Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանի ու Հայաստանի բանակցությունները Վաշինգտոնում

Ադրբեջանի ու Հայաստանի բանակցությունները Վաշինգտոնում
22.06.2019 | 12:36

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպել են Վաշինգտոնում: Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները սկսվել են 1992-ից՝ Մինսկի խմբի մասնակցությամբ, որի անդամ է ԱՄՆ-ը: Այս հանդիպումը Վաշինգտոնում վերջին 10 տարում առաջինն էր: Վաշինգտոնում հանդիպման անցկացումը կարող է նշանակել ԱՄՆ-ի դերի ուժեղացում տարածաշրջանում՝ գտնում են փորձագետները:


Նախարարների հանդիպումը 3 ժամից ավելի է տևել, սակայն որևէ էական պայմանավորվածություն ձեռք չբերվեց: Հանդիպման արդյունքներով՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ հաղորդվում է, որ կողմերին կոչ է արվել «խաղաղությանը նպաստող մթնոլորտի վերականգնման քայլեր անել» և պայմանավորվել են առաջիկայում նորից հանդիպել:


Բանակցությունների նախօրեին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի, պետքարտուղարի տեղակալներ Ջոն Սալիվանի ու Դևիդ Հեյլիի հետ: ԱՄՆ-ը, Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է: Վերջին անգամ Վաշինգտոնը նախարարների հանդիպում կազմակերպել է 2009-ին:
2018-ի հոկտեմբերին Բոլտոնը այցով եղավ Ադրբեջանում, Հայաստանում ու Վրաստանում: Նախագահի խորհրդականը այն ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա: Մամեդյարովի ու Բոլտոնի հետ հանդիպման մամլո հաղորդագրության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ բացի ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցից քննարկվել է «իրավիճակը Մերձավոր Արևելքում»: «Բոլտոնի անցյալ տարվա հանդիպումներն Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ վկայում են, որ ԱՄՆ-ը սկսում է առավել ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում»՝ BBC-ին ասել է Կառնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին: «Բոլտոնը կենտրոնացած է Իրանի վրա: Երկու կողմերի հետ էլ քննարկվելու է Իրանի հետ տնտեսական կապերի հարցը և դա ավելի կոշտ կարտահայտվի Հայաստանի դեպքում»՝ գտնում է Ստրոնսկին: «ԱՄՆ նախագահը նաև համագործակցության ճանապարհներ է փնտրում Ռուսաստանի հետ»՝ հավելում է նա: Լեռնային Ղարաբաղն այն ուղղությունն է, որով ԱՄՆ-ը ավանդաբար կարողացել է արդյունավետ աշխատել Ռուսաստանի հետ՝ գտնում է փորձագետը. «Թրամփն ուզում է միջազգային ասպարեզում ինչ-որ լավ գործ էլ անել»: «Ես ուրախ եմ, որ Թրամփի վարչակազմը, թևքերը քշտած՝ ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրին, որ շատ մեծ ուշադրություն չի գրավում, փոխարենը կարող է ծանրակշիռ արդյունքներ տալ»՝ գտնում է Պոլ Ստրոնսկին:
«ԱՄՆ-ը սկսել է ավելի ակտիվ դեր խաղալ Անդրկովկասում»՝ համաձայն է Օքսֆորդի համալսարանի տարածաշրջանային փորձագետ Լեյլա Ալիևան: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվում է՝ անցած տարիներին «ամերիկացիները դերը պասիվ էր ներքին խնդիրների ու միջազգային այլ գերակայությունների պատճառով»:
«Բոլտոնը գործ չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Նրա ուշք ու միտքը Իրանն է»՝ BBC-ին ասաց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:


BBC-ի հարցումին ի պատասխան փորձագետները նշել են, որ 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո երկու երկրների բանակցություններն ակտիվացել են։ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում նշանակալից լիցքաթափում եղավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշանբեում ԱՊՀ սամիթում հանդիպումից հետո՝ 2018-ի սեպտեմբերին: Կրակոցների թիվը սահմանին էականորեն պակասեց: «Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ երկու երկրների ՊՆ նախարարությունների միջև կապ հաստատվեց»՝ BBC-ին ասաց International Crisis Group-ի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը: «Սեպտեմբերից անցած մի քանի ամիսները ամենախաղաղ շրջանն էին վերջին 5 տարում,-գտնում է նա: -Զինվորները չէին զոհվում, իսկ շփման գծի մոտ ապրող մարդիկ կարողանում էին նորմալ զբաղվել գյուղատնտեսությամբ»: 2019-ին երկու երկրների ղեկավարները բանակցել են Վիեննայում ու Դավոսում: Սակայն 2019-ի գարնանը Ղարաբաղում շփման գծում բախումները վերսկսվեցին: Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում ականանետային կրակի մեջ: Այս շաբաթ Հայաստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ անցկացրին ղարաբաղյան ստորաբաժանումների հետ: Զուգահեռ զորավարժություններ արեց Ադրբեջանը:
Այդ լարման համապատկերում Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համանախագահները մայիսի վերջին եղան Երևանում ու Բաքվում և պայմանավորվեցին ԱԳ նախարարների հանդիպման մասին Վաշինգտոնում:


Փորձագետները գտնում են, որ Վաշինգտոնի բանակցություններից լուրջ արդյունքներ չարժի սպասել: «Սա այն պահը չէ, երբ կարելի է ճեղքում ակնկալել, ինչպես Քի Վեստում»՝ BBC-ին ասաց Ջոն Էվանսը: 2001-ին Քի Վեստում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ինչպես երբեք մոտ էին խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, բայց վերջին պահին բանակցությունները ձախողվեցին: «Հիմա օրակարգը նույնն է՝ ինչպես հրադադարը ավելի կայուն դարձնել»,-ասում է Լեյլա Ալիևան:
«Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ հանդիպումների փաստը ինքնին լավ նշան է»՝ BBC-ին ասել է տարածաշրջանի փորձագետ և «Հաշտության ռեսուրսներ» կովկասյան ծրագրի տնօրեն Լորենս Բրոերը: «Իրական պարտավորությունների պակաս կա: Պետք է սկսել համեստ քայլերից, որ նորմալացնում են իրավիճակը»՝ գտնում է Բրոերը: Ի՞նչ քայլեր են քննարկվում: Վարդանյանի խոսքով՝ հանդիպումից առաջ երկու կողմերն էլ պատրաստվում էին մարդասիրական միջոցները քննարկել: Խոսքը սահմանին ձերբակալվածների և կոնֆլիկտի գոտում բարեկամ ունեցողների մասին է, գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության երաշխիքների և լրագրողների փոխայցերի:
BBC


Հ.Գ. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկները, նշել է, որ կողմերը, ընդհանուր առմամբ, քննարկում են միևնույն գաղափարները: «Մեր միջև շարունակում են բավականին լուրջ տարաձայնություններ լինել: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ առաջարկները նույնն են: 15 տարի մենք տեսնում ենք միևնույն գաղափարները, խաղաղության նույն ծրագիրը»,-Մամեդյարովի խոսքը մեջբերում է minval.az-ը:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ հանդիպման շրջանակում անցկացվել են «ինտենսիվ և խորքային» բանակցություններ: Մամեդյարովը ասել է, որ ՄԽ համանախագահները հավելյալ փաստաթղթեր են ներկայացրել առավել բովանդակալից բանակցությունների համար: «Մանրամասների հարցում որոշ տարաձայնություններ կային, սակայն, ինչպես ասում են, քննարկումների ժամանակ ամենակարևորը հենց մանրուքներն են: Մենք գիտակցում ենք, որ անհրաժեշտ է ավելի շատ քաղաքական կամք դրսևորել: Շփման գծում իրավիճակը չպետք է խոչընդոտի դեպի խաղաղության պայմանագիրը կամ հռչակագիրը տանող առաջընթացին»,-ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, հայտարարել է, որ ՄԽ համանախագահները ներկայացրել են հստակ արդյունքների հասնելուն ուղղված առաջարկներ: Նշվել է, որ ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպմանը համանախագահները երկու կողմերի քննարկմանն են ներկայացրել հստակ արդյունքների հասնելուն և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ, հանդիպման շնորհիվ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին նույն ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնելու վերաբերյալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ