Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԴԻՏԱՐԺԱՆ ՖՈՒՏԲՈԼ

ԴԻՏԱՐԺԱՆ ՖՈՒՏԲՈԼ
12.07.2011 | 00:00

ՎԵՐՋԻՆ ՎԵՑ ՏԱՐՈՒՄ` ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՉԵՄՊԻՈՆ
Ավարտվեց Մեքսիկայում ընթացած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը: Դրամատիկ ստացվեցին թե՛ առաջին, թե՛ երրորդ տեղերի համար խաղերը: Հաղթողները… Եկեք չշտապենք, որովհետև պակաս լարված ու դիտարժան չէին նաև կիսաեզրափակչի խաղերը:
«Գվադալահարա» մարզադաշտում կիսաեզրափակիչ առաջին խաղում միմյանց դեմ էին ելել Բրազիլիայի և ՈՒրուգվայի ընտրանիները: Ասել, թե տեխնիկական առումով վերջիններս զիջում էին «գնդակի կախարդ» բրենդի անփոփոխ տիրակալ իրենց մրցակիցներին, մեղանչած կլինենք ճշմարտության դեմ, որովհետև ուրուգվայցիները տեխնիկապես պակաս հասուն չէին, իսկ արագաուժային որակներով ու խաղը կառուցելու մարտավարությամբ նույնիսկ գերազանցում էին, ինչն էլ իր վերջնական արտահայտությունը գտավ հաշվի մեջ: Համենայն դեպս, 3:0-ն ամեն ինչի մասին է խոսում ու կարիք չունի լրացուցիչ մեկնաբանությունների: Մինչ բրազիլականը, ուրուգվայցիներն եզրափակիչ տանող ճանապարհին հաղթահարել էին կանադական (3:0), ռուանդական (1:0), կոնգոյական (2:1), ուզբեկական (3:0) արգելքները և զիջել միայն Անգլիայի ընտրանուն (0:2): Հասկանալի է` խմբային փուլում:
Ի տարբերություն ուրուգվայցիների, կիսաեզրափակիչ հասած Մեքսիկայի ընտրանու անցած ճանապարհը բացառապես հաղթական է եղել: Այն հաջորդաբար ծնկի է բերել Կորեայի (3:1), Կոնգոյի (2:1), Նիդերլանդների (3:2), Պանամայի (2:0) և Ֆրանսիայի (2:1) հավաքականներին: Աշխարհի առաջնությունը հյուրընկալած մեքսիկացիները «Տորեոն» մարզադաշտում կիսաեզրափակիչ խաղում բացառիկ կամային որակներ դրսևորեցին` այն համեմելով գեղեցիկ ու նպատակասլաց խաղով, որտեղ և՛ սլացիկ ճեղքումներ կային, և՛ հնարամիտ «խաբսեր», և՛ գրագետ կազմակերպված կոմբինացիաներ: Մի խոսքով, այն ամենը, ինչը բնութագրական է գեղեցիկ, ագրեսիվ խաղաոճի ֆուտբոլին: Սկզբունքորեն կամային հաղթանակ էր մեքսիկացիներինը, ովքեր առաջին գոլը խփելուց հետո մի պահ զիջեցին գերմանական մեքենային, սակայն կարողացան ոչ միայն վերականգնել հաշվի հավասարակշռությունը, այլև խաղավարտի վերջին րոպեին հաղթանակ կորզել: Ի դեպ, ինչպես առաջին, այնպես էլ հաղթական գոլի հեղինակը Խուլիո Գոմեսն էր, ով իր երկրորդ գոլից առաջ ստացել էր գանգուղեղային վնասվածք, սակայն այդպես էլ չէր լքել մարզադաշտը:
Առաջնության երրորդ տեղի համար հուլիսի 10-ին խաղադաշտ դուրս եկան Գերմանիայի ու Բրազիլիայի հավաքականները: Սա առաջնության բացառիկ լարված խաղերից մեկն էր և ամբողջովին արդարացրեց մարզասերների ակնկալիքները: Խաղի 20-րդ րոպեին սեփական դարպասը գնդակ ընդունելով (Օկահ Այդին)` բրազիլացիներից ընդամենը երկու րոպե պահանջվեց խաղի հավասարակշռությունը վերականգնելու համար: Դա արեց Վելինգտոնը: Խաղի 33-րդ րոպեին գերմանացիները պարտվում էին արդեն 3:1 հաշվով: Երկու անգամ էլ աչքի ընկավ Ադրիանը, ով առաջին գոլը խփեց խաղային դիրքից, երկրորդը` 11-մետրանոց նշագծից: Խաղակեսի ավարտի լրացուցիչ րոպեին Կոգաու Գյունտերը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:
Երկրորդ խաղակեսը նույնպես դրամատիկ զարգացում ունեցավ: Գերմանացիներին հաջողվեց խփել երկու գոլ ու հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը: Գոլերից առաջինի հեղինակը դարձյալ Օկահ Այդինն էր, մյուսինը` Լևենտ Այչիչեկը: Ազգությամբ թուրք երկու մարզիկների ջանքերով Գերմանիայի ընտրանին կարողացավ ծնկի բերել Բրազիլիայի հավաքականին ու տիրանալ առաջնության բրոնզե մեդալներին: Եվ ինչո՞ւ չուրախանար թուրքական հեռուստատեսության մեկնաբանը գերմանացիների հաղթանակի համար, երբ առաջնությունում Գերմանիայի հավաքականը ներկայացնում էր թրքազգի ութ մարզիկի:
Առաջնության գլխավոր խաղը կայացավ «Ացտեկ» մարզադաշտում: Պիտի ասել, որ իր լարվածությամբ, դիտարժանությամբ, հասուն ու գրագետ խաղով սա կատարելապես եզրափակչին արժանի խաղ էր։ Մարզասերներին ֆուտբոլային գեղեցիկ տոն պարգևելու համար հավասարապես ջանացին թե՛ ուրուգվայցիները, թե՛ մեքսիկացիները: Պարզապես նախանձել կարելի էր թիմերին այդ տարիքում նման բարձրակարգ ֆուտբոլ ցույց տալու համար: Ինչ վերաբերում է խաղի արդյունքին, այն 2:0 է` հօգուտ մեքսիկացիների, ովքեր կարողացան վերջին վեց տարում երկու անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն: Այս հաջողությունը հարկավ, ինչ-որ չափով կմեղմի մեքսիկացի ֆուտբոլասերների դառնությունը` կապված Ամերիկայի գավաթի խաղարկությունում նրանց հավաքականի ձախողման հետ, թեպետ վերջին պահին փոխել հիմնական կազմի ութ ֆուտբոլիստի ու հաջողություն ընկալել մրցաշարից, այնքան էլ խելքին մոտ բան չէ: Իսկ նման պատասխանատու մրցաշարից առաջ թիմում արմատական փոփոխություն անել, թերևս ամեն մի երկիր (ֆեդերացիա, մարզիչ) չէր համարձակվի: Սակայն պարզվում է, որ մեքսիկացիները շատ ավելի են կարևորում իրենց մարզիկների բարոյական նկարագիրը (խախտելով մարզումային ռեժիմը` տղաները հավաքի ժամանակ աղջիկների հետ քեֆ էին քաշել, մարզիչներն էլ վերցրել ու պատժել էին), քան կոնկրետ մրցաշարն ու կոնկրետ արդյունքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ