Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփի խաղաղության ծրագիրը

Թրամփի խաղաղության ծրագիրը
29.01.2020 | 13:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հրապարակել են Մերձավոր Արևելքում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նոր ծրագրի մանրամասները: Թրամփի խոսքով՝ 80 էջանոց ծրագիրը նախատեսում է «անբաժանելի» Երուսաղեմ: ԱՄՆ նախագահը խոստանում է, սակայն, որ ապագա Պաղեստինի մայրաքաղաքը նույնպես կլինի արևելյան Երուսաղեմում: «Իմ տեսլականը ձեռնտու է երկու կողմերին, ռեալիստական լուծում է երկու պետությունների ստեղծման հիմքի վրա, որ վերացնում է պաղեստինյան պետության կողմից ռիսկը Իսրայելի անվտանգության համար: Այսօր Իսրայելը վիթխարի քայլ է արել դեպի խաղաղություն: Երեկ վարչապետ Նետանյահուն ինձ տեղեկացրեց, որ ցանկանում է այս տեսլականը աջակցել՝ իբրև պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունների հիմք: Դա պատմական ճեղքում է»՝ ասել է Դոնալդ Թրամփը: Երեքշաբթի հազարավոր պաղեստինցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել Թրամփի առաջարկների դեմ՝ մինչև պաշտոնական հրապարակումը: Թրամփը ճշտել է, որ իր ծրագրի իրականացման դեպքում ոչ իսրայելցիները, ոչ պաղեստինցիները ստիպված չեն լինե լքել իրենց տները: Նրա խոսքով՝ Իսրայելն առաջին անգամ համաձայնել է հրապարակել «հայեցակարգային քարտեզ, որը ցուցադրում է տարածքային փոխզիջումները, որոնց մտադիր է դիմել հանուն խաղաղության»: Այդ քարտեզը ԱՄՆ նախագահը տեղակայել է իր թվիթերում:
Նետանյահուն, ելույթ ունենալով Թրամփից հետո, հասկացրել է, որ Վաշինգտոնը մտադիր է ճանաչել Իսրայելի իրավունքը Հորդանանի արևմտյան ափի բնակավայրերի վրա: «Այսօր դուք դարձաք համաշխարհային առաջին ղեկավարը, որ ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը Հուդայի ու Սամարիայի վրա [Արևմտյան ափի տարածքների աստվածաշնչյան անվանումները], որ չափազանց կարևոր են մեր անվտանգության համար և կենտրոնական տեղ ունեն մեր ժառանգության մեջ»՝ ասել է Բենյամին Նետանյահուն:
Ռեյտերի աղբյուրները, որ ծանոթ են Թրամփի ծրագրի մանրամասներին, հաղորդում են, որ ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Հորդանանի արևմտյան օկուպացված ափի իսրայելական բնակավայրերը: Փոխարենը Իսրայելը համաձայնել է 4 տարով կասեցնել նոր բնակավայրերի կառուցումը, քանի դեռ շարունակվում են Պաղեստինի պետության ստեղծման բանակցությունները:


Թրամփը հայտարարել է, որ խաղաղության ծրագիրը ենթադրում է, որ Պաղեստինի տարածքները կկրկնապատկվեն, իսկ Հորդանանի արևմտյան ափը երկու մասի չի բաժանվի: «Մենք կաշխատենք նաև ապագա պաղեստինյան պետության մեջ խառը տարածքի ստեղծման վրա, որը կհայտնվի, երբ բավարարվեն պետականության պահանջները, այդ թվում՝ լիակատար հրաժարումն ահաբեկչությունից»՝ ասել է Թրամփը: Հիմա Պաղեստինի տարածքները երկու մասից են և չունեն ընդհանուր սահման՝ Գազայի հատվածը, որ վերահսկում է ՀԱՄԱՍ-ը, Հորդանանի արևմտյան ափը, որտեղ գործում է Մահմուդ Աբասի գլխավորած վարչակազմը և իսրայելական զորքերն են: ՀԱՄԱՍ-ն արդեն հայտարարել է, որ մերժում է Թրամփի առաջարկը:


Պաղեստինցիները պետք է հրաժարվեն բռնությունից ու դադարեցնեն ֆինանսական աջակցությունը այն մարդանց ընտանիքներին, որ հարձակումներ են գործել իսրայելցիների վրա: Թրամփը խոստանում է 50 միլիարդ դոլար ներդրումներ պաղեստինյան նոր պետության մեջ: Նրա խոսքով՝ դա կօգնի ստեղծել 1 միլիոն նոր աշխատատեղ: Տաճարի լեռան կարգավիճակը Երուսաղեմում, որտեղ մուսուլմանների ու հրեաների համար սրբազան վայրերն են, պետք է անփոփոխ մնա: Մերձավորարևելյան կոնֆլիկտի կարգավորման ծրագիրը մշակել է Թրամփի խորհրդական ու փեսա Ջարեդ Կուշները: Դեռ հրապարակումից առաջ համաշխարհային ԶԼՄ-ները կանխատեսում էին, որ ծրագիրը լինելու է բացարձակապես իսրայելամետ՝ նվազագույնը հաշվի առնելով պաղեստինյան կողմի շահերը: Այդ ենթադրությունների օգտին է այն փաստը, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավարներին չեն հրավիրել Վաշինգտոն՝ ծրագրի ներկայացմանը:


BBC-ի մերձավորարևելյան բաժնի խմբագիր Ջերեմի Բոուենի կարծիքով՝ իսրայելցիների մեծ մասը կասի, որ սիոնիզմն ու հրեական պետության ստեղծումը նշանավորել են հալածյալ ժողովրդի վերադարձը իր պատմական ու կրոնական հայրենիք: Պաղեստինցիների մեծամասնությունը կառարկի, որ սիոնիզմը դարձել է իրենց հողերի աղետալի գաղութացման պատճառ, որ պարզապես գողացել են: Որ կողմից էլ նայես, այս տևական վեճի հետևանքը երկարատև կոնֆլիկտն է, որ ձգվում է երկրորդ հարյուրամյակը, որ անընդհատ մխում է ու հաճախ բռնկվում: Այս բոլոր տարիներին իսրայելցիների ու պաղեստինցիների միջև միջնորդ ԱՄՆ-ի գերակայությունը եղել է հենց Իսրայելի ցանկությունը, փոխզիջումների սահմանները, որոնց պատրաստ է գնալ, և՝ ամենից շատ՝ անվտանգությունը: Բայց միմյանց հաջորդող ԱՄՆ նախագահները հասկանում էին, որ խաղաղության համար անհրաժեշտ է, որ պաղեստինցիները իսրայելցիների հետ հավասար մասնակցեն խաղաղության գործընթացին: Նույնիսկ եթե ԱՄՆ-ը պատրաստ չէ պաղեստինցիներին հավասար ինքնիշխանություն տալ: Վաշինգտոնից Նետանյահուն մեկնելու է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, որի ընթացքում քննարկվելու են Թրամփի խաղաղության ծրագիրը և Իսրայելի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման հարցերը:
BBC


Հ.Գ․ Կոնֆլիկտի կարգավորմանը պաղեստինցիներն ու իսրայելցիները ամենից շատ մոտեցել են 1993-ին Օսլոյի գաղտնի բանակցություններում՝ Շիմոն Պերեսի մասնակցությամբ, որ Իսրայելի ԱԳ նախարարն էր, և Մահմուդ Աբասի, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավարն էր: Առաջին համաձայնագիրը կնքվեց 1993-ի օգոստոսին, սեպտեմբերի սկզբին Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը և Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար Յասեր Արաֆաթը բարեկամական նամակներ փոխանակեցին միմյանց ընդունելու մասին: Իսրայելը Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը ճանաչեց պաղեստինցիների լեգիտիմ ներկայացուցիչ բանակցություններում:
1993-ի սեպտեմբերին Սպիտակ տանը Ռաբինի ու Արաֆաթի պատմական ձեռքսեղմումի լուսանկարն արվեց՝ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ներկայությամբ: Բայց շուտով Իցհակ Ռաբինը սպանվեց Թել Ավիվում ուլտրաաջերի կողմից, որ դեմ էին պաղեստինյան երկխոսությանը: Իսկ հիմա Դոնալդ Թրամփը պարզապես փորձում է գնել Պաղեստինը, ավելի ճիշտ՝ Իսրայելի համար վճարել պաղեստինցիների հավակնություններից հրաժարվելու գինը: ՀԱՄԱՍ-ը մերժել է, հազիվ թե ընդունեն նաև պաղեստինցիները, բայց այսօր դա առավելագույն գինն է, որ Պաղեստինը կստանա Իսրայելից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ