Ինչ պիտի անի Պողոսը, որ չի անում Հրայր Թովմասյանը
21.02.2020 | 00:47
Երեկ կառավարությունը 2020-ի ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին հատկացրեց 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամ: Որքան էլ ասեն, թե պահուստային ֆոնդից է այդ գումարը տրամադրվելու, որը գոյացել է քրեական գործերով բյուջե վերադարձած միջոցներից (այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, թե դա չի կարող ճոխություն դիտվել), միևնույն է, դա հանրության պահուստն է ու կարող է ծախսվել այլ նպատակներով ևս, դիցուք, սոցիալապես անապահով խավերի ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։
Երբ իշխանության ներկայացուցիչներին հարցնում ես` արժե՞ր այդքան գումար հատկացնել մեկ հոդված փոխելու, իմա՝ ՍԴ-ի անցանկալի կազմից ազատվելու համար, հնչում է շատ «զորեղ» փաստարկ՝ ժողովրդի կարծիքը հարցնելու համար, անշուշտ, արժե։ «Ժողովրդի կամարտահայտությունը արտահայտելու համար, այո, պետք է ծախսվեն գումարներ»,- երեկ այս առնչությամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Թվում է, թե այս ամբոխահաճո պատասխանը պետք է ամեն հարցի «դարման» լիներ, բայց՝ ոչ։ Մեծ հարց է, թե ժողովրդի կամքի անվան տակ ինչ է արվում, ու ինչ է շահելու ժողովուրդը դրանից։
Ի՞նչ է ուզում ՀՀ շարքային քաղաքացին և ի՞նչի համար փողոց դուրս եկավ։ Նրան չէին բավարարում իր կյանքի որակը, արդարադատության մակարդակը, մնացածն այս ամենի ածանցյալն էր։ Հիմա այս խնդիրներն իրագործելու ճանապարհին ի՞նչ է անում իշխանությունը, և արդյոք ՍԴ-ն բռնե՞լ է նրա ձեռքը։ Անկախ դատաիրավական համակարգ ստեղծելու ճանապարհին այդ ի՞նչ խնդիր փորձեց լուծել իշխանությունը, որին ՍԴ-ի այսօրվա կազմն ընդդիմացավ։ Այլ խոսքով, սոցիալ-տնտեսական, արդարադատության հարցերում եղե՞լ է մի բան, որին Հրայր Թովմասյանն իր գործընկերներով խանգարել է։ Դժվար է ասել, թե ՀՀ քանի քաղաքացի «Այո»-ի քարոզարշավի ընթացքում անձամբ Փաշինյանին կհարցնի` ՍԴ-ն ինչո՞վ էր խանգարում, որ քաղաքացին ավելի լավ ապրի, չարտագաղթի, աշխատատեղ, որակյալ կրթություն, սոցիալական արժանապատիվ կյանք ունենա։ Նիկոլ Փաշինյանը չպետք է շտապի ու այդ հարցի պատասխանը նորից նախորդ իշխանությունների «գրպանը» գցի։ Նախորդներով հասարակության աչքը վախեցնելն արդեն ծիծաղելի է և իշխանության թուլակամության մասին է վկայում, քանի որ Փաշինյանը, 2 տարի ողջ իրավապահ համակարգի լծակները ձեռքում ունենալով, պետք է որևէ նախկին իշխանավորի կամ հակահեղափոխականի «ռևանշիստական» նկրտումներից չվախենար։ Մինչդեռ այդ սևեռուն մտքերը նրան մշտապես հետապնդում են ու դառնում ցանկացած հարցից խուսափելու լավագույն միջոցը։
«Այո»-ի քարոզարշավի առաջամարտիկը, այդուհանդերձ, ստիպված կլինի պատասխանել ու հիմնավորել, թե ինչով է ՍԴ գործող կազմը մեղավոր, որ քաղաքացին շարունակում է վատ ապրել։ Ենթադրենք, հանրաքվեով ՍԴ նախագահ դարձավ Պողոսը, ի՞նչ է անելու նա, որ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտ փոխվի, մարդկանց առտնին հոգսերը նվազեն։ Ի՞նչ պիտի անի Պողոսը, որ չի անում Հրայր Թովմասյանը։ Շատ պարզ հարցեր կան, որոնց համար պետք չէ խոր վերլուծություններ անել, իշխանության հետին մտքերը վերծանել, պարզապես հասարակությունն իր համար այդ հարցերի պատասխանը պիտի պահանջի իշխանությունից, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանից։
ՈՒ քանի դեռ հասարակությունը հաշվետվություն չի պահանջել իշխանությունից, նրա անունից շատ այլ որոշումներ կյանքի կկոչվեն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ