Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՎ ՆՈՐԻՑ ԱՅԴ ՔՄԱՀԱՃ ԳՆԴԱԿԸ

ԵՎ ՆՈՐԻՑ ԱՅԴ ՔՄԱՀԱՃ ԳՆԴԱԿԸ
15.07.2011 | 00:00

Ավարտվեցին Ամերիկայի գավաթի խաղարկության ենթախմբային հանդիպումները: A խմբում հանդես եկած Արգենտինայի հավաքականը Կոստա Ռիկայի ընտրանու հետ խմբային երրորդ խաղից հետո միայն կարողացավ ձեռք բերել պայքարը շարունակելու իրավունքը:
Այստեղ խնդիրը սկզբունքորեն 3:0 հաշվով հաղթելն էլ չէ, այլ խաղի որակական կողմը, որը հաճելիորեն առանձնացավ առաջին երկու խաղի դժգույն հենքի վրա: Որ Արգենտինան պիտի հաղթահարեր խմբայինի արգելքը, նույնիսկ թերահավատների մեջ կասկած չկար, թեպետ, մի կողմից էլ, ինչ ասես պատահում է այս աշխարհում: Ինչևէ, էապես քայքայելով երկրպագուների նյարդերը, արգենտինական ընտրանին լուծեց իր ծրագրի նվազագույնը, սակայն «չմոռանալով» թողնել բաց մնացած շատ ու շատ հարցեր, որոնցից գլխավորը կա և մնում է թերևս հետևյալը. ի՛նչ բացառիկ «օժտվածություն» պիտի ունենալ նման կարգի աստղերով խմբային փուլից մի կերպ դուրս գալու համար: Խաղավարտից հետո Բատիստայի հայտարարությունը, թե Լիոնել Մեսին ֆանտաստիկ խաղ ցուցադրեց, չի խոսում հօգուտ հավաքականի մարզչի պրոֆեսիոնալ կարողությունների, որովհետև նման կարծիքի է եթե ոչ միլիարդից ավելի, ապա առնվազն մեկ միլիարդի չափ մարդ, բայց այդ միլիարդը չէ հավաքականի մարզիչը, այլ Բատիստան, ով չի կարողանում (գոնե առայժմ) հարկ եղածի պես «հնչեցնել» իր տրամադրության տակ եղած «աստղաբույլը»: Մտածե՞լ եք արդյոք, թե հայ ֆուտբոլասերն ինչ «քաղցր» հիշոցներով «կպատվեր» մեր ցանկացած մարզչի, ում թիմը եթե չօգտագործեր Արգենտինայի հավաքականի ստեղծած գոլային հնարավորությունների մեկ տասներորդը: Բայց, այնուամենայնիվ, եկեք խոստովանենք, որ Մեսին իսկապես ֆուտբոլային հանճար է, և ինչ գեղեցիկ էր թե՛ Ագուերոյի, թե՛ Դի Մարիայի խոնարհումը նրան, երբ խփած գոլերից հետո մարզադաշտին ցույց էին տալիս, թե որոտընդոստ ծափահարությունները հատկապես ում պիտի ուղղել: Ինչ ուզում եք ասեք, ֆուտբոլը նաև գեղեցիկ է իր այս կարգի խոստովանություններով, և ի՞նչ կապ ունի, որ Մեսին դաշտից հեռացավ իր սեփական գոլը չխփած. ո՞վ չհասկացավ, որ դրանք իրականում… նրա՛ խփածներն էին: Մյուս կողմից էլ, հիրավի, ինչքա՜ն մեծ ֆուտբոլիստ պիտի լինես` քո հարյուրտոկոսանոց հնարավորությունը խաղընկերոջդ զիջելու համար: Արդ` իր կարիերայի ընթացքում կխփի՞ Մեսին Պելեի չափ գոլ, ինչպես խանդով արտահայտվել էր Պելեն, ավելի քան երկրորդական հարց է, որովհետև խնդիրը ոչ միայն իրացնելն է, այլև իրացվելը, իսկ սա բացառիկների մենաշնորհն է: Այնպես որ, երիցս կեցցե իր տարիքից անհամեմատ իմաստուն Լիոնել Մեսի արքան ու, տա Աստված, որ աշխարհը նրա հանճարը երկար վայելելու հնարավորություն ունենա, որովհետև գեղեցիկի հետ հանդիպումը միայն ու միայն մաքրագործում է մարդուն:
Արգենտինայի հավաքականի նման իր երկրպագուներին «սիրաշահելու» նույն ճանապարհն անցավ և B ենթախմբում ընդգրկված Բրազիլիայի ընտրանին, որը, ինչպես հայտնի է, Պարագվայի հետ խաղում պարզապես հրաշքով փրկվեց պարտությունից: Ենթախմբից դուրս գալու համար Էկվադորի անհամեմատ թույլ ընտրանին նրա համար եղավ մեկ քառորդ եզրափակիչ դուրս գալու նվեր (4:2 հաշիվը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի):
Ենթախմբային մակարդակի հանդիպումներում գավաթի խաղարկության մեջ ընդգրկված թիմերից վատ տպավորություն չթողեցին, թերևս, Պարագվայի, ՈՒրուգվայի, Պերուի հավաքականները: Ի դեպ, վերջինիս մարզում է մեր հայրենակից, ուրուգվահայ Սերխիո Մարգարյանը, ում ներկայությունը մրցաշարին ինչ-որ չափով հաղորդում է հայկական երանգ, թեպետ առանց դրա էլ Ամերիկայի գավաթի խաղարկությունը նույն հայ ֆուտբոլասերի համար մնում է ակնկալվածներից մեկը:
Այսպիսով, արդեն հուլիսի 16-ին միմյանց դեմ կելնեն Կոլումբիա-Պերու, Արգենտինա-ՈՒրուգվայ, մեկ օր անց` Բրազիլիա-Պարագվայ, Չիլի-Վենեսուելա զույգերը: Հաշվի առնելով ժամային գոտիների տարբերությունը` հանրային հեռուստատեսությունը Արգենտինա-ՈՒրուգվայ խաղը փաստացի կհեռարձակի հուլիսի 17-ին, իսկ Չիլի-Վենեսուելա խաղը` հուլիսի 18-ին:
Հուլիսի 13-ին ի հայտ եկան ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հաղթողները: Մյոնխենգլադբախում միմյանց դեմ ելան Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հավաքականները: Հիշեցնեմ, որ երկու թիմերն էլ մեկ քառորդում ունեցել էին ծանր խաղ, երկուսն էլ մրցակիցներին` Անգլիայի ու Բրազիլիայի ընտրանիներին, հաղթել էին լրացուցիչ ժամանակահատվածին հետևած 11-մետրանոցների առավել հաջող իրացման արդյունքում: Այնպես որ, հոգնածության առումով էլ երկու թիմերը գրեթե հավասար վիճակում էին: Ասում ենք` գրեթե, որովհետև բրազիլացիների հետ դիմակայությունում բավական ժամանակ ամերիկուհիները խաղացել են տասը հոգով:
Ինչևէ: Կիսաեզրափակիչը բավականին դիտարժան ստացվեց: Առաջին խաղակեսին ամերիկուհիների խփած գոլին ֆրանսուհիները պատասխանեցին երկրորդ խաղակեսի սկզբից տասը րոպե անց, և դաշտում ծավալվել էր այնպիսի իրադրություն, որ, թվում էր, խաղը գլորվում է դեպի լրացուցիչ ժամանակ: Սակայն Ֆրանսիայի հավաքականի դարպասին նշանակված անկյունային հարվածը մի վայրկյանում փոխեց խաղի ընթացքը: Կորցրածը ձեռք բերելու համար եվրոպացիները նետվեցին առաջ, սակայն հակառակորդներն արագ հակագրոհից հետո կարողացան է՛լ ավելի մեծացնել իրենց առավելությունն ու խաղը հասցնել բաղձալի ավարտին: Հանուն ճշմարտության պիտի ասել, որ ամերիկուհիների խաղն անհամեմատ տպավորիչ էր մրցակիցների խաղից, և նրանք արժանիորեն հայտնվեցին եզրափակիչում:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում ուժեղագույնի կոչումը վիճարկեցին Ճապոնիայի ու Շվեդիայի ընտրանիները: Առաջ անցնելով ասենք, որ ճապոնուհիները պարզապես հմայեցին իրենց խաղի կազմակերպվածությամբ, կատարողական վարպետությամբ ու կամային որակներով, և 3:1 հաշիվը միանգամայն իրատեսորեն է արտահայտում ուժերի հարաբերակցությունը: Ջահե՜լ, սլացիկ ու հմայիչ շվեդուհիները, որոնց սկզբունքորեն ամբողջ թիմով կարելի էր տանել մոդելների մրցույթի, երկրորդ խաղակեսի միջնամասում հուսահատ փորձում էին ինչ-որ բան ձեռնարկել ընդդեմ շարժուն, աթլետիկ, ամենահաս ճապոնուհիների ու անզորությունից շիկնած դարձել էին ավելի հմայիչ: Սակայն անգամ հուսահատ անզորության մեջ նրանք իրենց խաղով հաստատ շատ ավելի ուժեղ ու հասուն էին հակառակ սեռի որոշ թիմերից, որոնցից մեկին մասնավորապես հայ ֆուտբոլասերը դժբախտություն ունեցավ հանրապետական մարզադաշտում տեսնելու: Խոսքը Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երկու խաղով (լավ է, որ երկու խաղ է գոնե) հանդես եկած Երևանի «Փյունիկի» մասին է։ Հասկանում եմ, որ այս պահից սկսած ընթերցողը մտովի վեճի բռնվեց համեստ անձիս հետ` հիշելով ռուսական կոշտ ու կոպիտ խոսքը երկու անհամարժեք բաների համեմատության վերաբերյալ: Ավելին չեմ ուզում ասել, բայց նման խաղ ցուցադրող թիմին «Փյունիկ» անվանելն էլ չի պատշաճում: Փյունիկը մոխրից հառնող առասպելական թռչունն է, ոչ թե մոխրաթաղ եղածը կամ լինողը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1606

Մեկնաբանություններ