Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞րն է մեր ճանապարհը

Ո՞րն է մեր ճանապարհը
16.07.2019 | 02:03

«Իրատեսի» այս տարվա 8, 9, 10 համարներում ես ներկայացրել եմ Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների մասին «Գալիք» կուսակցության մոտեցումները: Հնարավորինս հիմնավորելով դրանք` մենք հույս ունեինք, թե որևէ լրատվամիջոցում, լինի տպագիր կամ էլեկտրոնային, թեկուզ որևէ, լավ կամ վատ, վերաբերմունքի կարժանանանք. կքննադատեն, կընդդիմախոսեն, կպախարակեն: Ոչ մի ուշադրություն՝ ոչ փորձագիտական հանրության, ոչ քաղաքական հասարակական միավորների կողմից: Կարող ենք ենթադրել, որ բարձրացված խնդիրները, իսկ դրանք վերաբերում էին տնտեսությանը, մեր երկրում ոչ ոքի չեն հետաքրքրում, քանի որ իրենց մեջ հասարակական, պետական կարևորության նպատակներ պարունակել չեն կարող: Կամ մեր տնտեսական փորձագիտական միտքն այնքան բարձր է սավառնում, որ այդ կարգի մոտեցումներին անգամ արձագանքելու կարիք չունի:


Երկրորդ դեպքում ինձ թույլ կտամ չհամաձայնել, թե ներկայացված մոտեցումներն անդրադարձի արժանի չէին: Այդ դեպքում որո՞նք են այն ուղենիշները, որ մեր այդ փորձագիտական հանրությունը տեսնում է որպես երկրի տնտեսական զարգացման ուղի: Արդյո՞ք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց մասին երբեմն-երբեմն բարձրաձայնվում է: Չէ՞ որ դա նույնն է, թե հիվանդին ախտորոշելու և բուժում նշանակելու փոխարեն հորդորեն հետևել նրա ջերմաստիճանին: Անհաջողության պատճառները տարբեր են, և դրանց չեմ ուզում անդրադառնալ: Հետևանքը մեկն է. ներդրումներ չկան:
Եթե առաջին դեպքն է, ապա դա նշանակում է, որ իրավիճակը շատ ավելի անմխիթար է:
«Իրատեսում» ներկայացված «Փաշինյանի կառավարությունը կարծեք թե վերջնականապես կորցնում է կողմնորոշիչները» հոդվածում ես դիտարկում էի արել, որ մեր իրականությունը լցրած պերմանենտ դատավարությունների ֆոնին «մենք հայտնվել ենք մի զուգահեռ, վիրտուալ աշխարհում, որտեղ չկան օրվա իրական խնդիրները, ամեն ինչ սկսվում և ավարտվում է այն քաշքշուկով ու ինքնաներկայացումներով, որ մեզ մատուցվում են հեռուստատեսությամբ, մամուլով և ցանցերում: Այդտեղ կարևոր մարդիկ դերակատարություն ունեցողներն են ¥դատապաշտպաններ, մեղադրյալներ, մեղադրողներ¤, գումարած տեղեկատվություն տարածողները…»: Միտքն այն էր, որ «օրվա իրադարձությունների» պատկերով այդ ձգված պաստառը, որ պայմանականորեն կարելի է անվանել «ֆեյք պաննո», իրենով սքողում է մեր իրական կյանքը, որտեղ շատ ավելի կարևոր հարցեր ու հիմնախնդիրներ կան: Եվ դրանք շարունակում են մնալ ստվերում: Նորանոր՝ երրորդական, չորրորդական նշանակության հարցերով խճողվում, խցանվում են հասարակական, քաղաքական մտածողության հարթակները և վերածվում փակուղիների, որոնց մեջ նոր միտքը թափանցել չի կարող, որովհետև դրանցում մտածողությունն արդեն մակարդվել է: Ինչևէ:
Մենք խոստացել էինք կուսակցության գրանցումից հետո հնարավորինս մանրամասն ներկայացնել մեր պատկերացումներն ու մոտեցումները նաև երկրի կյանքի մյուս կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ:


Այս նյութի շրջանակներում մտադիր եմ բարձրացնել մեկ այլ, ոչ պակաս կարևոր հիմնախնդիր, ներկայացնել մեր տեսակետը, և նորից ակնկալել կարծիքներ հանրապետության լավագույն մասնագետներից, փորձագետներից, կառավարիչներից, քաղաքական գործիչներից: Հույս ունենք, որ մեր այս նախաձեռնությունն աստիճանաբար ավելի հետաքրքիր և գործնական կդառնա, կհրապուրի վերը նշված մասնագետներին ու կառավարիչներին իրենց մասնակցությամբ պատվելու մեր քննարկումները և իրենց գիտելիքներն ու փորձը կիսելու մեզ հետ:


Այսօր այնպիսի մի իրավիճակ է ձևավորվել, որ հասարակության կյանքի հիմնախնդիրներից որևէ մեկի լուծման ճանապարհի որոնումները դեմ են առնում մյուսում անելիքի անհրաժեշտությանը և թվում է, թե առանձին-առանձին դրանք լուծել հնարավոր չի լինելու: Եվ այդ տպավորությունը ճշմարիտ է: Առանց ժողովրդագրական վիճակի բարելավման դժվար է իրականացնել անվտանգության պահանջված մակարդակի ապահովումը, առանց աշխատատեղերի ստեղծման դժվար է պատկերացնել հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացում, առանց հասարակության ծայրահեղ բևեռացման հաղթահարման հնարավոր չէ ստեղծել համերաշխ հասարակություն, առանց ազգային մտածողության և հասարակական բարոյականության, առանց ընտանիքի պաշտպանության հնարավոր չէ ունենալ ամուր և կայուն հասարակություն, առանց մշակութային ինքնության պահպանության և պաշտպանության հնարավոր չէ պահպանել ազգային դիմագիծը, հետևաբար և հայրենիքը…


Այսօր մենք առաջարկում ենք քննարկել մեր երկրի ժողովրդագրական վիճակը, սակայն՝ ոչ որպես ողբի առարկա, չնայած այն լիովին արժանի է նման գնահատականների:
Մենք չենք չարաշահի վիճակագրական տվյալները, քանի որ դրանք վաղուց չարաշահված են: Մենք կհենվենք այն տեղեկատվական պաշարի վրա, որն առանց վիճակագրության էլ հայտնի է: Ի դեպ, նախկին իշխանությունները լավագույնս օգտագործում էին պատվիրված վիճակագրական տվյալների ներկայացումը հանրությանը, որպես մեկ այլ իրականության ուրվագիծ, որի հետ, ընտրողներս հիմնականում համաձայն չէինք, սակայն դա արդեն իշխանական թեմաների մեջ չէր մտնում: Այն ժամանակ պատգամավոր Փաշինյանը նույնպիսի վարպետությամբ պայքարում էր պետական վիճակագրական տվյալներով հանրությանը մոլորեցնելու դեմ: Վարչապետ Փաշինյանն այսօր սրբորեն հավատում է այդ նույն կառույցի ներկայացրած տվյալներին՝ կառավարման որ ոլորտին էլ դրանք վերաբերելիս լինեն: Չեմ կարող չանդրադառնալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մեկ դիտարկմանը, որը վերաբերում էր պետական վիճակագրական կոմիտեի ներկայացրած տնտեսական ակտիվության ցուցանիշներին: Ինչպես պարոն Բագրատյանն էր նկատում, նախորդ՝ հրապարակված ցուցանիշների դեպքում ընդգրկվող ժամանակահատվածի համար ¥2019 թ. հունվար-մայիս ամիսներ¤ տնտեսական ակտիվության այդպիսի ՝ 7,3 տոկոս, վերջնական ցուցանիշ հաշվարկվել չէր կարող: Կարող եմ միայն հաստատել պարոն Բագրատյանի դիտարկումը և կիսել նրա զարմանքը ՊՎ կոմիտեի ներկայացրած սխալ տեղեկատվության վերաբերյալ:


Վիճակագրական տվյալների հետ աշխատելու մեր իշխանությունների տասնամյակների գործելաոճը սովորեցրել է՝ ինչ որ բան ապացուցելու համար որքան շատ են նրանք հենվում վիճակագրության վրա, ուրեմն այնքան անհույս է վիճակն այդ ոլորտում:
Այժմ էլ Փաշինյանի կառավարությունն իր բոլոր հաղթանակները ներկայացնում է բացառապես վիճակագրական փաթեթավորմամբ, մի տեսակ ըմբոշխնելով ներկայացված տվյալների «ստեղծած» իրականությունը: Մեր տնտեսության վիճակը փայլուն է, իսկ տնտեսական ակտիվության աճը՝ ոգևորող, մեր հարկային բարեփոխումները՝ ճիշտ, մեր բյուջեում դրամի պակաս չկա, տպված ՀԴՄ կտրոնների քանակը հավելյալ մուտքեր է ապահովում, ինչը իշխանություններին թույլ է տալիս բարձրացնել նվազագույն աշխատավարձը, երկիր վերադարձողների թիվը գերազանցում է երկրից հեռացողների թվին…


Եթե հարկային բարեփոխումները պահանջված են, ապա ինչի՞ համար են մեր հպարտ քաղաքացիների ցույցերը եկամտահարկի համահարթեցման, կամ գույքահարկի բարձրացման դեմ: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ դրանք տանելու են հասարակության բևեռացման խորացման, չունևորի վիճակն ավելի ծանրացնելով: Իսկ որ ՀԴՄ կտրոնները կարելի է դիտարկել որպես մեր նախորդ վարչապետների փնտրած ու չգտած կախարդական փայտիկը, որով հնարավոր է բեկում մտցնել տնտեսության մեջ, առնվազն հետաքրքիր չէ:
Փաշինյանի կառավարությունը շատ արագ յուրացրեց իրավիճակ նկարելու արհեստը, ինչին ոչ վատ տիրապետում են նաև պատվիրված լրագրության մասնագետները: Պարզապես նոր իշխանությունները հասարակությանը բազմաթիվ խոստումներ են տվել, որոնց իրականացման միջոցներն ու ճանապարհները չունեն, և արդյունքում ունենք հեղափոխական էյֆորիայի պրիմիտիվ տրանսֆորմացիա երկրի կյանքի այլ ոլորտներ, որն իրականացվում է բառապաշարում և իրականության հետ կապ չունի:


Թե ինչ է իրենից ներկայացնում մեր երկրի այսօրվա ժողովրդագրական վիճակը, կարծեք թե առանձնապես ներկայացնելու կարիք էլ չկա: Եթե մեկ բառով՝ այն սպառնալիք է մեր պետականությանը: Ինչպես մնացած հիմնախնդիրների դեպքում, այստեղ ևս մեր իշխանությունները հետևողականորեն ամեն ինչ արել են, որ մարդիկ լքեն իրենց երկիրը, իրենց ապրուստը հոգալու հույսով արտագաղթեն հեռու կամ մոտիկ արտերկիր:
Առաջին նախագահի ժամանակ ավերվում էին գործարանները, արտադրական միավորումները, տեխնիկան ու տեխնոլոգիաները վերածվում էին մետաղի ջարդոնի, իսկ դրանցում աշխատող մարդիկ՝ կիրթ, որակավորված, աշխատանքի սովոր գործազուրկների և հացի կարիք ունեցող անպաշտպան հասարակության: Առողջ դատողությամբ որևէ մեկը չի կարող պնդել, թե դա անհրաժեշտություն էր և այդկերպ պետական խնդիրներ էին լուծվում: Այդ տարիների հայկական հումորի գոհարներից էր՝ «ամուսնուս փոխում եմ ածան հավի հետ» : Իհարկե ոչ ոք իր «ածան հավը» չէր տա ուրիշի ամուսնուն իր տուն որպես ուտող բերան տանելու համար: Եվ մարդիկ, որ իրենց երկրում «ածան հավի» կարգավիճակ էլ չունեին, ստիպված ընտանյոք հանդերձ հեռանում էին երկրից, իրենց բնակարանն ու ունեցվածքը ինքնաթիռի տոմսի հետ փոխելով: Կարևոր էլ չէր, թե ուր: Միայն թե դուրս գային երկրից: Այդ ժամանակների սև հումորի մեկ այլ օրինակ էր նոր տարուց առաջ նախագահականում ազգովին նկարվելու գաղափարը: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ: Տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղվեցին, մարդիկ ոչ միայն աշխատանք ու ապրուստի միջոց կորցրին, այլև իրենց հարազատներին ու հայրենիքը: Գտնվելով աղետալի վիճակի մեջ` մենք դեռևս չէինք կարող պատկերացնել, թե ինչպիսի մասշտաբներ կարող է ստանալ այդ երևույթը և ինչպիսի ծանրագույն հետևանքներով է անդրադառնալու պետության հեռանկարի վրա:


Մեկ փաստ կարող եմ հիշել և ուզում եմ ներկայացնել այն որպես մեր իշխանավորների ոչ տնտեսական մտածողությունը հաստատող ցցուն ապացույց: Խոսքը վերաբերում է երկրաշարժից հետո Սպիտակում կառուցված վերելակաշինական գործարանին: Դա կատարվել էր բարերարների միջոցներով, և այդ նպատակով պետական միջոցներ չէին ծախսվել: Եթե չեմ սխալվում, այն շահագործման հանձնվեց Լ. Տեր-Պետրոսյանի նախագահական երկրորդ ընտրություններից առաջ: Բացման արարողությանն առաջին նախագահը մասնակցում էր անձամբ: Սպիտակցիների մեջ հույսեր էին առաջացել երբեմնի արդյունաբերական քաղաքը ոտքի կանգնեցնելու հետ կապված: Բայց գործարանը չաշխատեց` հաստատելով այն իրողությունը, որ Լևոնին պետք չէր աշխատող գործարան: Նա դրանք քանդում էր և այս իրավիճակում պարզապես չէր կարող գործել ըստ օրինաչափության: Պետք չէ մոռացության տալ Լևոնի մեկ այլ ծառայություն ազգին, երբ աղետի գոտուց հեռացվեցին Ռուսաստանի դաշնության շինարարական կազմակերպությունները, որոնք, որպես բարեկամ երկրի բարի կամքի դրսևորում, դեռևս շարունակում էին աղետյալների համար բնակարանների շինարարությունը:

Պատճառաբանությունը մեկն էր՝ «մե՛նք պետք է վերականգնենք մեր տները», ինչը «չհաջողվեց» ոչ միայն նրան, այլ նաև հաջորդ իշխանություններին: Ցայսօր:
Գործարանը չաշխատեց նաև Ռ. Քոչարյանի օրոք, որովհետև նա նույնպես տնտեսական մտածողություն չուներ: Նրա կառավարման տարիների երկնիշ տնտեսական աճը պայմանավորված է եղել միայն շինարարությամբ՝ որպես մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատում և «Լինսի» հիմնադրամի կողմից աղետի գոտու վերականգնման նպատակով տրամադրված հարյուրավոր միլիոնների իրացումը: Այդ նույն Քոչարյանի կառավարման տարիներին Քըրքորյանը 10 մլն դոլար անհատույց գումար էր տրամադրել կառավարությանը որպես միջին բիզնեսի զարգացման հիմնադրամ: Այն պետք է վերականգնվեր արդյունավետ բիզնես նախագծերի ֆինանսավորման արդյունքում և նորից ուղղվեր նոր նախագծերի իրականացմանը: Մի քանի տարի կառավարության տրամադրության տակ մնալուց հետո այդ գումարը հետ պահանջվեց, որովհետև ֆինանսավորման նպատակով ներկայացված բոլոր նախագծերը եղել էին յուրացման կամ կոռուպցիոն ռիսկերով նախագծեր:


Ի՞նչ կատարվեց այդ գործարանի հետ Ս. Սարգսյանի կառավարման տարիներին: Առանց ավելորդ աղմուկի վաճառվեց գործարանի հաստոցային պարկը: Այնուհետև վաճառվեց նաև շինությունը: Գործարանի շենքի ապամոնտաժման աշխատանքները համընկան 2017 թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ և որոշակի հանրային արձագանքի արժանացան, ինչը, ցավոք, ոչ մի դեր չխաղաց այդ խնդրին պետականամետ լուծում տալու ուղղությամբ:


Ի դեպ , ըստ ՊՎ կոմիտեի տվյալների, Ս. Սարգսյանի կառավարման բոլոր տարիներին գրանցվել են արտագաղթի ահռելի ծավալներ: Եվ դա արդյունք էր մեր ունեցած ճղճիմ տնտեսական միջավայրի լիակատար մենաշնորհայնացման ու այլասերման, պետական ու մասնավոր շահերի ու դրանց հետապնդման ճանապարհների միախառնման, նյութական և ֆինանսական հոսքերի լիակատար վերահսկողության ու տնօրինման: Այս ամենի սկիզբը դրվել էր Ռ. Քոչարյանի կառավարման տարիներին՝ Տիգրան Սարգսյանի կողմից որպես ԿԲ կառավարիչ պաշտոնավարմամբ, ինչը նա ավարտին հասցրեց արդեն որպես վարչապետ՝ Ս. Սարգսյանի նախագահության տարիներին: Բնակչությունն ամբողջովին ունեզրկվեց, հասարակությունը ծայրահեղ բևեռացվեց և մի ողջ երկիր վերածվեց մեկ մարդու «գրասենյակի»: Եթե Ս. Սարգսյանին հաջողվեր շարունակել պաշտոնավարել վարչապետի կարգավիճակում, ապա ամեն ինչ կգնար դեպի նրա գաղափարական կորպուսի մշակած «Ազգ- Բանակ» կոնցեպցիայի իրականացումը, ինչը համեմված էր մի շարք ակնահաճո թվացող, բայց և կոնցեպտի իրական նպատակները սքողելուն միտված միջոցառումներով: Այդ ամենի մասին ես իմ հանգամանալից և հիմնավորված տեսակետը ներկայացրել եմ «Իրատեսում»: Արդյունքում մենք՝ ՀՀ ողջ բնակչությունը, հայտնվելու էինք շարքայինի կարգավիճակում, անկախ մեր տարիքից՝ մեկ գերագույն գլխավոր հրամանատարի ենթակայության տակ, որը հավակնում էր տնօրինելու ոչ միայն մեր, այլև սփյուռքի մեր հայրենակիցների կեցությունն ու ունեցվածքը:


Այսպիսին էին մեր երեք նախագահների կառավարման կործանարար հետևանքները մեր պետության ու հասարակության վրա:
(շարունակելի)

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4525

Մեկնաբանություններ