Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՓՈՐՁԱՌՈՒ ՖԱՎՈՐԻՏՆԵՐՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԹԱԿԱՐԴՆ ԸՆԿՆԵԼ

ՓՈՐՁԱՌՈՒ ՖԱՎՈՐԻՏՆԵՐՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԹԱԿԱՐԴՆ ԸՆԿՆԵԼ
19.07.2011 | 00:00

Ավարտվեցին Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումները: Թե իրականում ինչ է կատարվում գավաթի համար մղվող խաղերում, սկզբունքորեն տրամաբանության շրջանակներից դուրս է, և սա առաջին հերթին «շնորհիվ» Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների մարզիչների, ովքեր, ձեռքի տակ ունենալով բարձրակարգ ֆուտբոլիստների մի ողջ աստղաբույլ, այդպես էլ ի վիճակի չեղան ստեղծելու հաղթող թիմ: Սակայն ամեն ինչի մասին հերթով:
Արգենտինա-ՈՒրուգվայ զույգն անվիճելիորեն ամենաուժեղն էր քառորդ եզրափակիչ դուրս եկածներից, որովհետև երկու թիմերն էլ, գումարած Բրազիլիայի ընտրանին, նախապես ու իրապես համարվում էին մրցաշարի ֆավորիտներ:
Խաղն սկսվեց Արգենտինայի համար տհաճ անակնկալով: Արդեն 5-րդ րոպեին Դիեգո Պերեսն առաջ մղեց իր թիմին, և ուրուգվայցիներն ապահովեցին մրցումային բարձր տրամադրությունը: Արգենտինացիներից ընդամենը 12 րոպե պահանջվեց հավասարակշռությունը վերականգնելու համար: Գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուաինը, ով բացառիկ վարպետություն պիտի ունենար Մեսիի ոսկերչական փոխանցումը չիրացնելու համար: Առաջ անցնելով ասենք` ուրուգվայցիները նախապես գիտեին, որ քանի դեռ չեն լուծել Լիոնել Մեսիի հարցը, իրենց համար չափազանց դժվար է լինելու, ու նրա նկատմամբ սկսեցին իսկական մարդաորս: Բարեբախտաբար, ֆուտբոլի երիտասարդ արքան հաջողեցրեց խուսափել վնասվածք ստանալուց, ու դա առաջին հերթին շնորհիվ իր փայլուն կոորդինացիայի:
ՈՒրուգվայցիները շատ արագ ստացան իրենց կոպիտ խաղի արժանի պատիժը. 39-րդ րոպեին Պերեսը հեռացվեց մարզադաշտից: Թվում էր, թե արգենտինացիների համար ավելի քան նպաստավոր պայմաններ են ստեղծվել խաղը ցանկալի հանգրվան հասցնելու համար, սակայն ուրուգվայցիները, պարզվեց, տասը հոգով էլ կարող են խաղալ հզոր ֆուտբոլիստներ ունեցող Արգենտինայի հավաքականի դեմ, որովհետև վերջինիս մարզում է «բացառիկ» մարզչական որակներ ունեցող Սերխիո Բատիստան, ով այնքան ինքնահմա է, որ խաղը տանուլ տալուց հետո էլ համարձակվում է այն որակել որպես չձախողված:
Հաստատ իր թիմի խաղը չձախողված կարող է համարել նաև Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը, ով հետխաղյա 11-մետրանոցների իրացումը (խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով) «դիպուկ» նշանառությամբ վստահեց ֆուտբոլիստների, ովքեր չորս տուգանային իրացրեցին ու չորսում էլ վրիպեցին: Մնում է միայն ափսոսել, որ պարագվայցիների դիպուկության պատճառով հինգերորդի կարիքը չզգացվեց պատմության մեջ որպես հնարավոր բացարձակ ռեկորդակիր մտնելու համար, թեպետ նույն ֆուտբոլի պատմությունը չորսից չորս չիրացված 11-մետրանոցների նախադեպ էլ, կարծես, չի ունեցել: Ինչ վերաբերում է պարագվայցիներին, նրանք, ՈՒրուգվայի հավաքականի պես, միանգամայն արժանիորեն դուրս եկան եզրափակիչ, ու, թերևս, առանձնակի հիշատակման է արժանի դարպասապահ Վիլյարի գերազանց խաղը:
Կիսաեզրափակչի մյուս թիմերը Չիլի-Վենեսուելա և Կոլումբիա-Պերու զույգերն էին: Առանձնապես մանրամասների մեջ չխորանալով` ասենք միայն, որ հատկապես մարզական փոքրիկ սխրանք գործեց Վենեսուելայի հավաքականը, որը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ շատ ավելի ուժեղ մրցակցի նկատմամբ և կիսաեզրափակիչում հանդիպելու է Պարագվայի հավաքականի հետ: Այս հանդիպումը կայանալու է հուլիսի 20-ին:
Ինչ վերաբերում է Սերխիո Մարգարյանի գլխավորած թիմին` Պերուի հավաքականին, այն ցույց է տալիս բավականին բարձր մակարդակի ֆուտբոլ, և մրցակիցների խնդիրն է, որ այն խաղում է պաշտպանությունից: Պերուի հերթական «զոհը» եղավ Կոլումբիայի ուժեղ ընտրանին, որը, խաղի հիմնական ժամանակն ավարտելով 0:0 արդյունքով, այնուամենայնիվ, ծնկեց լրացուցիչ ժամանակահատվածում` սեփական դարպասն ընդունելով երկու անպատասխան գնդակ (գոլերը խփեցին Լոբատոն և թիմի ավագ Վարգասը): Կիսաեզրափակիչում Պերուի ընտրանուն սպասում է ՈՒրուգվայի ուժեղագույն հավաքականը: Անկախ հուլիսի 19-ին սպասվող խաղի արդյունքից, Պերուի հավաքականն արդեն իսկ հասել է մեծ հաջողության: Վերջում ավելացնենք, որ հուլիսի 23-ին տեղի են ունենալու երրորդ, իսկ մեկ օր անց` առաջին տեղի համար խաղերը: Թե վերջնահաշվում թիմերն ինչ դասավորություն կունենան, սկզբունքորեն այնքան էլ կարևոր չէ, բայց որ Ամերիկայի գավաթի այս խաղարկությունը ֆավորիտների համար երազանքների փլուզում էր, անկասկած է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ