Միանգամից ասենք, որ վերնագրում պարփակված միտքը վերաբերում է Լիխտենշտայն-Հայաստան, Նորվեգիա-Իսպանիա դիմակայություններում գրանցված 1։1 արդյունքին, բայց ոչ հետևանքներին, քանզի դրանք բոլորովին տարբեր բաների մասին են խոսում, ու եթե հետևանքները թողած՝ պիտի արդյունքով ոգևորվենք, ի՞նչ ասեմ, ուրեմն ավելի քան ողորմելի վիճակում ենք։ Մանրամասների մասին՝ ստորև ներկայացվելիք խմբային հատվածում, իսկ մինչ այդ ասենք, որ ահա և եկավ ֆուտբոլի Եվրոպա-2020-ի որակավորման փուլի հանդիպումներն ըստ խմբերի ներկայացնելու ժամանակը, քանզի արդեն շատ ավելի մեծ հնարավորություն ունենք ողնաշարավորված իրողության մասին խոսելու, քանի որ գերազանցապես հստակ տարանջատված են ինչպես բացահայտ առաջատարները, այնպես էլ նույնքան ակնհայտ հետնապահները: Եվ այսուհանդերձ նշենք, որ ընտրյալների ցանկում հայտնվելու պայքարն առանձին խմբերում դեռևս շարունակվում է:
J ԽՈՒՄԲ
Հենց այս վերջին մտքից կառչելով էլ՝ խախտենք խմբերի ներկայացման այբբենական կարգը, քանզի սեփական մաշկը սեփական մարմնին ավելի մոտ է։ Չասենք պարտության էր հավասար, սակայն պարտությունից էլ ոչնչով լավ չէր Լիխտենշտայնի ընտրանու հետ մեր հավաքականի հանդիպման 1։1 արդյունքը։ Գիտե՞ք, որքան էլ փորձում ես տրամաբանված գործել, այդուհանդերձ մի ներքին, գաղտուկ երազված ակնկալիք կա, թե մեկ էլ տեսար մեզ էլ կարող է ուժեղների խնջույքի մասնակից լինելու բախտ վիճակվել, թեպետ մյուս կողմից էլ երբ նայում ես մերոնց խաղին, անկախ քեզնից մտածում ես՝ բայց ու՞մ է պետք նման մասնակցությունը, երբ աղքատ բարեկամի կարգավիճակ էլ չես ունենալու այդ հանդիսությունում։
Լիխտենշտայնի հետ դիմակայությունում մեզ հաղթանակը պետք էր առնվազն նրա համար, որ միավորներով հավասարվելու էինք Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ մրցակցությունը 1։4 հաշվով տանուլ տված ֆիններին ու մեր հաջորդ հանդիպմանը, որ վերջիններիս հետ է լինելու, հոգեբանորեն կմոտենայինք ավելի ուժեղ դիրքերից։ Սակայն ամբողջ ցավն այն է, որ եթե մեզ լիխտենշտայնցիների հետ մրցակցությունում անգամ չի հաջողվում հասնել ցանկալի արդյունքի, կներեք, ի՞նչ ենք անելու անհամեմատ ուժեղ ֆինների հետ։ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղի օրինակով մի նոր Ավարա՞յր... Սակայն դարձյալ նույնքան կներեք. այսպես ավարայրներով մինչ ե՞րբ ու մինչև ու՞ր։ Իսկ դուք ավելի քան ռեալ տագնապ չունե՞ք, որ ֆինների հետ շատ հնարավոր է, որ մեզ մինչ վերջ կոտորենք, ու վերջնական շահողը լինեն բոսնիա-հերցեգովինացիները, որոնց բոլորովին վերջերս վերցրինք ու մեր հարկի տակ այնպես անխնա պատժեցինք 4։2 հաշվով։
Չգիտեմ, իսկապես չգիտեմ, թե ինչ է լինելու, բայց որ մեզ կազմավորվել, ուշքի գալ է պետք, խելքը գլուխը հավաքել, սա անվիճելի է։ Ես Արմեն Գյուլբուդաղյանց անձին չեմ ճանաչում, բայց ոնց որ թե այս մարդը ֆուտբոլից բան է հասկանում ու ձգտում է ինչ-որ բան անել։ Տա Աստված, որ նա հաջողի, ու մեր հավաքականի մասին այսուհետ խոսենք ոչ թե որպես դեպքից դեպք ազգին ուրախացնող, այլ կայունորեն ուժեղի գիտակցմամբ ապրող ու գործող ուժի։
Ինչ վերաբերում է տուրից հետո աղյուսակում եղած դասավորությանը, առաջատարը շարունակում է մնալ Իտալիայի ընտրանին, որը յոթ խաղից հետո ունի նույնքան հաղթանակ ու վաղաժամկետ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղերին մասնակցելու իրավունքը` հերթականում 2։0 հաշվով պարտության մատնելով Հունաստանի հավաքականին։
Ֆինները 12 միավորով երկրորդ հորիզոնականում են, տասական միավորով երրորդ-չորրորդ տեղում են մեր ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները։
F ԽՈՒՄԲ
Միանշանակ է, որ իսպանացիների առկայության պայմաններում (նորվեգների հետ խաղից հետո ունեն 19 միավոր) պայքարը երկրորդ ուղեգրի համար է, ու դրան հավակնում է միանգամից երեք ընտրանի։ Ռումինացիներն իրենցն արեցին արտագնայում, հաղթանակից բացի այլ ելք Ֆարերյան կղզիների ընտրանու հետ պայքարում սկզբունքորեն պիտի որ չարձանագրվեր ու չարձանագրվեց էլ՝ 3:0։ Սակայն իր շանսից արդյունավետ օգտվեց նաև Շվեդիայի հավաքականը՝ հյուրընկալվելիս չորս անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնելով Մալթային ու 14 միավորով պահպանելով երկրորդ հորիզոնականը, ինչը մեկով ավելի է ռումինացիների ունեցածից։ Բոլոր դեպքերում հիշատակենք նաև Նորվեգիայի վաստակած միավորների քանակը՝ 10, քանի որ նրանք դեռևս դուրս չեն մնացել պայքարից։
I ԽՈՒՄԲ
Այս խմբի հանդիպումների մասին կարող ենք խոսել միանգամից երկու տուրի կտրվածքով, քան որ խաղային օրացույցը տալիս է նման հնարավորություն։ Սան Մարինոյի ընտրանուն հաղթելով 9:0 հաշվով՝ արդեն յոթերորդի արդյունքներով Բելգիայի ընտրանին դարձել էր որակավորման փուլը ոչ միայն հաջողությամբ, այլև վաղաժամկետ անցած առաջին թիմը։ Այն անպարտ հանդիպումների շարքը շարունակեց նաև ութերորդում` հյուրընկալվելիս 2։0 հաշվով պարտության մատնելով Ղազախստանի հավաքականին։
Սկզբունքորեն դեռ նախորդ տուրից էր նրան ընկերակցել Ռուսաստանի ընտրանին, որը նույնպես խոշոր հաշվով էր հաղթանակ տոնել Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ (4։0)։ ՈՒթերորդում ռուսները հյուրընկալվելիս նմանատիպ առավելություն գրանցեցին նաև կիպրոսցիների նկատմամբ (5։0)՝ պաշտոնապես դառնալով երկրորդ ուղեգրի տեր (հարկ համարենք նշել, որ խմբային մյուս խաղում շոտլանդացիները 6։0 հաշվով պարտության են մատնել Սան Մարինոյի ընտրանուն)։ Ինքնին հասկանալի է, որ մնացած երկու տուրերն այստեղ ձևական բնույթ են կրելու կամ, այսպես ասենք, դրանցում խումբը կազմածները լոկալ խնդիրներ են լուծելու։
A ԽՈՒՄԲ
Չորս տուրից հետո առանց պարտության ընթացող Անգլիայի «կռիվն» ինը միավորով իրեն հետապնդող Չեխիայի հավաքականի հետ էր վերջիններիս համար շատ ավելի բախտորոշ նշանակությամբ, քանզի այստեղ գործերին կարող է լրջորեն խառնվել Կոսովոյի ընտրանին: Սեփական հարկի գործոնը շատ մեծ դեր խաղաց այս դիմակայությունում՝ չեխերին օգնելով կամային հաղթանակի հասնելու հյուրերի նկատմամբ, ովքեր հաղթելու դեպքում Բելգիայի ընտրանուց հետո դառնալու էին որակավորման փուլը հաղթահարած երկրորդ թիմը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, կղզեբնակները ստիպված են սպասել։
Գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված Չեռնոգորիա-Բուլղարիա դիմակայությունը կողմերին ոչինչ չէր կարող տալ, քանզի նրանք իրենց երգը վաղուց են երգել ու վաղուց դիտորդի կարգավիճակ ունեն Եվրոպայի այս առաջնության որակավորման փուլում։ Երեկ երեկոյան կայացել են այս խմբի Բուլղարիա-Անգլիա, Կոսովո-Չեռնոգորիա դիմակայությունները։
B ԽՈՒՄԲ
Բելգիացիներից հետո այն, ինչ պիտի անեին ու չկարողացան անել անգլիացիները, յոթերորդ տուրի արդյունքներով արեցին ուկրաինացիները՝ հյուրընկալելիս 2։0 հաշվով հաղթելով Լիտվայի հավաքականին ու 16 միավորով շարունակելով գլխավորել խմբայինը։ Առաջատարից մեկ խաղ պակաս անցկացրած պորտուգալացիները սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեցին Լյուքսեմբուրգի ընտրանուն ու 11 միավորով երկրորդ հորիզոնականում են՝ նույնքան հանդիպում ունեցած սերբերից ավելի ունենալով չորս միավոր։ Երեկ ուշ երեկոյան, ութերորդ տուրի շրջանակներում, ուկրաինացիները հյուրընկալել են պորտուգալացիներին, լիտվացիները՝ սերբերին։
E ԽՈՒՄԲ
I խմբի օրինակով այստեղ, ինչպես նաև ստորև ներկայացվելիք G և C խմբերում եղած զարգացումների մասին էլ կարող ենք խոսել երկու տուրի կտրվածքով։ Հունգարների նկատմամբ հաղթական խաղից (3։0) ու հյուրընկալվելիս ՈՒելսի հետ ունեցած ոչ-ոքիից հետո (1։1) Խորվաթիայի ընտրանին 14 միավորով գլխավորում է խմբայինը, և ակնհայտորեն երկու ուղեգրերից մեկը հենց նրանն է լինելու։ Երկրորդ հորիզոնականում հունգարներն են, ովքեր վերջին տուրում հաղթանակ են տոնել ազերիների նկատմամբ և ունեն 12 միավոր։ Երրորդ տեղում է Սլովակիան, որը տասը միավոր ունի, սակայն ակտիվում պակաս անցկացրած խաղ կա։ Տեղեկացնենք, որ այն նախորդ տուրում սեփական հարկի տակ 1։1 էր խաղացել ՈՒելսի ընտրանու հետ։
G ԽՈՒՄԲ
Համապատասխանաբար 3։0 և 2։0 հաշվով հաղթանակներ Լատվիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիների նկատմամբ, ու լեհերի հավաքականը 19 միավորով լուծեց որակավորման փուլից դուրս գալու խնդիրը, և սա այն դեպքում, երբ ակտիվում երկու հանդիպում էլ ունի։ Խաղարկվելիք վերջին երկու տուրից առաջ խմբային երկրորդ ուղեգիրը 99,9 տոկոսով ավստրիացիները կարող են գրպանում համարել, քանի որ հինգ միավորով գերազանցում են երրորդ տեղում գտնվող Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Ավստրիացիները լեհերի պես յոթերորդ և ութերորդ տուրերում հաղթանակներ են տոնել։ Նրանց առջև ծնկել են նախ իսրայելցիները՝ 1։3, ապա սլովենացիները՝ 0։1։
C ԽՈՒՄԲ
Նախորդ տուրի Հոլանդիա-Հյուսիսային Իռլանդիա դիմակայությունից հետո, որն ավարտվել էր տանտերերի 3:1 հաշվով հաղթանակով, խմբում ստեղծվել էր մի իրավիճակ, որտեղ միանգամից երեք թիմ՝ հիշատակված երկուսն ու մեկ խաղ պակաս անցկացրած Գերմանիայի ընտրանին, ունեին 12 միավոր (հոլանդացիներն էլ էին մեկ խաղ պակաս անցկացրել): Հերթական տուրն արեց իր անխուսափ շտկումները։ Հոլանդացիներն արտագնայում երեք միավոր կորզեցին բելառուսներից՝ հաղթելով 2։1 հաշվով, իսկ գերմանացիները, դարձյալ արտագնայում, անցան էստոնացիների վրայով՝ 3։0։ Այսպես ենք ասում, քանզի հաղթել են տասը հոգով։ Ընդ որում երեք գոլն էլ խփել են էստոնացիների թվային գերազանցության պայմաններում։ Դառնալով ուժերի հարաբերակցությանն ու խմբայինում Հոլանդիայի, Գերմանիայի, Հյուսիսային Իռլանդիայի դասավորվածությանը՝ երևի թե այնքան էլ դժվար չէ ասելը, թե վերջնահաշվում այս եռյակից որն է լինելու ամենաթույլ օղակը, սակայն բոլոր դեպքերում եկեք առանձնապես առաջ չընկնենք զարգացումներից:
D ԽՈՒՄԲ
Վրաստանում հյուրընկալված խմբային առաջատար Իռլանդիան գոլազուրկ ոչ-ոքի խաղաց տեղի ընտրանու հետ ու միավորների թիվը հասցրեց 12-ի։ Սեփական հարկի տակ հյուր ժամանած շվեյցարացիների նկատմամբ դանիացիների հաղթանակը նրանց միավորների թիվը ևս հասցրեց 12-ի՝ վերապահելով երկրորդ հորիզոնականում հայտնվելու հնարավորությունը։ Հարկավ այնպես չէ, որ ութ միավորով մնացած շվեյցարացիներն այլևս լավագույն երկյակի մաս կազմելու հույսեր չեն կարող փայփայել։ Չմոռանանք, որ այս պարտությամբ նրանք բարդացրին իրենց խնդիրը, սակայն պակաս անցկացրած մեկ խաղ ունեն։ Այնպես որ, այստեղ բնավ էլ ամեն ինչ պարզ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։
H ԽՈՒՄԲ
Այս խմբի յոթերորդ տուրի երեք հանդիպումում էլ գրանցվել է նույն 1։0 հաշիվը։ Թուրքերը գերագույն ճիգերի գործադրմամբ վերջին վայրկյաններին հաղթանակը կորզել են ալբանացիներից, ֆրանսիացիներն արտագնայում առավել են եղել իսլանդացիներից, իսկ Անդորրան Մոլդովայի ընտրանուն ստիպել է դառնալ աղյուսակը եզրափակող՝ տոնելով խմբային առաջին հաղթանակն ու վաստակելով առաջին միավորները։ Թուրքերն ու ֆրանսիացիներն ունեն 18-ական միավոր ու կասկած չկա, որ հենց այս տանդեմով էլ կդառնան եզրափակիչ փուլի մասնակից։ Երեկ ուշ երեկոյան կայացել են խմբի ութերորդ տուրի հանդիպումները։ Ֆրանսիացիները հյուրընկալել են թուրքերին, մոլդովացիները՝ ալբանացիներին, իսլանդացիները՝ անդորրացիներին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ