Երբ ստվերը լույս է
14.02.2020 | 00:03
Նախ՝ ովքե՞ր են հրեշտակները. նրանց գոյությունը քրիստոնեական հավատքի ճշմարտություններից մեկն է։ Հունարեն «Անգեղոս» բառը հայերենում ունի «Պատգամաբեր» իմաստը։ Ի՞նչ պատգամներ են բերել այդ լուսեղեն ու հոգեղեն էակները մարդկանց համար, որոնց կարևորությունը վկայվել է Գրքերի Գիրքը համարվող «Աստվածաշունչ» մատյանում` բազմաթիվ անգամ։ Այնտեղ նկարագրված կարևոր մի պատմություն չկա, որտեղ չնկարագրվի հրեշտակների գործուն մասնակցությունը տվյալ պատմությանը, որտեղ նրանք թեպետ լուսեղեն ու հոգեղեն, բայց և տեսանելի որևէ կերպարանք են առնում մարդկանց հետ հաղորդակցության մեջ մտնելու համար։ Իսկ ո՞վ գիտե՝ ո՞ր հրեշտակը, և ու՞մ միջոցով է շփվում յուրաքանչյուրիս հետ այսօր էլ։ Եթե դառնանք հայոց եկեղեցու՝ հրեշտակների նկատմամբ ունեցած վերաբերմունքին, ըստ այդմ էլ հավատում ենք, որ հրեշտակների աշխարհն անտեսանելի է մարմնավորների աչքերին, մանավանդ, երբ մարդկանց աչքերն ավելի շատ են տարված կյանքային ախտերով։ Հրեշտակների էությունը հոգեղեն ու լուսեղեն է, ուստի չի կարող ընկալվել տեսողությամբ կամ պատկերացվել երևակայությամբ։
Ըստ քրիստոնեական հավատքի՝ մարդն Աստծուց պահապան հրեշտակ է ստանում իր ծնվելու պահին, որը նրա կյանքին միջամտում է խորհրդատվական անտեսանելիությամբ՝ առանց ազդելու մարդու ազատ գործելու իրավունքի կամ կարողությունների վրա։
Իր հրեշտակի հետ ներդաշնակվողը, անշուշտ, կլուսավորվի նրա լուսե մասից, կամ, ինչպես Լոշտակի դեպքում է, թափանցիկ կդառնա։ Ահա այս հիմքի վրա է ստեղծվել ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆԻ պատմությունը՝ մի սովորական ընտանիքում ծնված երեխայի՝ Լոշտակի մասին, ով անվերապահորեն տրվել է իր պահապան հրեշտակի լուսեղեն որակներին (նրանից ծաղկի անուշահոտություն է բուրում, ականջներն այնքան թափանցիկ են, որ ստվեր չունեն, մարմինն էլ թափանցիկության աստիճանի բարալիկ է, և այլն), որոնք շրջապատի ու ծնողների ոչ միայն զարմանքի, այլև խոր անհանգստության պատճառն են դարձել։ Հեղինակն իր հերոսին այդպիսին է ստեղծել՝ ոչ թե ընթերցողի հետաքրքրությունը շարժելու, նրան զվարճացնելու, երևակայությունն աշխատեցնելու կամ ուշադրությունը դաստիարակչական աշխատանքների վրա կենտրոնացնելու և այլնի համար. խնդիրն այստեղ ավելի լուրջ է և մտնում է հոգևոր իմաստասիրական, դավանաբանական, փիլիսոփայական ոլորտներ, ըստ որոնց՝ հազարամյակներ շարունակ ոչինչ չի փոխվել, նույն կռիվն է չարի ու բարու, լույսի ու մութի, ճշտի և սխալի միջև։ Ո՞րն է ելքը, ինչո՞ւ այս կռիվը չի ավարտվում։ Ահա թե ինչ հարց է շոշափում հեղինակը, որ, իմանալով բարու, լույսի ու ճշտի հաղթանակի համար հրեշտակին հետևելու կարևորության մասին, լավագույնս գիտի նաև, որ դրան խանգարողը մարդուն տրված ազատ կամքն է։ Հրեշտակները հենց այդպես էլ գործում են՝ առանց ազդելու ազատ գործելու մարդու կարողության վրա. «...բոլոր երեխաները հակված են թափանցիկության, բայց նրանց էությունը որոշողը ոչ թե նախախնամությունն է, այլ կյանքի հետագա ընթացքը, այն միջավայրն ու մթնոլորտը, որի մեջ նրանք ծնվում ու հասակ են առնում»։ Ահա այստեղ պետք է փնտրել բանալին, հուշում է հեղինակը՝ գեղարվեստորեն ստեղծված պատմության մեջ ուշադրություն հրավիրելով փոխաբերական արտահայտությունների, տեքստերի վրա, որոնք վերաբերում են Լոշտակի հիվանդությանը։ «Հույժ կարևոր հիվանդություն», որը կոչվում է՝ թափանցիկություն, այսինքն՝ լույսով լի և անստվեր, որը առօրյա իրականության մեջ դիտվում է որպես շատ վտանգավոր հիվանդություն։
Դժվար չէ հասկանալ, որ աննյութեղենը ստվեր չի կարող ունենալ, նաև դժվար չէ հասկանալ, որ նյութը վերաբերում է հենց այն ամենին, ինչ, իսկապես, ձեռք է բերվում այն միջավայրում, ուր ծնվում են երեխաները։ Մինչդեռ՝ «Երեխաների մեջ գերիշխում է հրեշտակայինը, այդ իսկ պատճառով նրանք ծնվում են անստվեր... Եվ ձեր ազատ կամքն է տնօրինելու ձեր որդու և մարդկության ճակատագիրը։ Կուզեք՝ կազատվի թափանցիկությունից և կդառնա սովորական տղա, չեք ուզի՝ չի ազատվի ու կարժանանա զոհաբերվող նվիրյալի ճակատագրին...»։
Հույժ վտանգավոր թափանցիկություն կոչվող հիվանդությունից ազատվելու ելքը շատ պարզագույն մի բան է. «Եթե նա գեթ մի չար խոսք ասի, թափանցիկությունն ինքնին կանհետանա, ու նա կապաքինվի»։
Հրեշտակային լույսով լի մարդու գոյությամբ է պայմանավորված փրկությունը՝ բարու և չարի հավիտենական կռվից։ Իր այս միտքն առաջ տանելու համար հեղինակը, անշուշտ, հենվում է քրիստոնեական այն ճշմարտության վրա, որ պահապան հրեշտակը երբեք երես չի թեքում մարդուց, որքան էլ նա ընկնում է մեղքերի ծուղակների մեջ, այլ, որպես խղճի հետ զրուցող ձայն, ամեն կերպ աշխատում է նրան վերադարձնել ճշմարիտ ճանապարհի վրա։ Ճիշտ այդ մտքով էլ նա ուղղորդում է թափանցիկ Լոշտակի հոր վարքը՝ վճռական, բայց և նրբորեն մտնելով հոգեղեն ու լուսեղեն այն տարածքի մեջ, որը վերաբերում է հրեշտակների աշխարհին։
Խիստ լուրջ ու պատասխանատու, մարդկային հոգևոր ու բարոյական արժեքների մասին թեմա է ընտրել Հակոբ Սողոմոնյանը, որը հյուսել է սովորական ընտանիքում ծնված երեխայի շուրջը, ում ականջները սովորականից մեծ ու թափանցիկ են, և որը հետևյալ խորհուրդն ունի.
«Ինչպես լույսն է անարգել թափանցում նրանց մեջ, այնպես անարգել ներթափանցում է նաև այլոց ցավն ու վիշտը։
Մեծ ու թափանցիկ ականջներն օգնության կանչը լսելու և օգնության հասնելու համար են։
Սակայն մեկ այլ մարդու օգնելը տեղի է ունենում յուրաքանչյուրիս մեջ եղած կենսական ուժերի հաշվին։
Օգնությունը կյանք արժե։
Անստվերների գթասրտությունը անսահման է. նրանք չունեն չափի զգացում և այլոց տրվելով՝ ի վերջո, սպառվում են»։
Լոշտակի ծնողների դերը գրքի սյուժեի մեջ պայմանավորված է հեղինակի մտքերը, գաղափարները, համոզումները վեր հանելու, ընթերցողի առջև բացելու հնարավորության ստեղծումով։ Ողջ պատմությունը ծնվում ու զարգանում է՝ ըստ նրանց հայտնաբերումների, որ անում են՝ հետևելով իրենց որդու վարքին ու տեսքին։ Նրանք ընդհանրացված կերպարներ են, և, ինչպես իրականում գրեթե բոլոր ծնողները, նյարդայնանում են, երբ հանդիպում են որդիների անսովոր «թափանցիկությանը», որ նշանակում է՝ զգալ իրեն «լուսավոր, պայծառ, սիրով և հավատով լի վերերկրային միջավայրում», լինել շատ բարի, գթասիրտ, օգնության շտապող, կարեկից և նման արժեքներով լի. «Հայրիկն զգում է, որ Լոշտակի ազդեցության տակ խարխլվում և ճարճատյունով փուլ են գալիս կյանքի և աշխարհի վերաբերյալ իր պատկերացումները, ողջախոհ, բանական ու բանող հոմոյից ինքը վերածվում է դյուրազգաց, դյուրահավատ ու դյուրաբեկ արարածի՝ այր մարդուն և, առհասարակ, ժամանակակից Երկիր մոլորակի բնակչին անհարիր մի սենտիմենտալ զանգվածի, որը հանկարծ կարող է թողնել բան ու գործ և կյանքը նվիրել թիթեռնիկների փրկության վեհ առաքելությանը կամ նման մի այլ անհեթեթության։ Հայրիկը սարսափում էր իրեն սպառնացող այդ կերպարանափոխությունից և արդեն ոչ թե փրկում, այլ դաստիարակում կամ դարձի էր բերում Լոշտակին, ոչ թե խրատում, սովորեցնում էր որդուն, ոչ թե մրցակցում, այլ մարտնչում էր իր համար և իր համար էր ձգտում հաղթել, կոտրել նրան, ենթարկել իրեն, դարձնել իր նման։ Իսկ ձախողվելիս, համոթ իրեն, խոստովանում էր, որ լցվում է չարությամբ»։
Ճիշտ այսպես էլ ընթանում է մարդկության պայքարը լույսի դեմ, որովհետև չարը շատ գրավիչ մեթոդներ է առաջարկում, ու մարդն ինքն էլ, ինչպես Լոշտակի հայրիկը, իրեն մի օր բռնում է այն բանում, որ, իսկապես, լցվել է չարությամբ։
Որն է պատճառը՝ լոշտակներին «դարձի բերելու» մարդկության մղումների, մինչև ե՞րբ է շարունակվելու անհնազանդությունը՝ սեփական հրեշտակներին, և ո՞րն է ելքը այդ ամենից։
Հեղինակն այս հարցերն օդում կախված չի թողնում և որպես կյանքի տարաբնույթ կողմերը բարոյական արժեքներով չափորոշող գրող ու մտավորական՝ անշուշտ, կանգ է առնում այդ արժեքների կարևորման վրա՝ դրանց մեջ առանձնացնելով և որպես փրկօղակ մատնանշելով Գթասրտությունը կամ Կարեկցանքը։
Երկիր ու երկինք իր տունը դարձրած հրեշտակը, Լոշտակի միջոցով մարդկության կյանքի փրկագործման ճանապարհին կարևորելով «Սիրիր մերձավորիդ» պատգամը, այն ավելի հասկանալի և ընդունելի է դարձնում՝ բացելով նույն պատգամի այն երեսը, ուր գրված է՝ «Եղիր գթասիրտ»։ Սակայն, գթասրտությունը սիրո երանելի վիճակից տարբերվում է դիմացինի ցավն զգալու, այն զգալով օգնության շտապելու տառապագին վիճակներով։ Այդ ամենի օրինա՞կը... Խնդրեմ՝ երկրաշարժ, հայոց պատուհասած ծանր տառապանք, որի միջից չէր կարող չբացվել գթասրտություն անունով ծաղիկը։ Ահա և զոհը՝ մի ժողովուրդ, որի զոհաբերությունը, հանուն աշխարհում գթասրտության վերընձյուղման, եղավ, ինչպես նկատում է գրողը, իսկ ճշմարիտ Գթասրտությունը ճանապարհ է դեպի մաքրագործում, դեպի փրկություն։ Այդ դեպքում ցածում է մնում չարի ու բարու հավերժական կռիվը։
«Մի բան էլ իմացեք. լավագույններից լավագույն գառն են մատաղացու կարգում,- հոգևոր իմաստասիրության լույսի տակ է մեկնաբանում հեղինակը կատարվածը։
Հազարավորների միջից են փնտրում և բյուրավորների միջից են գտնում։
Անարժաններին դարձի բերելու ճանապարհին արժանավորին հասցված հարվածը առավել քան խրատական է։
Օրհնյալի կորուստն առավել ողբալի է, քան ետնայինինը։ Իսկ այդ ողբը կենարար զորություն ունի։ Գեղեցիկի դժբախտությունը առավել գթաբեր է, քան անգեղինը... Ով դատապարտված է տառապանքի, նա դատապարտված է նաև ողորմածության»։
«Լոշտակ Հրեշտակը», որի ընթերցանությունն սկսվում է պարզ ու թեթև հորինվածքի խոստումով, դեպի նորածին մանուկն ունեցած զվարճալի հետաքրքրությամբ, հանկարծ վերաճում է համաշխարհային նշանակության մտահոգության, որը մարդկության երթի մշտական ուղեկիցն է, սակայն՝ լուծումների կարոտ։ Այն, ինչ արել է Հակոբ Սողոմոնյանը, քայլ է այդ ճանապարհին, իսկապես, գեղեցիկ ու ուսուցողական քայլ՝ նաև գեղարվեստական գրականության տիրույթում։ Նա ինքն է բարձրացնում հարցը, և ինքն էլ պատասխանում՝ երեսով դեպի մարդկության այն բնակավայրերն ու կենտրոնները, որտեղ քննվել են նույն հարցերը, սակայն դեռևս ոչինչ չի փոխվել։ Ահա, որդու անսովոր հիվանդությամբ մտահոգ հայրիկի հարցը օգնության եկած հերթական բժշկին կամ բժշկապետ Նոբին.
«-Իսկ դուք փաստաթուղթ ունե՞ք,- տարօրինակ հյուրի տեսքից ու խոսքերից շփոթված՝ ասաց հայրիկը։
-Օֆ, էլի նույն բանը,- մի տեսակ միանգամից հոգնելով՝ մրմնջաց հյուրը,- հազար տարի նույնը։ Այս աշխարհի վրա չի փոխվում ոչինչ։ Ահա՝ Տիբեթ, Շումեր, Հիմալայ, Եգիպտոս, Միջագետք, Արարատ, Աթենք, Հռոմ, Երուսաղեմ, Բաղդադ, Օքսֆորդ, Սորբոն և այլն. ո՞րը կհաճեք։
-Խնդրեմ, խնդրեմ, համեցեք,- անհասկանալի նշաններով ծածկված մագաղաթների, ոսկերիզ հավատարմագրերի և ժամանակակից դիպլոմների ստվար տրցակը տարակուսած զննելով՝ ասաց է՛լ ավելի շփոթված հայրիկը»։
Լոշտակ, ահա մանուկ, որ չի լքել իր հրեշտակին, կամ հրեշտակն ինքը չի լքել նրան՝ տեսնելով, որ նա լավ է զգում, երբ իրեն ծաղիկ է զգում, թիթեռ կամ՝ երգի հնչյուն։Հենց նա էլ մարդու այն տեսակն է, որ գթասիրտ է ու կարեկցող, ուստի հենց նա է այն օրինակը, որ աշխարհին գթասրտության օրինակներ է ցույց տալու, իսկ դա հնարավոր է համապատասխան պայմանների առկայությամբ, որը հեղինակը գտել է երկրաշարժից առաջացած պայմանների մեջ։ Հեղինակն աշխատելիս իր առջև անընդհատ զգացել է ընթերցողի ներկայությունը և իր յուրաքանչյուր մտքի հետևում լսել նրա հարցադրումը ու տվել պատասխանը. «Եվ մի՞թե խաբեություն չէ դա՝ ընտրյալ-տառապյալի առասպելը։ ՈՒ՞ր է գրավականը...
-Գրավակա՞ն եք ուզում. ահավասիկ ապացույցը՝ որդիդ հրեշտակ»։
Երկիր մոլորակի ճակատագիրն ու հայ ժողովրդի դերը նրանում։ Հետաքրքիր, գտնված սյուժեն ներկայացնելու ուրույն մտածողությամբ հագեցած գիրքը նրանց համար է, ովքեր գոնե որոշ չափով թոթափել են նյութի ծանր բեռն ու կարող են հավատալ մարդու ստվերում խաղացող լույսին։
Ի վերջո, եթե Լոշտակի հրեշտակ ունենալու մասին վկայել են նրա անստվեր ականջները, հեղինակի համոզումը, այնուամենայնիվ, այն մասին է, որ մարդու կյանքում հնարավոր է, որ տեսանելի նման վկայություններ չլինեն, բայց անտեսանելի լույս կա յուրաքանչյուրի մեջ, որը պետք է փնտրել, հետևից գնալ, արթնացնել, ինչպես դա արեցին Լոշտակի ծնողները։ Նրանք, այդ ճամփան բռնողները, կապրեն երկրի վրա՝ «մարդ մնացող մարդկանց հետ տառապելու և հանուն մարդու տառապելու բովում», նաև՝ հաջորդը, այս գրքում նկարագրված երեք հերոսներից հետո։
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
Մեկնաբանություններ