Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Խաղաղության համար պետք է միշտ զինվենք, մեր տան դուռը ամուր փակ պահենք»

«Խաղաղության համար պետք է միշտ զինվենք, մեր տան դուռը ամուր փակ պահենք»
29.01.2019 | 04:07

Հայոց բանակի օրվա առթիվ զրուցում ենք «Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական և իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Կարեն, հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, ինչպիսի՞ զգացողություններ եք ունենում։
-Հայոց բանակի օրն ինձ համար անցածը վերլուծելու, թերություններն ու ձեռքբերումները ի մի բերելու առիթ է: Զգացողություններս բավականին խառն են, առաջին հերթին հպարտությունը քառապատկվում է, քանի որ 1992-ին ծնված բանակն այսօր տարածաշրջանում մարտունակներից մեկն է: Սակայն մի կողմից էլ մեծ ցավ ունեմ, քանի որ, չնայած երիտասարդ տարիքին, մեր բանակն ունի նաև կորուստներ, անդառնալի կորուստներ: Եթե զգացողությունս մեկ բառով ասելու լինեմ, ապա՝ մեծ սեր առ Հայոց բանակ:
-Դուք հաճախ եք լինում դիրքերում, շփվում զինվորների, հրամանատարների հետ։ Այսօր սահմանին կանգնած զինվորն ամենաշատը ինչի՞ կարիք ունի։
-Ամեն անգամ դիրքեր գնալիս ես փորձում եմ զինվորների հետ առանձնանալ, հարց ու փորձ եմ անում կենցաղից, սննդից, հագուստից և այլն։ Հատկանշական է, որ զինվորները երբեք նման հարցերին բողոքական դիրքերից չեն պատասխանում, իրենք կարիք ունեն թիկունքի է՛լ ավելի ջերմության: Վերջերս, երբ եղա մի դիրքում, որն ապրիլյան պատերազմին առաջիններից էր ենթարկվել հարձակման, տղերքը դիտակետից ցույց տվեցին միջդիրքային հատվածում սաղավարտներ, որոնք հակառակորդինն էին, ապրիլյանին հարձակվել էին դիրքի վրա, այդ սաղավարտները արդեն ժանգոտել էին: 19-ամյա զինվորներից մեկն ասաց. «Այս սաղավարտները կարող էին և չժանգոտվել, և մենք այստեղ կանգնած չլինեինք, ու ընդհանրապես հայտնի չէր լինի՝ մենք Գեղարքունիքու՞մ, թե՞ Կոտայքում ստիպված կլինեինք դիրք պահել»: Դիրքում կանգնած զինվորն առաջին հերթին թիկունքի թիկունք լինելու կարիքն ունի: Նրանց չի հետաքրքրում ոչ մի քաղաքականություն, բանակցություն և այլն, միայն թե իրենք պատվով պահեն դիրքը, իսկ թիկունքն էլ՝ իրենց թիկունքը: Ես միշտ առնչվում եմ սպաների հետ ու զարմանում այդ մարդկանց վրա: Սոցիալական վատ պայմաններ ունեն, աշխատավարձը դեռ չստացած, արդեն ծախսված է, բայց գիտե՞ք` որտեղ է ծախսվում: Սպաների աշխատավարձի մեծ մասը ծախսվում է բանակի վրա, տարբեր տեսակի նյութատեխնիկական սարքավորումների վրա: Կարծում եմ, որ սպաները կարիք ունեն ավելի բարձր աշխատավարձի, սոցիալական փաթեթներն ավելի ընդգրկուն պետք է դառնան: Այս ամենի մասին նրանք երբեք չեն խոսում, նրանք միշտ մտածում են, թե ինչ անեն, որ դիրքն ապահով լինի, որ զորանոցը տաք լինի, որ այս կամ այն զինատեսակը ապահով ու պաշտպանված լինի քամուց, անձրևից:
-Խոսենք բանակին աջակցելու հասարակական նախաձեռնությունների մասին։ Ի դեպ, Դուք նույնպես «Հայոց հզոր բանակ» ծրագրի միջոցով որոշակի խնդիրներ եք լուծում։ Մի փոքր ներկայացրեք Ձեր նախաձեռնությունը։ Հետաքրքիր է, զինվորներն ինչպե՞ս են ընդունում հասարակական աջակցությունը։
-Բանակ-հասարակություն կապը պետք է միշտ լինի ամենաբարձր մակարդակի վրա: Երբ հասարակությունը բանակում է, ապա ինքնըստինքյան լուծվում է մի քանի հարց, այդ թվում միջանձնային հարաբերությունների խնդիրն է պակասում: Հասարակությունը պետք է իր մտքից հանի, թե հարկ է մուծում պետությանը, թող պետությունն էլ բանակի խնդիրները լուծի: Ո՛չ, այդ մտածելակերպով մենք առաջ չենք կարող գնալ, մենք չենք կարող ունենալ ամենամարտունակ բանակը: Բանակը մի բնագավառ է, որտեղ ներդրումները շարունակական են, որտեղ նյութատեխնիկական սարքավորումները գուցե ֆիզիկապես չեն մաշվում, բայց արդեն երեք տարի հետո բարոյապես մաշված են լինում: Իսկ ամբողջ հոգսը պետության վրա թողնելը դավաճանություն է: «Հայոց հզոր բանակ» ծրագիրը նախաձեռնեցի ինքս` 2016-ին. այն ժամանակ մի քանի բարերար ունեինք, այսօր արդեն՝ ավելի քան 600, որոնք անտրտունջ կատարում են նվիրատվություններ ինչպես գումարի տեսքով, այնպես էլ նյութատեխնիկական սարքավորումների, որոնք ես հասցնում եմ առաջնագիծ, որտեղ այդ սարքավորումները կարևոր հարցեր են լուծում: Ես գիտեմ, որ հարց է առաջանալու, թե պետությունը չի՞ կարող անել, պատասխանեմ` կարող է, բայց ե՞րբ, երեք տարի հետո՞: Ես միշտ ասում եմ, որ հասարակությունը, բանակին օգնելով, լուծում է ապագայի հարցերը, այսինքն՝ այն, ինչը ապագայում պետք է անի պետությունը, հասարակությունը կարող է անել հիմա: Զինվորները, սպայական կազմը հասարակության աջակցությունն ընդունում են մեծ ցնծությամբ: Մեզ թվում է, թե չնչին բան ենք անում, բայց իրականում դա նրանց համար կոնկրետ անվտանգության, առողջության պայմանների հարց է լուծում, մենք դա չենք զգում, բայց նրանք սեփական մաշկի վրա են զգում: Երբ հասարակության աջակցությամբ ձեռք բերված նյութատեխնիկական սարքավորումը կրճատում է ծախսվող ժամանակը, որը պատերազմի դեպքում ամենաթանկ բանն է, երբ նա ունենում է այլընտրանքային կապի միջոց, նա վերջապես զգում է ջերմություն թիկունքից, որն ավելի է բարձրացնում մարտական ոգին:
-21-րդ դարում, ի՞նչ եք կարծում, ի՞նչն ավելի մեծ նշանակություն ունի պատերազմի ժամանակ. զորքի քանա՞կը, մարտունակությու՞նը, տեխնիկա՞ն, թե՞ այլ բան:
-Պատերազմի ժամանակ ամեն ինչն էլ նշանակություն ունի, բայց պատերազմի ելքի որոշիչ դերակատարությունը բաժին է ընկնում մարտունակությանը: 21-րդ դարում մարտունակությունը տեխնիկան չէ միայն, այլ բարձր տեխնոլոգիաները, որոնք պետք է ներդրվեն բանակում, որոնք կարող են տեխնիկայի արդյունավետությունը բարձրացնել մի քանի անգամ:
-Վերջերս շատ է խոսվում խաղաղության քարոզի մասին։ Ձեր կարծիքը։
-Ի՞նչ խաղաղություն, կամ ո՞ր խաղաղությունը, այն, որ արդեն երկար ու ձիգ տարիներ հրադադարի տեսքով մեզ քամու՞մ է: Խաղաղությունն ամենաթանկ բանն է, սակայն խաղաղության հասնելու համար խոսել պետք չէ, պարզապես գործել է պետք: Խաղաղության համար պետք է միշտ զինվենք, մեր տան դուռը ամուր փակ պահենք: Հայաստանում խաղաղության քարոզ պետք չէ անել, մենք խաղաղասեր ազգ ենք, մենք չենք սկսել այս պատերազմը, մեզ այն ամեն անգամ պարտադրում են: Ապրիլյան պատերազմին մտան ու մորթեցին ծեր մարդկանց, որոնք իրենց սեփական տանը հիվանդ պառկած էին: Խաղաղության քարոզ պետք է իրականացնել այն երկրում, որտեղ պաշտոնական հաղորդագրությունները սահմանի վերաբերյալ սկսվում են հետևյալ նախադասությամբ. «Թշնամին կրակել է» :
-Ամեն տարի Հայոց բանակի օրը նշվում էր մեծ շուքով, հանդիսավորությամբ։ Այս տարի կարծես թե գումար խնայելու համար որոշել են ավելի համեստ նշել։ Իմ կարծիքով՝ Բանակի տոնը պետք է նշվի ամենաշքեղ ձևով, երբեք գումար չխնայելով։ Մեր բանակն ու զինվորներն արժանի են դրան։ Նման միջոցառումներն են նաև բարձրացնում զինվորի ոգին, ոգևորում, հասարակության շրջանում ամրապնդում վստահությունն ու հարգանքը։ Ձեր կարծիքը՝ արդյո՞ք մենք պետք է խնայենք այս հարցում։
-Տոներին համերգներ և հրավառություններ կազմակերպելուն ես մի քիչ քննադատաբար եմ վերաբերվում, իմ կարծիքով՝ այդ գումարով կարելի է մի քանի դիրք կարգի բերել: Այլ հարց է` հեռուստաընկերությունները կկազմակերպե՞ն տոնական համերգներ, կապահովե՞ն տոնական տրամադրություն: Խնայողությունների մասով պետք է ասեմ, որ ամեն տեղ պետք է լինեն խնայողություններ, հենց թեկուզ վերջերս մեծ աղմուկ հանած պարգևավճարների մասով, հիանալի կլիներ, որ այդ պարգևավճարները յուրաքանչյուր մարզում հանձնվեին այդ մարզում առկա զորամասերին:
-Նկատում եմ, որ վերջերս փոխվել է մարդկանց վերաբերմունքը բանակի նկատմամբ։ Նախկինում շատ ցավագին էին ընդունում բանակի հետ կապված ցանկացած թեմա, այսօր կարծես թե անտարբեր են դարձել։ Պաշտպանության բանակում առանցքային փոփոխություններ եղան, հանրությունը որևէ կերպ չարձագանքեց։ Ավելի ու ավելի քիչ են անդրադառնում հայրենասիրական թեմաներին, ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Սրանք մտահոգող ազդակներ չե՞ն։
-Ճիշտն ասած, մարդկանց վերաբերմունքը չի փոխվել, ես նման փոփոխություն չեմ նկատում։ Այլ հարց է, որ մի քանիսը, այսպես ասած, խաղաղության քարոզ են անում, առաջին պլան են եկել և փորձում են հայրենասիրությունը ծաղր ու ծանակի ենթարկել, բանակն էլ ներկայացնել ռազմական ուժ, որը չարիք է բերում միայն: Սակայն հավատացնում եմ, հայի գենն այնքան հզոր ու ուժեղ է, որ երբեք կուլ չի գնա ոչ մի արհեստածին քարոզի: Ի դեպ, ես վերջին օրերին մասնակցում եմ տարբեր դպրոցներում և քաղաքներում կազմակերպվող հայրենասիրական միջոցառումների, որոնց պակասը չկա: Սակայն այստեղ պետք է հատուկ շեշտեմ, որ այդ միջոցառումները կազմակերպում են մեծ մասամբ ՀԿ-ները: Պաշտպանության բանակում տեղի ունեցած փոփոխություններին անձամբ ես մեծ ափսոսանքով վերաբերվեցի։ Չգիտեմ, թե դրանք ինչի համար էին, բայց փաստ է, որ ՊԲ արդեն նախկին հրամանատարն ապրիլյան պատերազմ տեսած հրաշալի ստրատեգ է:

Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 27670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ