Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ամուսնացել է ու երթևեկում է մետրոյով

Ամուսնացել է ու երթևեկում է մետրոյով
16.09.2019 | 10:52

ԱԱԾ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որ 2013-ին ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի տվյալների արտահոսք կազմակերպեց, հարցազրույց է տվել Guardian-ին՝ իր Permanent Record հուշագրության հրապարակման առիթով: Գրքում 36-ամյա Սնոուդենն առաջին անգամ մանրամասն նկարագրում է իր հետ տեղի ունեցածը: Երկու տարի առաջ Սնոուդենն ամուսնացել է Լինդսի Միլլսի հետ ռուսական ԶԱԳՍ-ում (Սնոուդենը Լինդսիին անվանում է իր կյանքի սերը, նրանք ծանոթ են 10 տարի): Հիմա նա քիչ թե շատ նորմալ առօրյա ունի (թեպետ՝ կգերադասեր ապրել ԱՄՆ-ում կամ Գերմանիայում): 2013-ին վախեցած էր ու իրեն մենակ էր զգում Ռուսաստանում, հիմա ազատ տեղաշարժվում է քաղաքում, երթևեկում մետրոյով, գնում է ցուցահանդեսներ, բալետ, հանդիպում է ընկերներին ռեստորաններում: Սնոուդենն ապրում է երկսենյականոց բնակարանում, Մոսկվայի ծայրամասում, ապրուստի գումար հայթայթում է ուսանողների կամ այլ ունկնդիրների համար տեսակապով ելույթներով (ժամային գոտիների տարբերության պատճառով ԱՄՆ-ի հետ կապը գիշերներն է ստացվում):

Սիրում է ճանապարհորդել Ռուսաստանով (եղել է Պետերբուրգում ու Սոչիում), համարում է, որ Ռուսաստանն «աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկն է», որտեղ ապրում են բարեկամասեր մարդիկ, թեպետ սկզբում իրեն զգում էր «թշնամու մեծ բերդում» ու սարսափում էր դրանից: Զգում է ամերիկյան Taco Bell-ի (մեքսիկական սնունդ) պակասը, մնացած հարցերում՝ Ռուսաստանում կարելի է գտնել ամեն ինչ, որ կա ԱՄՆ-ում: Նա էլեկտրոնային լրտեսության ամերիկյան ծրագրերի մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի ամենամեծ կազմակերպիչն էր և ԱՄՆ-ը պնդում է Սնոուդենի արտահանձնումը: ԱՄՆ-ում նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում: Ռուսաստանում սկզբում Սնոուդենին տրվեց ժամանակավոր կացարան, ապա՝ կեցության իրավունք: 2017-ի փետրվարին իշխանությունները կեցության իրավունքը երկարացրին մինչև 2020-ը: Այն ժամանակ Guardian-ին հարցազրույցում Սնոուդենն ասել էր, որ իր կյանքում չկա որոշակիություն, որովհետև ինքը կախված է նախագահ Վլադիմիր Պուտինի բարիկամեցողությունից: Իր խնդիրը նա համարում էր կատարված. «Իշխանությունները և կորպորատիվ հատվածը օգտվում են մեր անտեղյակությունից, բայց հիմա մենք գիտենք, մարդիկ գիտեն: Իմ բացահայտումները օգնեցին հավասարը հավասարի հետ պայքարել»: Սնոուդենի հուշերը վաճառքի կհանվեն սեպտեմբերի 17-ին, աշխարհի 20 երկրներում:.
BBC


Հ.Գ. Ջուլիան Ասանժի համեմատությամբ՝ Էդվարդ Սնոուդենի կյանքը դրախտ է: Տեղեկատվության ազատությունը իր գինն ունի: Բայց դա էլ քաղաքականություն է՝ ինչպես Սնոուդենին Ռուսաստանում կացության իրավունք տալը և ԱՄՆ-ին չարտահանձնելը, որ կաներ ցանկացած այլ երկիր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ