Պատին հենած դրոշի համար ՊԵԿ աշխատակցին աշխատանքից կարելի է ազատել, իսկ պատռված դրոշի համար՝ թաղապետին ո՞չ
10.01.2020 | 00:29
Չգիտեմ՝ Նորագավթի մաքսատան աշխատակիցը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել, ապա նորից աշխատանքի էր ընդունվել պատին հենված դրոշի համար, երբևէ կմոռանա՞ Փաշինյանի պահվածքն ու խոսելու տոնը, ես որ հաստատ չեմ մոռանա: Քանիցս ասել եմ, ու նորից կրկնեմ՝ «Հայաստանի հանրապետության հպարտ ու արժանապատիվ քաղաքացու» հետ բարձր տոնով, մուննաթով, «ոնց ասեմ, այդպես է լինելու» սկզբունքով խոսելու իրավունք չունի ոչ ոք: Առավել ևս՝ իրեն ժողովրդի մի մասը, իսկ ժողովրդին իշխանություն համարող անհատը, որ սեր ու հանդուրժողականություն է քարոզում:
Հարավ-արևմտյան թաղամասի փողոցներից մեկում օրեր առաջ ծակված, պատռված դրոշ նկատեցի, ու առաջին տեսարանը, որ մտապատկերեցի, թաղապետին տեսախցիկների առաջ հանդիմանող վարչապետն էր՝ «կտանես կկարես, կկախես իր տեղում ու դիմում կգրես» ելույթով: Իհարկե, նման բան տեղի չի ունեցել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն ինձ վստահեցրեց՝ դրոշը փոխված է, բայց հարցիս՝ իսկ թաղապետն աշխատանքից ազատվա՞ծ է, պատասխանել չկարողացավ: Իհարկե շատ լավ է, գերազանց, որ դրոշը փոխվել է. պետական խորհրդանիշների նկատմամբ բոլորս պետք է ուշադիր լինենք, հարգանքով վերաբերվենք, առավել ևս՝ պետական ծառայողները: Երկակի ստանդարտները, սակայն, ընդունելի չեն: Եթե ՊԵԿ աշխատակցի վրա կարելի էր մուննաթ գալ ու աշխատանքից ազատվելու վճիռ կայացնել ոտքի վրա, ապա նման վերաբերմունքի պետք է արժանանան նաև մյուս չինովնիկները: Բնավ կողմ չեմ, որ փոշոտ կամ պատռված դրոշը ժամանակին չփոխելու համար մարդկանց անարգանքի սյանը գամեն ու հեռացնեն աշխատանքից, բայց եթե կա նախադեպ, ապա այն հատվածական չպետք է լինի: Եթե հասկացել ես, որ սխալ ես արտահայտվել ու անտեղի որոշում կայացրել, ապա ոչ թե «բարի կամք դրսևորել ու մարդուն աշխատանքի վերականգնել» է պետք, այլ ընդամենը կամք ունենալ ու խոստովանել՝ վրդովված եմ եղել, ներողամիտ եղեք:
Երբ քննադատում էինք, որ պատին հենած դրոշի համար մարդու հետ չի կարելի նման տոնով խոսել, փաշինյանամետները անարգանքի մի սյանն էլ մեզ էին գամում, թե «ինչպե՞ս կարելի է չհարգել պետական խորհրդանիշը»: Իսկ ու՞ր են այժմ պետականության համար մտահոգվածները, ինչու՞ են լուռ: Գուցե այն պատճառով, որ «թավշյա հեղափոխության» օրերին մարմնի փարթամ մասերը դրոշ-կրծկալով էին ծածկում կամ դրոշը որպես սփռոց ծառայեցնում թղթախաղի համար:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ