Վրաստանում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Տղամարդկանց մեր ընտրանին Բաթումում այդպես էլ չկարողացավ մեդալ նվաճել։
Վերջին՝ 9-րդ տուրում Հունաստանի հավաքականի նկատմամբ 3:1 հաշվով տոնած հաղթանակը մեր տղաների վաստակած միավորների թիվը հասցրեց 13-ի, ինչը վերջնահաշվում նշանակեց չորրորդ արդյունք: Հաղթանակներ են տարել Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները: Մեր ընտրանու կազմում առաջնությանը մասնակցել է նաև Հայկ Մարտիրոսյանը:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանի հավաքականը՝ 15 միավոր: Լավագույն եռյակում տեղ են գտել նաև 14-ական միավոր հավաքած ՈՒկրաինան ու Անգլիան:
Կանանց հավաքականը վերջին տուրում 1,5:2,5 հաշվով պարտվել է Ադրբեջանին և 11 միավորով գրավել 7-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանը պարտվել է, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը միավոր են կիսել: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել է նաև Սիրանուշ Ղուկասյանը: Կանանց Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Ռուսաստանի հավաքականը՝ 16 միավոր։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ