Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանի Սահմանադրությունում կհայտնվի Աստված

Ռուսաստանի Սահմանադրությունում կհայտնվի Աստված
05.03.2020 | 10:48

Հիմնական օրենքի բարեփոխումը, որին ձգտում է Վլադիմիր Պուտինը, հարստանում է նույնականության ուժեղ հայտանիշներով և նախատեսում է միասեռական ամուսնության արգելք: Եթե հունվարի 15-ին Վլադիմիր Պուտինը անոնսում էր ՌԴ Սահմանադրության բարեփոխումն իբրև սահմանադրական պարզ վերահավասարակշռում, հիմա ամեն ինչ այլ լույսի տակ է ներկայանում: Նախագահի առաջարկով մարտի 2-ին օրինագծում, որին քվեարկել են Պետդումայի պատգամավորները, արվեցին սիմվոլիկ փոփոխություններ՝ գրում է Բենուա Վիտկինը Le Monde-ում: Ամենաապշեցուցիչ փոփոխություններից մեկը, անկասկած, Աստծո հիշատակումն է Սահմանադրության տեքստում, որ անփոփոխ է եղել 1993-ից:

Սահմանադրության նախագծում գրվելու է. «Ռուսաստանի Դաշնությունը, միավորված հազարամյակների պատմությամբ, պահպանում է նախնիների հիշողությունը, որ մեզ են փոխանցել իրենց իդեալները ու Աստծո նկատմամբ հավատը»: Նույն հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է: «Նախագահի լրացումները բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության հետ նրա երկխոսության արդյունքն են» հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Աստծո մասին լրացումն առաջարկել է Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, նրան աջակցել են կրոնական այլ համայանքների նեկայացուցիչները: 1993-ի Սահմանադրության 14-րդ հոդվածում նշվում է, որ ՌԴ-ն աշխարհիկ պետություն է: Նախագահի լրացումները նախատեսում են Սահմանադրության մեջ ներառել «ամուսնությունը տղամարդու ու կնոջ միությունն է» ձևակերպումը և հաստատում են, որ ընտանիքը, մայրությունը, հայրությունը և երեխաները պետք է պաշտպանվեն պետության կողմից: Նույնականության մասին ճշտվում է, որ ռուս ժողովուրդը պետականաստեղծ է, Հիմնական օրենքով երաշխավորվում է ՌԴ այլ ժողովուրդների՝ իրենց լեզվով խոսելու իրավունքը: Լրացումների մեջ կա դրույթ, որ արգելում է ռուսական տարածքների օտարումը, որ վերջնահաշվում օրենսդրական նոր գործիքներ է տալիս նրանց դեմ պայքարում, ովքեր հրաժարվում են ճանաչել 2014-ին Ղրիմի անեքսիան, հատկապես բուն թերակղզում: Այս կետը կբարդացնի Ճապոնիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը: Дождь հեռուստաալիքին հարցազրույցում քաղաքագետ Գեորգի Սատարովը, որ 1993-ի Սահմանադրության կազմողներից մեկն է, ասել է, որ հայտարարված սահմանադրական փոփոխությունները տատանվում են տարօրինակի, ծիծաղելիի ու վախեցնողի միջև: Այս կատեգորիայից են դրույթները, որ արգելում են պետության ամբողջականության մասին ցանկացած տեսակետ: Այլ մեկնաբաններ փոփոխությունների մեջ փորձ են տեսնում ներգրավել ընտրողներին ու դրդել ապրիլի 22-ի քվեարկությանը: Այդ նպատակով նախագահի մեկ այլ լրացում առաջարկում է Սահմանադրության մեջ ամրագրել, որ «Պետությունը երաշխավորում է աշխատավարձի նվազագույն չափը՝ սպառողական զամբյուղի նվազագույնից ոչ պակաս»:


Թեպետ համաժողովրդական քվեարկությունը չունի այնպիսի նշանակություն, ինչպես հանրաքվեն, կառավարության համար կարևոր փորձություն է, որ ձգտում է ապահովել քաղաքացիների առավելագույն մասնակցություն: Մոսկվան խնդրել է տեղական իշխանություններին տոնական մթնոլորտ ստեղծել հանրաքվեի շուրջ, որ անցնելու է դիտորդների բացակայությամբ: Կարող է լինել և էլեկտրոնային քվեարկություն: Այս պահն հարցումները վկայում են, որ ՌԴ քաղաքացիները իրականում այնքան էլ չեն հասկանում սահմանադրական փոփոխության նպատակներն ու խնդիրները և առանձնապես հետաքրքրված չեն: Լևադա կենտրոնի հարցումներով՝ առայժմ պատրաստ է քվեարկել հարցվածների 25%-ը: Սահմանադրական փոփոխության ևս մեկ մշուշոտ կետ է ապագա Պետական խորհրդին հատկացված դերը, որին պետք է տրվեն նախագահականին նման արտոնություններ: Շատ դիտորդների կարծիքով՝ այդ կառույցի ստեղծումը տարբերակներից մեկն է, որ Պուտինին ապահովելու է վերահսկողություն իր իրավահաջորդի վրա 2024-ին Կրեմլից հեռանալուց հետո:
Բենուա Վիտկին, Le Monde


Հ.Գ.
Փաստորեն՝ Սահմանադրությունները լուծում են իշխանության հարցը: Համենայն դեպս՝ հետխորհրդային տարածքում: Մի քիչ էլ պետական կառավարման մեխանիզմներ են ստեղծում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ