Նա գտավ երազը կորցրած,
Շնորհակալ էր անապատին շիկացած,
Անապատում միայն երազը վերածնվեց,
Եվ օազիս փնտրելու հույսը գտնվեց:
Սիրանուշ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հովհաննես Թումանյանը 1921 թվականին իր քառյակներից մեկում գրում էր «…Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ»: Մենք երբեմն մեր առօրյա կյանքում մոռանում ենք Աստծո կողմից այդքան շռայլ մեզ տրված շնորհների մասին, և բնականաբար հարց է առաջանում ինչպե՞ս օգտվել մեզ պարգևած այդ գանձերից, ի՞նչ անել: «Իրատեսի» նախորդ համարներից մեկում նշել էինք, որ ըստ մեր փիլիսոփայական դատողությունների, մարդն ունի ֆիզիկական ուղեղ և հոգևոր ուղեղ: Ըստ Աստվածաշնչի «Ի սկզբանէ էր Բանը. եւ Բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր Բանը», որը վերաբերում է ֆիզիկական ուղեղին և դրա միջոցով գաղափարի և մտքի ծննդին: Հոգևոր ուղեղի առանցքը և միջուկը կազմում է Սուրբ հոգին, իսկ Հիսուս Քրիստոսի տեսքով մենք ստացել ենք մեր ֆիզիկական մարմինը: Ըստ էության, մեկ մարդու մեջ առարկայացած և նյութականացած է աստվածային սկիզբ ունեցող երեք բնություն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուբ Հոգի: Դա վկայում է, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ: Միաժամանակ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով: Ի՞նչ է դա նշանակում: Աստվածաշնչյան այս խորհրդի մեջ երեք անգամ հիշատակվում է «ամբողջ» բառը, որն, ըստ էության, մարդու կյանքում շատ կարևոր նշանակություն է ձեռք բերում: Ընդհանուր առմամբ, ըստ քրիստոնեական արժեհամակարգի, դա նշանակում է ոչ միայն ամբողջ հոգով սեր առ Աստված, այլ նաև ամբողջ հոգով սեր մեր ընտանիքի անդամների, հարազատների, բարեկամների և ցանկացած մարդու նկատմամբ, որոնց հետ մենք առնչվում ենք առօրյա աշխատանքի կամ գործունեության ընթացքում: Քրիստոնեական արժեհամակարգում «ամբողջ» բառի իմաստը ցույց տալու համար բերեմ հետևյալ պարզ կամ պարզունակ օրինակը: «Ամբողջ» բառը պայմանականորեն ընդունենք 100 միավոր և եթե մարդու սերը կազմում է, օրինակ, 99,99 միավոր, ապա կարո՞ղ ենք ասել, որ մարդ սիրում է ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով: Իհարկե ոչ: Ըստ քրիստոնեական արժեհամակարգի 0,01 (100-99,99=0,01) միավորն ունի նույնքան կարևոր նշանակություն, որքան 99,99 միավորը, ինչու՞, որովհետև քրիստոնեական արժեհամակարգում չկան փոքր ու մեծ հասկացություններ և չկան մանրուքներ: Հիշենք Հիսուս Քրիստոսի մեզ ներկայացրած կորած ոչխարի պատմությունը, թե ինչպես մի մարդ հարյուր ոչխար ուներ և մեկը կորցրեց ու թողեց իննսունինը ոչխարներին լեռան վրա ու գնաց կորած ոչխարը փնտրելու: Երբ գտավ, ուրախությամբ այդ ոչխարը դրեց իր ուսերին և վերադարձրեց հոտին: Հետևաբար, ըստ մեր օրինակի, մարդու սերը, պայմանականորեն, երբ կազմում է նույնիսկ 99,99 միավոր, ապա ստացվում է, որ մենք Աստծո պատգամը չենք կատարում, ուստի մեր կյանքում չեն կարող լինել նաև հրաշքներ: Հիսուս Քրիստոսը հրաշքներ էր գործում, որովհետև Ինքը սեր էր ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով: Եթե մենք էլ ցանկանանք, որ մեր առօրյա կյանքում հրաշքներ լինեն, ապա մենք ևս պետք է հետևենք Աստվածաշնչի այդ պատգամին: Այսպես կոչված «մնացորդային» այդ 0,01 միավորը կարող է մեր գործադրած բոլոր ջանքերը, ձգտումները, նպատակները և երազանքները կործանել և ի չիք դարձնել: Փիլիսոփայության տեսանկյունից կարելի է պնդել, որ այդ պատգամը, ըստ էության, իրենից ներկայացնում է հոգևոր կյանքի օրենք: Ինչպես որ բնության մեջ գործում են ֆիզիկական օրենքները, այնպես էլ գոյություն ունեն հոգևոր կյանքի օրենքներ, որոնց խախտումը վնասում է տվյալ մարդուն: Եթե մարդ որոշում է թռչել երրորդ հարկից և ոչ թե իջնել վերելակով կամ աստիճանասանդուղքով, ապա ձգողականության օրենքի համաձայն հաստատ կարող է վնասել ինքն իրեն: Այդպես մարդը իր առօրյա կյանքում կարող է վնասել ինքն իրեն, եթե չի պահպանում քրիստոնեական պատգամները և հոգևոր կյանքի օրենքները: Հետևաբար, եթե մենք ևս երբ մեր առօրյա գործերին, ընտանիքին, ընկերներին, հեռու ու մոտիկ բարեկամներին և այն մարդկանց, որոնց հետ մենք շփվում ենք ամեն օր, վերաբերվենք պահպանելով հոգևոր կյանքի օրենքները, ապա մեր կյանքում ևս հրաշքներ տեղի կունենան:
Յուրաքանչյուր մարդ պետք է նկատի ունենա, որ օրվա ընթացքում մարդու ֆիզիկական ուղեղի, հոգևոր ուղեղի և ֆիզիկական մարմնի միջև տեղի է ունենում տեսանելի և անտեսանելի, շատ դեպքերում նաև անողոք և դաժան պայքար, որի արդյունքը պայմանավորված է տվյալ մարդու ինքնագիտակցությամբ և անհատականությամբ: Աստվածաշունչը մեզ զգուշացնում է, որ մարդկանց միտքը մանկուց հակում ունի ծառայելու չարին: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ առկա մարտահրավերների պայմաններում, թե որքան կարևոր է վաղ հասակից մեր երեխաների հոգևոր-քրիստոնեական կրթության կազմակերպումը: Դպրոցական կրթական ծրագրերում մի կողմից մատերիալիստական գիտելիքների (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և այլն), մյուս կողմից հոգևոր-քրիստոնեական արժեքների ճիշտ համադրումը և ուսուցումը զգալիորեն կնպաստի առողջ, բարեկեցիկ և երջանիկ հասարակություն ունենալուն: Այստեղ կարևոր դեր ունեն նաև ընտանիքը, սոցիալական խմբերը և հասարակության լայն շրջանակները:
Ինչպես անցյալում, այնպես էլ ներկա ժամանակներում, մատերիալիստական հասարակությունը մշտապես ինքն է ստեղծում իր հանցագործներին և ինքն էլ դրանց դատապարտում է, որի պատճառով ստեղծվում է մի արատավոր շղթա: Այս առումով քրիստոնեությունը մեզ տալիս է այն բոլոր գիտելիքները և այն ամբողջ, այսպես կոչված, «գործիքակազմը»՝ մեղքերի ներման, գոհության, ապաշխարության, խաղաղության աղոթքները և պատգամները, որոնց միջոցով հնարավոր է դառնում դուրս գալ այդ արատավոր շրջապտույտից:
Մարդու ամբողջ առօրյա, աշխարհիկ կյանքն անցնում է մտքի և հոգու պայքարի միջով, և ո՞վ կհաղթի՝ մի՞տքը, թե՞ հոգին, ո՞րն է առավել նախընտրելի՝ նյութական բարիքնե՞րը, թե՞ հոգևոր արժեքները: Յուրաքանչուր մարդ իր կյանքի ընթաքում մշտապես նախընտրության առաջ է կանգնած: Մտքի և հոգու հավերժ պայքարի մասին մեզ հիշեցնում է Վիլյամ Շեքսպիրը, որը նունիսկ արքայազն Համլետին հասցնում է ծայրահեղ ընտրության առջև իր հանրահայտ մենախոսությամբ՝ «...Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքնե՞րը, թե՞ զենք վերցընել ցավ ու վիշտերի մի ծովի ընդդեմ…»: Մարդու մտքի և հոգու պայքարի ընթացքում հնարավոր են հետևյալ դեպքերը: Նախ, երբ մարդը բացարձակապես գերադասում է միայն հոգևոր արժեքները, ապա նա կարող է հայտնվել քարանձավում կամ իր մենության մեջ հաղորդակցվել միայն Աստծո հետ: Մեկ այլ ծայրահեղ դեպքում, երբ մարդու համար գերադասելի են միայն նյութական արժեքները, ապա մարդը կարող է վերածվել այսպես կոչված «ռոբոտի»: Մարդու համար լավագույն տարբերակը գտնվում է այդ երկու ծայրահեղ ծայրակետերի միջև, որի ընտրությունը կախված է նյութական և հոգևոր-քրիստոնեական արժեքների վերաբերյալ տվյալ մարդու կայացրած ընտրությունից և որոշումներից: Ամեն դեպքում, երբ մարդ չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել (օրինակ, երթևեկության կանոների խախտում, պաշտոնական դիրքի չարաշահում և այլն), ապա կարող է հայտնվել մեկ այլ իրականության մեջ, որտեղ արդեն իր փոխարեն որոշումներ են կայացնում ոստիկանները և աշխարհիկ դատավորները՝ բազմաթիվ դատախազների, փաստաբանների, վկաների և մարդու իրավունքների պաշտպաների մասնակցությամբ:
Քանի որ, ըստ մեր փլիսոփայական մոտեցման, ծնվելիս մարդ միաժամանակ ձեռք է բերում երեք բնություն, որի մասին են վկայում մեր մեջ առարկայացած ֆիզիկական ուղեղը, հոգևոր ուղեղը և ֆիզիկական մարմինը, հետևաբար դրանց արդյունավետ փոխազդեցությամբ և փոխօգնությամբ են պայմանավորված մարդու ձեռք բերած հաջողությունները և բարեկեցությունը: Այստեղից բնականաբար հարց է առաջանում արդյոք ֆիզիկական ուղեղի մեր հնարավորւթյունները սահմանափա՞կ են, թե՞ անսահմանափակ: Այդ հարցի պատասխանը կախված է հոգևոր ուղեղի հնարավություններից: Քանի որ հոգևոր ուղեղի առանցքը և միջուկը կազմում է սուրբ հոգին, որի միջոցով մենք ուղղակիորեն դիմում ենք Աստծուն և հաղորդակցվում ենք Աստծո հետ, հետևաբար այդ չափով ընդլայնվում են մեր ֆիզիկական ուղեղի հնարավորւթյունները: Սուրբ հոգին, ըստ մեր պատկերացումների, քանի որ նյութական միջավայրի միջոցով է հաղորդակցվում Աստծո հետ, հետևաբար այն նույնպես ունի նյութական բնույթ, այնպես, ինչպես ձայնը կամ երաժշտությունն ունեն նյութական- ալիքային բնույթ: Մեր հոգևոր ուղեղում գրանցվում է այն ամենը, ինչ մենք կատարում ենք, բոլորը, անխտիր մեր մտքերը, մեր բոլոր արարքները և գործողությունները, և դրանք տեսանելի են դառնում նաև Աստծո համար: Հետևաբար մեր հոգևոր ուղեղի հիշողությունը անսահմանափակ է: Ըստ էության, մեր ֆիզիկական ուղեղի հնարավորությունները և սահմանները պայմանավորված են սուրբ հոգու միջոցով Աստծո հետ հաղորդակցվելու մեր կարողություններով: Չնայած պետք է ընդունենք, որ վերջին հաշվով, մարդու ֆիզիկական ուղեղը սահմանափակ է և երբեք չի կարող ընկալել Աստծո խորությունն ու անսահմանությունը: Ընդունելով մարդու աստվածային ծագման վերաբերյալ քրիստոնեական ճշմարտությունը, մենք պետք է մի փոքր ջանքեր գործադրենք, որպեսզի մեր հոգու և մտքի միասնության և ներդաշնակության միջոցով դառնանք ավելի կատարյալ: Ամփոփելով նշեմ, որ շումերական քաղաքակրթության միջով անցած հայերիս համար շատ հոգեհարազատ են մարդու աստվածային ծագման վերաբերյալ գաղափարները: ՈՒստի պատահական չէ, որ առաջինը մենք պետականորեն ընդունեցինք քրիստոնեությունը, որպես մեր արժեհամակարգի և աշխարահայցքի բաղկացուցիչ մաս:
Ռոլան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու