Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փաշինյանն իրեն շրջապատել է տերպետրոսյանական էմիսարներով

Փաշինյանն իրեն շրջապատել է տերպետրոսյանական էմիսարներով
28.06.2019 | 01:22

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ կալանավորվելուց առաջ տված հարցազրույցում, բազմաթիվ հիթային թեմաներից բացի, անընդհատ շեշտադրում էր այն գաղափարը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նոր իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդներն են։ Ամբողջ հարցազրույցի ընթացքում դժվար էր չնկատել այն առանցքը, որի շուրջ պտտվում էր Քոչարյանը՝ այսօրվա իշխանության թիկունքում իրականում կանգնած է ՀՀ առաջին նախագահն իր հին թիմով։


Այս թեման հեղափոխությունից հետո ժամանակ առ ժամանակ թեժացվում է, և շատ դեպքերում նույնիսկ պարզ է դառնում, որ նման ենթադրություններն անհիմն չեն։ Թերևս, այս թեմայի տիրույթում պետք է դիտարկել իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» համաժողովի ընթացքում վարչապետ Փաշինյանի ելույթում հնչած որոշ ուղերձներ, որոնք, գուցե տարօրինակ հնչի, ուշադրությունից այնուամենայնիվ վրիպեցին։ Եվ դա բնական է, քանի որ հանրությանը վերջին շրջանում ավելի շատ կերակրում են ոչ առաջնային նշանակության խնդիրներով։ Սակայն հասարակության ուշադրությունից դուրս մնացած որոշ դրույթներ չեն կարող վրիպել փորձագիտական կամ պրոֆեսիոնալ քաղաքական շրջանակների ուշադիր աչքից։
Այսպիսով՝ ՀՀ կառավարության ղեկավարի կուսակցական ելույթի հիմնական դրույթներից մեկը վերաբերում է վերջին 20 տարիներին՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք, ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալած քաղաքական ուժերի հետ հարաբերությունների հստակեցմանը։ Վարչապետ Փաշինյանը, իր ելույթում խոսելով հեղափոխությանը սատարած, սակայն իշխանափոխությունից հետո ոչ իշխանություն-ոչ ընդդիմություն տիրույթում հայտնված կուսակցությունների մասին, ըստ երևույթին նախ և առաջ նկատի ուներ ՀԱԿ-ը` իր տարբեր թևերով։ Փաստորեն, Փաշինյանը փորձում է պաշտոնական հիմքերի վրա դնել որոշ քաղաքական գործընկերների հետ հարաբերությունները։


Ի՞նչն է ստիպել վարչապետին գնալ նման քայլի։
Փաշինյանի ու ՀԱԿ-ի և նրա առաջնորդի հետ հարաբերությունները հեղափոխությունից հետո գործնական բնույթ ունեն։ Պարզից էլ պարզ է, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները խորհրդատվական ծառայություններ են մատուցում գործող իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ գործող իշխանությունը ՀԱԿ-ի կադրերին կամ արբանյակներին տեղավորում է պետական համակարգում, շատ դեպքերում՝ նույնիսկ առանցքային պաշտոններում։ Օրինակ, վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում աշխատում է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու, ոչ անհայտ Վլադիմիր Կարապետյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում մեկ այլ նախկին ՀՀՇ-ական է՝ Անդրանիկ Քոչարյանը։ Հետաքրքիր է, որ հենց այս հանձնաժողովն է զբաղվում ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրմամբ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ է Հովհաննես Իգիթյանը։ ՍԴ անդամ բազում փորձերից հետո ընտրվեց Վահե Գրիգորյանը, մարդ, ում փորձում են կարգել Սահմանադրական դատարանի նախագահ։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը ղեկավարում է Տիգրան Հակոբյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարն է Արա Շիրինյանը, ում գլխավոր խորհրդականն է Տիգրան Պասկևիչյանը՝ Մարտի 1-ի մասին լևոնտերպետրոսյանական հանրահայտ ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը։ Դիվանագիտական կոչումներ վերադարձվեցին 2008 թվականի իրադարձությունների հետ կապված և դրա պատճառով արտաքին քաղաքական ոլորտից հեռացված որոշ դիվանագետների, որոնք պետական համակարգում պաշտոններ են զբաղեցնում և իրենց ազդեցության ոլորտում են պահում ՀԱԿ-ի երիտասարդ գործիչներին։ Խոսքը, մասնավորապես, Ռուբեն Ռուբինյանի, ՀԱԿ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող Արսեն Խառատյանի և այլոց մասին է։


Փաստացի տերպետրոսյանական էմիսարներին են վստահված իշխանության քարոզչական ոլորտը, դատական համակարգը, այսպես կոչված, բարեփոխելու լիազորությունները և այլն։
Վերը ներկայացված ցանկը, որն ամբողջական չէ, ցույց է տալիս, որ ՀՀ առաջին նախագահն իր հավատարիմ մարդկանցով բավականին հմտորեն շրջափակել է Նիկոլ Փաշինյանին։ Եվ շատ հետաքրքիր է, որ վարչապետը շատ դեպքերում նրանց է վստահում ամենակարևոր ու նուրբ գործերի քննությունը։ Դատելով այս ամենից՝ կարելի է, թերևս, եզրակացնել, որ քաղաքական դաշտում հարաբերությունները ֆորմալացնելու պահանջը գալիս է հենց ՀԱԿ-ից։ Մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի և այլ ՀԱԿ-ականների համար գերնպատակ է մաքրվել Մարտի 1-ի գործից՝ այն ոչ պատվաբեր պիտակից, որ դրոշմվել է առաջին նախագահին՝ հավաքեց ժողովրդին և վերջին պահին լքեց նրան՝ դավաճանելով ու թողնելով կրակի ներքո։ Եվ եթե դատական գործընթացի արդյունքում պատասխանատվության ենթարկվեն Ռոբերտ Քոչարյանն ու այն ժամանակվա պաշտոնյաները, պարզ է, որ պետք է պատասխանատվության իր բաժինն ունենա նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՈՒստի ՀՀ նախագահի համար Մարտի 1-ի գործը խիստ սկզբունքային է։


Չի բացառվում նաև, որ Նիկոլ Փաշինյանը սկսում է հասկանալ, որ իր կադրային բանկը շատ սնանկ է և չի բավարարում արտաքին ու ներքին մարտահրավերները հաղթահարելու, առավել ևս զարգացում գրանցելու համար։ Գուցե թերևս դա է պատճառը, որ Փաշինյանը ձգտում է ընդլայնել իր կադրային ռեսուրսները դաշնակից ուժերի միջոցով՝ վերջիններիս ներգրավելով իշխանության մեջ։ Այսպիսով ՀՀ կառավարության ղեկավարը, չի բացառվում, փորձում է կիսել պատասխանատվությունը այլ ուժերի կամ պաշտոնյաների հետ։ Գաղտնիք չէ, որ նրան բնորոշ է պատասխանատվությունը գործընկերների և հասարակության վրա բարդելու մարտավարությունը։
ՈՒշագրավ է, որ Փաշինյանն իր հայտնի ելույթում քաղաքական ուժերի հետ հարաբերությունները ֆորմալացնելու մասին դրույթը դիտարկեց որպես առաջնահերթություն և հստակ հանձնարարականներ տվեց իր կուսակիցներին։ Այստեղից կարել է ենթադրել, որ մոտ ապագայում այս կետը կոնկրետ բովանդակություն կարող է ստանալ։ Ի դեպ, շատ համառորեն լուրեր են շրջանառվում, որ պաշտոն է նախապատրաստվում տերպետրոսյանական դարաշրջանի հայտնի գործիչներից մեկի՝ Հայաստանում ընտրակեղծիքների անվիճելի կնքահայր համարվող Գագիկ Ջհանգիրյանի համար։
Ի դեպ, ՔՊ-ՀԱԿ սերտ հարաբերությունների մասին խոստովանեց նաև «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդներից մեկը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս նկատեց, որ գործընկերների շարքը կարող են համալրել նաև Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զավենի Սարգսյանն իրենց կուսակցություններով։
Հատկանշական է, որ 90-ական թվականների ակտիվ գործիչների վերածննդի ֆոնին կոշտացել է հեղափոխական գործիքակազմի վերաբերյալ հռետորաբանությունը։ Կոչեր են հնչում թավիշը երկաթով փոխարինելու մասին։ Այս առումով թերևս ուշագրավ է ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի անկեղծ հարցազրույցը։ Որպես կանոն, Լևոն Զուրաբյանը որևէ ինքնուրույն միտք չի արտահայտում. իր բոլոր հայտարարությունները համաձայնեցնում է իր անմիջական քաղաքական ղեկավարի հետ։ Լևոն Զուրաբյանի խոսքում հնչեց դժգոհություն հեղափոխականների մեթոդոլոգիայից, տեմպերից։ Որպես մեթոդոլոգիական ձեռնարկ առաջարկվում է վրացական հեղափոխական փորձը՝ Սաակաշվիլու գործողությունները դատական համակարգում։ ՀԱԿ փոխնախագահը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին շտապել և ավարտին հասցնել Մարտի 1-ի գործն ու ՀՀ երկրորդ նախագահի դատապարտումը։ Այս շտապողականության հիմք է հանդիսանում վարչապետի՝ օրեցօր անկում ապրող վարկանիշը։ Զուրաբյանը հայտարարեց նաև, որ ՀԱԿ-ը Մարտի 1-ի զոհերի հարազատներից հետո ամենաշահագրգիռ կողմն է այդ գործի բացահայտման հարցում, քանի որ հենց ՀԱԿ-ն է տասնամյակներ շարունակ պայքարել ռոբասերժական ռեժիմի դեմ։ Եվ առհասարակ, 2018-ի ապրիլյան իրադարձությունները նա անվանեց ՀԱԿ-ի հեղափոխություն, որը բավականին արդյունավետորեն իրականացրեց Նիկոլ Փաշինյանն իր թիմով։ Այս հարցազրույցը շատ փակագծեր բացեց։ ՀԱԿ-ի բաց տեքստով խոսելը և Նիկոլ Փաշինյանի առաջադրած պահանջները ցույց են տալիս, որ մի կողմից ակնհայտորեն զգում են, որ ժամանակ են կորցնում, մյուս կողմից հետևողականորեն փորձում են Մարտի 1-ի գործն ավարտին հասցնել։ Ընդ որում, ՀԱԿ-ը Փաշինյանին ակնհայտորեն հասկացնում է, որ եթե վերջինս չի կարողանում կյանքի կոչել առաջադրված խնդիրները, ապա իրենք ունեն համապատասխան կադրեր, որոնց կարող են ներդնել։ Իսկ որ ՀԱԿ-ը ունի տարբեր ոլորտներում՝ ընտրական կեղծարարություն, դատական գործընթացներում ազդեցություն, մասնագիտացած կադրեր, ոչ մեկի մեջ կասկած չի հարուցում։


Հայաստանում ընթացող այս գործընթացները կարող են անուղղակի կերպով ազդեցություն ունենալ Արցախի հարցի վրա։ Մենք ականատես ենք, որ Նիկոլ Փաշինյանի փախհարաբերությունները Արցախի ղեկավարության հետ կրկնում են Լևոն Տեր-Պետրոսյանի վարքագիծը 1990-ականների սկզբին, երբ ՀՀ առաջին նախագահը դեմ էր Արցախի այն ժամանակվա ղեկավարությանը։ Ի վերջո, ճնշումների միջոցով հաջողեցին փոխել իշխանությունն Արցախում, և ամենահետաքրքիրն ու զավեշտալին այն է, որ Տեր-Պետրոսյանը Արցախում իշխանության բերեց հենց ՀՀՇ-ականներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որոնց դեմ նույն Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր կատաղի պայքար է մղում։ Սա բավականին արտասովոր դիպված է, և եթե իրադարձություններն այսպես շարունակվեն, միակը չի լինի։


Որքա՞ն կարող է ազդել տերպետրոսյանական թիմը Նիկոլ Փաշինյանի վրա Արցախի կոնցեպտի մշակման հարցում. սա է խնդիրը։ Ժամանակը ցույց է տվել, որ այս ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը չի նահանջել «պատերազմ, թե խաղաղություն» իր բավականին պարտվողական թեզերից։ Եվ շատ մտահոգիչ կլինի, եթե ՀՀ առաջին նախագահն այդ թեզով արդեն իսկ վարակած լինի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ