«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ո՞րն է մեր ճանապարհը

Ո՞րն է մեր ճանապարհը
23.07.2019 | 00:35

(Նախորդ մասը)

Այս ամենը մեզ թույլ կտա ստեղծել ցանկալի ժողովրդագրական իրավիճակ, ինչը սակայն չի կարող բավարարել մեր երկրի ներկա պահանջները: Ժողովրդագրական աճի ցանկալի տեմպեր կապահովենք, եթե իրականացնենք արտագաղթած մեր հայրենակիցների որքան հնարավոր է մեծ թվով ներգաղթ: Այդ բանին հասնելն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ: Արտագաղթածների մեծ մասն իրենց նոր բնակության վայրերում գտել է աշխատանք, շատերը քաղաքացիություն են ստացել, լուծել իրենց բնակարանային խնդիրները: Նրանց երեխաները կրթություն են ստացել օտար երկրներում օտար լեզուներով, և բազմաթիվ խնդիրներ են առաջացել հայրենիքի հետ ուղղակի կապի վերականգնման համար: Այս ամենը հնարավորինս շուտ հաղթահարելու համար, հաշվի առնելով նրանց մեծ մասի անթաքույց ցանկությունը՝ հնարավորության դեպքում վերադառնալ հայրենիք, վերը թվարկված խնդիրների ուղղությամբ աշխատելուց բացի, մենք պետք է մտածենք այն աշխատատեղերի մասին, որոնց միջոցով արտագաղթած մեր հայրենակիցներն իրենց օրվա ապրուստն են վաստակում այնտեղ:


Գերակշիռ մասով դա շինարարությունն է: Այսինքն այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ անելու դեպքում նրանց վերադարձի, հետևաբար և մեր խնդրի լուծման ժամկետները կարելի կլինի շոշափելիորեն կրճատել:
Ի՞նչ կարող է անել պետությունը շինարարական ճակատ ստեղծելու ուղղությամբ: Խոսքը ոչ թե մայրաքաղաքի մի հատվածում կառուցապատման ծրագրի ստեղծումն ու դրա իրավունքի տրամադրումն է, որը կարող է դառնալ մի նոր «հյուսիսային պողոտա»՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ, այլ խելամիտ, հաշվարկված բնակարանաշինության ծրագիրը, որը պարտադիր պետք է ներառի նաև մարզերը, գյուղական համայնքները: Շինարարական մի նոր ճակատ կարող է դառնալ պետական այն ծրագրերի իրականացումը, ըստ որոնց (մեր պատկերացմամբ) հիմք կդրվի արդյունաբերական, գյուղատնտեսական նշանակության օբյեկտների ու կառույցների շինարարությանը: Շինարարական աշխատանքների բարձր տեմպերը անհրաժեշտ կլինեն սկզբի մի քանի տարիների ընթացքում, ինչը մեր վերադարձած հայրենակիցների համար հնարավորություն կստեղծի առանց բարդությունների հարմարվելու տնտեսական միջավայրին:


Երկրի համար կարևորագույն նշանակության յուրաքանչյուր խնդրի քննարկման և լուծման փնտրտուքներում մենք հայտնվելու ենք նույն հարցի առաջ: Ինչպե՞ս:
Այս հարցը ենթադրում է, թե ինչ միջոցներով, ինչ մեխանիզմներով, ինչ ճանապարհներով: Դրանք բոլորը խնդիրներ են, որովհետև երկիրը թույլ է, պետությունը՝ անճար, պարտքերի ու պարտավորությունների մեջ թաղված, իշխանությունները՝ անհամարձակ, գլուխները չեն կարողանում բարձրացնել օրվա խնդիրներից, ուր մնաց հորիզոնին նայեն:
Մեր իշխանությունների, փորձագիտական շրջանակների, մասնագետների որոնումները դուրս չեն գալիս նեոլիբերալ տնտեսության պարագծից: Այն դիտարկվում է որպես սրբազան կով: Իսկ դրա ներսում լուծումներ չկան, հատկապես մեզ համար, քանի որ մենք շատ ավելի թույլ ենք, քան զարգացած տնտեսությունները, բայց և վարակված ենք նրանց հյուծող բոլոր հիվանդություններով:


Այն խնդիրները, որոնց լուծման անհրաժեշտության առաջ մենք կանգնել ենք, շարքային խնդիրներ չեն: Տասնամյակների ընթացքում դրանք խորացել են և դարձել հիմնախնդիրներ: Եվ դրանք մեր ամենօրյա կյանքի ու գործունեության ճանապարհներին կանգնած հիմնախնդիրներ են: Մենք չենք կարող շրջանցել դրանք կամ չնկատելու տալ, ինչպես արվել է նախկինում, որովհետև այժմ մենք, մեր պետականությունն ու ժողովուրդը կանգնած ենք ընտրության առաջ. կամ շարունակում ենք այնպես, ինչպես արվել է մինչև այժմ և մեր պետականությունը տանում ենք դեպի մարում, կամ ձեռնարկում ենք դրանց լուծմանը և ոտքի կանգնում որպես նոր պետություն, որն ի վիճակի է նոր հորիզոններ բացելու ազգի համար:
Նախորդ տասնամյակների ընթացքում երկիրը զարգացում չի արձանագրել: Մեզ չի հաջողվել ստեղծել արդյունաբերություն և մարդկանց ապահովել աշխատատեղերով, չունենք զարգացած գյուղատնտեսություն, որը կլուծեր բնակչության պարենապահովության խնդիրները, չենք կարողանում պատշաճ ձևով իրականացնել երկրի անվտանգության ապահովումը, չենք կարողանում նպաստավոր լուծման հասնել արցախյան հարցում, և բազում ու բազմաթիվ այլ հարցերում, որոնք գորդյան հանգույցի պես փաթաթվել են մեր պետականության տկար վզին: Առանձին-առանձին դրանք լուծել հնարավոր չէ, քանի որ դրա ժամանակը և միջավայրը նույնպես չունենք: Այդ խնդիրներից յուրաքանչյուրի լուծման համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ, համապետական նշանակության ծրագրեր, դրանց իրականացման ճշգրիտ և անխափան կառավարվող գործընթացներ: Այդպիսի բան նախաձեռնել և իրականացնել մասնավոր ներդրումների հաշվին և միջոցներով՝ անիրականանալի բան է: Հնարավոր չի լինի ապահովել ոչ այդպիսի ներդրումների որակը, ոչ ծավալները, ոչ դինամիկան և ոչ էլ կառավարելիությունը: Այդպիսի յուրաքանչյուր ձեռնարկը կդառնա մի նոր հիասթափության ու կորուստների փուլ:


Անհրաժեշտ ծավալներով և արդյունավետությամբ աշխատանքներ կարող է իրականացնել միայն պետությունը: Հետևաբար առաջնային խնդիրը դառնում է պետության դերի վերականգնումը: Դա նշանակում է նոր քաղաքական-տնտեսական միջավայրի ձևավորում, որտեղ պետությունն ստեղծում է իր նպատակներին հասնելու բոլոր գործիքները, դրանք համադրելով տնտեսավարման մնացած ձևերի հետ, չբացառելով դրանցից որևէ մեկը: Լիակատար հավասարության պայմաններում պետական ստվար սեկտորի դերն անկասկած կարող է դառնալ առանցքային թե արդար մրցակցության ապահովման, թե ցանկացած ձևաչափով համագործակցության համար:


Երբ ասում ենք, որ մենք տնտեսության և ոչ մի ոլորտում այնպիսի ներուժ չունենք, որը կարող է հիմք դառնալ այդ ոլորտի ինքնուրույն զարգացման համար, ցավով արձանագրում ենք, որ իրերի վիճակն իրոք այդպիսին է: Նույնիսկ ՏՏ ոլորտում, որը դեռևս Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակներից համարվում էր ռազմավարական և որի «զարգացման հարվածային տեմպերը» մինչ այժմ էլ պահպանվում և ավելանում են (տարեկան 20 տոկոս էր, իսկ այժմ էլ՝ անգամներով), մենք չունենք կրթական ծրագրեր, այդ ծրագրերով դասավանդելու ունակ մասնագետներ, հետազոտական բազա, աշխատանքային ծրագրեր, սահմանված նպատակներ և այլն: Իսկ դրանք հենց այնպես չեն լինում: Դա հնարավոր է միայն ոլորտի զարգացման խելամիտ ռազմավարական ծրագրի առկայության դեպքում: Իսկ դա չտեսնված մի բան է մեր կյանքի մնացած բոլոր ասպեկտների վերաբերյալ նույնպես: Առանց թե ֆինանսապես, թե քաղաքականապես ամուր պետության, մենք չենք կարող հաջողությունների հասնել տեղեկատվական և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որքան էլ թվա, թե դրանք իրենց զարգացման ինքնուրույն հոլովույթն ունեն: Այն երկրներում, որոնք այսօր դոմինանտ են տեխնոլոգիաների ոլորտում, պետական կառույցներին փոխարինում են վերազգային հսկա ընկերությունները, որոնք տնօրինում են մեր մասշտաբների համար աստղաբաշխական ֆինանսական միջոցներ և ունեն նույնպիսի քաղաքական կշիռ: Դրանք ողջ աշխարհով գնում են տեխնոլոգիական հորիզոնում հայտնված նոր ընկերությունները, թելադրում և կառավարում շուկայի բոլոր տեղաշարժերը: Այդ մարտերին մասնակցում են նաև այդ (հզոր) պետությունների կառավարությունները նույնպես, ինչպես ԱՄՆ-ի և Չինաստանի տեխնոլոգիական ճակատամարտի դեպքում: Մենք լավագույն դեպքում կմնանք աութսորսինգով (կազմակերպության կողմից որոշակի բիզնես-գործընթացների կամ արտադրական գործառույթների հանձնումը համապատասխան բնագավառում մասնագիտացող մեկ այլ ընկերության սպասարկմանը) զբաղվող և ստարտափեր (մարդկային ինստիտուտ` ոչ ֆորմալ խումբ կամ գրանցված ընկերություն, որն աշխատում է ստեղծել նոր արտադրանք կամ մատուցել նոր ծառայություն՝ ծայրահեղ անորոշ, այսինքն արագ փոփոխվող միջավայրում) մատակարարող երկիր, ինչը երբևէ պետական նպատակ համարվել չի կարող:
Մենք վաղուց մեզ հայտարարել ենք սոցիալական ուղղվածությամբ պետություն, այսինքն մեր երկրում սոցիալական խնդիրների լուծումը որոշակի առաջնահերթություն պետք է ունենա պետական եկամուտի տնօրինման և բաշխման ժամանակ: Իրականում մեր բյուդջեի տկարությունը մեզ թույլ չի տալիս անգամ ամենաառաջնահերթ սոցիալական խնդիրները լուծել՝ նվազագույն սպառողական զամբյուղ, նվազագույն աշխատավարձ, աշխատանքով ապահովվածություն, բնակարանի խնդիր, առողջապահական ծառայություններ: Իսկ դրանք բոլորը լուծում են պահանջում և՝ պատշաճ մակարդակով:


Այսպիսի տնտեսությամբ և զարգացման այսպիսի տեմպերով մենք դրանց մասին մտածել չենք կարող նույնիսկ առաջիկա հիսուն տարիների ընթացքում: Անցած երեսուն տարիները՝ որպես ասվածի ապացույց:
Եվ ինչի՞ կարող ենք հավակնել այդ դեպքում:
Հավակնություններ կարող ենք ներկայացնել, ինչպես հիմա, տեխնոլոգիական երկիր դառնալու, տարածաշրջանային կենտրոնի վերածվելու… Ընդհանրապես յուրաքանչյուր չնչին նորույթ մեր երկրում ներկայացնելիս անպայմանորեն ուզում ենք, որ այն թաթախված լինի տարածաշրջանային առաջնորդության սոուսում: Եվ մինչ այժմ դրանցից ոչ մեկի արդյունքը չտեսանք, քանի որ դրանք դատարկ ռեկլամային հնարքներ են: Այս ռեսուրսով և, կներեք արտահայտությանս համար, գավառական մտածողությամբ մենք ոչնչի հավակնել չենք կարող: Մենք պարզապես ի չիք կդարձնենք մեր հրաշալի սերնդի՝ փայլուն ապագա ունենալու, ընդգծում եմ, իր երկրում փայլուն ապագա ունենալու հնարավորությունը:
Ավելին: Մենք պարզապես վտանգում ենք նրանց ապագան՝ մնալով թույլ, նվնվան պետություն:


Մեր բոլոր իշխանությունները ժլատություն չեն արել և հիմա էլ չեն անում ընդգծելու մեր ժողովրդի ստեղծարար կարողությունները, մեր ազգային հարստությունը համարելով հենց մարդկանց: Մինչ այժմ դա միայն հասկացվել է որպես նրանց անիրականանալի ծրագրերի հնարավորության երաշխիք:
Բայց անհրաժեշտությունն այլ տեղում է: Այդ մարդկանց պետք է տալ իրական միջավայր ստեղծելու, իրենց կարողություններն ու երևակայությունը հանուն իրենց սերունդների ու հանուն հայրենիքի դրսևորելու հնարավորություն։
Ինչպես համոզվել ենք, ներկա աշխարհում զարգանալը բարդ խնդիր է, անգամ եթե քեզ ոչ ոք չի խանգարում: Առավել բարդ է մեր իրավիճակում, մեր աշխարհաքաղաքական հարևանների առկայությամբ, մեր փոխադարձ խնդիրներով հանդերձ:
Այսինքն պետք է գիտակցել, որ ոչ ոք մեզ հնարավորություն չի տա զարգանալու ինչպես մենք ենք ուզում:
Մենք պետք է կարողանանք անել դա ի հեճուկս մեր բոլոր թշնամիների ու ոխերիմ բարեկամների:

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5047

Մեկնաբանություններ