադիկալ կեցվածքը, որ կյանքի ու մահու կռիվ են տալիս, և այդ պատճառով է, որ նրանց նույնպես հարկավոր չեն բալանսավորված կարծիք ունեցող քաղաքական ուժեր ու անհատներ։ Գիտակցելով, որ իշխանություններից հիասթափվածներն իրենց կողքին չեն կանգնելու, ամեն ինչ անում են, որ կառուցողական ուժեր չձևավորվեն: Ատելությունն ու թշնամանքը տարածվում են բացառապես նախկին ու ներկա իշխանությունների կողմից, քանի որ լուծում են «կամ-կամ»-ի խնդիր. կա՛մ նորերը կոչնչացնեն նախկիններին, կա՛մ նախկինները՝ նորերին։
-Այս օրերին ամենաքննարկվող թեման դատական համակարգի բարեփոխումներն են: ԲԴԽ-ում տեղաշարժեր են լինում, բայց, ի՞նչ եք կարծում, կբարեփոխվի՞ դատական ու իրավական համակարգը: Այդքան ռեսուրս կա՞, որ ամեն հեռացող դատավորի փոխարեն նորը նշանակվի: Բացի այդ, խելամիտ ու օրինաչա՞փ է դատարանները «վեթինգի» ենթարկելու գործընթացը սկսել դատարանները շրջափակելու կոչով:
-Այն, ինչ տեղի ունեցավ, հաստատ լավագույն տարբերակը չէր, բայց նաև հասկանում ենք, որ դատարաններն իրենց վճիռներով կարողանում են արժեզրկել «հեղափոխական» իշխանությունների որոշումներն ու իշխանափոխության ձեռքբերումները։ Առայժմ դատաիրավական բարեփոխումների ճիշտ բանաձևը գտնված չէ, ու եթե անգամ իդեալական փաստաթուղթ պատրաստվի, միևնույն է, բավական ժամանակ է պետք, որ այն կյանքի կոչվի ու տա իր դրական արդյունքը: Բայց հասարակությունն այսօր է արդյունք սպասում. չստացավ, դարձյալ հիասթափվելու է։ Այո՛, ներկա վիճակը անհանդուրժելի է, բայց բարեփոխման առաջարկված տարբերակն էլ առանձնապես արդյունավետ չէ։ «Անցումային արդարադատություն» տարողունակ հասկացության մեջ մեզ համար այդպես էլ ամենաընդունելի տարբերակը չգտնվեց: Միայն «վեթինգի» մասին է խոսվում, բայց ինչու՞ միայն դատավորները, իսկ ովքե՞ր են այն դատավորները, որ «դատելու» են այդ դատավորներին, չանցածներին ովքե՞ր են փոխարինելու, իսկ անցածներն ի՞նչ են անելու։ Արդա՞ր են դատելու ու հանուն օրենքի, թե՞ համբուրելով իշխանության «աջը»՝ կատարելու են նրա քաղաքական կամքը։ Եթե հանուն իշխանության կամքի շրջանցելու են օրենքը, ինչու՞ պետք է չշրջանցեն հանուն անձնական շահի: Մի խոսքով, արդյունքների հարցում այդքան էլ լավատես չեմ։
-Տեսնելով պետական պաշտոնյաների, պատգամավորների ոչ կոմպետենտ քայլերն ու հայտարարությունները` մարդիկ իրենք իրենց հարց են տալիս՝ «բա սրա՞ համար էինք հեղափոխություն անում»: Ո՞վ է մեղավոր՝ Փաշինյա՞նը, որ կադրային սխալ քաղաքականություն է ընտրել, թե՞ մարդիկ, որ ընտրություն են կատարել՝ վստահելով բացառապես Փաշինյանին:
-Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, պետք է նվազեր, դա ինքն էլ էր հասկանում, և պատահական չէր, որ հասարակական աջակցությամբ վերցրեց գործադիր իշխանությունը, այնուհետ՝ օրենսդիրը, այժմ էլ, հասարակական վստահության նվազմանը զուգահեռ, փորձում է վերցնել դատական իշխանությունը։ Այսօր ամեն ինչ կառուցված է Փաշինյանի անձի շուրջ։ Եթե ամեն ինչ կախված է մեկ անձից, ապա չափազանց մեծ է այդ անձին ցանկացած կերպ գահից գցելու ու նրա տեղն զբաղեցնելու գայթակղությունը։ Պետք է արմատական բարեփոխումների ծրագիր ու այն կյանքի կոչելու ունակ պրոֆեսիոնալ թիմ ունենանք: Միայն այդ ժամանակ նախկինները կհասկանան, որ իրենց ժամանակներն անցել են ու հույսները կկտրեն։ Եթե անգամ չկտրեն, հասարակությունը կհասկացնի նրանց` վերադառնալու շանս չունեն։
-Հայտարարում են, թե համակարգային կոռուպցիա չկա, իսկ ներդրումային հոսքին դեռ սպասում ենք։ Իրականում ի՞նչ է կատարվում։
-Այս անկայուն վիճակում ներդրումների հոսք սպասելը կլինի առնվազն միամտություն, բայց, ինչպես տեսնում ենք, մեր տնտեսությունը չի էլ փլվում: Ժամանակը պետք էր ռացիոնալ օգտագործել ու հիմքերն այնպես դնել, որ առաջիկայում ներդրումները շատանան, ու մարդիկ հավատան մեր երկրի կայուն զարգացման միտումներին։ Այսօր էլ ներդրողները կշտապեին Հայաստան՝ վստահ լինելով, որ այս իշխանությունները երկիրը տանում են ճիշտ ուղղությամբ, ու ցանկացած փոփոխության պարագայում երկրի զարգացման կուրսը էականորեն չի փոխվի։
-Տեսակետ կա, որ ընդդիմության չգոյությունը շատ ավելի ազգային անվտանգության խնդիր է, քան, օրինակ, թույլ բանակը: Ի՞նչ ընդդիմություն ունենք այսօր:
-Խորհրդարանական ընդդիմությունն այս իշխանափոխության հետ «փայատեր» է, սակայն տեսնում ենք, որ զգալի անհարթություններ կան իշխանությունների հետ հարաբերություններում։ Որպես հասարակության վստահությանն արժանացած ընդդիմություն չեն կարողանում հաջողություն գրանցել, քանի որ գործադիրի լծակներից չեն օգտվում, իսկ հեղափոխությունից հիասթափվողները հիասթափվում են նաև խորհրդարանական ընդդիմադիրներից, հետևաբար քաղաքական հիմնական գործընթացները տեղափոխվել են արտախորհրդարանական դաշտ։ Կարծում եմ՝ օդի ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի այն ընդդիմադիր ուժը, որը հասարակությանը ցույց կտա, որ պատրաստ է կյանքի կոչելու ներկայացրած ծրագրերը, իսկ քննադատությունը կառուցողական կլինի: Այդպիսի ընդդիմության կազմավորումը վերջապես կփոխի քաղաքական դաշտի այս կործանարար բալանսը՝ ձևավորված նախկինների ու ներկաների հակամարտության արդյունքում։ Ատելությունն ու թշնամանքն էլ կնվազեն, քանի որ ձևավորվելիք երրորդին դա չի էլ հետաքրքրի:
-Իշխանությունն իր հասցեին հնչող քննադատությանը հակադարձում է, որ իրենք ստեղծել են ժողովրդավար պայմաններ, երբ ամեն քաղաքացի կարող է անարգել իր խնդիրները բարձրաձայնել և լուծումներ պահանջել։ Այդպե՞ս է:
-Իշխանություններին քննադատելը ոչ միայն ճիշտ է, այլև անհրաժեշտ, քանի որ մարդիկ տեսնում են թերություններ ու բարձրաձայնում, բայց իշխանության հանդեպ կազմակերպված տոտալ հարձակման պարագայում այլևս հնարավոր չէ կառուցողական, առողջ քննադատություն լսել։ Ինչ արժե կարծիքն ազատ արտահայտելու հնարավորությունը, եթե դաստիարակված հրապարակային գործիչը կաշկանդված է նրանով, որ իր տեսակետը չկիսողները հայհոյանքների տարափ են տեղալու, որոնց ո՛չ նույն կերպ պատասխանել է կարող, ո՛չ համոզել իր խոսքերի ճշմարտացիության մեջ։ Բացի այդ, կառուցողական քննադատությունը, առաջարկություններով ու փաստարկված վերլուծությունը հասցեատիրոջը չեն հասնում, քանի որ ամենամեծ լսարան ունեցող մեդիառեսուրսները կա՛մ նախկին իշխանությունների ազդեցության տակ են, կա՛մ ներկաների։ Եթե անգամ իշխանությունները պատրաստ են ականջալուր լինելու հրապարակայնորեն բարձրացված բոլոր հարցերին, ապա ո՞վ պետք է կարևորն անկարևորից զանազանի, վերլուծի, այդ ամենի միջից ռացիոնալը հանի, տանի-դնի ամենաբարձր իշխանավորների սեղաններին։ ՈՒ ոչ միայն համապատասխան փորձառություն ունեցողների և անաչառ վերլուծություն անողների թիվն է իշխանությունում փոքր, այլև կարծիքների հոսքն է չափազանց մեծ։
-Հասարակության մի զգալի զանգված այսօր իր սպասումները բացատրում է հետևյալ կերպ. հնարավոր չէ տարիների քանդածը մեկ տարում կարգի բերել, ամեն ինչ կամաց-կամաց կլինի։ Ի՞նչ էր հնարավոր մեկ տարում անել, որ չի արվել։
-Անշուշտ, մեկ տարում նախկինների բոլոր սխալները շտկել հնարավոր չէր, բայց հնարավոր էր հասարակությանը ցույց տալ այն ճանապարհը, որով առաջ ենք գնում։ Մեր հասարակությունը բազմակարծիք է, բազմագույն, բազմաշերտ, և դրան զուգահեռ մարդկանց արհեստականորեն բաժանել են սև ու սպիտակի, խրամատավորել ու իրար դեմ հանել: Պատերազմ են մղում, իսկ պատերազմի օրենքներով ցանկացած այլակարծություն դիտարկվում է դավաճանություն կամ թշնամություն։ Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, աշխարհաքաղաքական վերադասավորումների օջախներից մեկում, ու մեր ցանկացած ներքին հակամարտություն իր ազդեցությունն է ունենում դրսում։ Ի՞նչ է, սպասում ենք մի նոր պատերազմ լինի, որ նոր մեղավորնե՞ր փնտրենք։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ թշնամին մեզնից բազմաքանակ էր ու ավելի լավ զինված, բայց մինչ օրս ասում ենք, որ հաղթեցինք մեր մարտական ոգու և առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի շնորհիվ։ Հիմա էլ է թշնամին մեզնից բազմաքանակ ու ավելի լավ զինված, բայց արդեն կարող է կարծել, որ մեր ներսում երկպառակություն կա, ինչի պատճառով կորցրել ենք մեր մրցակցային առավելությունը։ Պատերազմով մեր թշնամին հաղթելու շանս չունի, եթե մենք մեր վարքագծով նրա մեջ հույսեր չարթնացնենք։

Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ