Քաղաքական բանավեճի նշաձողն այս իշխանությունն այնքան է իջեցրել, որ հասցրել է մարդկանց անձնական կյանքը քրքրելու և այդ ամենը անվրդով հանրայնացնելու աստիճանի։ Եթե այս ամենն իրականացնի կառավարության միջին օղակի մի չինովնիկ, կարելի է «գյուղ չկա, որ շուն չլինի» տրամաբանության մեջ հասկանալ, սակայն երբ դա ամենաբարձր մակարդակով (վարչապետ, նախարար) է իրականացվում, հասկանում ես, որ գործ ունես բոլոր տաբուները, բարոյական արժեքները անտեսող, ավելի ճիշտ՝ դրանք չունեցող և մարդկանց անձնական տարածքը ներխուժող խմբակի հետ։ Ո՞վ է երաշխավորված, որ իր անձնական կյանքը քրքրելիս մի շատ ուշագրավ, շահարկման հարց մեջտեղ չեն բերի։ Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, իրար «պաս» տալով, Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մի քրեական գործի դրվագն են անընդհատ հանրության աչքը մտցնում, չե՞ն մտածում` իսկ եթե ոմանք սկսեն զբաղվել նրանց անձնական կյանքի մանրամասներով, ի՞նչ կպարզվի։ Եթե սրբություն սրբոց էլ լինեն, դա դեռ նրանց իրավունք չի վերապահում քաղաքական բանավեճը տեղափոխելու անձնական տարածք, որովհետև դա արդեն այլ վտանգավոր տեղ է տանում, ոչ մեկը չի ներում, ոչ մեկը չի մոռանում դա։
Սակայն ամենասարսափելին այն է, որ այս կարգի մարդկանց անմաքուր ձեռքերում են հայտնվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, մարդկանց անձնական տվյալներ, հրապարակման ոչ ենթակա բազմատեսակ ու տարաբնույթ նյութեր։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող է լինել, երբ նրանք, քաղաքական շահարկման նկրտումներից ելնելով, այդ ամենը հանրայնացնեն։ Պետությունից ի՞նչ կմնա։
Սա նաև լավագույն ապացույցն է այն բանի, որ այս իշխանությունը սնանկ է, փուչ, որովհետև միայն հակափաստարկներ չունենալու պարագայում է մարդը անձնական վիրավորանքներ հասցնում, քրքրում դիմացինի անձնական կյանքը։
Եթե ընդդիմադիրների քաղաքական հայտարարություններն այսպես հունից հանում են իշխանական վերնախավին, երբ նրանք հստակ գործողությունների անցնեն, ի՞նչ է լինելու… Սկսելու են ողջ իրավապահ համակարգը ոտքի հանել և ընդդիմախոսների կյանքն ու կենսագրությունը խոշորացույցով ստուգե՞լ։ Միայն «իզմերից» և ծանրակշիռ խոսքից զուրկ, «քուչիզմին» հարազատ քաղաքական ուժը կարող է նման ձևով պայքարել քաղաքական հակառակորդի դեմ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ