Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պերմանենտ հեղափոխության ուրվականը

Պերմանենտ հեղափոխության ուրվականը
21.05.2019 | 02:58

Հեղափոխության մեկ տարին բոլորելուց հետո ստիպված ենք արձանագրել՝ հեղափոխությունը շարունակվում է, այսինքն հայտնվել ենք պերմանենտ հեղափոխության շրջափուլում: Համենայն դեպս հիշեցնեմ՝ առաջինը չենք, 20-րդ դարի նույն տարիներին պերմանենտ հեղափոխության փորձ էր նախաձեռնել Վլադիմիր Իլյիչ Լենինը: ՈՒ երբ ձախողվեց Եվրոպայի միացյալ նահանգներ ստեղծելը, նա որոշեց ծավալվել արևելքում ու հայացքն ուղղեց Թուրքիային: Այդպես Հայաստանը կորցրեց իր պատմական տարածքները՝ «հեղափոխական թուրք ասկյարին» հանձնվեցին Ռուսական կայսրության տարածքները, մնացածն էլ հետո Ադրբեջանին նվիրվեց: Մյուս բոլոր հարցերում պերմանենտ հեղափոխությունը ձախողվեց՝ տարածվելով միայն Ռուսաստանի կայսրության տարածքում:


Ինչու՞ է Հայաստանում պերմանենտ հեղափոխությունը դառնում նպատակ: Իշխանությունը չի կարողանում ու չի լուծում հեղափոխության առաջադրած հարցերը և հասարակության ընդհանրական ուշադրությունը ջանում է շեղել հիմնական խնդիրներից.
1. Տնտեսական հեղափոխությունը չի ստացվում: Ոչ միայն իրական ձեռքբերումներ չկան, այլև առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ է՝ սկսած հացից մինչև բազմաչարչար բանան:
2. Մեկ տարում բազում հայտարարություններ անելով՝ իշխանությունը չունի կադրային ռեսուրս՝ իրականացնելու իր խոստացած փոփոխությունները:
3. Ակնհայտ է դառնում, որ լեգիտիմ լինելը բավարար չէ պետության կառավարման համար, և սպառվում է համաժողովրդական աջակցության ռեսուրսը:


Դատական իշխանության թիրախավորումը ունի կոնկրետ նպատակ՝ ժողովրդի ուշադրությունը շեղել բուն խնդիրներից և ուղղել նոր «թշնամուն»՝ «նախկին կոռումպացված իշխանության մնացուկին, որտեղ անընդհատ դավադրություններ են ուրվագծվում»: Բայց ի՞նչ լուծումներ են առաջարկվում: Համարյա ոչ մի: Ասպարեզում մնում է դատարկ պոպուլիզմը: Դատարանների շենքերը շրջափակելու փոխարեն մեկ տարի ժամանակ կար ոլորտում օրենսդրական փոփոխություններ անելու, գործող օրենսգրքերը փոխելու՝ ըստ նոր արժեքային համակարգի: Չարվեցին: Համատարած բոլոր դատավորներին անվանել «անվստահելի դատական համակարգ» ու վիրահատական միջամտություն հայտարարել՝ վեթինգի կամ հրաժարականների պահանջով, քաոս է ստեղծելու: Վարչապետը գոնե մեկ չափանիշ չնշեց՝ ինչպե՞ս է որոշվելու՝ դատավորը անաչա՞ռ է, թե՞ աչառու: Լավ, վաղը հրաժարական տվեցին բոլոր 234 դատավորները, ու ի՞նչ է լինելու: ՔՊ անդամները վիճակահանությամբ նշանակվելու՞ են դատավոր, համաժողովրդական հանրաքվեն դատական համակարգի շուրջ ի՞նչ հարց է առաջադրելու՝ վստահություն հայտնել կոնկրետ դատավորների՞ն, թե՞ վարչապետի պոռթկումներին: Դատարանների շրջափակմանը մասնակցեց 1100 քաղաքացի: Համեմատեք վարչապետի կոչով փողոց դուրս եկողների նախկին թվերի հետ՝ բացահայտորեն ժողովուրդը հոգնել է պերմանենտ հեղափոխությունից և ուզում է ապրել արժանապատիվ կյանքով, որ իրեն խոստացվել է մեկ տարի առաջ: Իսկ պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի, եթե մի օր Նիկոլ Փաշինյանը որոշի պայքարել առողջապահության համակարգում «անցյալի մնացուկների» դեմ ու հիվանդանոցները շրջափակելու և բժիշկներին ներս չթողնելու կոչ անի: Աղոթեք Աստծուն, որ այդ օրը վիրահատության կարիք չունենաք:


Ակնհայտ էր, որ դատարանների դեմ ընդվզման հիմքում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու կոնկրետ դատավորի որոշումն էր, որ միանգամայն տեղավորվում է միջազգային պրակտիկայում: Բայց Նիկոլ Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էր, քան Հայաստանի Հանրապետության վարկն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում: Հաստատ՝ Ռոբերտ Քոչարյանը նման աջակցություն Նիկոլ Փաշինյանից չէր սպասում՝ հաջորդ նիստերում նա արդեն հայտարարելու է, որ իր դեմ անձնական վրեժխնդրության ակցիա է, որ արտահայտվեց նաև դատարանների դեմ վենդետայով: Ակցիա, որ ոչ միայն չնպաստեց դատական համակարգում փոփոխություններին, այլև ի ցույց դրեց աշխարհին, որ «Հետհեղափոխական Հայաստանում միշտ էլ եղել է վտանգը, որ երկիրն արագորեն կամ կայուն կերպով փոխելու կարողության պակաս ունեցող Փաշինյանը կկառչի իրեն իշխանության բերած պոպուլիզմից: Հասել ենք դրան: Այդպիսի բան մի արեք»՝ ինչպես Թվիթերում գրել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության ծրագրերի տնօրեն Նեյթ Շենկանը: Արեցին ու ի՞նչ ստացան: Անձրև ու քամի՝ ուղղակի ու փոխաբերական իմաստներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ ինչու՞ է լռում դատախազությունը: Սահմանադրական դատարանը: Բարձրագույն դատական խորհուրդը: Շոկի մե՞ջ են, թե՞ աշխատանքի չեն հասել: Վարչապետի առաջին հայտարարությունից հետո ԲԴԽ-ն, անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը՝ կոչ էր արել դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում: Իսկ վարչապետի կեսօրի ելույթից հետո բոլորը նոկաուտի մեջ են: Փաստացի: Եվ միայն կուսակցությունները հերթով հաստատեցին, որ չեն միանում պերմանենտ հեղափոխության հերթական ակցիային: Սպասեք նոր պերմանենտի:

Դիտվել է՝ 1879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ