Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Բնապահպաններն» այսօր ստիպված են կոկորդ պատռել, որ իրենք խաչագողությամբ և սրբապիղծ առևտրով չեն զբաղվում

«Բնապահպաններն» այսօր ստիպված են կոկորդ պատռել, որ իրենք խաչագողությամբ և սրբապիղծ առևտրով չեն զբաղվում
01.08.2008 | 00:00

ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԱՌԵՎՏՈՒՐ
Պարտքով կամ վարկով տարբեր կարիքներ հոգալու կենսակերպը լայնորեն տարածվում է ամբողջ աշխարհում: Առանց սեփական միջոցները տնօրինելու իրենց ազատությունը սահմանափակելու մարդիկ ավելի ու ավելի դժվարությամբ են դրամ տնտեսում: Վարկով գնում են ամեն ինչ. բնակարան, մեքենա, հեռուստացույց, մուշտակ, ուղեգիր, վերանորոգում են բնակարան և այլն: Թվում է, թե չկա այնպիսի բան, որի համար վարկ վերցնելը տարօրինակ դիտվի, սակայն վարկի մի հայտ ապշեցրեց լոս-անջելեսյան բանկերից մեկի ողջ աշխատակազմին: Հայտը ներկայացնողը նշել էր, որ վարկն իրեն անհրաժեշտ է պայթուցիկ նյութ գնելու համար. նպատակը` պայթեցնել գունավոր մետաղների արդյունաբերության նոր տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող աշխարհահռչակ գիտնականի բնակարանը, երբ վերջինս տանը կլիներ: Զարմանալին այն է, որ մինչ ոստիկանությունը գործի կլծվեր, նա հասցրել էր դրամն ստանալ և պայթուցիկ սարքը տեղադրել: Երջանիկ պատահականությամբ սարքը չէր գործել, այլապես պրոֆեսորը չէր փրկվի: Ոստիկանությունում հայտի հեղինակը ներկայացավ որպես ԱՄՆ-ում գրանցված արմատական բնապահպանական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ և բացատրեց, որ հայտնի պրոֆեսորին սպանելու իր ահաբեկչական ծրագիրը թելադրված էր բնապահպանական մոտիվներով: Բնականաբար, նրան հարկադրաբար «տեղավորեցին» զսպաշապիկում և տեղափոխեցին հոգեբուժական կլինիկա:
Ցավոք, «բնապահպանական» ահաբեկչության (Էկոտեռոր) դեմ պայքարի համաշխարհային պրակտիկայում միշտ չէ, որ զսպաշապիկի կիրառման անհրաժեշտությունը ժամանակին է գիտակցվում: Աշխարհում այսօր մեծ տարածում են ստացել ազգաբնակչության լայն զանգվածների բնապահպանական վեհ մղումները չարաշահելու, որպես բնության պահապան ներկայանալու, սակայն իրականում ստվերային տնտեսական շահեր սպասարկելու երևույթները: Այդ խիստ մտահոգիչ միտումն առավել վտանգավոր է հենց բնապահպանության համար: Ավելի ու ավելի հաճախ են բնապահպանական կազմակերպությունները գործում իրենց «թիրախների» տնտեսական մրցակիցների պատվերներով: Բնապահպանական կազմակերպությունների կողմից իրականացվող սաբոտաժների (էկոտաժ) ֆինանսավորման մոտիվները հաճախ հնարավոր է լինում մեկնաբանել գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի համատեքստում միայն: Մինչդեռ բնապահպանական աղետի բազմաթիվ խոշոր օջախներ տասնամյակներ ի վեր մնում են «բնապահպանների» ուշադրությունից դուրս այն պարզ պատճառով, որ դրանց մասին բարձրաձայնելը, դրանց վրա հանրության ուշադրությունը հրավիրելը ոչ ոքի տնտեսական շահերից չի բխում, կամ ոչ ոք «բնապահպաններին» դա չի պատվիրում:
Բնապահպանական ահաբեկչությունն այսօր բազմաթիվ զարգացած երկրների անվտանգության հիմնական ներքին սպառնալիքն է: «Ֆոքս - Նյուզի» թղթակցին ս. թ. մարտի 30-ին տված իր հարցազրույցում Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Ռիչարդ Կոլկոն հայտնել էր, որ Բյուրոն էկոտեռորիզմը շարունակում է համարել հիմնական ներքին սպառնալիքը ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Այս խնդրում առավել լուրջ ուշադրության է արժանի հետևյալ հանգամանքը. էկոտեռորիստների գործողությունների տրամաբանությունից ելնելով` կարելի է միանշանակորեն եզրակացնել, որ էկոտաժի գործողությունների գերակշիռ մեծամասնության դեպքում հիմնական նպատակը եղել է տնտեսական վնասը, ոչ թե բնապահպանական օգուտը:
Էկոտաժային գործողություններ առավել հաճախ կիրառող հայտնի կազմակերպություններից է «Գրինփիս» կազմակերպությունը: Ֆինանսական մեքենայություններով և պատվերներով կատարվող ակցիաների մասին շրջանառվող լուրերն այնպես են վարկաբեկել «Գրինփիսը», որ «Շպիգել» գերմանական հեղինակավոր ամսագիրն այն անվանել է «փող սարքելու մեքենա»: Բնապահպանական ճակատի այդ համաշխարհային առաջամարտիկն այսօր լուրջ խնդիր ունի իր նկատմամբ վստահությունը վերականգնելու և միտում է դրսևորում այսուհետ էկոտաժից հրաժարվելու:
Երբ էկոտաժ կազմակերպողը, ասենք, շարքից հանում է արտադրական որևէ սարքավորում կամ իրեն գամում է արտադրություն իրականացնող կազմակերպության դարպասին ու փակում մուտքը, ապա նրա գործողությունները հեշտությամբ մեկնաբանվում են քրեական օրենսգրքի հոդվածներով, և նրան համեմատաբար արագ են վնասազերծում: Սակայն իրադրությունն անհամեմատ բարդանում է, երբ «բնապահպանական» նշանաբաններով շղարշված ահաբեկչությունը կատարվում է հոգեբանական զենքերով: Հասարակական հոգեբանության վրա հարձակումները հաճախ գարշելի, ստոր մեթոդներով են իրականացվում: Չարաշահվում է ոչ միայն բնությունը որպես բարձրագույն արժեք գնահատելու, այն պահպանելու մարդկանց միանգամայն բնական ցանկությունը, այլ նաև ամենաթանկն ու սուրբն աշխարհում` ծնողական սերը: Բավական է «բնապահպանական» կազմակերպությունն էկոտաժի համապատասխան հանձնարարություն և ֆինանսավորում ստանա, շրջակա միջավայրի վրա ազդեցություն ենթադրող ցանկացած գործունեություն կհռչակի մատաղ սերնդի թշնամի: «Կասեցրե՛ք մահը, թույլ մի՛ տվեք սպանել ձեր երեխաներին, փրկեցե՛ք ձեր երեխաներին բնապահպանական աղետից» և այլ կոչերը հոգեբանական ազդեցության վտանգավոր զենքեր են և միտված են չարաշահելու մարդկանց վստահությունը:
Բնապահպանական կազմակերպությունների նկատմամբ ամբողջ աշխարհում անվստահության՝ գրանցվող աճն այսօր լուրջ վտանգ է պարունակում հենց բնապահպանական առումով: «Բնապահպաններն» այսօր ստիպված են կոկորդ պատռել ապացուցելու համար, որ իրենք խաչագողությամբ և սրբապիղծ առևտրով չեն զբաղվում, այլ ունեն ազնիվ մղումներ: Այս հանգամանքին հատուկ ուշադրություն պետք է դարձնեն նաև հայրենի բնապահպանները, որոնք, հաճախ իրենք էլ չգիտակցելով, որ զինվորագրվել են օտարի շահերի պաշտպանությանը, ավելի շատ վնասում են Հայաստանի տնտեսությանը, քան օգնում հայրենի բնությանը:
Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 7388

Մեկնաբանություններ