Այո, մնացինք միայն Իտալիայի առաջնության հույսին, քանզի ավարտվեց նաև Անգլիայինը։ Բայց, բոլոր դեպքերում, եկեք առանձնակի սուգ ու շիվան չկապենք, որովհետև օգոստոսը մեզ Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկությունների ավարտական մաս է կազմելու, այն էլ՝ փոխված ընթացակարգով։ Ժամանակին տեղեկացրել ենք, հիմա էլ, առիթից օգտվելով, հիշեցնենք՝ հանդիպումների ելքը որոշվելու է մեկ խաղի արդյունքով։ Ասել է թե՝ ով վրիպեց, վրիպեց։ Սխալվելու իրավունք չկա։
ԱՆԳԼԻԱ
Միանգամից ասենք, որ ավարտական տուրը անպատասխան թողած բավականին հարցեր ուներ, ինչն առանց այն էլ հետաքրքրիր այս առաջնությանը նոր լիցք էր հաղորդելու։ Սկսենք նրանից, որ Չեմպիոնների լիգայի խաղերին մասնակցություն ապահովելու համար «Վուլվերհեմպտոնի» հետ տնային խաղում «Չելսիին» բացառապես հաղթանակ էր պետք։ Ինչ վերաբերում է լուծելիք մյուս խնդրին՝ առաջնությունը երրորդ հորիզոնականով ավարտելուն, խնդիրը միայն իրենից կախված չէր։
Առաջադրվածի առաջին մասով «ազնվականներն» անվրեպ եղան։ 2։0 հաշվով պարտված ու 59 միավորով մնացած «Վուլվերհեմպտոնն» այդպես էլ անբաժան մնաց յոթերորդ հորիզոնականից։ Թվում էր՝ պակաս լուծելի պիտի լիներ և երկրորդ խնդիրը, որովհետև «Մանչեստր Յունայթեդը», որը Չեմպիոնների լիգայի խաղերի մասնակցության ոչ պակաս հավակնություններ ուներ, արտագնա հանդիպում էր ունենալու «Լեստերի» հետ, որը նույնպես կռիվ էր տալու այդ նույն Չեմպիոնների լիգայի մասնակցություն ձեռք բերելու համար։
Հասկանալի է, որ ունեցած նշանակությամբ «Լեստեր»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը շատ ավելի բարձր հնչողության էր։ Հաղթել են «մանկունիանցիները»՝ 66 միավորով իրենցով անելով նաև առաջնության բրոնզե մեդալները, ինչը նշանակեց, որ նույնքան միավոր ունեցող «Չելսին» հարկադրված էր ազատել առաջին եռյակը։ Սակայն, բոլոր դեպքերում, հարկ համարենք նշել, որ առաջնության եզրափակիչ փուլում, երբ առանձնապես սկսեց զգացվել հոգնածությունը, «Լեստերի» հետ չար կատակ խաղաց պահեստայինների կարճ նստարանը, որը նման լարված մրցաշարերի համար կարևորագույն գործոն է։ Ահա թե նաև ինչով են շահած դուրս գալիս գրանդ ակումբներն իրենց ֆինանսական անհամեմատ բարձր հնարավորություններով։
Սակայն այնպես չէ, թե «աղվեսները» մնացին առանց եվրախաղարկության։ Նրանք կմրցեն Եվրոպայի լիգայում, առանձնապես իրենցից ոչ շատ ուժեղ, ոչ էլ շատ թույլ թիմերի հետ և երևի թե այսպես ավելի ճիշտ է, պարզապես ճնշողը խոշոր ափսոսանքն է։ Հիշենք, թե հաշված տարիներ առաջ «Լեստերն» ի՜նչ խոշորագույն անակնկալ մատուցեց բոլորին՝ դառնալով երկրի չեմպիոն։ Այս թիմը հարկավ արժանի է շատ ավելիի, սակայն դրա համար պետք է, որ ֆինանսական մագնատներն իրենց հայացքը հառեն նրա կողմը։
59 միավորով առաջին վեցյակի մաս կազմեց նաև արտագնայում «Կրիստալ Պալասի» հետ մրցավեճը 1։1 ավարտած «Տոտենհեմը», որն աղյուսակում «Վուլվերհեմպտոնից» ավելի բարձր դիրք ունեցավ ի հաշիվ լրացուցիչ գործակիցների։ Մոուրինիոյի սաները նույնպես ստացան Եվրոպայի լիգայի խաղարկության մասնակցության իրավունք, սակայն որակավորման փուլից։ Ինչ վերաբերում է չեմպիոն «Լիվերպուլին» ու փոխչեմպիոն «Մանչեստր Սիթիին, առաջինը հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց «Նյուքասլին», երկրորդը հինգ անպատասխան գնդակ ուղարկեց աղյուսակը եզրափակած «Նյուքասլի» դարպասը։ «Լիվերպուլի» միավորները 99 են, «Մանչեստր Սիթիի» անվան դիմաց 81 միավոր է։
Ավարտական տուրի արդյունքներով պրեմիեր լիգան լքած «Նյուքասլին» միացան «Բոռնմուտն» ու «ՈՒոտֆորդը»։ Վերջինս զիջեց «Արսենալին» (2:3), իսկ «Բոռնմուտը» հաղթանակով ավարտեց հանդիպումը «Էվերտոնի» հետ (3:1): Երկուսն էլ մրցել են արտագնայում։ «Բալերի» բախտը չբերեց այնքանով, որ մինչ այդ 34 միավոր ունեցող «Աստոն Վիլան» միավոր վաստակեց «Վեստ Հեմի» հետ արտագնայում (1:1) ու խուսափեց վատթարագույնից։
Առաջին լիգայից բարձրագույն են տեղափոխվել «Լիդս Յունայթեդն» ու «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը»։
ՖՐԱՆՍԻԱ
Այս երկրի ֆուտբոլին կարոտածը ստիպված էր երկար ժամանակ համբերել (կատակ բան չէ՝ երեք ամիս չի եղել ոչ մի պաշտոնական խաղ), քանի որ այստեղ երկրի նախագահի մակարդակով միանգամից ու կտրուկ որոշում կայացվեց զանգվածային հանդիսությունները, միջոցառումները դադարեցնելու մասին։ Ավելին, անգամ նման կոչ արվեց նաև մյուս երկրներին։ Տվյալ պարագայում պիտի ասենք` ֆուտբոլասերի խոշոր բարեբախտությունն էր, որ մյուս երկրները չգնացին ֆրանսիական ճանապարհով, ու կորոնավիրուսի այս խենթ մոլեգնության ժամանակներում ֆուտբոլը գոնե ինչ-որ չափով պահեց կյանքի հետ լուսավոր կապը։
Ինչևէ: Ֆրասիայում առաջնության խաղ չկար, բայց հո գավաթային խաղ կար։ Մրցում էին «Պարի Սեն Ժերմենն» ու «Սենտ Էտիենը»։ Միանգամից ասենք՝ քաշային առումով միանգամայն տարբեր կարգի թիմեր, բայց չմոռանանք գավաթային հանդիպումների առանձնակի համառություն ու լարվածություն ունեցող համարումը։
«Պարի Սեն Ժերմենը» միանգամից ձեռնամուխ եղավ հարցի լուծմանն ու արդեն 14-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլի հեղինակը Նեյմարն էր, որը դարպասապահի հետ մղած գնդակը պարզապես մեխեց դարպասում։ Թվում էր, թե հեշտ հաղթանակն ապահովված է, մանավանդ որ արդեն 31-րդ րոպեից հյուրերը մնացին տասը հոգով։ Չերկարացնենք։ Հանդիպումն ավարտվել է հենց այդ նույն 1։0 հաշվով, փարիզցիները երկրի չեմպիոնի տիտղոսին ավելացրել են նաև գավաթայինը։ Վերջում նշենք, որ վնասվածք է ստացել Մբապեն, ու դա այնքան լուրջ է եղել, որ Տուխելը հարկադրված է եղել նրա փոխարեն նոր ուժ հանել խաղադաշտ։ Պիտի հուսալ, որ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի խաղերին պատրաստ կլինի, այլապես փարիզյան ակումբը ծանր ժամանակներ կունենա այս խաղարկությունում, մանավանդ որ այստեղ, համաձայն այս մրցաշրջանի համար հաստատված կանոնակարգի, արդեն յուրաքանչյուր խաղ է որոշիչ։
ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի 35-րդն ավարտվեց «ՈՒդինեզե»-«Յուվենտուս», «Լացիո»-«Կալիարի» խաղերով։ Ի դեմս առաջին մրցակցության, առաջնության ավարտից երեք տուր առաջ կարող էր հայտնի դառնալ երկրի չեմպիոնը, սակայն դրա համար հարկ էր, որ «ծեր սինյորան» արտագնայում կարողանար կոտրել տանտերերի դիմադրությունը։ Սակայն չկարողացավ։ Պարտության հանգեցրած գնդակը «Յուվեն» բաց թողեց փոխհատուցված ժամանակում, երբ ամեն ինչ գլորվում էր դեպի 1։1 հանգուցալուծում։
Պակաս սկզբունքային չէր նույն հաշվով, սակայն այս անգամ տանտերերի առավելությամբ ավարտված երկրորդ հանդիպումը, որը «Լացիոյին» հնարավորություն տվեց ընդհուպ մոտենալու երրորդ տեղում ընթացող, 73 միավոր ունեցող «Ինտերին»։ Այս մրցակցությունը հետաքրքրական էր նաև նրանով, որ նախորդ տուրի արդյունքներով Չիրո Իմոբիլեն Քրիշտիանու Ռոնալդուին հնարավորություն էր տվել գոլերով հավասարվելու իրեն, ու 30-ական գնդակով ռմբարկուների ցուցակում հաստատվել էր երկիշխանություն։ Այս խաղում Չիրոն ոչ միայն կարողացավ խփել հաղթական գոլը, այլև նորից անցավ լավագույն ռմբարկուի պարտականությունների միանձնյա կատարմանը։
Սկուդետեի նոր տուրը մեկնարկեց «Միլան»-«Ատալանտա» դիմակայությամբ։ Այն կողմերին միայն մեկական միավոր բերեց, ինչը նշանակեց հետևյալը՝ հաղթանակի դեպքում «Ինտերը» «Ատալանտային» շրջանցելու հնարավորություն էր ստանում, իսկ «Լացիոն», դարձյալ հաղթելու դեպքում, միավորներով հավասարվում էր Բերգամոն ներկայացնող թիմին։
Սակայն այս խաղն առաջնային նշանակության էր ոչ միայն հյուրերի համար։ Անգամ մեկ միավոր վաստակելը միլանցիների համար առնվազն նշանակում էր մեկ միավորով առաջ պոկված լինել Եվրագավաթների խաղարկության երազանք ունեցող «Նապոլիից», իսկ ամբողջ երեք միավորը... Քանի որ դա չի եղել, չքննարկենք։
Տուրը հաջող ընթացք ունեցավ Ջենովա գնացած «Ինտերի» համար։ Տանտերերի դարպասը խոցած երեք գնդակը Անտոնիո Կոնտեի սաներին կրկին հանեց երկրորդ հորիզոնական, ու դարձյալ միլանյան ակումբն «Ատալանտայից» առաջ է մեկ միավորով։
Երկրորդ անընդմեջ հաղթական հանդիպումն անցկացրեց «Լացիոն» ու, որ շատ կարևոր է, արտագնայում։ «Վերոնայի» հետ այս հանդիպման 5։1 հաշիվն ուժերի հարաբերակցության մասին օբյեկտիվ պատկերացում չի տալիս, բայց եղել է այն, ինչ եղել է, ու հռոմեացիները միավորներով՝ 75 հավասարվել են «Ատալանտային», սակայն հաջորդում են լրացուցիչ գործակիցների հաշվարկով։ Հարկ համարենք ասել, որ Իմոբիլեն հեղինակել է երեք գոլ՝ խփած գնդակների թիվը հասցնելով 34-ի։
Հաղթական է եղել և «Ռոմայի» մրցակցությունը «Ֆիորենտինայի» հետ։ «Գայլերը» հաղթանակ են տոնել ի հաշիվ Վերետուի հաջողությամբ իրացրած 11-մետրանոցների՝ 2։1։ «Ռոման» շարունակում է մնալ Եվրոպայի լիգայի խաղարկությանը հավակնողների թվում, 64 միավորով հինգերորդ հորիզոնականում է։
Հետաքրքիր զարգացումներ են եղել «Նապոլի»-«Սասուոլո» դիմակայությունում։ Ընդհանուր հաշվով գրանցվել է դարպասի հինգ գրավում, որից երկուսը տանտերերի, երեքը՝ հյուրերի կատարմամբ, սակայն խաղն ավարտվել է 2։0 հաշվով։ Սա էլ, ինչպես ասում են, VAR-ի խերը, բայց, մյուս կողմից էլ, եթե հաղթող, ապա միայն ու միայն ազնիվ մրցակցության պայմաններում։
Եվ վերջում «Յուվենտուս»-Սամպդորիա» դիմակայության մասին, որը հայտնի դարձրեց եվրոպական ֆուտբոլային թոփ տերություններից վերջինի չեմպիոնին։ Հանդիպումն այս ավարտվել է 2։0 հաշվով, հաղթել է «ծեր սինյորան», որը 2011-2012 մրցաշրջանից սկսած՝ ոչ մեկին չի զիջում առաջնայնությունը, հաղթողի դափնին։ Եթե չեմպիոն լինելը որևէ մեկի մոտ կարող է հոգնության զգացողություն առաջ բերել, հարկավ իր պրոբլեմն է, բայց որ Իտալիայում, երկրի չեմպիոնությունից զատ, «Յուվենտուսից» արդեն վաղուց են սպասում մեկ այլ չեմպիոնություն, թերևս կասկած չկա։ Ի միջի այլոց, ժամանակին թիմը Քրիշտիանու Ռոնալդու գնեց նաև այդ նպատակադրմամբ։
Բնականաբար, «Յուվենտուսի» չեմպիոնությունը բնավ էչ չի սառեցնում սկուդետեի նկատմամբ ֆուտբոլասերի հետաքրքրությունը, քանի որ կատաղի պայքար է ընթանում ոչ միայն առաջնության մյուս մեդալների, այլև եվրախաղարկությունների մասնակցության իրավունքի համար։ Այս առումով Իտալիայի առաջնությունը հար և նման է անգլիական պրեմիեր լիգային, որին, ձեզ հետ միասին, մինչև առաջնության ավարտը լարված հետևեցինք, քանի որ առաջնությունը միայն չեմպիոնին ի հայտ բերելու գործընթաց չէ. շատ հաճախ լինում են և այնպիսի խաղեր, այնպիսի դիմակայություններ, որոնք մրցաշարային առումով ոչինչ չեն նշանակում, սակայն կատարողականով այնպիսի գլուխգործոցներ են, որ շունչդ են կտրում։ Ահա թե նաև ինչի համար է ֆուտբոլն այդքան սիրված ու ընդունված ամբողջ աշխարհում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ