«10 մլն դրամի դիմաց բանակից ազատվելու նախագիծ օրակարգ բերելն անթույլատրելի է»
06.12.2019 | 00:15
«Հայկ Սարգսյանի շրջանառության մեջ դրած նախագիծը ներկայացված տեսքով ընդունելի չէ: Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունը զինված ուժերի հանդեպ պետք է առաջնային լինի»: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն նախագծի մասին, որով առաջարկվում է մինչև 27 տարեկանը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին հնարավորություն տալ վերադառնալու Հայաստան, բյուջե վճարել 10 մլն ՀՀ դրամ ու ծառայել ընդամենը մեկ ամիս, «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ:
«Ադրբեջանը բաց տեքստով սպառնալիքի լեզվով է խոսում տարբեր ամբիոններից, մեր երկրի ղեկավարությունը, առնվազն Ազգային անվտանգության խորհրդի մակարդակով, ասում է՝ փաստացի պատերազմի մեջ ենք գտնվում, ու այս պարագայում նման բովանդակությամբ նախագիծ օրակարգ բերելն անթույլատրելի եմ համարում: Նախագծի հեղինակը լրագրողների հետ զրույցում ասում է, որ ուսումնասիրել է տարբեր երկրների փորձը, նոր միայն նման նախագիծ ներկայացրել, չպարզաբանելով, թե կոնկրետ որ երկրի փորձն է ուսումնասիրել, ինչը, մեղմ ասած, զարմանալի է։ Զինված ուժերում ծառայելը պետք է պատիվ լինի ՀՀ ցանկացած քաղաքացու համար, իսկ նման նախագծով, փաստորեն, խրախուսում ենք բանակից խուսափողներին, ասում՝ մինչև 18 տարին լրանալդ մեկնիր երկրից, խուսափիր ծառայությունից, ապա մինչև 27 տարեկանդ բեր 10 մլն վճարիր, մեկ ամիս ծառայիր ու պետականորեն զինվորական գրքույկ կստանաս։ Իսկ մտածե՞լ ենք, թե մեկ ամսում ի՞նչ է հնարավոր սովորեցնել նորակոչիկին: Սա ի՞նչ նոր ուսուցման մեթոդաբանություն է, որից այդքան քիչ մարդ է տեղյակ: Եթե հիմա մինչև 27 տարեկան բանակից խուսափածներին ընդառաջեն ու գումարի դիմաց ազատեն բանակից, ապա վաղը, մյուս օրն էլ պետական վճարի դիմաց կարող են առհասարակ բոլորին ազատել պարտականությունից»,- բարձրաձայնում է Մանգասարյանն ու ընդգծում՝ բոլոր հարցերը պետք է հստակ պատասխան ունենան:
Ռազմական փորձագետը վստահ է՝ պետք է օգտագործել բոլոր ռեսուրսներն ու մարդկանց մեջ սերմանել, որ բանակից խուսափելը դավաճանություն է, իսկ ովքեր կփորձեն ինչ-ինչ ճանապարհով խուսափել ծառայությունից, ապա, ինչպես վարչապետն է հաճախ ասում, նրանց պետք է «փռել ասֆալտին և պատերով տալ»։
Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ պաշտպանության նախարարությունը նախագծի մասին բացասական կարծիք է հայտնել, բայց մտահոգիչ է, որ ըստ Հայկ Սարգսյանի, բանավոր զրույցում իր գաղափարին հավանություն է տվել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Անկեղծ ասած, չեմ ուզում հավատալ դրան, քանի որ այդ հանձնաժողովի նախագահը բանակի մասին ամենաշատ ինֆորմացված մարդն է ԱԺ-ում ու հասկանալով երկրի առջև ծառացած մարտահրավերները, չպետք է դրականորեն վերաբերվի նման նախագծերին»։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ