Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞վ է Կասեմ Սուլեյմանին ու ի՞նչ է նշանակում նրա սպանությունը

Ո՞վ է Կասեմ Սուլեյմանին ու ի՞նչ է նշանակում նրա սպանությունը
06.01.2020 | 23:08

Կասեմ Սուլեյմանին 1988-ից Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի էլիտար Ալ Կուդս կազմավորման հրամանատարն էր: Սուլեյմանին հրամաններ էր ստանում ուղիղ Համենեիից: Մերձավոր Արևելքում նրան անվանում էին «Իրանի սուր»: Սուլեյմանին կարևոր դեր է խաղացել Իրանի ու Լիբանանի «Հեզբոլահի», Սիրիայում ԲԱԱՍ-ի ու Իրաքում շիայական զինված խմբավորումների մերձեցման մեջ: Իսրայելի հետախուզության ու արաբական որոշ երկրների կողմից նրա դեմ քանիցս մահափորձեր են կազմակերպվել, բայց ամեն անգամ կանխվել են: Ալ Կուդսի ուժերը արտասահմանյան ահաբեկչական խմբավորումների ամերիկյան ցանցի մեջ են: Իրանի բանակի բարձրաստիճան հրամանատարի սպանությունը ԱՄՆ-ի կողմից ցույց է տալիս, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարումը կարող է հասնել ավելի լուրջ մասշտաբների: Ալ Մուհանդիսը, որ սպանվել է Սուլեյմանիի հետ, ալ Ամիրից հետո երկրորդ հրամանատարն էր Իրաքի Հաշդի Շաբդի ուժերի: Նա Հեզբոլահի ջոկատների հրամանատարն էր և մեկ տարի առաջ հարցազրույցում իր հարաբերությունները Կասիմ Սուլեյմանիի հետ բնութագրել է իբրև «զինվորի նվիրվածություն իր հրամանատարին»: 2019-ի ապրիլի 8-ին ԱՄՆ-ը Հաշդի Շաբդին հայտարարեց ահաբեկչական կազմակերպություն:
Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաիթհ Յիլդիզը ասել է.«Մենք նույնպես հետևում ենք իրադարձությունների զարգացումին: Տեղեկատվության հաստատումը շատ ժամանակ խլեց: Առայժմ վաղ է եզրակացություններ անել, բայց առաջին փուլում կարող են ասել, որ քաղաքի որոշակի մասում եղան զանգվածային ելույթներ, որ երկար ամիսներ էին տևում: Որոշ խմբեր փողոց դուրս եկան ուրախության բացականչություններով: Բայց առայժմ Իրաքի պաշտոնական իշխանությունների հայտարարություն չի եղել»:


Մերձավոր Արևելքի փորձագետ Ալի Սեմին նշել է. «Սուլեյմանին շատ լուրջ, շատ կարևոր անձ էր Իրանի համար: Իրաքում լուրջ, միջնորդավորված պատերազմ է Իրանի ու ԱՄՆ-ի միջև: Այդ պատերազմի հետևանքով Իրաքին քաոս է սպասվում: Եթե Իրանը Սուլեյմանիի սպանությունից հետո չկարողանա կառավարել իրավիճակը Իրաքում, լուրջ ճգնաժամի մեջ կհայտնվի: Իրանն արդեն բախվել է տնտեսական լուրջ պատժամիջոցների հետ»:
Անվտանգության փորձագետ Ջոկշուն Բաշբուղը ասել է. «Աշխարհում քչերը կարող են ասել, որ սպասում էին սրան: Կար կառույց, որ իր ներկայությունը ստիպում էր զգալ համարյա 20 տարի և Իրանի զինված ուժն էր, որ գործում էր սահմաններից դուրս ու անհավանական բարձր էր մյուս ստորաբաժանումներից: Նա, ով գլխավորում էր Ալ Կուդսը, ամենաազդեցիկ մարդն էր: Այդ մարդուն ժամանակ առ ժամանակ համեմատում էին Համենեիի հետ: Սիրիայում Ասադի հետ վերջին բանակցություններում նա ընդունվեց ավելի բարձր արարողակարգով, քան ԱԳ նախարար Զարիֆը: Դա ևս լարում էր հարուցում: Իրանը կորցրեց իր առանցքային մարդուն արտաքին քաղաքականության մեջ, որ գիտեր ու պահպանում էր բազում գաղտնիքներ»:
Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Չարլզ Լեստերը նշել է. «Սուլեյմանիի սպանության հետևանքները դժվար է կանխատեսել, դա ամենամեծ նորությունն է Մերձավոր Արևելքում վերջին տարիներին»: Նա նաև գրել է, որ ԱՄՆ-ը շուտով կարող է ամբողջովին հեռանալ Սիրիայից ու Իրաքից:


Գլոբալ քաղաքականության կենտրոնի ոչպետական սուբյեկտների ծրագրի տնօրեն Հասան Հասանը ընդգծել է, որ «Իրանը գործում էր չափազանց ազատ՝ հաշվի չառնելով հնարավոր պատասխանը ԱՄՆ կողմից» և թվարկել է Իրանի գործողությունները վերջին շաբաթներին.
-խփեց ամերիկյան դրոնը
-գրոհեց Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները
-հարվածեց ամերիկյան բազային և սպանեց ամերիկացի մի կապալառուի
-կազմակերպեց ԱՄՆ դեսպանատան գրոհը
-այդ ամենից հետո Սուլեյմանին իրեն համարում էր անհաղթ ու շարունակում էր ազատ տեղաշարժվել:
Իրաքում աշխատող լրագրող Պատրիկ Օսգուդը գրել է. «Կամ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ պատերազմի, որ ես համարում եմ սակավ հավանական, կամ նրանք, վիթխարի բենզատարի մեջ սիգարետը նետելով՝ կհեռանան ու իրաքցիներին կթողնեն ապրելու հետևանքների մեջ»:
Hürriyet (Թուրքիա)


Հ.Գ. Քաղաքագետ ու Քյոլնի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Եգերը Focus-ում գրել է, որ ԱՄՆ-ը սպանեց արաբական աշխարհում Իրանի ռազմական քաղաքականության ճարտարապետին, ու դա ծանր հարված է Թեհրանի համար: Իրանն ու նրա դաշնակիցները, հավանաբար, կարձագանքեն ուժի կիրառմամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ ի ցույց դրեց, որ չունի մարտավարություն Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ի ու Իրանի կոնֆլիկտը վերջին մի քանի ամիսներին սրվում է: ԱՄՆ-ը առավելագույն ճնշում է գործադրում, որ ստիպի Իրանին քաղաքական զիջումների, իսկ Իրանը պատասխանում է ուժի կիրառմամբ կծոցների քաղաքականությամբ: ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Իրաքում ավտոմեքենաներին այդ հակամարտության գագաթնակետն է: Եթե ԱՄՆ-ը իրոք ճշգրիտ գիտեր, որ ավտոմեքենայում գեներալ Սուլեյմանին է, նրա սպանությունը կարելի է համարել նախազգուշացում նրանց, ում ԱՄՆ-ը համարում է անցանկալի վարչակազմի մաս: Գեներալ Սուլեյմանին անկասկած ԱՄՆ-ի առավել բացահայտ թշնամիներից էր, նույնիսկ եթե եղել են շրջաններ, երբ նա համագործակցել է ամերիկյան իշխանությունների հետ Աֆղանստանում Թալիբանի դեմ պայքարում: Բայց Իրաքում նրա նպատակն էր դուրս մղել ամերիկյան զորքերին, որ ամբողջությամբ տիրի երկրին՝ իբրև իրանական ազդեցության գոտի: Գուցե նա ճիշտ չի մեկնաբանել պատասխան հարվածից ԱՄՆ-ի հրաժարումը, երբ Իրանը խփեց ամերիկյան դրոնին: Գուցե նա հույս ուներ, որ Թրամփը ամերիկյան զորքերի դուրսբերումը Մերձավոր Արևելքից բոլոր նպատակներից գերակա է համարում: Հիմա նախագահն անձամբ է ղեկավարել Իրանի իշխանության ներկայացուցիչների դեմ հարվածը, որից այն ժամանակ հրաժարվեց խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի պատճառով: Դա պատասխանում է նաև հարցին՝ ինչու հարվածը հասցվեց հենց հիմա: ԱՄՆ կառավարությունը երկընտրանքի առաջ էր՝ կամ համակերպվել իրանյան էսկալացիայի հետ, կամ անձամբ սրել կոնֆլիկտը: Նվազագույնը Իրաքում ԱՄՆ դեսպանատան գրոհը, որի հետևում, ինչպես ենթադրվում է, նույնպես Իրանի ուժայիններն էին, այդ որոշումն անխուսափելի էր դարձնում: Երկրորդ Բենգազի, երբ զոհվեցին ամերիկացի դիվանագետներ, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրոք, չպետք է լիներ: Դեսպանատան վրա գրոհներով Իրանը չափազանց հեռուն գնաց: Իրանը ասիմետրիկ կպատասխանի, ինչպես շատ դեպքերում է արել՝ ահաբեկչությամբ, ուժի թաքնված կիրառմամբ, բայց ոչ պաշտոնական գործողություններով: Ասիմետրիկ կոնֆլիկտներում՝ Իրաքից մինչև Աֆղանստան, ԱՄՆ-ը գործել է ոչ այնքան պրոֆեսիոնալ, որ նրան հնարավոր լիներ համարել սակավ խոցելի: Իրանի ուժերը, հակառակը, շատ ավելի փորձառու են եղել: Իրանի հետ կոնֆլիկտը հերթական անգամ ի ցույց դրեց ԱՄՆ-ին Իրանի աշխարհաքաղաքական արժեքավորությունը: Դա նշանակում է, որ վերջին շաբաթների իրանական էսկալացիան, հակառակ իր նպատակին, հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ը նորից ավելի ակտիվ է դարձել Մերձավոր Արևելքում: Թրամփը ստիպված է համադրել դա իր ընտրախավի՝ նորից մարտական գործողությունների մեջ չներքաշվելու ցանկության հետ: Ինչպես իր նախորդը, նա դա կօգտագործի ուժի թաքնված կիրառման համար: Դա ավելի կսրի կոնֆլիկտը ու հետևանքների մեջ կներքաշի Մերձավոր Արևելքում մյուս գործող անձանց, որ ակտիվ են Սիրիայում, Եմենում ու ավելի շատ Լիբիայում: Նախագահ Բուշի օրոք Իրաք ներխուժման ժամանակներից ԱՄՆ-ը չունի քաղաքական ռազմավարություն Մերձավոր Արևելքի համար: Այս բացթողումը մյուս խաղացողներին՝ Ռուսաստանինմ Թուրքիային, Իրանին, գործողությունների ազատություն է տալիս, որից նրանք օգտվում են այն ժամանակից: Եվրոպական պետությունները ևս ոչինչ չեն կարող առաջարկել բացի բանալ ու անվավեր խոսքերից: Դա է արևմտյան քաղաքականության թերությունը, որ պետք է անհապաղ վերացնել և նոր քաղաքականության հայեցակարգային շրջանակներում նորովի կարգավորել հարաբերություններն Իրանի հետ:


Իրանը հայտարարել է, որ դուրս է գալիս 2015-ի համաձայնագրից, ու դա առաջին քայլն է: Կասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո ԻՀՊԿ Կուդս ստորաբաժանման հրամանատար է նշանակվել Էսմաիլ Ղաանին ու արդեն արժանի հատուցում է խոստացել նրա մահվան համար: IRNA գործակալությունը հայտնում է, որ Ղաանին ասել է. «Սուլեյմանիի նահատակության համար վրեժը խոստում է տրված ալլահին»: Նա խոստացել է շարունակել Սուլեյմանիի ուղին նույն եռանդով և ավելացրել, որ նրա նահատակությունը հատուցվելու է մի քանի քայլերով, որոնք ԱՄՆ-ին դուրս են մղելու տարածաշրջանից: Իրաքն արդեն սկսել է այդ քայլերը՝ խորհրդարանը որոշում է ընդունել, որ երկրից պետք է դուրս բերվեն արտասահմանյան բոլոր ուժեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Թրամփը ֆինանսական փոխհատուցում է պահանջել: Մերձավոր Արևելքի կաթսան շարունակում է եռալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ