Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մաքրել դաշտը քաղաքական մոլախոտերից

Մաքրել դաշտը քաղաքական մոլախոտերից
25.07.2019 | 09:09

Այս շաբաթ հայտարարվեց, որ ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելու ստորագրահավաքը: Նախաձեռնության հեղինակ Սամվել Բաբայանն ասաց, որ ձևաթերթիկների տվյալները մշակելուց և հաշվարկից հետո, ստորագրությունների ողջ փաթեթը կներկայացվի ԿԸՀ: Տեղերից ստացված ձևաթերթիկների ստորագրությունների քանակը 25.157 է: Ձևաթերթիկները մշակելուց հետո ստորագրությունների քանակը 22.855: Հետո նա հարցազրույց տվեց Առաջին լրատվականին ու ասաց, որ «առաջարկվում է, որ Հայաստանում 3 տարվա բնակություն ունենալը համարվի նաև Արցախի բնակություն»՝ Հայաստանում բնակվող արցախցիներին հնարավորություն ընձեռելով առաջադրվել 2020-ի նախագահական ընտրություններում: Պարզվեց նաև, որ նա չի մտածում՝ իր նախաձեռնությունը կտապալվի՞, թե չի՞ տապալվի, վստահ է, որ «առողջ ուժերը կգիտակցեն և կփորձեն գնալ ավելի մեղմ ճանապարհով և ցնցումների չբերել երկիրը»: Նա խաղը դնում է ժողովրդի վրա՝ «Ժողովուրդն է ընտրել Սահմանադրութունը, հիմա այդ նույն ժողովուրդը ստորագրահավաք է արել, առաջարկում է Սահմանադրության տվյալ կետը փոփոխության ենթարկել»: Հարցազրույցում Սամվել Բաբայանը հակադարձել է խաբեությունների մեղադրանքը. «Եթե որևիցե մեկին, մի տատիկի կարողացել են համոզել մի կես մեշոկ ալյուրով կամ մի քանի մանեթ տալով, որ նա հայտարարի, թե տեղյակ չի եղել, պարզվել է Ծառուկյան Գագիկի համար է ձայն տվել, դա իրենց խնդիրն է»:

Երեկ «Ժողովուրդը» գրել էր. «ԼՂՀ իշխանությունների և Սամվել Բաբայանի թիմակիցների լարվածությունն այս օրերին իր գագաթնակետին է հասել։ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Բաբայանը պլաններ ունի ստորագրահավաքի մերժման դեպքում իր թիմակիցների միջոցով փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները։ Այդ մասին տեղյակ են ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են՝ կանխելու ստեղծված իրավիճակը»։ Կեսօրից հետո Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն տարածեց առ այլ, որ «Մամուլի այն «լուսաբանումները», թե Սամվել Բաբայանը պատրաստվում է փակել միջպետական ճանապարհներ, չեն համապատասխանում իրականությանը, զուտ այն պատճառով, որ դա դեմ է Սամվել Բաբայանի պետականամետ դիրքորոշմանը և առհասարակ դեմ է առողջ հասարակարգի ձևավորման նրա մոտեցումներին»։ Հայտարարվեց, որ «Սամվել Բաբայանը շատ լավ գիտի Արցախի ազատագրման գինը և նրա պահպանման բոլոր երաշխիքները։ Արցախի ապակայունացմանը գնացող գործընթացները զուգահեռներ չեն կարող ունենալ Բաբայանի քաղաքական պատկերացումների հետ»։ Ավելին՝ մեղադրվում էր
«Արցախի՝ իշխանական բուրգն իր բոլոր մետաստազներով ու ածանցյալներով։ Սա ԱՀ իշխանության տարածած ապատեղեկատվությունն է, որով փորձում են բխեցնել հետագա իրենց անելիքները։ Իշխանությունը զավթած Բակո Սահակյանը, որը երրորդ անգամ առաջադրվեց նախագահի պաշտոնում ապօրինի, հակասահմանադրական ճանապարհով, որովհետև ըստ ԱՀ սահմանադրության. նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում (ԱՀ Սահմանադրություն գլուխ 4, հոդված 88, կետ 2), այսօր ուժային կառույցների միջոցով փորձում է ահաբեկել մարդկանց»։
Հայտարարությունը լի է հակասություններով, բայց դա հարցի մի կողմն է: Ո՞րն է Սամվել Բաբայանի «պետականամետ դիրքորոշումը»: «Իշխանությունը զավթած Բակո Սահակյանին» Սամվել Բաբայանը ինչու՞ է այսքան հանդուրժել ու նոր միայն որոշել նույն անձը չէր կարող երրորդ անգամ նախագահել: Ի՞նչ է փոխվել: Ինչու՞ է նա հիմա միայն որոշել, որ «պայթել են այն վախի ձևաչափերը, որոնք տարիներ շարունակ կիրառվել են Արցախում։ Այսօր հեռավոր 2000-ականներին վերադառնալը ուղղակի անիմաստ է և անկարելի։ Այսօր մարդիկ շատ լավ գիտակցում են, թե ուր են գնում և ինչի համար»։ Ու եթե 2000-ականներ վերադառնալն անիմաստ ու անկարելի է, ինչու՞ Սամվել Բաբայանը առաջադրվում: Որ ի՞նչ անի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արցախի նոր իշխանության հարցը երբեք այսպիսի զիգզագներ չի ունեցել: Թեկնածուների պակաս չկա: Արցախում երբևէ իշխանություն եղած համարյա բոլոր դեմքերը այս կամ այն կերպ առնչվում են ընտրություններին՝ եթե թեկնածու չեն, ընտրող են՝ խիստ հակասական կարծիքով: Ի՞նչ դեր ունի Հայաստանը: Նախկինում Արցախի բարձրագույն իշխանության ձևավորումն առանց Հայաստանի չի եղել: Ու հիմա էլ հասկանալի չէ՝ Հայաստանի նախկի՞ն, թե՞ ներկա իշխանություններն են այդ հարցը տնօրինում: Եվ ո՞վ ինչ խաղ է խաղում: Կամ՝ ո՞վ ու՞մ խաղն է խաղում: Բոլոր դեպքերում՝ Սամվել Բաբայանը Արցախի ներկայի ու ապագայի հետ կապ չունեցող իր խաղն է առաջ տանում, որի նպատակը մեկն է՝ ապակայունացում ու քաոսային իրավիճակ, որ հնարավոր կդարձնի արտաքին միջամտությունը: «Կամանդույուշչին» բավականին փորձառու է՝ հասկանալու, որ ազատ, արդար ընտրությունների պարագայում իր շանսերը չնչին են՝ վախի ու ընտրակաշառքի հույսին, որ իրեն սատարողները Արցախում չունեն բավարար կշիռ ու ազդեցություն՝ երեկը վաղը դարձնելու համար: Նա ընթացիկ ջուր պղտորող է, ում խնդիրը նաև Հայաստանի իշխանություններին միջամտելու դրդելն է, որ հետո կասկածի տակ դնի ընտրության արդյունքների լեգիտիմությունը: Արցախի իշխանությունը արդեն հիմա պետք է կանխի Սամվել Բաբայանի քաղաքական ասպարեզ վերադառնալու նկրտումները և մաքրի դաշտը քաղաքական մոլախոտերից 2020-ի խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ:

Դիտվել է՝ 4807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ