«Իքս» պահը մոտենում է
04.10.2019 | 00:23
Չշտապենք, այնուհանդերձ, արձանագրենք. Բատկայի` Ծառուկյանի հյուրատանը գիշերուց հետո ԲՀԿ «մարշ-բրասոկը» դիտարժան էր` Հրայր Թովմասյանին «նվիրված» ապօրինի նախագծի քվեարկությանը չմասնակցելու մասով: Չնայած ԲՀԿ-ն մեկ անգամ չէ, որ ամուսնացած է եղել, «հեղափոխություններ» անելու ցանկություններ ունեցել: Մանավանդ որ իրականությանը համապատասխանում են լուրերը, որ իրավապահները մի քանի անգամ ցանկացել են Գագիկ Ծառուկյանի վրա գործ հարուցել, Ծառուկյանի մտերիմները, որոնք Փաշինյանի մոտ «ասող» են, թույլ չեն տվել:
Անցնենք քաղաքական կատեգորիաներին. հունվարի 14-ը սարերի հետևում չէ. դա այն ռեալ ժամկետն է, որը հնարավորություն է տալիս պառլամենտական վերադասավորություններ անելու, գործող վարչապետին անվստահություն հայտնելու: Նկատենք` մեկ այլ ֆլանգով քաղաքականություն է մտնում Արթուր Վանեցյանը. առաջիկայում, ըստ ամենայնի, նա կհայտնի քաղաքական դաշտ մտնելու մասին: Մյուս ֆլանգով կարծես արդեն գալիս է Ծառուկյանը: Մնացածներով` յաջորդիվ: Ի դեպ, նկատենք, որ վերջին շրջանում խոսվում է նաև Արթուր Վանեցյանին «ձերբակալելու» վարկածի մասին:
Կգնա՞ օրվա իշխողը դրան: Անհրաժեշտ դեպքում` գուցե և` այո. «հարկավորի ձեռքը չի դողում նման հրամանագրեր «ստորագրելիս»: Կկարողանա՞ «մարսել» Արթուր Վանեցյանին: Խիստ կասկածում ենք: Հազար պատճառով: Չթվենք: Մանավանդ որ, Վանեցյանի ամեն մի «խոսքը» կարող է երկրաշարժեր առաջացնել, իշխանություն արժենալ շատերի համար:
Արձանագրենք պարզապես. հնարավո՞ր է նախկին նախագահ, նախկին ԱԱԾ պետ ունենալ փակի տակ ու լինել ղեկավար: Ո՛չ:
Անցնենք առաջ, հասկանալու` ինչ կլինի Հրայր Թովմասյանին «նվիրված» սահմանադրական կարգի հերթական տապալման ապօրինի օրինագծի մասով (սահմանադրական կարգի առաջին տապալումը` իշխանությունը փողոցում` շանտաժով` «կամ ես կլինեմ վարչապետ, կամ ոչ ոք չի լինի» քայլն էր, երկրորդը` ԱԺ-ն նույնական շանտաժով լուծարելը, երրորդը` դատարանների մուտքերը փակելը):
Անկախ նրանից` ինչ է ասել ԲՀԿ-ն, օրինագիծն ԱԺ-ի կողմից ընդունվելու է: Օրինագիծը հնարավոր է և չընդունվեր, որովհետև «Իմ քայլում» խմորումները հասել են պիկին. այնտեղ ոչ միայն աջ ձեռքը չգիտե, ինչ է անում ձախը, այլև անվստահության այնպիսի մթնոլորտ է, ինչպիսին 37 թվին էր, ուստի չէր բացառվում, որ փակ-գաղտնի քվեարկության արդյունքում օրինագիծը չհավաքեր համապատասխան ձայներ:
Այդ իսկ պատճառով Փաշինյանին օգնության հասավ «դասական ընդդիմադիր», իշխանության համար բոլոր կեղտոտ գործերը սեփական ձեռքերով կատարող (տես` ուժային կառույցների ղեկավարներին առնչող «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը) Էդմոն Մարուքյանի ֆրակցիան. վերջինս «կողմ» կքվեարկի Հրայր Թովմասյանի գործունեության դադարեցման մասին ապօրինի նախագծին:
Երկրորդենք` նախագիծը միանշանակորեն կընդունվի ԱԺ-ում: Վերջին խոսքը, սակայն, ՍԴ-ինն է: Կհաջողվի՞ իշխանություններին ՍԴ-ում ունենալ վեց ձայն (երեքն արդեն ունեն): Մեր աղբյուրները հստակ ու աներկբա պնդում են` այս պահին` ոչ, իսկ թե հետագայում ինչ ճնշումներ կկիրառվեն (ճնշումները ՍԴ անդամների վրա ամեն վայրկյան ու ամենազորեղ ձևով են ընթանում), պարզ կդառնա առաջիկայում:
ՈՒ թե, Աստված մի արասցե, իշխանությունները ծնկի բերեն նաև այս մի «բաստիլը»` ՍԴ-ն, ապա «պետք» է... հանգցնել Հայաստանի լույսերն ու հեռանալ, որովհետև ՍԴ-ով հանձնվում է պետությունը, երկիրը։ Ամենը:
Ինչու՞: Շատ պարզ: ՍԴ-ն լոկ Ռոբերտ Քոչարյանի «գործի» որոշման մարմին չէ, և դեմարշը վերջինիս քայքայման, ոչնչացման դեմ ամենևին այդ տեսլականով չի սահմանափակվում։ Անգամ Ստամբուլյան կոնվենցիայի հաստատման կամ ժխտման համար չէ այս հզոր դեմարշը:
ՍԴ-ն անգամ սպասվող կառավարման համակարգը նախագահականով փոխարինելու` վարչապետական խախուտ, ամեն րոպե անվստահության թիրախ հանդիսացող մարմին չէ:
Դրա համար չէ սևեռումը Հրայր Թովմասյանի անձի նկատմամբ: ՍԴ-ն Արցախյան խնդրի, սպասվող հանրաքվեների «զոնան» է, ինչից կախված է ամեն բան, այդ թվում և «հեղափոխության» ու «հեղափոխականների», բայց առաջին հերթին` Արցախի ու Հայաստանի ճակատագիրը:
Ամբողջապես:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ