«Որպեսզի մեր հայ տեսակն ընդառաջ ելնի ճշմարտությանը, պետք է նախ սուտը հեռացնի իր կողքից»
19.05.2020 | 00:02
Նախօրեին խորհրդարանը վավերացրեց հանրային բուռն քննադատության արժանացած Լանզարոտի կոնվենցիան, որը իբր պետք է կանխարգելի երեխաների շահագործումը և բռնությունը, սակայն մասնագիտական շրջանակները լուրջ խնդիրներ են տեսնում բարեհունչ անվան տակ քողարկված այս կոնվենցիայում։ Հոգևոր դասը ևս իր անհանգստությունն է հայտնում։ «Իրատեսի» հետ զրույցում Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ խոսեց կոնվենցիայից բխող վտանգների մասին։ Մինչ այդ փոքր առակ պատմեց։ Մի օր սուտը հանդիպում է ճշմարտությանը և առաջարկում միասին լոգանք ընդունել: Հագուստները հանելով, մտնում են ավազանը, մինչ ճշմարտության միտքը լոգանքն էր, սուտը շուտ դուրս է գալիս, հագնում ճշմարտության հագուստները, մտնում ժողովրդի մեջ: Մարդիկ ընդունում են ստին ճշմարտության տեղ: Ճշմարտությունը, տեսնելով ստի արարքը, մերկ դուրս է գալիս հասարակության մեջ և փորձում պատռել ստի դեմքը, սակայն մարդիկ, տեսնելով մերկ ճշմարտությանը, երես են թեքում նրանից, թքում ճշմարտության վրա և սուտը ընդունում ճշմարտության տեղ: Իսկ մեծերից մեկն ասել է. «Գիտե՞ք ինչու է ճշմարտությունը բռնաբարված, որովհետև այն մերկ է և գեղեցիկ»:
-Օրերս խորհրդարանն ընդունեց Լանզարոտի կոնվենցիան, որն առերևույթ երեխաներին սեռական շահագործումից, բռնությունից պաշտպանելու մասին է։ Այս կոնվենցիան արդեն իսկ արժանացել է բուռն քննադատության։ Որպես հոգևորական, Դուք ի՞նչ վտանգներ եք տեսնում։
-Ներանձնական շահից դրդված քաղաքական առևտուր է Եվրոպայի, ես կասեի` Գեյրոպայի հետ: Մեր հասարակությունը հետո է զգալու դա իր մաշկի վրա: «ՈՒզու՞մ ես կործանել մի երկիր, կրթիր նրա երեխային»,- ասել է սատանայապաշտներից մեկը: Հիշու՞մ եք, Ֆեյսբուքում օտարի շահերը սպասարկող մի հայակործան կազմակերպություն կանանց բռնության մասին կեղծ լուրեր էր տարածում։ Այնպիսի տպավորություն էր, որ ՀՀ-ում կանանց մեծ մասը բռնաբարության զոհ է, հետո պարզվեց, որ դա կեղծիք է, բայց այն տարածողը ԱՄՆ-ի կողմից «Խիզախ կին» կոչմանն արժանացավ: Սրանով ամեն բան ասված է:
Ցանկացած հակամարդկային, բարոյազուրկ ու անաստված օրենք ընդունելուց հետո նախ պետք է տեսնենք, թե ովքեր են կողմ քվեարկողները, ինչ բարոյական նկարագիր, կյանքի ինչ հետագիծ ունեն և ում շահերն են սպասարկում: Սովորաբար օրենքներն ընդունելուց առաջ պայմաններ են ստեղծում, հեռուստատեսությամբ պետք է զոմբիացնել հանրությանը, քարոզել դրա անհրաժեշտությունը, մարդկանցից թաքցնել իրականությունը և մատուցել «անհրաժեշտը»` ավելորդ ցնցումներից խուսափելու համար: Ձեր հարցադրման յուրաքանչյուր բառը սահմանման կարիք ունի. ո՛չ խորհրդարանն է խորհրդարան, ո՛չ մարդն ու նրա սերունդ երեխան են սահմանված, ո՛չ էլ բառերն են միանշանակ: Ինչ վերաբերում է այդ շանլակոտի կոնվենցիային (թույլ տվեք` ես էլ իմ ձևով տառադարձեմ), ինձ մտահոգում է դրա հանդեպ այդքան լուրջ վերաբերմունքը: Պետք չէ դրա քննադատության վրա վատնել մեր ազգային պաթոսի ողջ պոտենցիալը: Պետք է ընդհանրապես որևէ օտարամուտ օրենսդրություն հստակորեն մերժել: Մերժել ո՛չ միայն խոսքով, այլև կոնկրետ գործով: Աշխարհը մարդուն առաջարկում է հարմարավետություն և բարեկեցություն սեփական մարդկային նկարագրի դիմաց: Մարդկային հասարակության բարօր ընթացքը կարող են ապահովել միայն աստվածադիր օրենքները: Մենք այսօր աշխարհում դիտարկում ենք այդ օրենքների ժխտումն ու ի բաց մերժումը, ինչը կարելի է որակել որպես «վերջին ժամանակների համախտանիշ»: Եկեղեցին` որպես ՄԱՐԴ տեսակի կերտող և պահապան, հալածվում է աշխարհում: Վտանգը կոնվենցիայի մեջ չէ, վտանգը Աստծուն մոռանալու մեջ է, որովհետև կյանքը առաջ է շարժվում, երբ կա ընտրություն, և առաջ է շարժվում ճիշտ ուղղությամբ, երբ ընտրությունն այդ ճիշտ է: Աշխարհում լինելու է այն, ինչ պետք է լինի, սակայն ճիշտ ընտրության համար չպետք է մոռանալ Տիրոջ հաստատումը. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ»:
-Ինչու՞ իշխանությունն այս ճգնաժամային իրավիճակում, արտակարգ դրության պայմաններում, առանց հանրային լայն քննարկման արագ վավերացրեց այս կոնվենցիան։
-Մտածում են, որ արտակարգ դրություն է, օրենքով չի՛ կարելի բողոքել, ընդունում են: Նորմալ, բարոյական նկարագիր ունեցող մարդիկ լավ հասկանում են, թե ինչ դավադրություն է իրականացվում ՀԱՅ տեսակի դեմ: Երկար չի՛ տևի, վստահեցնում եմ Ձեզ: Օրենքներ ընդունողներն իրենց ընտանիքի բարոյական սկզբունքների ու նկարագրի սահմաններում են դիտարկում և ընդունում։ ԱՍՏՎԱԾ, ըստ իրենց սեղմած կոճակի, թող իրենց ընտանիքներին տա և կտա, թող չկասկածեն: Սուրբ գիրքն ասում է. «Ով հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, գուցե ընկնի»:
Եվ ընդհանրապես, ինչպե՞ս եք համարձակվում հանձն առնել ձեր ուժերից վեր մի բան: Եթե մեր ցուցամատը մեզ խանգարում է, որովհետև հակված է միշտ տնկվելու այլոց ուղղությամբ, պետք է այն կտրել կամ գոնե կծել, թե չէ մեր փոխարեն դա կանեն ուրիշները: Երբ երեսպաշտ է անհատը, դեռ կարելի է դարձի բերել, իսկ համազգային և համահասարակական համավարակ-երեսպաշտությունից ինքնամեկուսացումն էլ չի փրկի: Հանրությանը մեծ ու փոքր ստերով պատրաստում են ընդունելու մեծ մոլորությունը. Աստուծո անսուտ խոսքը թող հանդիմանություն լինի պիղծ օրենքներ ընդունողների և ծափահարողների համար, իսկ սթափվածների համար արթնության ու պայքարի հիմք լինի. «Որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին կամ գոհություն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մեջ մանրացան, և նրանց սրտերը անմտությամբ խավարեցին: Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում և հիմարացան…Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկության, Աստված նրանց մատնեց պղծության, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մեջ. նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս: Ամեն: Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետև նրանք բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը: Եվ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցված լինելով ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, կատարյալ նախանձով, սպանությամբ, կռվազանցությամբ, նենգությամբ, չարասրտությամբ. բանսարկու, չարախոս, աստվածատյաց, նախատող, հպարտ, ամբարտավան, պոռոտախոս, չարահնար, ծնողատյաց, անմիտ, ուխտադրուժ, անագորույն, անգութ, անողորմ. նրանք գիտեին Աստծու արդար դատաստանը, թե այսպիսի բաներ գործողները մահվան են արժանի. և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս» (Հռ. 1; 21-32):
«Նրա՝ Անօրենի գալուստը Սատանայի ներգործությամբ է, ամենայն զորությամբ, նշաններով, խաբեբայական զորավոր գործերով և անիրավության բոլոր պատրանքներով կորստյան մատնվածների վրա. և այդ ամենը այն բանի փոխարեն, որ չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն: Դրա համար էլ Աստված նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորություն, որ նրանք հավատան ստին, և դատապարտվեն բոլոր նրանք, որ չհավատացին ճշմարտությանը և հաճույք գտան անօրինության մեջ» (Բ Թես. 2; 9-11):
«Սրանց ազատություն են խոստանում, մինչ իրենք ծառա են ապականությանը, քանի որ մարդ ինչից որ հաղթվում է, նրան էլ ծառա է. որովհետև, եթե մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով բռնվեն մնան, նրանց վախճանը կլինի ավելի վատ, քան առաջին վիճակը. քանի որ ավելի լավ էր նրանց համար, եթե բնա՛վ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին և հետ կանգնեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց նրանց» (Բ Պետր. 2; 19-22):
«Քանզի եթե կամավոր կերպով ենք մեղանչում ճշմարտությունն իմանալուց և ընդունելուց հետո, ուրեմն մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում. այլ մնում է դատաստանի ահեղ սպասումը և կրակի կատաղությունը, որ լափելու է Աստծու հակառակորդներին:
Մովսեսի օրենքը արհամարհած մեկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայությամբ: Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը, և անարգել շնորհի Հոգին: Արդարև, ճանաչում ենք նրան, ով ասաց. -Իմն են վրեժխնդրությունները, և ես պիտի հատուցեմ,- ասում է Տերը: Եվ դարձյալ. Տերը պիտի դատի իր ժողովրդին: Ահավոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը» (Եբր. 10; 26-31):
Թե ինչ է կատարվում մեր շուրջը, մենք կարող ենք իմանալ Ճշմարտության միակ աղբյուրից` Սուրբ Գրքից: Անհնար է այն ամբողջությամբ մեջբերել, սակայն հնարավոր է բացել և կարդալ: Աստվածաշունչ մատյանը կարդացեք այն Հոգով, որով գրված է, և ամեն բան կհասկանաք:
-Նիկոլ Փաշինյանն այս կոնվենցիան քննադատողներին հարցադրում արեց՝ սեռական դաստիարակություն պիտի՞ լինի, թե՞ ոչ։ Այնուհետև փաստեց, որ այս թեման բացելով կանխարգելում ենք սեռական շահագործման և բռնության դեպքերը։ Ո՞րն է Ձեր արձագանքը։
-Մինչ այդ էլ հարց էր ուղղում, թե բա լիլվանուշը մա՞րդ է, թե՞ չէ: Նիկոլ Փաշինյանին դեռ ոչ ոք չի զրկել սեփական երեխաների սեռական դաստիարակությամբ զբաղվելու և նրանց ցանկացած, այդ թվում սեռական բնույթի բռնությունից ու շահագործումից պաշտպանելու ծնողական իրավունքից: Ակնկալում ենք փոխադարձ հարգանք: Հետաքրքիր է, երբ «բեսեդկաների» կամ այլ վայրերի մասին էր խոսում, իր սեփական փորձառությու՞նն էր կիսում, եթե այդպես է, ապա ցավում եմ: Ի դեպ, ոմանք իրենց համար որպես իդեալ Պապ թագավորին են մատնանշում, բայց Պապ թագավորը այլասերված էր, չէ՞։ Եկեղեցու, այդ ժամանակվա Վեհափառի դեմ դավադրություններ նյութեց, արդյունքում դաժան վախճան ունեցավ: Խելամիտ մարդիկ, երբ մեկին իրենց համար որպես իդեալ են ընդունում, պետք է, որ նաև պատրաստ լինեն նման վախճանի: Մենք Քրիստոսին ենք ընտրել և պատրաստ ենք ՆՐԱ հետ խաչվելու, իսկ ոմանք պատրա՞ստ են Պապի ճակատագրին արժանանալու, դժոխքում այրվելու, բայց կարժանանան ավելի դաժան վախճանի, քան Պապը, եթե չապաշխարեն: Քահանան ԱՍՏՈՒԾՈ ԲԵՐԱՆՆ է, թող զգուշանան: Այսքանն առ այս:
-Երեխայի դաստիարակության գործում, Ձեր կարծիքով, Հայ առաքելական եկեղեցու դերը ո՞րն է։ Այսօր մեր հոգևոր դասն անհանգստացա՞ծ է նմանատիպ կոնվենցիաների վավերացմամբ և ունի՞ դրանց վրա ազդելու որևէ գործիք։
- 301 թ. ՔՐԻՍՏՈՍ ԻՋԱՎ Վաղարշապատում և Վաղարշապատը կոչվեց ԷՋՄԻԱԾԻՆ, այսինքն` ԻՋԱՎ ԱՍՏՈՒԾՈ ՄԻԱԾԻՆԸ: Բանից պարզվում է` այդ օրվանից մինչև մեր օրերը` անհայրենիքների ջրի երես դուրս գալը, մեր ավանդական ընտանիքները սխալ են դաստիարակել իրենց երեխաներին: ՈՒ հանկարծ Արարատյան երկիր է իջել Նեռի խամաճիկը ու սեփական բեսեդկայական օրենքներն է թելադրում: Ծիծաղելի է շատ, բայց չեմ ծիծաղում, որովհետև այս քաոս-հարսանիքի մեջ տեսնում եմ հուդայա-պապական վախճանի արդյունքը, ինչը ողբալի է շատ:
Հայոց եկեղեցին մեծ դեր ունի իր ավազանից ծնունդ առած յուրաքանչյուր քրիստոնյա զավակի դաստիարակության գործում: Ընտանիքի ավանդական ընկալման գաղափարը սերունդներին ավանդողը հենց եկեղեցին է: Այն հասարակություններում, որոնցում մարդ-եկեղեցի կապը թուլացել կամ խզվել է, խեղվել է ընտանիքի ավանդական ընկալումը, և ոչ մի ծնող ի զորու չէ դա վերականգնելու, որովհետև բոլոր այդ ծնողները, ժամանակին աշխարհ գալով որպես երեխաներ, ժառանգում են իրենց ավանդված այդ խեղված սովորույթները: «Փրկվի՛ր ինքդ, և շուրջդ հազարավորներ կփրկվեն»,- ժամանակին նկատել է եկեղեցու սրբերից մեկը: Եկեղեցին արտաքին ազդեցության լծակներ չունի և ունենալու կարիք էլ չունի: Եկեղեցին ներգործուն ուժ է, ներքին փոփոխությունների բերող ուժ, մարդուն նորովի արարելու զորություն: Եկեղեցին մարդու ուշադրությունը հրավիրում է սեփական անձի և պարտավորությունների վրա, մարդկության մեծ մարմնի վերքերը բուժում է` նրա յուրաքանչյուր անդամը դարմանելով:
Սակայն պետք է արդարացիորեն նկատել, որ հանրության բոլոր անդամները եկեղեցու անդամ չեն, և ոչ բոլորը ունեն հոգևոր գիտակցություն: Կենդանիներն ու գազաններն էլ քրիստոնյա չեն և հոգևոր բարձր գիտակցություն չունեն, սակայն առաջնորդվում են բնազդներով, որոնցից մեկը ՏԵՍԱԿԻ շարունակության ու պահպանության բնազդն է: Նրանք բնազդաբար են բազմանում և բնազդով էլ պաշտպանում են իրենց սերունդը կյանքին սպառնացող վտանգներից: Գոնե տեսակի պահպանության անհրաժեշտության այդ գիտակցությամբ զինված` եկեղեցու կյանքին խորթ հայկազունները թող մտահոգվեն իրենց սերունդի համար և պաշտպանվեն:
-Այսպիսի թեմաների շուրջ հանրային ուշագրավ բանավեճ կա։ Նման կոնվենցիաներին կողմ արտահայտվողները քննադատողներին համարում են հետամնաց, երբեմն տգետ, երբեմն էլ եկեղեցին են հետադիմական անվանում։ Դուք հանրային այս տրամադրություններին ինչպե՞ս եք վերաբերվում, չե՞ք կարծում, որ հետևողականորեն փորձում են սովորական դարձնել այնպիսի երևույթներ, որոնք հայ հասարակությունում մերժելի են։
-ՈՒկրաինայում եկեղեցին բաժանեցին երեք մասի, Հայաստանում նման փորձ սկսվեց նախկին դավադիր իշխանությունների թողտվությամբ կայացած գեյրափոխության արդյունքում, ոմանք դա իշխանափոխություն են անվանում, ոմանք` խեղափոխություն, վերջինիս հետ ես համաձայն եմ, որովհետև խեղվեց բարոյական ամեն մի սրբություն, ոմանք` հեղափոխություն, ինչը կեղծիք է և սուտ: Հիմա ՀՀ-ում ՉԱՐևմուտքի կողմից նույն քաղաքանությունն է իրականացվում: Նախ ստեղծեցին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, ապա ապօրինի ձեռնադրություններ իրականացրին մեր եկեղեցիներից մեկում, տվյալներ կան, որ արտասահմանում էլ են ուզում նմանատիպ «ձեռնադրություններ» կատարել: Այսպիսով, դիվական ուժերի կողմից փորձ է արվում պառակտելու ԱԶԳԱՊԱՀՊԱՆ ՔՐԻՍՏՈՍԱԷՋՔ ԵԿԵՂԵՑԻՆ: Տարբեր տեղերից լսում ենք, որ մեծ գումարներ են ծախսվում այդ պառակտումն իրականացնելու համար: Օրինակ, ռուս քաղաքագետ Միխեևն ասաց, որ 1 միլիարդ դոլար է տրամադրված ռուս եկեղեցին հեղինակազրկելու համար, տարբեր տեղերից լսում ենք, որ մի կլորիկ գումար էլ մեզ համար են նախատեսել՝ Անգլիայում հակաեկեղեցական հոդվածները վկա: Այդ շրջանակներում պետք է դիտարկել քրիստոնեական, բարոյական մաքուր ու սուրբ արժեքները հետադիմական անվանող, սակայն պղծությունը առաջադեմ դիտարկող երկոտանի բանսարկուներին: Դե մի կերպ պետք է արդարացնեն, չէ՞, իրենց հակաաստվածային, հակաբնական, անմարդկային դիվահարությունը: Պարզ մի բան ասեմ. եթե հայ եկեղեցին հանենք հայ իրականությունից, այլասերվածներն ու աղանդավորները կոչնչացնեն հայ տեսակը, ահա թե ինչու են ստեպ-ստեպ հարձակվում եկեղեցու, Վեհափառ Հայրապետի վրա և իրենց սրտի դիվական թույնը շաղ տալիս: Մի առակ պատմեմ, որպեսզի առավել պատկերավոր լինի: Ասում են, մարդու օրգանիզմում բակտերիաներն ու վիրուսները բողոքում են իմունիտետի դեմ, թե բա` մեզ ճնշում են, մեզ ազատություն է պետք, մեզ բջիջների և օրգանների հետ հավասար իրավունքներ տվեք, թողեք հանգիստ ապրենք, թողեք աշխատենք, գոյատևենք… (շատ նման է ոմն մեկի կադրերին, գուցե հենց իրեն): Նրանց ազատ են թողնում, արտոնություններ տալիս (պիղծ օրենքների արդյունքում): Սկզբում բակտերիաներն ու վիրուսները իրենց շատ լավ են զգում, բազմանում ու շատանում են ու մի օր էլ տեսնում են` մութ է, ապա սկսում են մրսել, հետո օդի պակասն է խեղդում, պարզվում է, որ մարդու օրգանիզմը մեռել է:
Հիմա մի քանի վիրուսակիրների հովանավորներ իրենց պիղծ օրենքներով եկեղեցու, Հայաստանի ավանդական ընտանիքի դեմ օրենքներ են ընդունում, որ վերջնականապես ոչնչացնեն: Քրիստոսն ասում է. «Դուք նրանց խոսքերին մի՛ նայեք, այլ` գործերին»: Հզոր, վիճաբանող, տարհամոզող ու անզիջում հանրության տրամադրություններին ոչ մի կերպ պետք չէ վերաբերվել: Մեր քթի տակ տնկած գարշահոտ կոնվենցիաներին կողմ ու դեմ խոսողները, միմյանց փոխադարձաբար քննադատողները բոլորն էլ նույն հանրության անդամներն են: Կա անդեմ հանրություն, և կա դեմք, դիմագիծ, նկարագիր և ընթացք ունեցող եկեղեցի: Եվ այն, ինչ սահմանում եք որպես հասարակությանը արհեստածին սովորույթներ պատվաստելու հետևողական փորձ, իրականում հալածանք է եկեղեցու դեմ, ուրիշ ոչինչ: Այնպես որ, հակաթույն է պետք, ոչ թե խոսք:
-Հնարավո՞ր է, որ այս կոնվենցիան Ստամբուլյան կոնվենցիայի նախերգանքն է, և շուտով այն ևս կընդունվի։
-Կյանքում անհնարին բան չկա, մանավանդ, որ մեր սեփական ազգային ողնաշարի վրա ենք զգացել կախարդական փայտիկի հուժկու և ոգեղեն զորությունը: Եթե մարդու սրբության չափանիշը, ավանդական ընտանիք ասվածի չափանիշը այլասերվածությունն է, ապա զարմանալու էլ չէ, որ փորձեր կարվեն: Տեղանքում կողմնորոշվելու կամ անելիքի ընթացակարգը նշելու համար գծում են ճանապարհային քարտեզ: «Զառիթափ», «քարաթափում», «կտրուկ շրջադարձ», «վազանցն արգելվում է»…. կարդում ենք մենք նշանների մեջ և մեր անելիքն իմանում: Աշխարհի և եկեղեցու ճանապարհային քարտեզները տարբեր են, քանզի տարբեր են ճանապարհները, ընթացքը և անելիքները, բայց իսկապես այդ որդերի, բակտերիաների դեմ լուրջ հակաթույնը կփրկի Հայաստան օրգանիզմը, մնում է, որ Տեր Աստված մի մաքուր գենով հայ իշխանավոր հանի հայոց համար: Մի անգամ սատանան Քրիստոսին ասում է. «Տեսնու՞մ ես իմ հետևից ինչքան շատ մարդ է գալիս, լեգեոններ են պարզապես, իսկ քո հետևից եկողները շատ քիչ են», ի պատասխան Քրիստոսն ասում է. «Որովհետև դու ներքև ես իջնում, իսկ ես վերև եմ բարձրանում»:
Ձեր վերջին հարցադրումն էլ համեմեմ մի գեղեցիկ առակով. Ասում են` մի մարդ դուրս է գալիս ճշմարտություն որոնելու, ճանապարհին նրան է հանդիպում սուտը և ասում. «ՈՒ՞ր ես գնում»։ Մարդը պատասխանում է, թե գնում է ճշմարտություն որոնելու: Սուտը ասում է մարդուն. «Արի միասին փնտրենք»:
Այսպես մարդը ստի հետ գնում է ճշմարտություն որոնելու: Հասնում են մի քաղաք, այնտեղ մարդկանց հարցնում են, թե ճշմարտություն են որոնում, տեսե՞լ են նրան, ինչին ի պատասխան մարդիկ ասում են. «Իհարկե ոչ, չկա ճշմարտություն, նման բան գոյություն չունի»: Կես օրվա ճանապարհ անցնելուց հետո հասնում են մի գյուղ: Գյուղի կենտրոնում հավաքված մարդկանց հարցնում է ճշմարտություն փնտրողը, թե արդյոք տեսե՞լ են նրան, ինչին ի պատասխան մարդիկ ասում են, թե հենց նոր գնաց այստեղից: Քիչ առաջանալով` տեսնում են մի իմաստուն վանականի և նրան հարցնում են, թե տեսե՞լ է ճշմարտությունը:
Վանականը զարմացած նայում է ստի հետ ճշմարտություն փնտրող մարդուն և ասում. «Ա՛յ որդի, ինչպե՞ս կարող ես ստի հետ միասին գտնել ճշմարտությունը, նախ քեզանից վանի՛ր սուտը, ապա կտեսնես ճշմարտությունը»: Մարդը իրենից վանում է սուտը: Ստին վանելուց հետո տեսնում է, թե ինչպես է ճշմարտությունն ընդառաջ ելնում իրեն:
Որպեսզի մեր հայ տեսակին ընդառաջ ելնի ճշմարտությունը, պետք է նախ ստին հեռացնի իր կողքից, այլապես սուտը, ճշմարտության հագուստ հագած, կփորձի մոլորությամբ կործանման տանել ՀԱՅԻՆ:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ